ՓԱՐԱՋԱՆՈՎ` ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ. Ավետիքյանի «Փարաջանովի» առիթով
Առաջին անգամ Ավետիքյանի «Փարաջանովի» մասին լսեցի կարծեմ նախանցած «Ոսկե ծիրանի» ժամանակ` երկու տարի առաջ (գրեցի ու զգացի, որ ուզում եմ հիշել` իսկ Փարաջանովի± մասին առաջին անգամ երբ եմ լսել): Ու քանի որ Փարաջանովը միշտ հետաքրքրել է ինձ, Ավետիքյանն էլ, ըստ իս, անհետաքրքիր չէ (ասելիք ունի), այդ ժամանակից, կարելի է ասել, «ախորժակ» էի պահում: Հիշում եմ` Ֆրանսիայի դեսպանատան ընդունելության ժամանակ, որտեղ Ավետիքյանն առաջին անգամ ասաց, որ նման նախագիծ կա, շատ բուռն քննարկում սկսվեց. գերմանացի կինոքննադատն ու ռուս լրագրողն ինձ` ոգևորվածիս համոզում էին, որ «Սերժը չի ձգի»:
Մի տարի անց արդեն նախագծի մասին Սերժի հետ շատ երկար զրուցելու հնարավորություն ընձեռվեց, երբ ամեն ինչ ընթացքի մեջ էր, Սերժն էլ ավելի շատ Սերգեյ էր տեսքով` փարաջանովյան մորուքով, մի տեսակ ծերուկ Փարաջանովի զգեստապահարանը հիշեցնող հագուստով և նրա պես էլ աշխատում էր ռուսերեն խոսել:
Այդ ժամանակ էլ Ավետիքյանը, որ նաև բանակցային փուլում էր տարբեր կինոհաստատությունների, հովանավորների հետ, ասաց մի բան, որ կարծում եմ` «Փարաջանովը» նայելիս պետք է մտքում ունենալ. «Ամեն մարդ ունի իր Փարաջանովը, բայց Փարաջանովը ոչ ոքի չի պատկանում»: Այս ձևակերպմանը լրացուցիչ խորություն, կշիռ են հաղորդում նաև այն միջավայրը, քննարկումը, անկեղծությունը և անգամ ինտերիերն ու ժեստերը, որոնցով հանդես էր գալիս Ավետիքյանը: Երևանի թերևս ամենաօրիգինալ հյուրանոցներից մեկում էինք, որի մասին կարծեմ շատ քիչ մարդ գիտի. շատ էսթետիկ հարդարում, կահույք ու աքսեսուարներ կային, ֆիլմն էլ այդ ժամանակ աշխատանքային վերնագրով էր` «Գեղեցիկի սիրահարը» (Lover of Beauty) և վարիացիաների տեղ էր թողնում: Կարծում եմ` այդ վերնագիրն ամենից լավը պիտի լիներ Փարաջանովի մասին որևէ ֆիլմի համար: Բայց հասկանալի պատճառներով վերջը ստացավ բրենդային «Փարաջանով» անվանումը:
Այդ միստերիա հիշեցնող հարցազրույցի ժամանակ Սերժն ասում էր, որ չի պատրաստվում պատճենել Փարաջանովին, շատ չաղանալ, որպեսզի մարդիկ ասեն, թե իսկը Փարաջանովն է արտաքնապես, այլ պարզապես ուզում է մատուցել իր Փարաջանովին: Եվ անկեղծ էր ասում, որ ուզում է Փարաջանով հրամցնել ոչ թե նրանց, ովքեր տեսել, ճանաչել են նրան ու հիմա համեմատություններ են անելու, այլ դրսի (թերևս ֆրանսիացի, ֆրանսախոս) հանդիսատեսին, որն առանձնապես չգիտի` Փարաջանովն ով է (եթե անկեղծ լինենք, շատ նեղ շրջանակից բացի, այստեղ էլ չգիտեն, ուղղակի շահարկում են, ինչպես Ազնավուրին, որին նույնպես չգիտեն):
Բայց մի կարևոր հանգամանք էլ կար, որը հետաքրքրությունը վառ էր պահում «Փարաջանովի» նկատմամբ: Ինքը` Սերժը, Փարաջանովի բավական մերձավոր շրջապատից է եղել ու, կարծում եմ, այդ առումով շատ բան կարող էր փոխանցել, արժեքավոր բան: Ես դա զգացել եմ դետալների մեջ: Փարաջանովի մասին տեղական վավերագրական ֆիլմերից մեկում մի տեսարան կա, որում մաեստրոյի ֆոնին ծիկրակում է դեռ երիտասարդ Սերժ Ավետիքյանը: Շատ կարճ է երևում կադրում, բայց շատ հետաքրքիր հայտնություն է: Նա կադրում Փարաջանովին շրջապատող բազմաթիվ մարդկանցից ընդամենը մեկն է, բայց միակն է, որ մինչ օրս իսկապես միջազգային մասշտաբի տուրք է մատուցել նրան: Գիտեմ, որ այդ մասշտաբների կինոնախագիծ իրականացնելը պակաս լուրջ հարց չէ, քան այն, թե ով կարող է մարմնավորել Փարաջանովին: Իսկ Ավետիքյանն այդ երկու բարդագույն խնդիրներն էլ ստանձնել էր…
Մի դրվագ էլ հիշեմ, որը ինձ շատ բան է ասում առ այն, թե ինչքան նախանձախնդիր է Ավետիքյանը, որ «ճիշտ» Փարաջանով մատուցվի, ոչ թե կլիշեների այն կույտը, որ երևի ակնկալվում է նման դեպքում: Մի անգամ Փարաջանովի տուն-թանգարանում նա ասաց տնօրինությանը, որ այնինչ իրը Փարաջանովն այդպես չի դրել և առհասարակ չի դրել, քանի որ նման իր չի էլ եղել, հետո է ավելացվել: Իրոք, գուցե քիչ լինեն մարդիկ, որոնք պատրաստ են, ուզում են թանգարանային Փարաջանովից անդին տեսնել, բայց կան: Կա նաև թանգարանային զանգվածին հայտնի կողմը, որ յուրաքանչյուր ցուցանմուշ, նույնիսկ` ամենահայտնին, պաշտամունքայինը, ունի բաղադրիչներ, կողմեր, որոնք ավելի հետաքրքիր են, որոնք ավելի հետաքրքիր է պեղել, իմանալ, քան այն, ինչ ժամը չգիտեմ քանի հազար դրամով շարունակ մատուցում է գիդը: Առավել քան այդպես է նաև Փարաջանովի դեպքում:
Եվ մյուս` ավելի անձնական ընկալումների շարքից ոգևորիչ էր Ավետիքյանի ու Փարաջանովի այնպիսի նմանությունը, ինչպիսին է, չգիտեմ ինչպես ձևակերպեմ, թերևս «չարաճճիությունը»: Այո, չարաճճիությունը:
Երբ երկու տարի ֆիլմի ես սպասում, հետո այն լեփ-լեցուն դահլիճում դիտում (փառատոնային թոհուբոհում, չգիտես ինչ մասսայի հետ), հասկանում ես, որ այդ մեկանգամյա էքսկլյուզիվ ցուցադրությունը քիչ էր, սխալ ժամանակ ցուցադրվեց: Իհարկե, երևի «Ոսկե ծիրանը» լավագույն միջավայրն էր, եթե ոչ միակը մեր երկրում, որի շրջանակներում կարելի էր «Փարաջանովի» դիտման հրավիրատոմս ստանալ, բայց պահը նպաստավոր չէր: Վերջերս Ավետիքյանն իր «Անուշն» էր ներկայացրել, որից հետո արվեստագետների ու «արվեստագետների» մի մեծ բանակ առաջարկում էր կարծեմ վառել Ավետիքյանին: Իհարկե, սարսափելի է անգամ պատկերացնել, թե Ավետիքյանից դժգոհ զանգվածն էլ ինչ կպահանջեր անել նրան արդեն «Փարաջանովի» համար: Մինչդեռ եթե այս տարի ունեցել էլ ենք իսկապես մնայուն կինոաշխատանք, ապա դա եղել է… Ոչ, ոչ թե «Նժդեհը», այլ հենց «Փարաջանովը»: Այս տարի երկու կինոկոթող ունեցանք կենսագրական ֆիլմերի շարքից. տեղական հանդիսատեսի համար` մի մեծ հայի` Նժդեհի պատմությունը, ոչ տեղացի հանդիսատեսի համար` մեկ այլ մեծ հայի` Փարաջանովի:
Բայց բարեբախտաբար, ինչպես և ծրագրել էր, բազմապատիկ այդ պլանը գերակատարելով, «սովետական այլախոհ ռեժիսորի» մասին (ինչպես մատուցվում է թրեյլերում) ֆիլմը ստեղծել է ոչ տեղի հանդիսատեսի համար: Դրա վառ ապացույցն այն տարօրինակ զուգադիպությունն էր, որով «Փարաջանովն» իր հաղթարշավը սկսեց այնպիսի կինոփառատոներում, ինչպիսիք են ուկրաինական Օդեսայի ՄԿՓ-ն (տարվա ֆիլմ, Ուկրաինայի հավակնորդ «Օսկարի» համար) և վրացական Բաթումիի ՄԿՓ-ն (ցուցադրություն մրցութային ծրագրում): Հիմա էլ Համբուրգի կինոփառատոնում է ներկայացվել: Իհարկե, ֆիլմը, լավ իմաստով, այդ հաշվարկով էլ արվել է և այդ առումով հոյակապ փառատոնային ֆիլմ է: Կարծում եմ` տեղացիներս պիտի արտասահմանցու աչքով նայենք Ավետիքյանի «Փարաջանովին»: Այդ դեպքում կտեսնենք, որ «Սերժը ձգել է»: Անկեղծ ասած, ինձ թվում է` համառեժիսորությունը ի վնաս այս ֆիլմի է եղել (սա ուկրաինուհի Օլենա Ֆետիսովայի ռեժիսորական դեբյուտն է): Մնացած առումներով արտասահմանցի հանդիսատեսին դոզավորված մատուցվում է Փարաջանովը` հանճարեղ, Փարաջանովը` այլախոհ, Փարաջանովը` թշվառ, Փարաջանովը` խենթ, և ֆիլմը ստեղծողների կողմից էլ` Փարաջանովը` փարաջանովյան: Շատ հետաքրքիր պահ է. ստացել են փարաջանովյան Փարաջանով` մի տեսակ ոճավորված, բայց դա վատ չէ: Ոճավորումն առհասարակ այս աշխատանքի ուժեղ կողմերից է` պաստառից, ավելի ճիշտ` պաստառներից սկսած: Նախնական` թիթեռնիկով պաստառի փոխարեն հիմա մի քանիսը կան, որոնցից գուցե ամենատպավորիչը քաչալացված Սերժ-Սերգեյի դեմքովն է, կարծեմ` Փարաջանովի կոլաժների տարրերով համեմված:
Ֆիլմն էլ ինքնին կոլաժ է հիշեցնում. վերցված է կյանքի գրեթե ամբողջ շրջանը` ադամանդներ կուլ տվող երեխայի թիֆլիսյան մանկությունից մինչև Պոմպիդուի կենտրոնի շատրվանների մոտ պառկած ալեհեր ծերուկի վերջին օրերը, և այդ ամենը մատուցված է խոշոր դրվագներով. բոհեմային կերուխում, բանտային թշվառություն (այդ տեսարանը բավական հետաքրքիր է նայվում), տեսարաններ Փարաջանովի հայտնի ֆիլմերի նկարահանման հրապարակներից, սովետական գործսարքոցիի դրվագներ էս ու էն չինովնիկների աշխատասենյակում և այլն: Ասում եմ` արտասահմանցի հանդիսատեսի համար է, բայց պետք է նաև պատրաստված լինել, որ այդ էլեմենտները ի մի բերես նաև ըստ գիտեցածիդ ու մի կոլաժ ստանաս` «քո Փարաջանովը» շարքից:
Չի շրջանցվել նաև Փարաջանովի անձնական կյանքի անկողնային մակարդակը, բայց դա արված է անսպասելի զուսպ, կոռեկտ տարբերակով (առավել ևս արտասահմանի համար). դա էլ` «ԽՍՀՄ-ում սեքս չկա» շարքից: Անկեղծ ասած, Ավետիքյանի գեյ-ֆիլմը տեսած լինելով, ինձ թվում էր, թե նա կարող է նման մի բան էլ այս դեպքում անել, ինչը թերևս տեղին չլիներ: Երևի այդ հավասարակշռությունը պահելը, չափը չանցնելը ստացվել էր նաև երիտասարդ սիրեկանից բացի Փարաջանովի «օրինական կյանքը» ներկայացնելու միջոցով` կնոջ կերպարով, որին մարմնավորել է դերի մեջ մտած, Ավետիքյանի խոսքով ասած,«ՙտակայա օռգանիչնայա» Յուլյա Պերեսելդը` գեղեցիկ և շնորհքով դերասանուհի, տվյալ դեպքում` շքեղ սովետական կնոջ դերակատարուհի:
Բայց ամենակարևորը, որ երևի կգնահատեր միջին վիճակագրական հայաստանցի հանդիսատեսն այսօրվա իր ընկալումներով, ակնկալիքներով, մոտեցումներով, այն է, որ ֆիլմի Փարաջանովը արտասահմանցի հանդիսատեսին, բոլոր միջազգային կինոփառատոների էկրաններից (ի դեպ, նաև վրացական ու ուկրաինական) ի լուր աշխարհի ասում է, որ հայ է… Իսկ ազգայնականության համար մեղադրվելիս` նկատում. «Ինձնից ի՞նչ ազգայնամոլ… Ես պարզապես հանճար եմ»:
Մնում է, որ դրան ու ոչ միայն դրան «ժպտա» նաև Օսկար քեռու ոսկեձույլ արձանիկը: Կաննի ոսկե արմավենու ճյուղից հետո դա էլ վատ չէր նայվի Ավետիքյանի ձեռքում:
Դավիթ Պ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ