hqdefaultԺամանակակից շոուբիզնեսում հետաքրքիր, չկրկնվող ու ինքնատիպ երգ լսելը հազվագյուտ բան է: Թեʹ խոսքերի, թեʹ երաժշտության հեղինակները, որպես կանոն, նույն մարդիկ են, թերևս այդ պատճառով էլ երգերը միօրինակ են: Հայկական շոուբիզնեսում Մարինե Ալեսի արվեստին ու մարդկային նկարագրին ընդգծված լավ են վերաբերվում: Նրա երգերի զգացմունքայնությունն ու մեղեդայնությունը խորքային բովանդակություն ունեն և հասուն ճաշակի, լայն աշխարհայացքի արգասիք են: Մարինե Ալեսին ճանաչում են տարբեր ոլորտներում, որովհետև նրա ստեղծագործության ճյուղերն են բազմազան` կինո, թատրոն, երաժշտություն: Արվեստագետի մշտական բնակության վայրը Հայաստանը չէ, բայց ստեղծագործական գործունեությունը կապված է հայրենիքի հետ: Նա «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է: Մարինե Ալեսի ճաշակին ու արվեստաբանական գիտելիքներին էր ապավինել «Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ կինոփառատոնը` հրավիրելով նրան  ընդգրկվելու «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի կազմում:

Երևանյան սրճարաններից մեկում Մարինե Ալեսի հետ հանդիպումն այդ առիթով էր. նա դեռ կինոմթնոլորտի ազդեցության տակ էր, ինչպես և ես: Լավատես, կենսուրախ, բարեկիրթ ու նրբանկատ արվեստագետը չափազանց ոգևորված է հայկական կինոարտադրության փոքրիկ, բայց հաստատուն քայլերից: Մի քանի տարի առաջ պատկերը բոլորովին այլ էր. ու դրական փոփոխությունը չպետք է չնկատելու տալ:

 Հոռետեսական մտքերն արվեստի դեգրադացիայի մասին սովորական են դարձել, Ձեր աչքն ի՞նչ է տեսնում. Մի՞թե հույսեր չկան:

– Շարժ կա, անշուշտ: Կաթիլը քար է ծակում: Ամեն նոր քայլ քար ծակող մի կաթիլ է: Իսկ ամեն մի կաթիլ նոր ճաշակ է, նոր գիտակցություն, որ առաջ է տանում հանրությանը,  մտածողություն է փոխում  և կարծրատիպեր է ջարդում: Փառատոները, մրցանակաբաշխությունները շատացել են, ու դրանից մենք միայն շահում ենք: Թող ավելի շատանան, համեմատվելու, մրցակցելու առիթներ ստեղծվեն, դրսից էլ գան մասնակիցներ, որպեսզի մեր արածի գնահատականը ճշգրիտ լինի: «Հայակ», «Կին», «Ոսկե ծիրան», թատերական փառատոներ, աշխարհահռչակ արվեստագետներ, որ այցելում են մեր երկիր. նման աշխուժությունը գովելի է: Հայաստան եկավ Իշտվան Սաբոն: Տարիներ առաջ, երբ դիտում էինք նրա «Մեֆիստո» ֆիլմը, չէինք էլ կարող երազել, որ մի օր կտեսնենք այդ հանճարեղ ռեժիսորին: Պետք է գնահատել այս փոփոխությունները, դրական տեղաշարժերը: Այսօրվա երիտասարդները կրթվելու, զարգանալու, լայն մտահորիզոն, գիտելիքների հսկայական պաշար ձեռք բերելու այնքան մեծ հնարավորություններ ունեն: Տեղեկատվական լայն հորիզոնները, սակայն, կարող են նրանց մոլորեցնել, խանգարել ճիշտ կողմնորոշվելուն, հասցնել այն բանին, որ այդպես էլ ոչինչ չընտրեն:

Մենք այսօր կարիք ունենք ուսուցչի ու դպրոցի: Հետաքրքրությունների  անկանոն շրջանակը կարող է սխալ ուղղությամբ տանել:

– Համաձայն եմ, այսօր չկա ուղղորդողը, ուսուցիչը, դպրոցը. սա XXI դարի գերխնդիրներից է: «Նա իմ վարպետն է եղել»,- այսպիսի արտահայտություն մենք կարող ենք մեզ թույլ տալ, բայց նոր սերունդը` ոչ, որովհետև չունի այն ուսուցչին, որը ոչ թե գիտելիք կտա, այլ կսովորեցնի սովորել, հասկանալ` ինչն է պետք, ինչը` ոչ: Ես մեծ վարպետներ եմ ունեցել: Երիտասարդ էի, երբ Ռուբեն Զարյանն ինձ խորհուրդ տվեց թատերագիտություն ուսումնասիրել և ընդունվել թատերական ինստիտուտ: Մինչ այդ հայրս էր ինձ ուղղորդել. «Մինչև 10-րդ դասարան դու պետք է հասցնես կարդալ բոլոր դասականներին, որովհետև հետո հաստատ ժամանակ չես ունենա: Հետո պետք է կարդաս ժամանակակիցներին ու մասնագիտական գրականություն»: Պապիկ-տատիկներս էլ իրենց հերթին են ինձ տարել արվեստին հաղորդակցվելու ու արվեստը ճանաչելու ճանապարհով: Տատիկս գիշերները հերթ էր կանգնում, որ ես ու մորաքրոջս աղջիկն անպայման մեր գրադարաններում ունենանք համաշխարհային գրողների ընտրանին: Ցվետաևայի, Բուլգակովի գրքերը տարադրամով էինք գնում, իսկ հիմա մտնում ես գրախանութ և ինչ ուզես` կա. ուզում ես ամբողջը գնել ու դուրս գալ:

Եվ այսպես, Դուք գրկաբաց ընդունեցիք գրքերի ու արվեստների աշխարհը և ինքնարտահայտվեցիք մի քանի ոլորտներում: Բայց երաժշտությունը մինչ այդ արդեն ընտրել էիք:

– Երաժշտական ուսումնարան էի ավարտել ու դասավանդում էի Աշտարակի երաժշտական դպրոցում: Ռուբեն Զարյանի տված ցուցակի գրքերն էի միաժամանակ կարդում, որպեսզի ընդունվեմ թատերական ու սովորեմ Հենրիկ Հովհաննիսյանի կուրսում: Դրա հետ էլ հայերեն էի սովորում, որովհետև կրթությունս ռուսական էր: Արվեստի աշխարհում կարևոր չէ` որ ոլորտում ես ստեղծագործում, բոլորն էլ շաղկապված են: Եթե արվեստը քո մեջ է, ինքնադրսևորման ճանապարհներ անպայման կգտնի: Ես ճարտարապետների եմ ճանաչում, որոնք հետո հրաշալի ռեժիսորներ են դարձել, որովհետև երկու մասնագիտություններն էլ կառուցելու հետ են կապված: Չի կարելի ասել, թե արվեստի այսինչ ոլորտը լրիվ թողել եմ, անցել մյուսին: Արվեստում կամուրջներ չեն այրում: Կան կամուրջներ` փայտից, կան` թևերից: Իսկ եթե կամուրջը թևերից է, այն քեզ կհասցնի նրան, ինչին ձգտում էիր ներքուստ:

Արվեստի մարդուն ամենից շատ ի՞նչ է պետք:

– Ամենից շատ պետք է հարազատ հողի զգացողությունը: Կարող ես հրապուրվել աշխարհի ամենահիասքանչ քաղաքներով, դրանց ճարտարապետությամբ, մաքրությամբ, բայց ինչ-որ անբացատրելի զգացողություն կա, որ կապված է միմիայն հարազատ հողի հետ: Ես դրանում համոզվեցի «Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» ծրագրի ֆիլմերը դիտելով: Անկախ այն հանգամանքից` ինչ մակարդակի ֆիլմեր էին, յուրաքանչյուրում լսեցի հողի, հայրենիքի  կանչը: Այդ թեման համատարած էր, մատուցման ձևերն էին տարբեր:

Շառլ Ազնավուրն ասում է. «Ես ֆրանսիացի շանսոնիե եմ, բայց հայ»: Սարոյանն ասում էր. «Իմ հայրը գրում էր հայերեն, ես` անգլերեն, բայց երկուսս էլ հայ ենք»: Նիկիտա Սիմոնյանին հարցրել են. «Դուք ո՞ր ազգի ֆուտբոլիստ եք»: Պատասխանել է. «Ես ռուս ֆուտբոլիստ եմ, բայց հայ եմ»:

«Հայկական համայնապատկերի» շատ ֆիլմեր ժյուրիի հայ ներկայացուցիչների համար ազդեցիկ էին, իսկ օտարազգիներն անտարբեր էին: Կինոն ունի գնահատման իր չափանիշները. հենց դրանցով էլ համեմատում էին մեր ֆիլմերը: Օտարերկրացիներին չեն հետաքրքրում` ինչ պայմաններում են նկարահանվել այդ ֆիլմերը, գումարն ինչ դժվարությամբ է հայթայթվել ու ինչքան սուղ է եղել: Նրանց համար կարևոր  է այն, ինչ երևում է էկրանին: Մեր կինոն մեծ մասամբ միայն մեզ համար է թանկ ու արժեքավոր, որովհետև հայկական թեմաները  միայն մեզ են հուզում: Ժյուրին միաձայն  բարձր գնահատեց Մարիա Սահակյանի ֆիլմը, որովհետև այն նկարահանված ու մատուցված էր կինոյի լեզվով: Հենց դա էր պետք նրանց, որովհետև դա է պրոֆեսիոնալիզմը:

Իսկ մնացած ֆիլմերը Ձեզ համար ի՞նչ արժեք ունեին` ոչ որպես ժյուրիի անդամի, այլ հայ մարդու:

– Այնքան լավ էի զգում ինձ, որ անգամ օտարներն ուշադրություն դարձրին Վիլյամ Սարոյանի մասին ֆիլմին ու ցանկություն հայտնեցին մրցանակ տալ, որ հետաքրքրեց ռեժիսորի` Սարոյանի կերպարը մատուցելու մոտեցումը, որ ֆիլմում ցուցադրված էին Թուրքիայի  հայկական հողերը: Ինձ համար իսկական բացահայտում էր Անրի Վերնոյի մասին ֆիլմը: Չգիտեի, որ Վերնոյի «Մայրիկը» նրա մեղքերի քավության ֆիլմն է եղել ծնողների հիշատակին, որ նա այդքան տանջվել է այն մտքից, թե ինտեգրվելով օտար միջավայրին` դավաճանել է իր հայկական ընտանիքին: Անչափ ուրախ էի Կարինե Խոդիկյանի համար, որի հրաշալի սցենարով նկարահանված «Ընդհատված մանկություն» ֆիլմը նույնպես արժանացավ օտարազգի ժյուրիի ուշադրությանը: Իմ կարծիքով` սոցիալական և տարաբնույթ այլ թեմաներով ֆիլմերի մեջ ուղղակի կորավ Հրանտ Վարդանյանի «Սպիտակ ոչխարի երազը» ֆիլմը, որը մետաֆորիկ, փիլիսոփայական աշխատանք էր, հայկական կինոյի մասին մեր պատկերացումներից տարբերվող ու շատ հետաքրքիր: Այդ ֆիլմը նոր երանգ էր, բայց ինձ թվում է` այս մրցույթի համար չէր նախատեսված:  Ընդհանուր առմամբ ներկայացված ֆիլմերի ասելիքը հետաքրքիր ու արժեքավոր էր, բայց մատուցման ձևը, կինոլեզուն հստակ ու ճիշտ չէր: Այնուամենայնիվ, հայկական կինոյում առաջընթաց կա, ձգտում` հասնելու մեծ էկրանին, մեծ կինոյին: Համոզված եմ, որ շոշափելի արդյունքներ ապագայում լինելու են:

–  Ուրեմն մտածողության թարմություն է զգացվում, ու նշաններն արդեն նկատելի են. ճի՞շտ հասկացա:

– Այո, բայց յուրաքանչյուր լավ աշխատանք բազմակողմանի գիտելիքների, ճաշակի հղկման արդյունք է: Կինոյի մարդն ու ընդհանրապես արվեստագետը պետք է մշտապես կատարելագործվի: Կարդալ, ուսումնասիրել, հետաքրքրվել, սովորել, միաժամանակ աշխատել գործնականում, առանց որի չես կարող հասկանալ` ինչի ես ընդունակ, որքանով կարող ես իմացածդ, տեսածդ, հասկացածդ ու զգացածդ արտահայտել ու տեղ հասցնել: Թող շատ ֆիլմեր նկարահանվեն, կինոյի, թատրոնի նոր աշխատանքներ լինեն: Ոչինչ, եթե դրանց մեծ մասը  քեզ հասկանալի չէ կամ քոնը չէ, չի համապատասխանում պատկերացումներիդ ու սպասելիքներիդ: Կարևորը շարժն է, առաջընթացը, աշխուժությունը, ձգտումը, փոփոխությունը: Պետք է մշտապես այլընտրանք լինի, առանց որի շարժում չի կարող լինել: Կինոն մեծ ուժ է, Լենինը հենց այնպես չի ասել` կինոն արվեստներից ամենակարևորն է:

Դուք ապրել եք մի ժամանակաշրջանում, երբ կինոյի միջոցով քարոզչական լուրջ աշխատանք էր տարվում` «վերևից» հրահանգված, բայց այդ ժամանակներում արվեստի լիարժեք գործեր ստեղծվեցին:

– Ես Երևանում եմ մեծացել, որտեղ հատուկ հանդիսատեսի` մտավորականների ու արվեստագետների համար ակումբներում դրսից բերված ֆիլմեր էին ցուցադրվում: Այդ միջավայրում ճաշակ, աշխարհայացք, մտածելակերպ ու առհասարակ մարդ էր ձևավորվում: Դեռ նախորդ դարասկզբին կինոյի միջոցով քաղաքական հեղաշրջումների ալիքներ էին տարածվում: Շատ երկրներ էկրաններից իրենց ժողովրդին ցույց տվեցին, թե ինչպես են սովամահ լինում բոլշևիկացված ազգերը, և խուսափեցին կոմունիստական հեղաշրջումներից, շրջանցեցին քաղաքացիական պատերազմների վտանգը: Իսկ որպես արվեստ` կինոն կարող է շատ խոր ազդեցություն թողնել: Մեր կինոյի «ոսկե դարը» Մալյանի, Դովլաթյանի ժամանակներն են: Իսկական գլուխգործոց, համաշխարհային կինո կոչվելուն արժանի է «Բարև, ես եմ» ֆիլմը, ոչ պակաս` «Մենք ենք, մեր սարերը». դերասանների անվրեպ ընտրություն, հրաշալի երաժշտություն, խորիմաստ ասելիք, կատարյալ կինոլեզու: Որքան շատ եմ դիտում այդ ֆիլմերը, այնքան ավելի նոր շերտեր եմ բացահայտում: Անթերի են բոլոր առումներով:

Արվեստի տիրույթում հայի ու հայկականի թողած հետքով հպարտացող Մարինե Ալեսն ուզում է տեսնել ինքնուրույն մտածող, յուրօրինակ ու նրբաճաշակ նոր ձեռագիր: Կարևորում է գենետիկ հիշողությունը, որ անթաքույց է հայի մեջ թեʹ կինոդահլիճում Իշտվան Սաբոյի ֆիլմի ցուցադրության ժամանակ նախորդ օրը կերած խեցգետնի համը հեռախոսով ընկերուհուն պատմելիս, թեʹ ութամյա կրթությամբ, առավոտից երեկո հող մշակող գյուղացու կիրթ պահվածքումԿիրթ, որովհետև նրա պապերն Արևմտյան Հայաստանի բարձրաշխարհիկ տոհմերի ժառանգներն են եղել, որոնց թուրքական յաթաղանը կոտորել է, իսկ ողջ մնացածները գաղթելհասել են Արևելահայաստանի գյուղեր ու հող են մշակում: Բայց միևնույն է, նրա մեջ սերնդեսերունդ նստած է մնալու  գենետիկ հիշողությամբ հաստատված ուսյալն ու կրթյալը ու մի օր ֆիլմ է նկարելու կամ գիրք է գրելու:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ


Սիմոն Աբգարյան․Մարդիկ արարում են գեղեցիկի և էսթետիզմի տիրույթում և թույլ չեն տա, որ աշխարհը խավարով պատվի

2020 թվականի ինքնամեկուսացման երեք ամիսների ընթացքում ֆրանսիացիները, ուղիղ ժամը ութին, պարտաճանաչ բացում էին տան պատուհանների փեղկերը և հնարավորինս բարձր ծափահարում։...

, |3 Հուլիս 2020,10:17