Սոս Սարգսյանի պատգամը
Սոս Սարգսյանի հետ չտպագրված այս զրույցը Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով էր` 2011-ի սեպտեմբերի 21-ի նախօրեին: Արտիստը, իհարկե, ջերմ շնորհավորանքներ ու մաղթանքներ ուներ հայրենակիցներին, բայց քանի որ մտահոգություններն ու տագնապները շատ ավելի էին, քան տոնական տրամադրությունը, մեր զրույցը շուտով վերածվեց մենախոսության Հայաստանի քաղաքական, մշակութային և ընդհանրապես անկախության մասին:
Տարօրինակն այն էր, որ խնդրեց առայժմ չտպագրել այս զրույցը: Ասաց. «Մի տպիր, պահիր, հետո կտպես»: Գիտեր, որ հեռանում է, պատրաստվում էր… Ու վախենում էր հավանաբար, որ այն ամենը, ինչ ասում էր, տեղ չի հասնում, ուզում էր իր հեռանալուց հետո էլ խոսել մեզ հետ, ասել, հորդորել, հիշեցնել: Կարծես կտակ էր թողնում…Կարծում եմ, «հետո» ասելով` այս օրը նկատի ուներ` իր ծննդյան օրը, որն առաջին անգամ առանց իր ներկայության ենք նշում: Ու կարծես կրկին վայելում ենք նրա ներկայությունը…
ժամանակն է, որ մենք գրենք մեր ճակատի գիրը
– Քսան տարին մեզ` հայերիս համար չափազանց մեծ ժամանակահատված է, որովհետև մենք շատ բաներից հետ ենք մնացել, մենք պետություն չենք ունեցել, մենք նոր ենք սովորում` ինչ է պետականությունը: Դա նշանակում է, որ մեր զարգացման ընթացքը չի կարող լինել նույնը, ինչ մյուս ազգերինը: Մենք պետք է շտապենք, պետք է շատ արագ սովորենք, որովհետև հետ ենք ընկնում, իսկ հիմա հետ ընկնել չի կարելի. աշխարհը գնալով բարդանում է, գնալով դառնում է անարդար և դաժան, ու պետք է հաշվի նստել այդ հանգամանքի հետ: Իհարկե, ես հիացած ու հպարտ եմ մեր բանակով, բայց երբեք չպետք է հանգստանանք: Մեր հարևանները չեն կանգնում իրենց պետականությունը կառուցելիս, մենք էլ չպետք է կանգնենք: Քսան տարին շատ մեծ ժամանակ է մեզ համար: Մենք պիտի վաղուց արդեն շատ հարցեր լուծած լինեինք: Էսօր արդեն, իմ կարծիքով, պիտի Հայաստանը լքող չլիներ, որովհետև կյանքը պիտի էնպիսին լիներ, որ մենք ուզենայինք մնալ հայրենիքում: Գիտեք, հայրենիքը հայրենիք է` տգեղ լինի, գեղեցիկ լինի, ցուրտ լինի, տաք լինի, ինձ համար հայրենիք է, բայց ինձ նման մարդիկ, կներեք անհամեստությանս, քիչ են: Մարդ կա, եթե սոված է, ի՞նչ հայրենիք, ի՞նչ բան, կամ ի՞նչ Արցախի հաղթանակ: Էդ մարդն էդպես է երջանիկ, կուշտ ժամանակ է երջանիկ: Նա թողնում, գնում է: Բայց էդ շերտը շատ մեծ է մեզ համար: Մենք չկարողացանք հասկացնել մեր ժողովրդին, որ ժամանակն է` գրենք մեր ճակատի գիրը, որ ուրիշները չգրեն, որովհետև ինչ էլ որ գրել են ուրիշները մինչև հիմա, ի վնաս մեզ է եղել: Փառք Աստծո, բնության մեջ ամեն ինչ ձգտում է ազատության: Հիմա մենք ազատ ենք և հիմա ամեն մի թերություն ուղղակի խարան է մեր ճակատի վրա: Ուրեմն մենք ընդունակ չենք, ուրեմն թույլ ենք, ուրեմն արժանի չենք: Բայց մենք արժանի ենք լավ պետության, լավ կյանքի:
Անկախության ամենահրճվալից օրը
Ամենամեծ պահն ինձ համար Շուշիի ազատագրումն էր: Իմ ամենահրճվալից օրն է եղել: Ես հույս չունեի, ես շատ անգամ եմ եղել այնտեղ: Մտածում էի` դա անհնարին է, անառիկ բերդ է, ինչպե՞ս կարող են: Բայց տեսեք, մեր Կոմանդոսի ղեկավարությամբ ուղղակի դա սխրանք էր, որ որևէ ժողովուրդ չէր կարող անել: Այդ ի՞նչ տղաներ էին, դա ո՞նց կարողացան անել, մինչև հիմա ինձ համար պարզ չէ: Գիտե՞ք, թե էնտեղ ինչքան զենք կար, ինչքան զորք կար, ինչ ուժ էր դա: Էսօր էն օրն է, որ շատ դժվար է խոսել թերությունների մասին, մի տեսակ էյֆորիա կա: Բայց և այնպես, ես ուզում եմ անիծել էն մարդու պիղծ շուրթերը, որն առաջինն արտասանեց «հայաստանցի-ղարաբաղցի» բառերը: Դա հանաք բան չի, Արցախը վերադարձնելը մեզ վրա շատ թանկ նստեց, գրեթե յոթ հազար մեր մատղաշ երեխաների արյան գնով վերադարձվեց: Էդ խոսքերը չէր կարելի արտասանել: Առանց Արցախի մենք չկանք և առանց մեզ Արցախը չկա, սա պետք է հասկանալ: Եվ չի կարելի այդքան տգետ լինել ու ազգը բաժան-բաժան անել: Էդ նույն մտածողությամբ կարելի է ասել` երևանցի և վանաձորցի կամ գյումրեցի: Էս ի՞նչ ենք անում: Այս կյանքում հաղթանակ են տանում այն ազգերը, ովքեր միաձույլ են, ովքեր մի դավանանք, մի նպատակ ու մի հավատ ունեն: Մեր նպատակը մեր պետությունը կառուցելն է, ես նկատի ունեմ նաև մեր Արցախը, որը պիտի գուրգուրենք ամեն րոպե: Պիտի հիշենք, որ սա աներևակայելի հաղթանակ է: Ինձ թվում էր, որ էս հաղթանակը մեզ մի քանի տասնյակ տարիներ կպահի ոգևորության, էյֆորիայի մեջ, որ մեր բարոյական աստիճանը կբարձրանա: Բայց, ի զարմանս ինձ, այդ ամենը շատ կարճ տևեց:
Մենք չգիտենք արժեքը մեր պետության
Թերություններ շատ ունենք և հիմա արդեն մեզ ներելի չէ հաշտվել այդ թերությունների հետ: Հայ մարդը Հայաստանում պետք է լավ ապրի, պիտի իրեն լավ զգա: Գիտեք, երբ փողոցն անցնում են ոչ ճիշտ նշված տեղից, նախ բարկանում եմ, նեղվում եմ, հետո ասում եմ` այ Սոս ջան, էս մարդիկ իրենց երկրում են, ոնց ուզում են, որտեղից ուզում են, թող էնտեղից անցնեն: Բա ուրիշ ո՞ր երկրում իրենց էսքան ազատ զգան: Ես, իհարկե, սխալ եմ, կարգ ու կանոնը շատ կարևոր է: Եկել է էն պահը, որ պետք է խստագույնս բանեցնենք մեր օրենքները բոլորի նկատմամբ, ոչ թե ընտրողաբար: Բա մարդը 100 դոլար փող է գողացել, դու դատում ես նրան, ու մարդը միլիոններ է գողացել` չես դատում, բա եղա՞վ: Պետությունը, որը չի կարողանում պատժել, պետություն չի: Հայաստանի էսպես կոչված դեմոկրատիան ամենաթողություն է. ով ինչ ուզում է խոսում է, ով ինչ ուզում է` անում է:
Վերցնենք մեր հեռուստատեսային ալիքները: Ես ուզում եմ հարց տալ մեր պետությանը. սիրելի իշխանավորներ, ձեզ համար միևնո՞ւյն է, թե ով և ինչպես է դաստիարակում մեր քաղաքացուն, ինչով և ինչպես է նա դաստիարակվում: Եթե միևնույն է, հա, ով ինչ ուզում է, թող անի, ով ինչ ուզում է, թող գրի: Հետո էլ ասում են` գրաքննություն չլինի: Գիտեք, Ամերիկայում գրաքննություն չկա, բայց ամեն մի գործիչ ինքն իր համար ցենզոր է: Ոչ մի ամերիկացի թույլ չի տա իրեն հակաամերիկյան քայլ անել: Մենք չգիտենք արժեքը մեր պետության: Մենք այլ կերպ չենք կարող ապրել, ուրիշ կերպ մենք կդառնանք աշխարհով մեկ փռված բոշաներ: Կդատարկվի չէ՞ երկիրը: Թուրքերն անհամբեր սպասում են, թե երբ են դատարկվելու Արցախն ու Հայաստանը, որ լցվեն: Հիմա նորից եմ կրկնում, որ այսուհետ` 20-ամյակից հետո, որևէ մեկը որևէ հարցում կոմպրոմիսի չպետք է գնա: Ամեն մարդ պետք է իմանա իր իրավունքը և կռիվ անի իր իրավունքի համար: Ամեն մարդ պետք է իմանա իր պարտականությունը պետության հանդեպ և իր պարտականությունը կատարի անպատճառ: Վերջապես, բանակ չունենա՞նք, ոստիկանություն չունենա՞նք: Բայց բոլորը քամահրանքով են խոսում: Ես չգիտեմ` էդ ինչից է: Մի անգամ Ամիրյան փողոցով գնում էի դեպի հրապարակ: Առջևիցս մի մեքենա էր անցնում. ծխախոտի դատարկ տուփը շպրտեցին հենց հրապարակում: Չգիտեմ որտեղից մի ոստիկան հայտնվեց, ասաց` իջեք, վերցրեք ու գցեք աղբարկղը: Էս երիտասարդները սուսուփուս իջան, վերցրեցին էդ դատարկ տուփը, գնացին մինչև կառավարության շենքի մոտ և հռհռալով նորից շպրտեցին, այս անգամ արդեն` կառավարության շենքի մոտ: Ես մոտեցա, ասացի` լավ խաբեցիք ձեզ ձեր երկրում, էդ աղբը որ թափում ես, ո՞ւմ երկրում ես թափում, սա քո երկիրը չի՞, բա ամոթ չի՞, բա սա գետինը մտնելու բան չի՞:
Վաղը մեր երեխեքը մեզնից թող շնորհակալ լինեն
Կրկնում եմ, մենք բազմաթիվ սխալներ ենք թույլ տվել, 20-ամյակը քիչ ժամանակ չէ, բազմաթիվ սխալներ ենք արել, պիտի չանեինք, բայց նաև նվաճումներ ունենք: Էսօր ես Մատենադարանի շենքի բացմանն էի, ասացի էս ի՞նչ պարգև է, էս ի՞նչ աստվածային բան է: Եթե ես չեմ սխալվում, առաջին մշակութային շենքն է, որ կառուցվում է էսքան կազինոների, ռեստորանների կողքին: Հիմա, Թումանյանի ասած, ուր է տանում խոսքս քաջ որսկանի գյուլլի պես` դեպի Համազգային թատրոն, որը 20 տարեկան է ու շենք չունի: Ես բոլոր նախագահներին, բոլոր քաղաքապետներին, ճարտարապետներին դիմել եմ այս հարցով: Հայաստանում թատերական շենք ոչ մի անգամ չի կառուցվել, գոնե որպես թատրոնի շենք չի կառուցվել: Եկեք գոնե մի հատ կառուցենք: Էսքան ժամանակ կազինոների, ռեստորանների կառուցման վրա միլիարդներ եք ծախսում, մի հատ դասական թատերական շենք կառուցենք. պետական թատրոն ենք, արժանապատիվ ապրենք և ոչ թե կենվորի նման էս թատերական ինստիտուտի շենքում մնանք: Տեսնենք` կհաջողվի՞, թե՞ ոչ:
Ես նվնվացողներից չեմ ու որքան կարելի է, աշխատում եմ լավը տեսնել ու անաչառ լինել, բայց եթե վատը կողքին կա, վատն էլ եմ տեսնում: Ժամանակն է, որ միմյանց չխաբենք: Ես հատկապես դիմում եմ էն առևտրականներին, որոնք ներկրող են, ապրանք են բերում: Եղբայր, բերում ես 10 ռուբլով, 20-ով վաճառում ես, խիղճ ունեցիր, քո ժողովրդին կարելի՞ է էսպես մաշկել, չի կարելի: Վերջապես էնքան չունևոր մարդ կա, հո չենք կարող սովամահ անել: Մի խոսքով, որոշենք, վճռենք պետության հետ, իշխանավորների հետ և իշխանավորները մեր հետ` ինչպես ենք ապրելու, իրար խաբելո՞վ, թե՞ իրար հանդեպ բարյացակամ, ազնիվ վերաբերմունքով, մեր կարգինությամբ, Աստծուց մեզ տրված բարիությամբ, խիզախությամբ, տղամարդկությամբ: Երեխեքին դաստիարակենք առողջ, վաղը թող մեր երեխեքը մեզնից շնորհակալ լինեն, էսօրվա ծնված երեխեքը 20 տարի հետո ասեն ` 20 տարի առաջ մի էնպիսի հրաշք երկիր կառուցեցին, որում ես ապրում եմ: Ես տեսել եմ Ամերիկայում, որ մի խումբ երիտասարդներ մի բաց, մեծ մեքենայով Ամերիկայի դրոշներով փողոցներով շրջում էին ու գոռում` մենք սիրում ենք քեզ: Այ մարդ, ասացի, մի անգամ էլ Հայաստանի փողոցներով մի խումբ երեխաներ դրա իրավունքը ունենան, գոռան` մենք սիրում ենք քեզ, մեր Հայաստան: Ինքնաբուխ բաներ են դրանք, ոչ թե տոնակատարություններ:
Մշակույթն է, գրականությունն է ազգի հասցեն
Մեր պետությունը չի հասկանում մշակույթի կամ կուլտուրայի նշանակությունը: Կուլտուրան ավելի լայն հասկացություն է ինձ համար, դրա մեջ միայն արվեստը չէ, գիտությունն է նաև, շատ ավելի բաներ: Ամեն մի ազգ, վերջին հաշվով, հպարտ է իր մշակույթով, էս բանը պիտի ընդունենք վերջապես: Մանթաշյանցը կարիք է ունեցել շփվելու Թումանյանի հետ, միշտ գնացել է Թումանյանի տուն, էդ մեր մտավորական վերնախավի հավաքներին ներկա է եղել, մտերմացել, բարեկամացել է նրանց հետ, հասկացել է, որ ուժը նրանք են: Մշակույթն է, գրականությունն է ազգի հասցեն: Հիմիկվա մեր օլիգարխները կարիք ունե՞ն իմ կողքին լինելու, գոնե կես ժամ ինձ հետ զրուցելու, չէ իհարկե: Կամ մեկնումեկը կուզենա՞ գնալ մի քիչ Տիգրան Մանսուրյանի հետ շփվելու, կամ Պերճ Զեյթունցյանի, կամ էլ Ռուբեն Հովսեփյանի հետ: Չկան, չեն ուզում: Էսօր ամեն ինչ փողի խաղ է, դե հիմա մի տաղանդավոր մարդ, եթե ուզենա մի պիես գրել, ո՞վ կտա էդ փողը, ո՞վ հենարան կկանգնի: Բայց էդ շատ կարևոր բան է: Շատ ամոթալի է, շատ անբացատրելի է, և ուզում եմ նույնիսկ էդ բառը ասել` ողբերգական է, որ մենք մեր հաղթանակով չենք հրճվում: Էդպիսի բան բնության մեջ չի եղել, պատմության մեջ չի եղել, մենք էնքան ենք ուրեմն մեր հաղթանակը թերագնահատում, որ մեր պարտված թշնամին մեր առաջ պայմաններ է դնում: Պայման կարող ենք դնել մեʹնք, մեʹնք ենք հաղթել: Նրանք պիտի շնորհակալություն հայտնեն, որ ավելի առաջ չգնացինք:
Ամենակարևորն այն է, որ մենք չկարողացանք բարձր աստիճան ունեցող էլիտա ունենալ, հասարակություն չձևավորեցինք: Սա ամենասոսկալի բանն է` հասարակությունն իդեալներ չունի: Դա իր պատճառն ունի իհարկե: Երևանցիները տարբեր տեղերից են հավաքված, դեռ չեն խմորվել: Օրինակ` Վանաձորը հասկանալի է` վանաձորցիք են և տեսք ունեն, գույն ունեն, տեսակ ունեն, նախասիրություն ունեն, իսկական դասական գավառական մտավորական ունեն: Մենք չունենք, Երևանը, ցավոք, դեմք չունի դեռ, սա պիտի ընդունենք, գուցե ապագայում… Տեսնենք: Բայց մենք մի ժողովուրդ ենք, որ արժանացել է էս անկախությանը, Աստծուն փառք, և ամեն ինչ, ամեն մի խնդիր պետք է յուրաքանչյուրիս վերաբերի, ևʹ լավը, ևʹ վատը: Ես ուզում եմ կրկնել Քենեդիի խոսքերը` ի՞նչ ես արել քո երկրի համար: Սա շատ կարևոր է:
Նունե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ