annnn1Աննա Աշդյան-Կոնդոն (Կոնդոն ամուսնու` նշանավոր նկարիչ Ժորժ Կոնդոյի  ազգանունն է) մեկուկես տարեկանում ընտանիքի հետ Երևանից   տեղափոխվել է  Փարիզ: Դպրոցից հետո ստացել է դերասանական կրթություն և ուսմանը զուգահեռ նկարահանվել   ֆիլմերում:  Հետագայում  անցել է ռեժիսորական աշխատանքի:  Հեղինակ է չորս կարճամետրաժ և մեկ լիամետրաժ խաղարկային ֆիլմերի: Արդեն 25 տարի է` բնակվում է Նյու Յորքում:  Այժմ  Հայաստանում է  իր նոր ֆիլմի կազմակերպչական ու նախապատրաստական աշխատանքների հարցերով,  որի նկարահանումները կսկսվեն հոկտեմբերին:

Աննան սերում է Մանսուրյանների գերդաստանից, և ինչպես ռեժիսորի ֆիլմերի երևանյան ցուցադրության ժամանակ նշեց նրա  քեռին` կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը,  Աննան Մանսուրյանների ընտանիքի երկրորդ սերնդի ամենապայծառ  ու գունեղ ներկայացուցիչն է: «Նա ինքնատիպ է, անկեղծ  ու հետաքրքիր, ավելի քան համոզված եմ, որ նրա ֆիլմերը կունենան մեծ  ճանաչում»:  Օգտվելով ընձեռված հնարավորությունից`  «Կինոաշխարհը» զրուցեց շնորհալի ռեժիսորի հետ Հայաստանում նկարահանվելիք ֆիլմի ու ծննդավայրի նկատմամբ ունեցած զգացողությունների շուրջ:

Նկարահանման հինգ օր, միաժամանակ աշխատող չորս  տեսախցիկ, երկու գլխավոր դերակատարներ, այլ դերասաններ, մեկ անգամ նկարահանում` առանց փորձերի: Ահա այսպիսի մեթոդով է նկարվելու Հայաստանի մասին ֆիլմը: «Ինչը  կստացվի` կստացվի,  ինչը  չի ստացվի,  դուրս կմնա մոնտաժից հետո»,- զրույցի ժամանակ ասաց Աննան:

Ֆիլմը լինելու է 85-րոպեանոց,  վավերագրականի ոգով: Նկարահանումները  տեղի են ունենալու  Երևանում ու  հարակից շրջաններում: Երկու գլխավոր դերասան են լինելու (ֆրանսիացի), շատ տեսարաններ: «Ուզում եմ ամբողջացնել իմ շատ սիրած երեք քաղաքների` Նյու Յորքի, Երևանի և Փարիզի մասին ֆիլմերը մեկ եռապատումում: Այս պահին գրեթե պատրաստ է նյույորքյան ֆիլմը և դեկտեմբերին կբարձրանա մեծ էկրան, հաջորդը Երևանի և նրա հարակից մի քանի բնակավայրերի մասին է լինելու, որի  աշխատանքները կսկսենք  շուտով: Եվ երրորդ ֆիլմը լինելու է Փարիզի մասին»,- պատմում է ռեժիսորը: Երեք ֆիլմերը բովանդակությամբ իրար հետ որևէ կապ չունեն, ամեն ֆիլմ իր ճակատագիրն ունի,  բայց երեքն էլ նույն մեթոդով են նկարվում:

Աննան իր առաջին լիամետրաժ ֆիլմը նկարել է երկուսուկես օրում, 40 պերսոնաժներով,  14 դերակատարներով: Սա որոշակի ժամանակահատվածում իրականացվող նկարահանում է` առանց փորձերի և միայն մեկ դուբլով: Մնացածը կատարվում է մոնտաժային աշխատանքի ընթացքում: «Ես չգիտեմ` սա ժամանակակի՞ց  մեթոդ է, էքսպերիմենտա՞լ է, թե՞ ոչ: Բայց երբ իմ առաջին ֆիլմը նկարեցի ավանդական կինեմատոգրաֆի օրինակով, հասկացա, որ խեղդվում եմ անազատության մեջ, ուզում էի նոր բան անել, ուրիշ տեսակ: Այս մեթոդը մեծ ջանքերի, մեծ ներդրումների կարիք չունի, ավելին`  ազատության ու գործելու մեծ հնարավորություններ ունի: Ես հաճույք եմ ստանում պատահականություններից, սիրում եմ ազատությունը աշխատանքի ընթացքում: Այս ամենի մեջ ինձ առավելապես հետաքրքրում է ներկայացման արվեստը` բացարձակապես իմպրովիզացիայի վրա հիմնված, երբ օգտագործվում է այն ամենը, ինչ կա շրջապատում` մարդիկ, բնությունը, տեղանքը»:

Այս մեթոդը մինչև նկարհանումները սկսելը մեծ նախապատրաստական աշխատանք է պահանջում: Նկարահանման  վայրի, դերասանների ընտրությունը և մնացած բոլոր աշխատանքները  կատարվում են նախապես, թերևս դա էլ հանգիստ ու հարմարավետ միջավայր է ստեղծում  նկարահանող խմբի անդամների համար:

Փարիզում ապրելու տարիներին Աննան մեծ ընդմիջումներով եղել է Հայաստանում, բայց չի կարողացել ճիշտ ընկալել իրավիճակը: Վերջին անգամ` 2009 թ., երբ եկել է մասնակցելու «Ոսկե ծիրանին», հասկացել է, որ պիտի նման մի ֆիլմ էլ Հայաստանի մասին նկարի: «Ես զգացի, որ ուղղակի սիրահարվեցի Երևանին… Ամեն օր ավելի ու ավելի տափակացող աշխարհում Երևանը պահել է իր կլորությունը: Կա մի ոճ, մի այնպիսի բան, որն  առանձնահատուկ է, և դա ինձ չափազանց գերում է: Սա իրական մայրաքաղաք է: 25 տարի է` ապրում եմ Նյու Յորքում: Փարիզը, Նյու Յորքը և Երևանը իմ քաղաքներն են, հավասարապես սիրում եմ բոլորին»:

Ֆիլմում ամերիկացի զբոսաշրջիկների միջոցով նա փորձելու է բացահայտել Հայաստանը և տեղում արձանագրելու է այն ամենը, ինչ միայն Հայաստանում կարելի է գտնել ու տեսնել:

Ռեժիսորի հետ զրույցից հետո առիթ ընձեռվեց դիտելու նրա հեղինակած չորս կարճամետրաժները, որոնցից երկուսում նա նաև հանդես է գալիս գլխավոր դերում: Ուսանողական տարիներին Աննան նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: Սակայն, 2000-ից, ստանալով առաջարկ, սկսում է ինքնուրուն ֆիլմեր նկարել: Անմիջապես ձեռնամուխ է լինում այդ աշխատանքին և մի քանի տարվա ընթացքում նկարում   իր չորս կարճամետրաժները` «Ալքիմիա», «Անկեղծ», «Սխալ ճանապարհ» և «Հպարտ Իզան»: Այս դեկտեմբերին էկրան կբարձրանա նրա առաջին լիամետրաժ ֆիլմը`  «Շնորհավոր Սուրբ Ծնունդը» (ՙMerry Christmas՚): Այն պատմում է ինը մեծահարուստ ամերիկացիների մասին, որոնք Սուրբ Ծննդյան տոներին ընկել են մարդասպանության հանելուկային խաղի մեջ:

Իսկ Հայաստանի մասին նկարվելիք ֆիլմը հավանաբար պատրաստ կլինի 2015 թ.:

Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ