Kogda nastupaet sentyabr.avi_snapshot_01.12.08_%5B2012.02.11_00.59.45%5D 3Հայաստանի   ժողովրդական արտիստուհի Լաուրա Գևորգյանը 60-ականների Երևանի  ամենագեղեցիկ աղջիկներից  էր: Ինքը` դերասանուհին, մշտապես շրջանցում է այդ թեման, բայց նրա սերնդակիցները, մանավանդ այն երևանցի տղաները, որոնք չհասցրին Էդմոնդ Քյոսայանից առաջ գրավել գեղեցկուհու սիրտը, այդ մասին հրապարակավ  ու կարոտով են խոսում: Բայց Երևանի թատերական ինստիտուտի շրջանավարտ դերասանուհին այն ժամանակ ինչպես անձնական կյանքում, այնպես էլ կինոյում ընտրեց Էդմոնդ Քյոսայանին, խաղաց միայն նրա ֆիլմերում և հիմա, երբ արդեն գրեթե 20 տարի է, ինչ վախճանվել է  ամուսինը, հրաժարվել է նաև դերասանուհու  կարիերայից: Տարվա մի մասը` ձմեռն անցկացնում է Մոսկվայում, որդիների, թոռների և արդեն նաև ծոռնիկի հետ, իսկ  գարնանը վերադառնում է Երևան ու  հիմնականում ապրում է Ուշիի ամառանոցում:

Քյոսայանի վերջին` «Համբարձում» ֆիլմի նկարահանումից անցել է արդեն 26 տարի, և ճիշտ այդքան Դուք չեք  նկարահանվել: Ինչո՞վ եք  լցնում ստեղծագործական դադարը:

– Առաջին հերթին` գրքերով, ընթերցանությամբ: Շատ եմ կարդում և հատկապես մեծ հաճույքով  եմ կարդում հուշագրությունները: Ցավոք, վերջերս  տեսողությունս ինձ նեղում է,   և առաջվա պես շատ կարդալ չեմ կարողանում. դրանից շատ եմ նեղսրտում:

Դերասանուհու, մանավանդ` ճանաչված  ու սիրված արտիստուհու համար բեմից կամ էկրանից հրաժարվելը որոշ իմաստով զոհաբերություն  է, Դուք ինչպե՞ս  եկաք  այդ   որոշմանը:

– Իհարկե, չնկարահանվելու, չաշխատելու որոշումը կայացնելն ինձ համար հեշտ չէր: Իսկապես շատ  ծանր էր, բայց  ես  միշտ  Էդմոնդի  հետ եմ աշխատել, էդպես էր ստացվել  իմ աշխատանքի հենց սկզբից: Երբ  Էդմոնդն արդեն չկար, չգիտեմ, չէի ուզում արդեն ինչ-որ բան փոխել: Հրավերներ, իհարկե, կային, նաև` շատ հայտնի ռեժիսորներից: Տիգրանս էլ ինձ  շատ  էր  համոզում, որ նկարվեմ իր ֆիլմերում, բայց չուզեցի: Հետո` ես հո  միանգամից չկտրվեցի ամեն ինչից: Տղաներիս  հետ ինչ-որ  մի ժամանակ դեռ  այդ պրոցեսում էի, հետաքրքրություն կար` ինչ են անում, ուր են գնում: Հետո կամաց-կամաց, աստիճանաբար հեռացա  ու  վերջնականապես թողեցի այդ ամենը:

4Իսկ  ինչո՞ւ միայն Քյոսայանը, նա արգելո՞ւմ էր, խոչընդոտո՞ւմ էր այլ  ռեժիսորների հետ Ձեր  աշխատանքը, թե՞ դա Ձեր որոշումն էր:

– Ոչ, ի՞նչ եք ասում, Էդմոնդը երբեք  չէր արգելում: Հիշում  եմ` հրավեր  ստացա Լենինգրադից: Էդիկը  կարդաց սցենարը, ասաց` շատ լավն  է,  և բնականաբար չարգելեց, բայց  հարցրեց` երեխաներին  ի՞նչ ես  անելու, իսկ հետո  ավելացրեց` երեխաների հարցը լուծիր ու  նկարվիր: Դե  ես  երեխաներին ի±նչ էի անելու, Մոսկվայում մեն-մենակ, ոչ  ոք  չունեմ, հրաժարվեցի: Ես ինչպե՞ս կարող էի թողնել երեխաներին: Եվ այդպես  շարունակ, սկզբում  ոգևորվում էի, հետո վիրավորվում էի ու  ասում` չեմ գնում: Թե ում էի լավություն կամ վատություն անում, ես էլ չգիտեմ: Մի  անգամ Աբդռաշիդովը  հրավիրեց, որ  իր ֆիլմում նկարահանվեմ: Նկարահանող  արշավախումբը  պետք է  աշխատեր  Սև  ծովի ափին: Ես  էլ, իհարկե, շատ էի ուզում: Հիշում  եմ` Տիգրանս ասում էր` մամա,  գնա, մենք կմնանք մենակ: Չէ, էլի  չստացվեց: Իրականում Էդմոնդը, թեև  ասում էր` գնա, ահավոր  խանդում  էր:

ԱյսինքնԴուք  մշտապես   կանգնած եք եղել  նույն երկընտրանքի առջև` ընտանիք, երեխաներ  կամ  կինո:

– Այո, և   միշտ ընտրել եմ ընտանիքը: Չգիտեմ`  ճի՞շտ եմ, թե՞ սխալ, բայց  դա է իմ ընտրությունը, և  հավատացեք` եթե  նորից սկսեի  ամեն ինչ, դարձյալ նույն ընտրությունը կանեի: Միշտ  բարի նախանձով եմ  նայել այն կանանց, որոնք տարված են կարիերայով, հանուն որի պատրաստ են ամեն ինչի: Այդպիսի  շատ կանանց եմ ճանաչել, նրանք միշտ զարմացրել են ինձ: Նրանք  բոլորովին ուրիշ են իրենց խառնվածքով, մարդկային տեսակով, արժեքներով, ամեն ինչի ընդունակ են, ոչնչի առջև չեն կանգնում հանուն կարիերայի: Ես չեմ ասում, որ դա վատ է, բայց ինձ համար մշտապես չափազանց կարևոր  է եղել ոչ միայն ընտանիքս, այլև այն, թե ինչ կմատածեն մարդիկ իմ մասին: Ես երբեք  չեմ անտեսել հասարակական կարծիքը ու միշտ կարևորել եմ, թե ինչպես կընկալվի իմ յուքանչյուր քայլն ուրիշների կողմից: Կարծում եմ, որ երբեք չէի կարողանա նրանց նման լինել:

Մի՞թե երբևէ  չեք  մտածել   թատրոնի մասին:

– Դե, իհարկե,  դերասանուհին  պետք է աշխատի  թատրոնում, որոհետև կինոն անցողիկ բան է, հիմնականը թատրոնն է: Եթե  ես  թատրոնում խաղայի, երևի  երբեք   չթողնեի: Իմ  չիրացված սերը թատրոնի հանդեպ  ու ձգտումը դեպի բեմը, թատերական կուլիսները, այդպես էլ ինձ համար մնաց անկատար երազանք, քանի որ թատերական ինստիտուտի  ուսանողական բեմից հետո թատրոնում  չեմ խաղացել: Թեև երբեմն կասկածում եմ, որ թատրոնում էլ չէի կարողանա աշխատել, մտածում եմ, որ իմ տեսակով ու սկզբունքներով  պարզապես առանց դերերի  կմնայի:

Էդմոնդ Քյոսայանը խորհրդային կինոյի  ամենահաջողակ և սիրված  ռեժիսորներից էր: Անորսալիների մասին կինոպատումը դիտել է  50 միլիոնից ավելի հանդիսատես, որը խորհրդային չափանիշներով արդեն ռեկորդ էր: Ո՞րն էր Քյոսայանի կինոյի հանդեպ  մարդկանց մեծ սիրո, նրա ֆենոմենալ հաջողության գաղտնիքը:

– Դե իհարկե  տաղանդն  ու մտածելակերպը, բայց կարծում եմ, որ  ամենագլխավոր  հանգամանքն  այն է, որ Էդմոնդի բոլոր  ֆիլմերը չափազանց մեծ բարություն էին սփռում: Ինքը չարություն, բացասական էներգիա չէր ընդունում իր կինոյում: Հիշում եմ` ՙՄխիթար սպարապետի՚ ժամանակ ասում  էին` էսպիսի դաժանություններ, շատ վայրագություններ են կատարվել, բայց ինքը  բացարձակ այդ մասին չէր մտածում: Էդմոնդը  բոլորովին ուրիշ  գաղափարախոսություն  ու արժեքներ ուներ: Նրա  համար առաջնային էին բարին, լավը, սերը, հարգանքը: Ի վերջո, նրա  բոլորը  ֆիլմերում   կարմիր գծով  անցնում է բարության  գաղափարը: Նաև  չափազանց հետաքրքիր  անհատականություն էր:

Ասում են, որ նկարահանելիս  նա բոլոր դերերը, անգամ  դերասանուհիների կերպարներն  ամբողջությամբ խաղում էր նկարահանման հրապարակում:

– Էդիկին շատ հետաքրքիր էր հետևել նկարահանման հրապարակում: Ժողովուրդը  պարտադիր հավաքվում  էր  նկարահանման հրապարակում, և ոչ թե  նայում էին,  թե դերասանները ոնց են աշխատում, այլ  հետևում էին, թե ռեժիսորն ինչպես  է աշխատում դերասանների  հետ: Ինչպես ասում են,  դերասանի ռեժիսոր էր.  դերասաններին շատ էր սիրում: Դերասանը նրա համար առաջնահերթ էր, և այո, կանանց  դերերն էլ  խաղում  էր  աշխատանքի ընթացքում:

Եթե  չեմ սխալվում, «Տղամարդիկ» ֆիլմի ժամանակ Ձեզ ստիպել է  բարձր  ջերմությամբ  նկարահանվել:

– Իմ  մասնակցությունն  այդ տեսարանում  շատ պատահականորեն ստացվեց, քանի որ բոլորովին ուրիշ դերասանուհի պիտի խաղար  այդ դերը: Արմեն Ջիգարխանյանը եկել էր ընդամենը  մեկ օրով, այն էլ` գիշերը ու վաղ առավոտյան  պիտի թռչեր Մոսկվա: Մեկ էլ  ուշ գիշերով եկան ինձ արթնացրին, թե պիտի գնանք նկարահանման տաղավար, որովհետև  նկարվելու եմ  Ջիգարխանյանի հետ: Ուրեմն` ես իմ զգեստներով, առանց  կերպարանափոխվելու, մտել եմ նկարահանման տաղավար: Շատ հիվանդ էի, եթե  40 աստիճան  ջերմություն չունեի, ապա   38  հաստատ կար: Ամբողջ նկարահանման ընթացքում սարսափելի  վատ էի  զգում և  մտածում էի, թե էս ինչ հիմար, անհեթեթ տեսարան է: Վստահ էի, որ միևնույն է, Էդիկն  այդ ամբողջը  կտրել-թափելու է: Մտածում էի` ո՞վ է նայելու  էս  տեսարանը, ո՞ւմ է պետք դա, բայց պարզվեց, որ ամենահումորով ու լավագույն  դրվագներից է:

Ամեն   անգամ  «Երբ  գալիս  է  սեպտեմբերը» ֆիլմը դիտելիս  մտածում եմ, թե ինչպե՞ս կարող էր ռուսական  գրաքննության պայմաններում էկրանից հնչել «Հայ ֆիդայիներ»  երգը: Ու  կարծեմ հենց այդ պատճառով էլ  Քյոսայանն   անախորժություններ է ունեցել:

– Ինքն արդեն սովոր էր, քանի  որ երբեք  չէր ենթարկվում Պետկինոյի ղեկավարներին: Երբ նկարում էր «Խոհարարուհին», նրան ստիպում էին, որ գլխավոր դերում նկարահանվի հանրահայտ Յուլիա Բորիսովան, իսկ ինքն այդ դերում միայն Սվետլանա  Սվետլիչնայային էր տեսնում և  նրան էլ նկարեց: Գիտեք, նրանք  արդեն Էդիկի սցենարները չէին էլ կարդում: Ասում էին` միևնույն է, Քյոսայանը  մի սցենար բերում է և բոլորովին այլ բան  նկարում: Եվ իսկապես, նկարահանման ժամանակ սցենարը  հիմնովին փոխվում էր, նախկինից հաճախ ոչինչ  չէր  մնում: Իսկ «Երբ  գալիս  է  սեպտեմբերը» ֆիլմից հետո  Հայաստանից   անանիմկա  էր եկել Գոսկինո, թե օգտվելով առիթից,  որ ռուսները չեն հասկանում տեքստը, Քյոսայանն իր ֆիլմում ազգայնամոլական-դաշնակցական երգ է հնչեցրել: Էդիկին   կանչեցին  Գոսկինո, հարցրին` այդ ի՞նչ  երգ   են  երգում  ֆիլմում: Նա էլ շատ հանգիստ պատասխանեց, որ  սովորական սիրային երգ է: Գոսկինոյում էլ ասացին` դե եթե այդպես է, տեքստը թարգմանեք, թող կադրից դուրս հնչի թարգմանությունը: Եվ էնտեղ  մի հիմար տեքստ է  թարգմանված, որը, բնականաբար, ոչ մի կապ չունի ֆիդայիների հետ: Ռուսներին դա գոհացրեց, բայց ամենակարևորն այն է, որ անանիմկայի տակ գրված էր` Հայաստանի ինտելիգենցիա:

Գիտեմ, որ  երկու  չիրականացրած  նախագիծ ուներ. երազում էր Անդրանիկի մասին ֆիլմ նկարել  և շատ էր ուզում  էկրան բարձրացնել իր ժամանակների Երևանի ու  իր սերնդակիցների մասին պատմությունները:

– Այո, ուզում էր, և Անդրանիկի մասին  կարծեմ նույնիսկ սցենար  էլ  կար գրված: Իսկ Երևանի  ու իր ժամանակի մասին ֆիլմ միշտ է ցանկացել անել,  որովհետև  ինքը քաղաքի տղա էր` իսկական երևանցի: Գիտեք, մինչև 14 տարեկանն ապրել է Ալթայի երկրամասում, որովհետև հորը որպես ժողովրդի թշնամու գնդակահարել էին, իսկ մորը երեխաների հետ աքսորել Ալթայ: Երբ  վերադարձել էր Երևան, էդ  վաղ տարիքից  կյանքի այնպիսի դպրոց էր անցել, էնպիսի բաներ էին  իր գլխով անցել, որ երբ  պատմում էր, մտածում  էի, որ դա մի  քանի մարդու կրելիք  բան էր: Եվ Մոսկվայում էլ 16 տարեկանից գնացել ընկել է մի միջավայր, որտեղ ինչ ասես, ամեն տեսակի վտանգ  կարող էր լինել: Բայց Էդիկը  միշտ երազանք է  ունեցել, որին անվերջ ձգտել է,  ու այդ երազանքն է  իրեն պահել, որ ուրիշ ճանապարհով չգնա: Երևի  իսկապես ամեն մարդ պետք է  երազանք  ունենա  ու ամբողջ կյանքում ձգտի այդ երազանքի իրականացմանը: Երբ նոր էր վերադարձել, հայերեն շատ վատ էր խոսում: Միայն ինձ  հետ շփվելուց հետո սկսեց հայերեն  սովորել: Ես նրա համար   Խորենացու «Հայոց պատմությունը» բարձրաձայն կարդում էի, որ լսի: Այնքան էի կարդում, որ  կոկորդս ի վերջո ցավում  էր, ձայնս կտրվում էր, բայց Էդիկը ուզում էր, որ շարունակեմ կարդալ: Շատ էր ուզում իր ժողովրդի պատմությունը իմանալ, որովհետև ոչինչ չգիտեր: Նաև բացառիկ ընկեր էր, շատ նվիրված ու հավատարիմ: Ընկերները կարող էին գիշերվա ժամը 3-ին զանգահարել ու ասել, որ իր օգնության կարիքն ունեն,  ու դա բնական էր ընդունվում: Մոսկվայից նույնիսկ  թռչում էր Երևան, եթե դա ընկերներին էր պետք:

Տարվա մի  կեսն  ապրում եք Մոսկվայում, մյուսը` Հայաստանում: Դժվար  չէ՞:

– Սովորաբար աշնանը գնում եմ տղաների մոտ, բայց երկար մնալ չեմ կարողանում, մայիսին   հետ  եմ գալիս: Սիրտս քաշում  է, ես Հայաստանն եմ  սիրում, 50 տարուց ավելի ապրեցի Մոսկվայում, բայց  Ռուսաստանն այդպես էլ չսիրեցի: Ես երևի մեգապոլիսի մարդ  չեմ, իսկ Մոսկվայում ապրելը հիմա  ընդհանրապես  չափազանց դժվար Է: Եթե որևէ մեկին հյուր ես գնում, պետք  երեք-չորս ժամ ճանապարհ գնաս, դա ինձ համար անտանելի է, ես պարզապես այդպես չեմ կարողանում: Իսկ Երևանում ապրում եմ  կենտրոնում, բացարձակ չեմ օգտվում տրանսպորտից, ինձ անհրաժեշտ ամեն բան կա  իմ մերձակա շրջապատում: Դե  ամբողջ  ամռանն էլ ապրում եմ ամառանոցում` էս խաղաղության մեջ, մեր գյուղացիների հոգսերով, հարևաններս  էլ  հրաշալի մարդիկ են:

Այսօր  ամենաքննարկվող խնդիրներից մեկը հայկական սերիալներն են: Ինձ շատ է հետաքրքում Ձեր կարծիքը:

– Սերիալները հաճախ ոչ թե նայում եմ, այլ` լսում: Եթե  ուրիշ  բան չասեմ, միայն  տեքստը, խոսքի մշակույթը բավական է, որ հիասթափվեմ: Ես հասկանում եմ և համաձայն եմ, թող  պարզեցնեն խոսքը, բայց այդ աստիճանի գռեհկացնե՞լ: Հետո դերասանները, բոլոր աղջիկներն իրար շատ նման են, որևէ  տարբերություն չկա: Նայում ես` բոլորը նույն դեմքով, նույն ոճով, իրարից բացարձակ չեն տարբերվում. սիրունիկ դեմքեր ունեն, բայց  նույնատիպ են ու ստանդարտ: Հետո ես էն տպավորությունն ունեմ, որ  ով  ուզենա, կարող է սերիալ նկարել, բայց չէ՞ որ ամեն մարդ, ի վերջո,  պետք  է իր գործով զբաղվի:

Հարցազրույցը` Նունե  ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ