168Կարինե Ֆոլիյանցի հետ կապվելու առիթը վերջերս ռուսական հեռուստատեսությամբ ցուցադրված նրա «Փեսացուն» բազմասերիանոց ֆիլմն էր: Ինչպես ասում են, աչքի պոչով էի նայում, ինչպես բոլոր սերիալները, բայց զգացի, որ կամաց-կամաց կլանում է: Իսկական կինո էր` բարձր մակարդակով: «Այ, թե ինչպես պետք է նկարել, ոչ թե մեզ պես, տեսնես ո՞ւմ ֆիլմն է»,- մտածեցի: Եվ հաճելիորեն զարմացա. տիտղոսագրերում նշված էր. «Սցենարիստ և ռեժիսոր` Կարինե Ֆոլիյանց»: Դժվար էր զսպել նրա հետ կապվելու և զրուցելու գայթակղությունը:

Գրող, սցենարիստ, ռեժիսոր Կարինե Ֆոլիյանցը ծնվել է Բաքվում, մեծացել Վոլգոգրադում: 1989-ից ապրում և աշխատում է Մոսկվայում: 1994 թ. կարմիր դիպլոմով ավարտել է ՎԳԻԿ-ը: 1996-ից ՌԴ կինեմատոգրաֆիստների միության անդամ է: 1999 թ. ՎԳԻԿ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ժամանակակից կինոդրամատուրգիայի խնդիրների մասին: Ազգային հեռուստատեսային «ԹԷՖԻ» մրցանակի դափնեկիր է (2012 թ., «Սերաֆիմա գեղեցիկ» ֆիլմի համար): 18 գրքի հեղինակ է, 16 ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր:

Âðó÷åíèå ïðåìèè "ÒÝÔÈ-2011" - "Ïðîôåññèè"

«ԹԷՖԻ» մրցանակի շնորհման արարողության ժամանակ (2012 թ.)

Որո՞նք են արմատները, պահպանվե՞լ են իրենց ընտանիքում հայոց լեզուն և հայկական ավանդույթները, ինչպե՞ս է դրսևորվում իր ազգությունը ստեղծագործության մեջ, եղե՞լ է  Հայաստանում, ինչքանո՞վ է տեղյակ և կապված հայ կինոգործիչների հետ,  ի՞նչ է մտածում արդի կինեմատոգրաֆի մասին, հնարավոր համարո՞ւմ է երբևէ ֆիլմ նկարահանել հայկական թեմաներով և համագործակցել հայաստանյան գործընկերների հետ: Այս այլ հարցերի շուրջն էր մեր նամակագրությունը:

Ստորև համառոտ ներկայացնում ենք նրա խոսքը:

– Իմ նախնիները Ղարաբաղից են: Մանկությունս անցել է Բաքվում: Քանի դեռ կենդանի էր մեծ տատիկս` Հայկանուշը, նույնիսկ մի քիչ հայերեն գիտեի: Ցավոք, հիմա ոչինչ չեմ հիշում:

Մինչև հիմա չի հաջողվել լինել իմ պատմական հայրենիքում: Իսկ ահա Բաքուն` իմ մանկության քաղաքը, լավ եմ հիշում: Այն ժամանակ ինտերնացիոնալ քաղաք էր: Շատ համերաշխ և ուրախ: Շատ լավ եմ հիշում մեր բակը, մեր հարևաններին, ջերմության զգացումը, մարդկային սերտ հարաբերությունների բերկրանքը: Մի բակ, որտեղ բոլոր դժբախտություններն ու տոները միասին էին ապրում ու միասին տոնում:

на съемочной площадке (1)

Նկարահանման հրապարակում

Հետագայում նման բան գտա միայն նկարահանման հրապարակում, որտեղ իմ նկարահանող խումբն է` իմ ընտանիքը: Մենք արյունակցական կապ չունենք, բայց երկար տարիներ միասին ենք աշխատում, ձգտում ենք չբաժանվել, միասին ենք տոնում ծննդյան տոները, միասին լինում դժվարին պահերին: Դա շատ է օգնում նաև ստեղծագործության մեջ, քանի որ նկարահանման հրապարակում մարդիկ պետք է հասկանան միմյանց կես խոսքից, կես հայացքից… Ըստ էության, իմ ընկերները հենց իմ գործընկերներն են:

Իմ առաջին` «Նոկտյուրն թմբուկի և մոտոցիկլետի մասին» կինոնկարում հնչում էր բաքվեցի հայերի թեման:  Քեռի Համլետի հոյակապ կերպարը, որ Բաքվի փախստական է, խաղում էր Արմեն Ջիգարխանյանը: Ես մինչև հիմա երախտապարտ եմ նրան վարպետության դասերի համար, որ ունեցա նկարահանումների ընթացքում: Դա, ախր, իմ առաջին ռեժիսորական աշխատանքն էր, իսկ նա վերաբերվում էր մեծ հարգանքով: Եթե ինչ-որ բան էլ հուշում էր, ապա  չպարտադրելով, աննկատ, նրբորեն և ըստ էության:

Տաղանդավոր մարդկանց հետ աշխատելը միշտ էլ երջանկություն է: Եվ ես նկատել եմ, որ նրանք չեն տառապում «աստղային հիվանդությամբ»:

Եթե խոսենք ազգային թեմայի մասին, ապա հիմա մի հետաքրքիր մտահղացում ունեմ, որի մասին չեմ վախենում ասել: 2017 թ. տոնելու են մեծ նկարիչ, ծագումով հայ Այվազովսկու 200-ամյակը:  Իմ կյանքը սերտորեն կապված է Այվազովսկու քաղաքի` Թեոդոսիայի  հետ: Այնտեղ չորս ֆիլմ եմ նկարել: Ընդհանուր առմամբ ավելի քան մի տարի ապրել եմ այնտեղ: Ես պաշտում եմ այդ քաղաքը: Այն իմ մանկությունն է հիշեցնում: Այնտեղ հին հայկական եկեղեցիներ կան: Շատ կոկիկ ու հաճելի քաղաք է ու մի տեսակ հարազատ: Հավանաբար գաղտնիքն այն է, որ Մոսկվայում ջերմության պակաս ունեմ: Պարզ մարդկային շփում չկա, փողոցների կյանք չկա: Շատ բան չկա:

Բայց վերադառնանք Այվազովսկուն: Ամեն ինչից բացի, խոնարհվում եմ Իվան Կոնստանտինովիչի տաղանդի ու աշխատասիրության առջև: Նա իր կյանքի ընթացքում մոտ 6 հազար հոյակապ նկարներ է ստեղծել: Ես գրում եմ նրա մասին թեʹ որպես նկարչի, թեʹ որպես մարդու, որ երջանկություն է գտել անձնական կյանքում միայն խոր ծերության հասակում:

Նա իսկական օրինակ է: Այվազովսկին շատ բան է արել ևʹ իր քաղաքի, ևʹ իր հայրենակիցների համար: Չեմ ուզում այդ մասին մանրամասն պատմել, բայց այս աշխատանքը շատ թանկ է ինձ համար: Անկեղծ, շատ եմ ուզում, որ այս երազանքս իրականանա:

героями Серафимы

«Սերաֆիմա գեղեցիկ» ֆիլմի հերոսների հետ

Ընդհանրապես ստեղծագործական ծրագրերս շատ բազմազան են: Նոր սցենարներիցս մեկը դարձյալ «գյուղական պատմություն» է, ոճով նման է իմ ամենահայտնի կինոնկարին` «Սերաֆիմա գեղեցիկ»-ին: Երեք մարդու սիրո պատմություն` կրքոտ, ողբերգական, բայց և շատ լուսավոր:

Շատ եմ սիրում կատակերգություններ նկարել: Մի քանի քնարական կատակերգությունների սցենարներ կան,  որոնց մեջ առկա է նաև սիրային գիծը, նաև` շատ հումոր: Աշխատում եմ կյանքում լավատես լինել, իսկ հումորի զգացում չունեցող մարդկանց պարզապես չեմ ընկալում, հավանաբար սրանից է գալիս սերը կատակերգական ժանրի նկատմամբ:

с В.Иваковым и Е.Захаровой

«Այնտեղ, որտեղ դու ես» կինոնկարի հերոսներ Ելենա Զախարովայի և Վալերի Իվակովի հետ

Ես շատ եմ զբաղվել կինոյի տեսությամբ, երբ սովորում էի ասպիրանտուրայում: Պաշտպանել եմ թեկնածուական ատենախոսություն, տարբեր ուսումնական հաստատություններում դասավանդել եմ կինոդրամատուրգիայի տեսություն և կինոյի պատմություն:

Տեսությունը և պրակտիկան իմ գիտակցության մեջ սերտ կապված են: Այն տարիները, որ նվիրել եմ ասպիրանտուրայում սովորելուն և ատենախոսության պատրաստմանը, բնավ կորած չեմ համարում:  Այլ հարց է, որ որպես կինոյով գործնականում զբաղվող մարդ` կարող եմ ասել` այն կինոն, որի մասին երազել եմ պատանեկության շրջանում, քիչ-քիչ հեռանում է ասպարեզից: «Արտ-հաուսը», որ ցույց են տալիս փառատոներում, որը միայն հանդիսատեսի նեղ շրջան է տեսնում, ինձ այնքան էլ չի հետաքրքրում: «Պոպկորնային» ֆիլմ առհասարակ չեմ ընդունում: Եվ չեմ ուզում դա անել: Բայց այդ «պոպկորնային կինոն» լցրել է էկրանը:

Հավանաբար դա է պատճառը, որ շատ ու հաճույքով եմ աշխատում հեռուստատեսության համար: Եվ իմ կինոնկարները միշտ բարձր վարկանիշ ունեն, դիտողներն էլ ինձ շատ նամակներ են գրում, ինչը շատ հաճելի է: Բայց այն բազմասերիանոց ֆիլմերը, որ նկարում ենք մենք, չեմ սիրում անվանել սերիալ: Դրանք նկարվում են այնպես, ինչպես իսկական կինոն: Դրա համար շատ քիչ ժամանակ է տրվում, շատ քիչ դրամ: Բայց մենք ձգտում ենք, որ դա «կինոյական» լինի, ոչ թե «սերիալական», որակով նկարահանում լինի, որակով դրամատուրգիա, որակով դերասանական խաղ, մթնոլորտ, մանրամասներ:  «Հեռուստաարտադրանքը` երկու խոսող գլխով» չեմ ընդունում: Եվ երբեք չեմ անի դա:

ТАРЕЛОЧЧЧЧЧКА!

Ավանդույթի համաձայն` նոր նախագծի մեկնարկին հենց նոր խցիկի շտատիվին ջարդած ափսեով

Հավանաբար պետք է այլ կերպ աշխատել, բայց ես սովոր չեմ այլ կերպ աշխատելուն: Կինոյում ես սոսկ փող չեմ աշխատում, այլ իրացնում եմ ինձ, իմ գաղափարները, իմ «ես»-ը:

Առայժմ ամեն ինչ ինձ գոհացնում է: Թեպետ շարունակ առաջ շարժվելն ու ավելի շատ բանի հասնելն իմ կյանքում գլխավոր ցանկություններից է: Շատ եմ ուզում անընդհատ գերազանցել ինձ: Շատ-շատ:

Ես մեծ հաճույքով կհամագործակցեի հայ գործընկերների հետ: Մեծ հաճույքով որևէ ֆիլմ կնկարեի Հայաստանում: Դա շատ գեղեցիկ ու շատ հետաքրքիր կլիներ: Հույս ունեմ, որ դա էլ կիրականանա:

Հարցազրույցը` Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ