«Ուղերձ մարդուն» փառատոնը նշանավորվեց կանանց հաղթարշավով
Ուլրիխ Զայդլը «Ուղերձ մարդուն» փառատոնի պատվավոր հյուրն էր:
Բելգիացի Ալեքսանդրա Կանդի Լոնգեի «Նրանից հետո» ֆիլմը Նոր Օրլեանում «Կատրին» մրրիկի հետևանքների մասին լավագույն ֆիլմը համարվեց «Ուղերձ մարդուն» վավերագրական ֆիլմերի փառատոնի միջազգային մրցույթում, որի ժյուրին գլխավորում էր ռեժիսոր Միրա Նաիրը: 23-րդ «Ուղերձի» 19 մրցանակների մեծ մասը կանայք տարան:
Միանգամից երկու մրցանակ ստացավ Իրինա Լանինայի «Իսկ ավտոբուսում առկայծում է պատուհանը» ֆիլմը: Սա 27-րոպեանոց պատում է երկու կնոջ` տրոլեյբուսի վարորդների կյանքի մասին: Հերոսուհիներից մեկը երազել է զբաղվել այդ գործով և վերջապես հասել է դրան, երկրորդն արդեն 30 տարի է` աշխատում է տրոլեյբուսի հավաքակայանում: Ֆիլմը ցուցադրվել է «Ազգային մրցույթ» բաժնում և ժյուրիից ստացել դիպլոմ «Ձևի և բովանդակության ներդաշնակության և կենսահաստատ ուղերձի համար», ինչպես նաև` Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի արհմիությունների համադաշնության հատուկ մրցանակը «Աշխատավոր մարդու մասին լավագույն վավերագրական ֆիլմի համար»: Այս մրցանակն արդեն երեք տարի գոյություն ունի, սակայն շնորհվեց առաջին անգամ: Արհմիությունների ներկայացուցիչներն առաջին անգամ համապատասխան ֆիլմ տեսան և 100 հազար ռուբլի շնորհեցին Իրինային և նրա նկարահանող խմբին:
Գլխավոր մրցանակը լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար ազգային մրցույթում բաժին հասավ ռեժիսոր Ռոդիոն Իսմաիլովի «Իմ ազգականները» կինոնկարին: Սա պատմություն է այն մասին, թե ինչպես 10-ամյա մի աղջնակ առաջին անգամ մեկնում է Ադրբեջան, որպեսզի ծանոթանա հոր ազգականների հետ և հնարավորինս շատ բան իմանա այն ժողովրդի ընտանեկան ավանդույթների, սովորությունների ու մշակույթի մասին, որի արյունն է հոսում իր երակներում:
Ազգային մրցույթում լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ ճանաչվեց Լիդիա Շեյնինայի «Մաման», որի հերոսուհին` 95-ամյա տատիկը, արդեն երկար տարիներ տնից դուրս չի գալիս և հաճախ չի հիշում, թե հարազատներից ովքեր արդեն իր կողքին չեն: Վարվառա Օբրոսովան էլ ազգային մրցույթում հաղթեց «Լավագույն դեբյուտ» անվանակարգում իր «Lost Boys» ֆիլմով, որը 1980-ականներին ծնված և 1990-ականներին մեծացած սերնդի մասին է:
Մամուլը երկու մրցանակ շնորհեց: Մրցանակներից մեկը ստացավ Անգելա Կրիստլիբի «Մերկ օպերան», իսկ երկրորդը տվեցին արդեն իսկ Բեռլինի փառատոնում գնահատված Ջոշուա Օպպենհայմերի «Սպանության ակտ» ֆիլմին:
Միջազգային մրցույթի ժյուրին առանձնացրեց «Ստեղծված մարդու կողմից» ֆիլմը, Միշել Գոդետի խաղը «Համբարձում» ֆիլմում և Ալեքսանդր Իվանովի «Խողովակ» ֆիլմի օպերատորին:
«Ինքնաճանաչման և ընտանիքների ընդունման ուրախության մասին անկեղծ ֆիլմի համար» դիպլոմը ստացավ «Միայն քեզ հետ» ֆիլմը (ռեժիսոր` Դաան Բոլ, Նիդեռլանդներ):
Լավագույն դեպբյուտ ճանաչվեց Աննա Բուդանովայի «Վիրավորանք» անիմացիոն կարճամետրաժը: Այս տարի մարտին այդ մուլտֆիլմը մրցանակ է ստացել Սուզդալի անիմացիոն կինոյի փառատոնում, իսկ հունիսին` ժյուրիի հատուկ մրցանակը Անսիի անիմացիոն կինոյի փառատոնում:
«Կենտավրոսը» լավագույն անիմացիոն ֆիլմի համար գնաց Լեհաստան, Զբիգնև Չապեի «Տոտո» կարճամետրաժին:
Իսկ լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար «Կենտավրոսը» շնորհեցին «Կանայք և ուղևորը» ֆիլմին: Չիլիացի ռեժիսորներ Պատրիցիա Կոռեան և Վալենտինա Մակֆերսոնը չէին կարողացել Պետերբուրգ մեկնել մրցանակի հետևից, ուստի տեսաուղերձ էին ուղարկել: Նրանց ֆիլմը պատմում է մոթելում աշխատող կանանց մասին, որտեղ հաճախորդները մի ժամից ավելի չեն մնում: Չորս հավաքարարուհիներն ամեն օր հավաքում են անկողինները, մաքրում հայելիները, լվանում հատակը և խոսում սիրո մասին: Որքան էլ տարօրինակ է, բայց աշխատելով նման վայրում` նրանք հիասթափված չեն և հավատում են ուժեղ զգացմունքներին:
Վերջապես, 23-րդ «Ուղերձ մարդուն» կինոփառատոնի գլխավոր մրցանակը ստացավ Ալեքսանդրա Կանդի Լոնգեի «Նրանից հետո» ֆիլմը: 38-րոպեանոց թափառումը Նոր Օռլեանում, որը մի օրում ամայացավ «Կատրին» մրրիկի պատճառով, արժանացավ ժյուրիի գնահատանքին: Լոնգեն ծնվել է Փարիզում, սովորել Փարիզի համալսարանում և Արվեստի ազգային դպրոցում: Ապրել է Ռուսաստանում և Արգենտինայում, բայց, ի վերջո, տեղափոխվել է Բելգիա: «Նրանից հետո»-ն Ալեքսանդրայի դեբյուտային ֆիլմն է:
Աղբյուրը` http://www.kinopoisk.ru/news/2247421/