Laert2«Նորօրյա կինոգործիչներն այսօր շատ հպարտ են քայլում, ասում են`  երեք մրցանակ  այստեղ եմ շահել, չորս մրցանակ` այնտեղ: Հիմա ֆիլմերը նկարում են մրցանակների համար, ժողովուրդը կնայի դրանք, կհավանի, թե ոչ, կարևոր չէ: Իմ հարգելիʹ գործընկերներ, ֆիլմի գնահատականը  փառատոները չեն տալիս, այլ ժողովուրդը: Իսկական արվեստը պետք է ապրի իր ազգի ճակատագրով, զգա նրա   զարկերակը, հակառակ դեպքում դատապարտված է կործանման»:

82-ամյա կինօպերատոր Լաերտ Պողոսյանը հայկական հեռուստատեսության հիմնադիրներից է: Ավարտել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը, բայց մասնագիտությամբ աշխատել է ընդամենը մեկ տարի: Ծնողներն արվեստագետ էին, եղբայրը հայտնի ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն է: Ի վերուստ տրված ներքին մղումը նրան ևս առաջնորդեց դեպի  արվեստի աշխարհ: 1958 թ. Լաերտ Պողոսյանն  աշխատանքի է անցնում Հայաստանի նորաբաց հեռուստատեսության ստուդիայում որպես կինոօպերատոր: Նկարահանել է 100-ից ավելի վավերագրական ու գեղարվեստական ֆիլմեր: Երկար տարիներ բնակվում է Միացյալ Նահանգներում. «Հայաստանից մեկնել եմ ոչ այն պատճառով, որ այստեղ, ինչպես շատերն են ասում, ապրելու տեղ չէ, պարզապես պետք էր աղջկաս կողքին լինել, օգնել նրան: Հարազատներիս մեծ մասն այստեղ են ապրում: Ամեն տարի գալիս եմ Հայաստան, հանգստանում Սոլակի մեր հարազատ տանը»,- ասում է վաստակաշատ արվեստագետը, որ օրերս հանրության դատին հանձնեց «Իմ կյանքի էջերից» գիրքը` իր ապրած տարիների հուշապատումը

Լաերտ Պողոսյանի հետ հարցազրույցը տեղի ունեցավ Հայաստանի հանրային ռադիոյի շենքում`  4-րդ հարկում, որտեղ այժմ «Ռադիոլուր» լրատվականն է:

 

Laert10

-Մի քանի տասնամյակ է բաժանում այն օրից, երբ  վերջին անգամ բարձրացել եմ այս աստիճաններով: Ուրախ ու տխուր զգացողություններ ունեցա: Աչքիս առաջ եկան մարդիկ, որոնք դրեցին հայկական հեռուստատեսության հիմքը,  նրանց մեծ մասն այժմ կենդանի չէ: Հեռուստատեսության ստուդիան հիմնադրվեց 1956 թվականին, բայց բուն աշխատանքները սկսվել են 57-58 թվականներից: 15 տարի աշխատեցինք այս շենքում, հետո տեղափոխվեցինք Նորք: 1962 թվականին Հայաստանի պարի պետական անսամբլի հյուրախաղերն էին Չեխոսլովակիայում: Այնտեղ ես նկարահանեցի «Չեխոսլովակիան ծափահարում է» ֆիլմը, որն ինձ, ինչպես ասում են, մեկ օրում հայտնի դարձրեց:

Դուք նկարել եք Արտավազդ Փելեշյանի գրեթե բոլոր ֆիլմերը: Ինչպե՞ս է սկսվել այդ համագործակցությունը:

– Մոսկվայի կինեմատոգրաֆիայի  ինստիտուտն ավարտած և իր դիպլոմային աշխատանքներով  արդեն հայտնի Արտավազդը հրավեր է ստանում հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայից` իր իսկ սցենարով նկարահանելու «Մենք» ֆիլմը: Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն իբրև օպերատոր երաշխավորում ու առաջարկում է իմ թեկնածությունը: Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ մեր տանը: 45 տարի է անցել, բայց պարզ հիշում եմ մեր զրույցը: Արթուրը (Արտավազդին բոլորը Արթուր էին ասում) պատմում էր, թե ինչպիսին է ինքը տեսնում ապագա ֆիլմը, պատմում էր թումանյանական պարզ լեզվով, Լոռվա բարբառով: Դա մի նոր ձեռագիր էր, գույների մի նոր ներկապնակ: Այդպես սկսվեց մեր համագործակցությունը, որը  շատ կարճ ժամանակում վերածվեց ընկերության:

Որքան հետաքրքիր, այնքան էլ  դժվար մարդ ու ստեղծագործող է Արտավազդ Փելեշյանը, ինչ-որ չափով` տարօրինակ: Նրա նկարահանած  բոլոր ֆիլմերն էլ  համաշխարհային կինոյի, չեմ վախենում ասել, գոհարներ են: Չեմ վախենում, քանի որ նրա մասին այդ կարծիքն են հայտնել Գերասիմովն ու  Բոնդարչուկը, Կուլիջանովն ու իր առաջին ուսուցիչ Կրիստին, համաշխարհային կինոյի շատ ու շատ դեմքեր: Սերգեյ Փարաջանովը նրան  բնութագրեց որպես «բացառիկ կինոհանճար»: Փելեշյանի հետ հետագայում նկարահանեցի «Մեր դարը», «Տարվա եղանակները», «Բնակիչները» ֆիլմերը:

Ավելի քան մեկ տարի «Մենք» ֆիլմի ցուցադրությունն արգելված էր: Վերադաս պատասխանատուներից մեկը  ֆիլմը դիտելուց հետո առանձնազրույց ունեցավ Փելեշյանի հետ, որին ներկա էի և ես: «Արթուր, ֆիլմը հիմնականում ինձ դուր եկավ, բայց մի հարց ունեմ,  ինչի՞ մասին է այն»: Արթուրն իրեն հատուկ պարզությամբ պատասխանեց. «Ես չգիտեմ` ինչի մասին է, ամեն մարդ դիտելուց հետո ինչ հասկանաª ֆիլմը հենց դրա մասին է, իսկ  թե չի հասկանա, ուրեմն ոչ մի բանի մասին էլ չէ»: Երկխոսությունը դրանով էլ ավարտվեց:

Հուրախություն ինձ ու, ինչու միայն ինձ,  մեր ողջ ժողովրդի,  Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակներ» ֆիլմը  վերջերս  Բրյուսելում համարվել է բոլոր ժամանակների  և բոլոր ժողովուրդների տասը լավագույն վավերագրական ֆիլմերից  մեկը: Փելեշյանն ինչպես կինոյում է յուրօրինակ, այնպես էլ կյանքում: Հետաքրքիր հումոր ունի: «Տարվա եղանակներ» ֆիլմի նկարահանումներն ավարտվել էին, բայց մոնտաժային աշխատանքները ձգձգվում էին: «Ապեր (ինձ այդպես էր դիմում), միասին իջնենք նախագահի մոտ, կարևոր խնդրանք ունեմ»: Այդ տարիներին  Ռադիոյի և հեռուստատեսության  կոմիտեի նախագահը  Ստեփան Պողոսյանն էր, որի հետ  միասին ուսանել էինք պետական համալսարանում, և մեր մեջ պահպանվել էր  ուսանողական տարիների մտերմությունը: Նախագահը մեզ ընդունեց, առաջարկեց նստել:

«Ի՞նչ կա Արթուր, ո՞նց են գործերդ»: Արթուրը պատասխանի փոխարեն նրան տվեց նախօրոք գրած դիմումը: Ես տեսնում էի, թե  յուրաքանչյուր տողը կարդալիս ինչպես է այլայլվում Ստեփան Կարպիչի դեմքը: Կարդալուց հետո,  հազիվ զսպելով զայրույթը, դիմեց ինձ. «Դու կարդացե՞լ ես այս դիմումը»: Ասացի, որ ծանոթ չեմ դիմումի բովանդակությանը: «Դե ուրեմն վերցրու և բարձրաձայն կարդա»: Կարդացի. «Նկատի ունենալով այն հանգամանքը, որ  ես երկար ժամանակ է չեմ կարողանում  ավարտել ֆիլմի մոնտաժային աշխատանքները, քանի որ իմ ֆիլմի վրա աչք կա, ուստի խնդրում եմ տալ ինձ գրավոր խիստ նկատողություն և այն կախել պատից, որպեսզի աչքը վերանա»: Նախագահը չդիմացավ, ձեռքը խփեց  սեղանին ու բղավեց.  «Լսիր,  կարո՞ղ է քեզ թվում է` ես  Մեյմանդարի մոլլան եմ»:

Մի փոքր հանգստանալուց հետո  Ստեփան Կարպիչը, որ շատ էր գնահատում Փելեշյանի տաղանդը, գուցե նաև հավանել էր նրա հումորը, հարցրեց, թե  դա ո՞ւմ աչքն է: Արթուրը պատասխանեց` կա մի կոդլա: «Կոդլան ի՞նչ ա, արա»: Պատասխանեց. «Դե ոնց բացատրեմ, Ստեփան Կարպիչ, կոդլա, որ մի քանի  հոգի միանում են` մի վատ բան անելու համար»:

Հիշում եմ նաև մի կարճ երկխոսություն, որ տեղի ունեցավ  նրանց միջև ստուդիայի միջանցքում:

«Ի՞նչ կա Արթուր, ո՞նց են գործերդ» հարցին Արթուրը հարցով էլ պատասխանեց. «Ստեփան Կարպիչ, Հայկուշն ո՞վ է, որ նա էլ է ստանում 180 ռուբլի, ես էլ»: Իրոք, հաշվապահությունում աշխատում էր  Հայկուշ անունով մի թեթևսոլիկ աղջիկ, որին նախագահը չէր ճանաչում: «Հայկուշն ո՞վ ա, արա»,- հարցրեց Ստեփան Կարպիչը: Արթուրն էլ իրեն չկորցրեց. «Вот именно, Հայկուշն ո՞վ ա»:

Laert7Լաերտ Պողոսյանը պատմում է նաև «Ձորի Միրոն» ֆիլմի նկարահանումների մասին:

– Ես ոչ թե նկարում էի, այլ վերապրում մեր ժողովրդի ցավն  ու տառապանքը: Ես փորձում էի   օգտագործել օպերատորական վարպետության բոլոր հնարքները` ճիշտ վերարտադրելու այն  մտահղացումները, որ ունեին սցենարի հեղինակ, լուսահոգի Մուշեղ Գալշոյանն ու ռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը: Սոս Սարգսյանի փայլուն աշխատանքի շնորհիվ Միրոյի կերպարը` իբրև մեր ազգի հավաքական նկարագիր, չկոտրվելու, ջարդվելուց հետո  նորից ուժ գտնելու և ոտքի կանգնելու  խորհուրդը դարձավ: «Ձորի Միրոն» ֆիլմում կար մի դրվագ, որ ինչ-ինչ պատճառներով տեղ չգտավ ֆիլմում: Իր կիսամութ ու անշուք հյուղակում, ճրագի լույսի տակ նստած է Միրոն: Պատի ժամացույցի միալար զարկերը, որոնք գնալով ուժեղանում են,  համբերությունից հանում են նրան: Ձեռքի տակ ընկած  իրը  շպրտում է պատին ու բղավում. «Կյանքիս ժամերն ա կհաշվիս, ես քո տիրու պապ…»:

Հուզիչ են Լաերտ Պողոսյանի հիշողությունները նաև Սպիտակի մասին  պատմող ֆիլմի վերաբերյալ:

– 88-ի ամռանն իմ լավ բարեկամ, կինոգետ և լրագրող Ռոբերտ Մաթոսյանի  առաջարկով  միասին նկարահանեցինք   վավերագրական ֆիլմ` նվիրված Սպիտակ քաղաքին: Վերջին նկարահանումները կատարեցինք երկրաշարժից ընդամենը չորս օր առաջ ու եկանք Երևան: Աղետի հաջորդ օրը մենք կրկին Սպիտակում էինք: Մի քանի օր առաջ մեր նկարահանած շենքերը, դպրոցներն ու այգիներն ավերակ էին: Ֆիլմում մի տեսարան կա. կինը երկու և երեք տարեկան երեխաներին տանում է մանկապարտեզ: Չգիտեմ` ինչու այդպես արեցի, բայց խնդրեցի, որ երեխաները մանկապարտեզ մտնելիս մորը ձեռքով հրաժեշտ տան, մայրն էլ նրանց ձեռքով անի: Այդ տեսարանը նկարեցի: Երկու փոքրիկներն էլ մնացել էին փլատակների տակ: Արցունքներն աչքերիս նկարահանում էի մանկապարտեզը, քարուքանդ եղած կարուսելն ու լողավազանը, և ականջիս դեռ թարմ էր մանուկների  ծիծաղն ու քրքիջը: Իսկ հիմա` նրանց գերեզմանները, հարազատների լացն ու ողբը: Անտանելի մի տեսարան, և այդ ամենի կողքին` ողջ աշխարհի օգնությունը: Ֆիլմը կոչվեց «Սպիտակ, դու գութն ու ցավն ես աշխարհի»: Այն ավարտվում է «Զարթնիր լաո»  հանրահայտ երգով, իսկ էկրանին ծաղկի բողբոջը  հողը քանդելով դանդաղ վեր է բարձրանում…

Laert6Խորհրդային տարիներին հայ կինոն բացառիկ հաջողությունների հասավ, իսկ ինչպիսի՞ն է անկախության տարիներին ստեղծված մեր կինոն, որքանո՞վ հաջողվեց  պահպանել հայ կինոյի լավագույն ավանդույթները:

– Այդ հարցում ես, թերևս, վատատես եմ: Շատ բաներ այս տարիների ընթացքում փոշիացան: Դարեր շարունակ հայության համար անկախությունն  իղձ ու նպատակ է եղել, անհնար է գտնել մի հայի, որը չէր ցանկանա տեսնել իր երկիրն անկախ ու ազատ, բայց այսօր ունենք այն, ինչ ունենք: Նորօրյա կինոգործիչներն այսօր շատ հպարտ են քայլում, ասում են`  երեք մրցանակ  այստեղ եմ շահել, չորս մրցանակª այնտեղ: Հիմա ֆիլմերը նկարում են մրցանակների համար, ժողովուրդը կնայի դրանք, կհավանի, թե ոչ, կարևոր չէ: Իմ հարգելիʹ գործընկերներ, ֆիլմի գնահատականը  փառատոները չեն տալիս, այլ ժողովուրդը: Իսկական արվեստը պետք է ապրի իր ազգի ճակատագրով, զգա նրա զարկերակը, հակառակ դեպքում դատապարտված է կործանման:

Ցավոտ մի խնդիր էլ կա. նշանավոր հոբելյաններ են գալիս ու անցնում` Առնո Բաբաջանյան, Հովհաննես Թումանյան… Նրանց մասին հրաշալի ֆիլմեր կան նկարված, ոչ ոքի մտքով չի անցնում ցուցադրել դրանք: Դժվարանում եմ ասել` պատասխանատուներն ընդհանրապես  տեղյա՞կ են այդ ֆիլմերից, թե ոչ: Ռեժիսոր Կիմ Արզումանյանի նախաձեռնությամբ տարիներ առաջ մի ֆիլմ նկարեցինք` մայր թատրոնի լավագույն ներկայացումներից հատվածներ հանրաճանաչ դերասանների մասնակցությամբ: Եթե Ավետ Ավետիսյանի, Հրաչյա Ներսիսյանի  բեմական կերպարներից այսօր ինչ-որ պատառիկներ պահպանվել են, ապա միայն ու միայն այդ ֆիլմի շնորհիվ: Բայց այդ ֆիլմի ճակատագիրն էլ ինձ այսօր անհայտ է:

Հրաչյա Ներսիսյանին նվիրված երկու ֆիլմ եմ նկարել, մեկը Հովիկ Հախվերդյանի, մյուսը` Մարատ Վարժապետյաինի հետ: Մահվանից մի քանի ամիս առաջ  Վարպետին լուսանկարեցի իր տանը: Այդ  լուսանկարները մինչ օրս  տպագրվում են տարբեր ամսագրերում և թերթերում. ծխախոտը ձեռքին, թախծոտ աչքերով:  Հավատացեք, նման  ծով և խոր աչքեր, կնճռոտ, բայց գեղեցիկ դեմք ես այլևս չեմ տեսել…

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ