Tigran Khzmalyane Qnnarkman jamanakՀայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ և Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների քաղաքական արդի զարգացումների համատեքստում

Սեպտեմբերի 25-ին Գերմանիայի Բոխում քաղաքում ցուցադրվեց Սարդարապատ շարժման  և Նախախորհրդարանի հիմնադիր անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Արմին Թ. Վեգներ: Ցեղասպանության լուսանկարիչը» փաստագրական ֆիլմը:

Ֆիլմի ներկայացման ու Արմին Թ. Վեգները, Կայսերական Գերմանիան և Հայոց ցեղասպանությունը թեման գերմանացի և այլազգի մտավորականների հետ Բոխում համալսարանական քաղաքում քննարկելու համար անվանի ռեժիսորին Բոխում էին հրավիրել «Քվերենբուրգ գրադարանի ընկերներ» (Համալսարանական կենտրոնի գրադարան) կազմակերպությունը, «Արմին Թ. Վեգներ ընկերությունը» և Գերմանիայի «Հայ ակադեմիականների միություն-1860» գիտամշակութային միությունը:

Ֆիլմի ցուցադրման համար իր դահլիճը սիրով տրամադրել էր Բոխումի պատմության կենտրոնական արխիվը: Խզմալյանի այս ֆիլմն արդեն թարգմանվել է բազում լեզուներով: Այն 2012 թ. Եվրոպայի Հայկական Համագումարի կողմից (պատասխանատու` Ժիրայր Քաջավյան)  թարգմանվեց նաև գերմաներեն և ցուցադրվեց Քյոլնում և Մայնի Ֆրանկֆուրտում: Այնպես որ ֆիլմն արդեն մեծ արձագանք էր գտել Գերմանիայում, որի վառ ապացույցն էր Բոխումի լեցուն դահլիճը:

Բոխում կատարած հայ մտավորականի այցին և քաղաքային արխիվի փաստագրական ֆիլմերի դահլիճում ֆիլմի ցուցադրմանն ու քննարկմանը լայնորեն արձագանքեցին քաղաքային ու մարզային թերթերը (Westdeutsche Allgemeine Zeitung, WAZ 19.09.2013, 25.09.2013; Ruhr Nachrichten 24.09.2013 և այլն), ինչպես նաև Բոխումի ռադիոն (Radio Bochum -98.5, 25.09.2013) և համացանցային բազմաթիվ լրատվամիջոցներ:

Filmi qnnarkman jamanak2

Ցուցադրմանն ու դրան հաջորդող քննարկմանը ներկա էին Բոխումի և Հյուսիս-Հռենոսյան Վեստֆալիայի զանազան քաղաքներից ժամանած հայ, գերմանացի, լեհ, ռուս, պարսիկ, ասորի, պաղեստինցի արաբ, քուրդ, լազ, դերսիմցի և հրեա մտավորականներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից և Բելգիայից:

Երեկոյի բացումը կատարեց «Արմին Թ. Վեգներ» ընկերության նախագահ Ուլրիխ Քլանը:

Ֆիլմն ավելին քան հուզիչ է: Այն պատմում է գերմանացի զինվորական բուժաշխատող, լիրիկ, գրող-հրապարակախոս և լուսանկարիչ Արմին Թ. Վեգների մասին: Հայոց Ցեղասպանության ականատեսն ու հայ ժողովրդի իրավունքների պաշտպանը, չնայած Օսմանյան կայսրության արգելքներին, վտանգելով իր կյանքը, լուսանկարում է հայ ժողովրդի դաժան ոչնչացման տեսարանները և ինչպես ինքն է գրում, «ուզում է իր լուսանկարներով գոնե ինչ որ չափով օգտակար լինել հայ ազգին»:

Ֆիլմը պատմում է, թե ինչն էր առաջին համաշխարհային պատերազմի իրական պատճառը: XX դարի սկիզբը բնորոշվում է գիտության թռիչքներով և տեխնիկական նոր նվաճումներով: Այս ամենը պահանջում էր նոր վառելիքի աղբյուրներ: Օսմանյան նավթը Գերմանիա ներմուծելու համար Գերմանիային հարկավոր էր Բեռլին-Բաղդադ երկաթուղին, որն էլ կառուցելու համար հարկավոր էին հարյուրհազարավոր բանվորներ: Գերադասելի էին հայերը: Հայերը Օսմանյան կայսրության ամենաաշխատունակ և գյուղատնտեսապես զարգացած ազգն էին: Գերմանիան ծրագրում է ճամբարների կառուցում բանվորների և նրանց ընտանիքների համար: Օսմանյան կայսրությունն ընդունում է Գերմանիայի այս առաջարկը. իհարկե, այլ նպատակներով: Մեծ Բրիտանիան. մտահոգվելով գերմանա-թուրքական համատեղ գործունեությունից. դադարեցնում է թուրքերի նկատմամբ իր ջերմ քաղաքականությունն ու սկսում է աջակցել Սերբիայի, Հունաստանի և Բուլղարիայի ազատագրմանը: Օսմանյան կայսրությունն իր ողջ չարությունը թափում է երկրի քրիստոնեական փոքրամասնությունների, առաջին հերթին` հայերի վրա: Թուրքերն օգտագործում են առաջին համաշխարհային պատերազմը, ինչպես նաև Գերմանիայի կողմից մշակված հայերի տեղահանման պլանները, բայց ոչ թէ Գերմանիայի մեծ երազանքը կատարելու, այլ հայերի զանգվածային կոտորածը կազմակերպելու համար: Հայերի տեղահանումները վերածվում են դաժան ցեղասպանության: Ցեղասպանություն, որը մինչ այսօր Թուրքիայի, ԱՄՆ-ի և այլոց կողմից դեռ չի ճանաչվել:

Ֆիլմը ցուցադրում է Արմին Թ. Վեգների լուսանկարները, որոնք այս ցեղասպանության անհերքելի փաստարկներն են: Ֆիլմում ընթերցվում են նաև գերմանացի գործչի հայտնի բաց նամակն ամերիկյան նախագահին, թեմային առնչվող նրա գրական աշխատանքները… Ռեժիսորի գնահատմամբ` Արմին Թ. Վեգների գործունեությունն անգնահատելի է հայ ժողովրդի համար:

Filmi qnnarkman jamanak-4+

«Արմին Թ. Վեգները փրկեց Գերմանիայի և ողջ աշխարհի պատիվը: Ես ստեղծել եմ այս ֆիլմը ոչ թե հայերի, այլ Գերմանիայի և ողջ աշխարհի համար: Արմին Թ. Վեգները, Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը փրկեցին իրենց սերունդը»,- ասում է Տիգրան Խզմալյանը ֆիլմի ցուցադրումից հետո: Ֆիլմում հնչում է Արամ Խաչատրյանի հանրահայտ երաժշտությունը: Այս առումով ռեժիսորն ասում է- «Արամ Խաչատրյանի երաժշտությունը պատասխանն է հայերի, որ հայերը վերապրեցին:»

Ֆիլմից հետո հյուրերը վայելեցին Կոմիտասի «Կռունկը» Հայաստանի Հանրապետությունից ժամանած ջութակահարուհի և երգչուհի Անի Պիվազյանի  փայլուն կատարմամբ:

«Սա այն տխուր մեղեդին էր, որը հայոց ցեղասպանության զոհերն ու վերապրողները հաճախ երգում էին»,- դահլիճին մեկնաբանում է Խզմալյանը:

Ֆիլմը իրոք ցնցեց հյուրերին: Շատերը չէին կարողանում զսպել արցունքները: Ազդվելով ֆիլմում ներկայացվող սահմռկեցուցիչ տեսարաններից` գերմանահայ ներկաներից ոչ ոք ֆիլմից հետո չկարողացավ ստանձնել թարգմանչի գործը: Հյուրերը ստիպված էին ռեժիսորի հետ քննարկումները վարել անգլերենով :

«Ես չեմ ընդունում գերմանական մեղք հասկացությունը,-ասում է ռեժիտորը, սա մեծ հոգեբանական խնդիր է: Սա բարոյական խնդիր է: Դա շատ ցավագին է ընդունվում գերմանացիների կողմից, որովհետև նրանք գիտակցում են իրենց դերը: Ես նախընտրում եմ խոսել ոչ թե գերմանական մեղքի մասին, այլ այն մարդկանց, որոնք փրկեցին Գերմանիայի պատիվը»:

Տիգրան Խզմալյանը խոսեց նաև Ադրբեջանի կողմից իրականացված բարբարոսության մասին: «Գենոցիդը կրկնվեց այն պարզ պատճառով, որ մենք հայ ենք: Մինչ այդ ես չէի հասկանում, թէ ինչ է հայ լինելը: Հասկացա, որ ես էլ կարող էի սպանվել»:

Այն հարցին, թե կգա արդյոք այդ օրը, երբ աշխարհի հեռուստատեսությունը կցուցադրի Վեգների մասին ֆիլմը, ռեժիսորը պատասխանեց` «Այդ օրը եկել է: Կառավարությունը կորցրել է մենաշնորհը տեղեկատվության վրա: Մենք անցնում ենք հեռուստատեսային դարից համացանցային դար: Նայում են այն, ինչ ուզում են և այնտեղ, որտեղ ուզում են: Ֆիլմն ապրում է իր սեփական կյանքով»:

Տխուր երեկոն ավարտվեց լավատեսական նոտայով. Անի Պիվազյանը գերմաներենով կատարեց Շտրաուսի «Mein Herr Marquis»-ը: Այս շնորհակալական կատարումը նվիրվեց Վեգների հիշատակին:

Սեպտեմբերի 27-ին Տ. Խզմալյանի երկու այլ ֆիլմեր`«Արարատ-73»  և «Շախմատը կամ արքայի մահը», ցուցադրվեցին Համբուրուրգում, որոնց ցուցադրումը համատեղ կազմակերպել էին «Կիլիկիա» հայ երիտասարդական միությունն ու Համբուրգի հայ համայնքը: Ֆիլմերի դիտումից հետո հանդիսատեսը սկայպի կապով մտերմիկ զրույց ունեցավ այս օրերին Փարիզում գտնվող կինոռեժիսորի հետ:

Այժմ Տիգրան Խզմալյանը պատրաստում է իր հաջորդ` «Թագուհիներ հայոց» ֆիլմը, որը կներկայացնի հայ կանանց կերպարները պատմության մեջ: Այս առիթով նա պատմաբան Ազատ Օրդուխանյանի ուղեկցությամբ այցելեց Քյոլնի Սուրբ Պանթալիոն եկեղեցում ննջող, ազգությամբ հայ, X դարի Գերմանայի թագուհի Թեոֆանուի գերեզմանը, որն իր իմաստուն քաղաքականությամբ մեծ դեր է խաղացել Գերմանիայի և առհասարակ Եվրոպայի պատմության մեջ:

Այն հարցին, թե որն է իր նկարահանած ֆիլմերից իր համար ամենահարազատը, նա պատասխանեց. «Այն, ինչ հիմա եմ անում: Կանայք ցանկացած ազգի մեջ վերնախավ են: Բայց, քանի որ մենք յուրահատուկ ազգ ենք, մեր կանայք եզակի երևույթ են»:

Ֆիլմը պատրաստ կլինի արդեն 2013-ի վերջին: Հավանական է Տիգրան Խզմալյանի այցը Գերմանիա 2014 թվականին, այս անգամ, բնականաբար, հայ կնոջը մեծարող իր նոր ֆիլմով:

Զինա Գյուրջյան-Վայլլանտ

Բոխում, Գերմանիա


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...