Սոս Սարգսյանը հոկտեմբերի 24-ին կդառնար 84 տարեկան։ Հայտնի է, որ մահից առաջ վարպետը մի քանի ամիս ծանր հիվանդ էր, տնից գրեթե դուրս չէր գալիս, բժիշկների հսկողության տակ էր։ Արտիստին շատերն էին այցելում, ցանկանում վայելել նրա ընկերակցությունը, թանկ հիշողություններ կորզել` գիտակցելով, որ յուրաքանչյուր վայրկյանը հետո մի ամբողջ տարվա արժեք է ունենալու։ Սոս Սարգսյանը կյանքի վերջին ամիսներին խուսափում էր լրագրողներին ընդունելուց . հարցազրույցները հոգնեցնում էին, տանջում, թեև ասելու շատ բան կար։

sos2Վարպետին լսելու, նրա բյուրեղացած կերպարը, թևավոր խոսքերը որպես վերջին պատգամ սերունդներին ներկայացնելու ցանկությունս ինձ հանգիստ չէր տալիս։ Մի օր հանդիպեցի վարպետին տեսակցող բժիշկ, ՀՀ գլխավոր ուրոլոգ Արմեն Մուրադյանին։ Նրանից մանրամասն տեղեկանալով վարպետի առողջական վիճակի մասին`հայտնեցի ցանկությունս` փափագում եմ հարցազրույց վերցնել Սոս Սարգսյանից ու տեսանկարահանել։ Բժիշկը ցանկությանս մասին ակնարկել էր Վարպետին։

sos6Հաջորդ օրը Սոս Սարգսյանը սպասում էր ինձ։ Անակնկալ նորությունը հայտնեցի «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության տնօրեն Հայկ Օրդյանին։ Նկարահանող խումբը հաշված րոպեների ընթացքում պատրաստվեց. մեկ ժամ հետո մենք Սոս Սարգսյանի բնակարանում էինք։ Վարպետը նստած էր բազմոցին։  Սեղանին դրված էին գրքեր. Թումանյանի «Քառյակների» էջը բաց էր,  վրան` նշումներ։ Անխախտ աշխատաոճիս համաձայն` հարցերի շարք էի գրել-պատրաստել, բայց ներքին համոզմունքով գիտեի, որ սա այն դեպքն է, երբ չպետք է հարցազրույցին հատուկ ուղղություն տալ։ Դեմ դիմաց Սոս Սարգսյանի հետ էի նստած. պատասխանները հարցերից չէին բխում, հարցերն էլ պատասխանների չէին սպասում։  Ժամանակ առ ժամանակ փշաքաղվում էի. Վարպետը չէր խոսում, այլ պատգամում էր, բառերը հոգու խորքից էին գալիս, կյանքի բերկրանքի ու բեռի ճեղքերից, մանկության ու պատանեկության հեռուներից, բեմի ու կինոյի կերպարներից։ Հենց այդ պահերին ինքնին ֆիլմ էր ստեղծվում, հասունանում էր սցենարը, կինոպատումը։

sos4Մոտ մեկ ժամ Սոս Սարգսյանի հետ զրուցեցի։ Տխրությունն ու ոգևորությունը, սերն ու բողոքը, անցյալն ու ներկան միաձուլված`դանդաղ, բայց հստակ նախադասություններով հորդում էին Վարպետի ներսից։ Խոսում էր նրա յուրաքանչյուր բջիջը, խոսելու պահին էլ վերապրում էր պատմածի ամբողջ խորությունը, հուզվում, նեղսրտում, ուրախանում, հպարտանում։ Տարբեր առիթներով շատ հարցազրույցներ եմ վերցրել Վարպետից, բայց մարդկային ապրումների, հույզերի, մտքերի, զգացողությունների նման հրաբուխ դեռ չէի տեսել։ Մեկ էլ լռություն տիրեց։ Վարպետն ասել էր ամեն ինչ, ինչ պետք է ասեր։ Տեսախցիկներն անջատվեցին, լույսերը` նույնպես։ Արտիստը հոգնել էր։ Մի բաժակ էլ սուրճ ուզեց։ Արդեն գիտեի, որ լրիվ դառն է խմում։  Կոնֆետներով լի պնակը դիմացն էր դրված. ինքը չէր ուտում, հյուրասիրելու համար էր։

sos3Առաջին անգամ ֆիլմի նախագիծ էր պատրաստվել` առանց պատրաստվելու։ Պատահական ոչինչ չի լինում` ասում են։ Դա Սոս Սարգսյանի վերջին հարցազրույցն էր, վերջին նկարահանումը։ Չգիտեմ` առաջին անգամ ով է նկարահանել Վարպետին ֆիլմ պատրաստելու նպատակով, բայց ես, ցավոք, եղա վերջինը։ Մշակույթի նախարարության աջակցությամբ ու «Օրդֆիլմ» ֆիլմարտադրող ընկերության հետ համատեղ  վավերագրական նոր ֆիլմը պատրաստ է։ Այն Հանրային հեռուստատեսությամբ եթեր  կհեռարձակվի Սոս Սարգսյանի ծննդյան 84-ամյակի կապակցությամբ` մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու Վարպետի հիշատակին։

sos 1Ֆիլմի տևողությունը 26 րոպե է։ Հայկ Օրդյանը ռեժիսորական հետաքրքիր լուծումներով է ներկայացրել համախոհ ու ընդդիմախոս արտիստին, մտավորականին ու արվեստագետին։ Սոս Սարգսյանը խոսում է ինքն իր հետ։ Հերոսներն իր կերտած կերպարներն ու արդեն ծերունազարդ, կյանքի վերջին օրերն ապրող քաղաքացին, մարդկային ամենաիրական ապրումներով մարդ-մահկանացու Սոս Սարգսյանն է։ Ոչ մի ճռճռան խոսք, ֆետիշացման ոչ մի նշույլ. էկրանին մեր սիրելի ու հարազատ Սոս Սարգսյանն է` ժողովրդական ու ժողովրդի արտիստը։

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ


    «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը հիշում է ինձ» ֆիլմի ցուցադրություն՝ «Մոսկվա» կինոթատրոնում

    Հայաստանի և Վրաստանի,  Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանների շրջանակներում հուլիսի 4-ին՝  «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Ֆրունզիկ Մկրտչյան.Հնդկաստանը...

    |1 Հուլիս 2022,13:32