հյյյյֆիլմ2010-ից Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբեր ամիսը վերածվում է համահայաստանյան կինոտոնի: Եթե մինչև 2012 թ. «Կինոաշունը» սկիզբ էր առնում Երևանից, ապա այժմ այն եզրափակվում է Երևանում` պաշտոնական բացումն ազդարարելով Հայաստանի տարբեր մարզկենտրոններում: 2013 թ. Գյումրին ճանաչվեց ԱՊՀ տարածաշրջանի մշակութային մայրաքաղաք: «Կինոաշունն» էլ այս տարի սկիզբ կառնի Գյումրիից:

«Կինոաշուն»  համահայկական կինոտոնին ընդառաջ` Պողոսյան պարտեզներում (Սիրահարների այգի) յուրաքանչյուր ուրբաթ կցուցադրվի հայկական ֆիլմերի ընտրանի: Առաջին բացօթյա ցուցադրությունը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, ժամը` 20:30-ին: Բացօթյա ցուցադրությունների մեկնարկի համար ընտրել ենք «Սեր, քաղաք, կինո» խորագիրը և կցուցադրենք երեք կարճամետրաժ ֆիլմ, այդ թվում` Առնոլդ Աղաբաբովի «Գառնի», Դիանա Կարդումյանի` «Դիալոգներ»  (2013թ.) և Թամարա Ստեփանյանի` «Փետրվարի 19» (2011թ.):

Առնոլդ Աղաբաբովի «Գառնի» ֆիլմը նկարահանվել է 1966 թ. և ընդգրկված է եղել  «Մեր քաղաքի մարդիկ» կինոալմանախում: «Գառնին»  10 տարվա համատեղ կյանք ունեցող երիտասարդ զույգի հարաբերությունների հոգեվարքի և ապա զարթոնքի պատմությունն է: Գլխավոր դերերում հանդես են եկել Արմեն Ջիգարխանյանը և Էլվիրա Ուզունյանը:  Հայկական կինոյի պատմության մեջ կարևոր նշանակություն ունեն կարճամետրաժ ֆիլմերը, որոնք ավելի քիչ կորուստներով են հաղթահարել ժամանակի քննությունը: Շուրջ կես դարի պատմություն ունեցող ֆիլմը` ընդգծված էսթետիկայով,  ոճաբանությամբ, կին-տղամարդ հարաբերությունների պատկերման բացառիկ նրբանկատությամբ, այսօր էլ արդիական է և դիտարժան:

դիալԴիանա Կարդումյանի «Դիալոգներ» ֆիլմի  պատումի հիմքում կնոջ և ամուսնացած  տղամարդու սիրավեպի անհնարինությունն է: Զույգն ընդհատումներով հանդիպում է մոտ տասը տարի: Հանդիպման այդ գիշերը, որն էլ պատկերված է ֆիլմում, կնոջ նախաձեռնությունն է: Նրանք շրջում են և ամփոփում Երևանի այն բոլոր վայրերը, որոնց հետ կապված անձնական պատմություններ ունեն: Տասը տարիների ընթացքում կարիերային մեծ աճի և հասարակական կայուն դիրքի հասած տղամարդը, որին մարմնավորում է Արմեն Մարգարյանը,  հարաբերության մեջ չկայացած և անլուրջ է թվում կնոջը (Նարինե Գրիգորյանի դերակատարմամբ):  Անանուն կնոջ ծնողները վաղուց մեկնել են Հայաստանից, և թվում է` նրան այստեղ  պահողը միայն այդ հարաբերությունն է: «Դիալոգները» վերջին տասնամյակում նկարհանված ամենահաջող հայկական կարճամետրաժներից է:

նկարԹամարա Ստեփանյանի «Փետրվարի 19» կարճամետրաժ աշխատանքում ևս քննության նյութը կին-տղամարդ փոխհարաբերություններն են: Գլխավոր դերերում հանդես են գալիս Օֆելյա Զաքարյանն ու  Վախթանգ Հարությունյանը: Գործողությունները տեղի են ունենում երկու տարբեր մշակույթներ կրող և  հազարամյակների պատմթյուն ունեցող քաղաքները` Երևանը և Թիֆլիսն իրար կապող երկաթուղում: Երկու քաղաքների պես ինքնավստահ և հարուստ կենսափորձ ունեցող կինն ու տղամարդը մտովի անընդմեջ  ձգտում են իրար, բայց և խուսափում իրար հանդիպելուց: Գուցե հնարավոր բաժանումից խուսափելու համար:

Երեք կարճամետրաժ ֆիլմ, որոնցից յուրաքանչյուրը սիրո յուրահատուկ պատում է: ֆիլմերից յուրաքանչյուրում գործող կերպարի կարևորություն ունի տարածքը, որ մեր խորագրում պայմանականորեն քաղաք ենք անվանել: Բնավ էլ կարևոր չէ` գործողությունների ծավալման  վայրն իրոք քաղա՞ք է, գյո՞ւղ, թե՞ այլ պայմանական դասակարգում ունեցող տարածք: Կարևոր է, որ մարդկային հարաբերությունների զարգացումների  համար դրանք երբեմն առարկայական, մոգական նշանակություն են ունենում, ինչպես այս ֆիլմերում, որոնք պատրաստել ենք առաջին բացօթյա ցուցադրության համար:

Րաֆֆի ՄՈՎՍԻՍՅԱՆ