UNKNOWN_PARAMETER_VALUE (67)Ազատամարտիկ, կինոռեժիսոր և վավերագրող Ռուբեն Հովհաննիսյանը 88-ի շարժման ակտիվ մասնակիցներից էր: Հետո  ընկերներով որոշեցին մեկնել Արցախ, այդ  ժամանակ էլ իմացան «Արաբո» ջոկատի մասին ու հասկացան, որ գտել են այնինչ փնտրում են: Արցախում բոլորի նման նա էլ զենքը ձեռքին կռվում էր, բայց ռեժիսորի մասնագիտությունը հանգիստ չէր տալիս: Անընդհատ տեսախցիկ էր փնտրում ու վավերացնում այնինչ հնարավոր էր: «Ես ողջ եմ մնացել ու իմ հոգու պարտքն եմ համարում ազատամարտին նվիրված ֆիլմաշարի ստեղծումը, որպեսզի տղաների գործն անհայտ չմնա»,խոստովանում  է նախկին ազատամարտիկը, որ արդեն երկու տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ է: 

– Ծնվել եմ Երևանում, ինչպես ժամանակին ընդունված էր ասել` հայրենիքի թշնամու ընտանիքում: Մեր ընտանիքի անդամներն ընտրելու իրավունք չունեին, որովհետև պապս գնդակահարվել էր 1937-ին, հորեղբայրս` Հրանտ Հովհաննիսյանը, 25 տարի անցկացրել էր աքսորավայրում: Հայրենասիրության իմ առաջին դասերը հենց նրանից էլ ստացել եմ: Երբ երիտասարդ տարիքում ոգևորվում էի Սովետական Հայաստանի դրոշով, նա ասում է`ª սա մեր դրոշը չէ, կմեծանաս` կասեմ, թե որն է մեʹր դրոշը:

UNKNOWN_PARAMETER_VALUE (66)88-ին մենք վերջապես բախտ ունեցանք ճանաչելու այդ դրոշը: Միտինգային մեր կյանքը երկար չտևեց. չորս ընկերներով որոշեցինք զենք գտնել ու որևէ ջոկատ մտնել: Ես ավարտել էի Էջմիածնի արվեստի քոլեջի  ռեժիսորական բաժինը, Մովսես Գորգիսյանի, Սամվել Թադևոսյանի  հետ խաղացել  Երևանի ժողթատրոնում: Ավելի ուշ սովորել ու ավարտել եմ Աբովյան քաղաքի Գրիգոր Նարեկացու անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը: Թեև մասնագիտությամբ օպերատոր չէի, նկարահանումներ անել սիրում էի…

89-ին չորս ընկերներով դարձանք «Արաբո» ջոկատի անդամ: 1990 թ. առաջին անգամ մասնակցեցի մարտական գործողություններին: Օգոստոսին, երբ մեր տղաները կռվում էին Ոսկեպարում, կարծես աչքերիս առջև մեր հին ֆիդայիներն էին, նրանց քաջությունն ապշեցնում էր ինձ, այդ տղաները կարծես վախ չունեին: Ամեն ինչ  տեսախցիկով անմահացնելու ցանկություն էր առաջանում: Մի կերպ տեսախցիկ ձեռք բերեցի ու սկսեցի նկարահանել:

UNKNOWN_PARAMETER_VALUE (72)Փաստորեն մի ձեռքում զենքն էր, մյուսում` տեսախցիկը:

– Այոʹ: Իմ ողջ մարտական ուղին անցել եմ «Արաբո» ջոկատի հետ, ուստի նկարահանումներիս հիմնական առանցքում հենց մեր տղաներն են ու ժողովուրդը` արցախյան գոյամարտի անմիջական մասնակիցները: UNKNOWN_PARAMETER_VALUE (89)Այդ օրերից պահպանված վավերագրական նյութի հիման վրա արդեն քսան ֆիլմ է ստեղծվել: Առաջին ֆիլմը, որը նկարահանվեց 1994 թ., նվիրված էր «Արաբո» ջոկատի ու հայկական վաշտի մյուս տղաների առեղծվածային պատմությանը: «Արաբո»-ին է նվիրված նաև իմ «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմը, որի երկրորդ մասը դեռ ընթացքի մեջ է:

-1992 թ. հունիսի 29-ը ճակատագրական դարձավ  հայկական վաշտի 79 տղաների համար, որոնք, ազերիների անսպասելի հարձակման  հետևանքով շրջափակման մեջ հայտնվելով,   զոհվեցին Մարտակերտի շրջանի Հասանղայա գյուղի մոտակայքում: Զոհվածներից 21-ը «Արաբո» ջոկատից էին, 29-ը` Հոկտեմբերյանի «Արծիվ» վաշտից, 19-ը արցախցիներ էին, մյուսները` «Զեյթուն» ջոկատից: Մինչև 2008 թ. հայկական վաշտի տղաների մահվան հանգամանքները համարվում էին խիստ առեղծվածային: Որևէ մեկը  ստույգ չգիտեր` նրանք զոհվե՞լ են, թե՞ գերի ընկել, ուստի բոլորն էլ համարվեցին անհետ կորած: 2008-ին համացանցում հայտնված տեսանյութը վերջ դրեց անորոշությանը: Տեսանյութում տղաների դիակներն էին, որոնց մեջ շատերը ճանաչեցին իրենց հարազատներին: Այդ ողբերգական իրադարձություններից ավելի քան  երկու տասնամյակ է անցել. չնայած հայկական կողմի ու միջազգային կառույցների  ջանքերին` Ադրբեջանը հրաժարվում է  հանձնել  զոհվածների դիակները:

– Այս պատմությունը կարծեք տխրահռչակ «Օղակ» գործողության շարունակությունն էր: Հունիսի 13-ի այդ գործողությունից հետո մեր տղաների մի մասը Շահումյանի շրջանի խաղաղ բնակիչներին մեծ դժվարությամբ, սարերով, շատերին` ուսերի վրա,  տեղափոխեցին Հայաստան` Սյունիքի Հալիձոր գյուղ, որտեղ նրանց ապաստան տվեցին, սննդով ու հագուստով ապահովեցին: Տղաները պատմում էին, որ ճանապարհի դժվարություններից ուժասպառ եղած մի կին երեխային ջուրն էր նետել ու փորձել էր ինքն էլ նետվել, բայց երկուսին էլ փրկել էին: Նման պատմությունները բազմաթիվ են, դրանք պատերազմի տարեգրությունն են, որոնք հետագայում տեղ կգտնեն նաև իմ գրքում: Դժվար ժամանակներ էին, հայկական կողմը կռվում էր խորհրդային զորքի, ադրբեջանական ՕՄՕՆ-ի  ու վարձկան գրոհայինների դեմ: Շահումյանի շրջանը երեք օրում դատարկվեց հայերից, իսկ հունիսի 16-ին նրանք արդեն Մարտակերտում էին: «Արաբոն» շարժվում էր դեպի Մարտակերտ` կասեցնելու հակառակորդի  առաջխաղացումը: Հունիսի 26-ին Կարմիրավան գյուղի մոտակայքում էինք, որը թշնամին գրավել էր: Մի քանի ժամ տևած մարտից հետո այն ազատագրեցինք: Հաղթանակով ոգևորված` շարժվեցինք առաջª դեպի Լենինավան, ապա Հասանղայա: Միավորված հայկական ջոկատներից կազմված զորախումբը մի քանի ուղղություններով պիտի իրականացներ գրոհը` ազատագրելու  Շահումյանը: Հունիսի 29-ի առավոտյան նախատեսվում էր Լենինավանի գրոհը: Ժամը 3-ին «Քիմիայի պահեստներ» կոչվող վայրում բաժանվեցինք: Դեպի Հասանղայա շարժվող մեր 21 տղաների թվում նաև Ավետիս Ավետիսյանն էր` իմ մտերիմ ընկերը: Ուզում էի  նրա հետ գնալ, բայց քանի որ ցանկություն ունեի նկարահանելու Լենինավանի գրոհը, բաժանվեցինք: Գրոհը նախատեսված էր ժամը 6-ին, այն, կարելի է ասել, ձախողվեց:  Հասանղայայի մոտ գտնվող տղաների հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ մեր  հետախույզները պարզեցին, որ այն վայրում, որտեղ պիտի լինեին նրանք, արդեն ադրբեջանցիներն էին: Մեկ օր անց մենք հեռվից հետևում էինք, թե ինչպես են նրանք տրակտորներով փորում ու թաղում դիակները: Հետախուզական գործողությունների շնորհիվ մեզ հաջողվեց  հողի տակից դուրս բերել ու վերադարձնել մեր տղաներից ընդամենը երեքի դիակները: Երկար ժամանակ հույս ունեինք, որ տղաներից ոմանք գուցե կարողացել են փախչել դեպի մոտակա անտառն ու փրկվել, բայց…

Ես կարծում եմ`  տղաները համոզված էին, որ նահանջի տեղ չունեն, քանի որ նահանջի դեպքում ավելի շատերը կհայտնվեին շրջափակման մեջ: Նրանք մնացել ու մարտնչել են մինչև վերջ, զոհվել հերոսաբար:

Հերոսներ են մեր բոլոր այն տղաները, որոնք կամավոր մեկնեցին Արցախ: Երբ պատերազմը սկսվեց, նրանցից որևէ մեկը չէր կասկածում, որ հաղթելու ենք: Զարմանալի ոգի կար: Ինձ համար ամենավառ կերպարներից էր Սիմոն Աչիքգյոզյանը` Դեդը, որը զոհվեց Մարտունաշենի ինքնապաշտպանության ժամանակ. հրաշալի գիտնական, արվեստագետ, բազմակողմանի զարգացած մարդ: Երիտասարդները նրան չափազանց հարգում էին, բոլորին օգնում էր իր խորհուրդներով, երբեք չէր զլանում պատասխանել նրանց անգամ պարզունակ հարցերին: Դեդի մասին ծավալուն նյութ կա կուտակված, բայց ամբողջական ֆիլմ դեռ չեմ նկարել:

UNKNOWN_PARAMETER_VALUE (88)Ձեր վերջին ֆիլմը` «Մարտն ընդունում ենք», նվիրված է «Արաբո» ջոկատի ազատամարտիկ Համլետ Գալստյանին, որ նույնպես  անհետ կորած  համարվող  21 տղաների թվում է:

– Համլետն այն ժամանակ 40 տարեկան էր, ամուսնացած էր, ուներ երեխաներ: Վտանգավոր իրավիճակներում երիտասարդներին միշտ ասում էր. «Ինձնից առաջ չընկնեք, երբ ամուսնանաք, երեխաներ ունենաք, այն ժամանակ էլ առաջ կընկնեք»: Հունիսի 29-ի չարաբաստիկ օրն էլ նա գնաց` ասելով. «Գնամ, ջահելներին այնտեղ տիրություն կանեմ»: «Մարտն ընդունում ենք» ֆիլմաշարի հերոսներից մեկն էլ Ավետիս Ավետիսյանն է, բացառիկ անձնավորություն, որ 3 տարեկանից գիտեր ողջ քարտեզը, հրաշալի շախմատ էր խաղում, չափազանց ոգեղեն, հայրենասեր մարդ էր:

UNKNOWN_PARAMETER_VALUE (86)Այդ ոգեղենությունը տեսնո՞ւմ եք այսօրվա մեր երիտասարդների մեջ:

– Օրեր առաջ Մարտակերտում էի, այն նույն դիրքերում, որտեղ կռվել էինք: Սահմանի մոտ բոլորովին այլ զգացողություններ ես ունենում, այնտեղ բոլոր խնդիրները երկրորդական են դառնում, մտածում ես միայն այդ սահմանը պահելու անհրաժեշտության մասին: Այսօրվա մեր սահմանապահ տղաներն էլ կարգին տղաներ են, շատ հավանեցի մեր զինվորներին: Ոչ մի տրտունջ, ամուր կանգնած են իրենց դիրքերում: Տվեցի նրանց իմ ֆիլմերը, որպեսզի դիտեն, ոգևորվեն մեր հերոսների կերպարներով: Մեր հասարակությունն ունի այսօր այդ կերպարների կարիքը:

UNKNOWN_PARAMETER_VALUE (81)Ո՞ւմ կամ ինչի՞ մասին կլինի  Ձեր հաջորդ ֆիլմը:

– Ուզում եմ ավարտին հասցնել «Թռիչք անդունդի վրայով» ֆիլմի երկրորդ մասը: «Ոռնացող գայլերի վախճանը». այսպես կկոչվի ֆիլմը, որը նվիրված է Լաչինի ինքնապաշտպանությանը: Մեր պատմության այդ հերոսական էջին գրեթե ոչ մի անդրադարձ չի եղել: Ծրագրերը շատ են, բայց առայժմ իրականացնել չի հաջողվում: Ես հիմա աշխատում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողարվեստի թանգարանում որպես բանվոր, ինչի համար ասում եմ` փառք Աստծո, եթե զորավար Մախլուտոն Կոմիտասի անվան զբոսայգում պահակ էր աշխատում ու չէր դժգոհում, ուրեմն ես  դժգոհելու առիթ չունեմ, պարզապես բանվորի իմ 40 հազար դրամ աշխատավարձով ծրագրերս իրականացնել չեմ կարող:

UNKNOWN_PARAMETER_VALUE (94)Ազատամարտիկներն այսօր ստիպված են պայքարել իրենց սոցիալական իրավունքների համար: Ինչո՞ւ նրանք հայտնվեցին այս վիճակում:

– Երբ այստեղ սեփականաշնորհվում էր ունեցվածքը, նրանք կռվում էին սարերում ու պաշտպանում հայրենիքը, բնականաբար դուրս մնացին այդ գործընթացներից, իսկ երբ սարերից իջան ու վերադարձան, ամեն ինչ արդեն բաժանված էր: Այսօր նրանցից շատերն աշխատում են «բարերարի» կարգավիճակում հայտնված մարդկանց մոտ, որոնք այն ժամանակ զբաղված էին միայն կուտակելով: Ամեն ինչ արժեզրկվեց հենց այդ տարիներին: Տղաները, իհարկե, դժգոհ են այս ամենից, բայց անհրաժեշտության դեպքում դարձյալ գնալու են, և երկիրն ու հողը պահողը կրկին  նրանք են լինելու: 95 թվականին արված մի տեսագրություն ունեմ, որտեղ Վազգեն Սարգսյանը, իշխանավորներին դիմելով, ասում է. «Էս տղերքին սիրտ թողեք, որ Աստված չանի, կռիվ լինի, դուք չէ, նրանք են գնալու կռվելու»:

UNKNOWN_PARAMETER_VALUE (82)Մի բան հիշեցի: Երբ տղաս փոքր էր, անընդհատ հարցեր էր տալիս` այսինչ տեղը գրավեցի՞ք, այնինչ տեղը գրավեցի՞ք: Մի անգամ էլ նույն հարցերից հետո հանկարծ ասաց. «Պաʹպ,  Մասիս սարը չգրավեք»: Շատ զարմացա, հարցրի` ի՞նչ է, չե՞ս ուզում, որ  Մասիսը գրավենք: Պատասխանեց. «Չէ, թողեք, էդ էլ ես կգրավեմ»:

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ

 


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը