958948915Հայտնի են այն ռուսական ֆիլմերը, որոնք այս տարի պետական աջակցություն են ստանալու

Օգոստոսի 30-ին ՌԴ Կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատեց այն  նախագծերի ցուցակը, որոնց 2013 թ. աջակցություն է ցույց տրվելու: Այս մասին հաղորդվում է հիմնադրամի կայքում:

Ցուցակում ընդգրկված է 26 նախագիծ, ի թիվս որոնց` Ալեքսեյ Ուչիտելի «Մատիլդա» ֆիլմը լեգենդար թատերապարուհի Մատիլդա Կշեսինկայի մասին և Վլադիմիր Բորտկոյի «Լրտեսի հոգին» կինոնկարը:

Նախագծերն ընտրվել են այն ընկերությունների ցուցակներից, որոնք առաջատար են հայրենական կինոարտադրությունում: Այսպես, հիմնադրամը 100-տոկոսանոց փոխհատուցում և որոշ շահույթով փոխհատուցում է ակնկալում «Ավելի արագ, քան ճագարները», «Քառյակ Ի» նախագծերից, «Վիկինգ» ժապավենից, որը նկարահանում է Անդրեյ Կրավչուկը, ամանորյա «Տոնածառ 3» կատակերգությունից, «Դուրովի կոդը» ֆիլմից «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը ստեղծողի մասին, «Վարկանիշ» կատակերգությունից, որի պրոդյուսերը Ֆյոդոր Բոնդարչուկն է, և այն:

Ի՞նչ գրաքննություն, ամեն ինչ բաց է ու թափանցիկ

Ավելի վաղ` օգոստոսի 27-ին, «ՌԻԱ նովոստի» գործակալությունում կայացած մամլո ասուլիսի ընթացքում ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին հայտարարել է, թե պետական աջակցության նպատակով կինոնախագծեր ընտրելիս գրաքննության մասին խոսք լինել չի կարող, և բոլոր որոշումները պետք է ընդունվեն բաց ու թափանցիկ:

Գրաքննության մասին խոսակցություններ սկսվեցին այն բանից հետո, երբ մշակույթի նախարարությունը մերժեց Ալեքսանդր Մինդաձեի «Սիրելիս Հանս, թանկագին Պյոտր» նախագծի ֆինանսավորումը պատմական փաստերին չհամապատասխանելու պատճառով: Մինդաձեի սցենարը չդիմացավ ռազմա-պատմական և սոցիալ-հոգեբանական խորհուրդների փորձաքննությանը, որոնց կարծիքով` այդ ֆիլմում կարող է փոքր-ինչ այլ հայացք լինել, քան ակնկալում են Մեծ հայրենականի վետերանները:

«Խորհրդի խնդիրը խորհուրդ տալն է: Խորհուրդը որոշում չի կայացնում. Ոʹչ մեկը, ոʹչ երկրորդը, ոʹչ երրորդը: Որոշ ֆիլմեր քննարկում է երկու խորհուրդ, որոշ ֆիլմեր` մեկ: Նրանք տալիս են իրենց եզրակացությունը: Այդ եզրակացությունները ի գիտություն են առնվում պաշտոնյաների կողմից, որոնք անձնական պատասխանատվություն են կրում որոշում ընդունելու համար»,- ասել է նախարարը:

Միաժամանակ նա շեշտել է, որ «կինոն որևէ աղերս չունի հարյուրտոկոսանոց պատմական ճշմարտության հետ», այլ համարվում է «ստեղծագործական արտադրանք»: «Ի՞նչ գրաքննություն, ինչի՞ մասին է խոսքը: Գոյություն ունեն սկզբունքներ: Նախարարությունը, ես որպես նախարար դիրքորոշում և սկզբունքներ ունենք:  Փող պետք է տրվի ոչ թե նրանց, ովքեր խնդրում են, անկախ շքանշաններից, այլ պետք է պետական քաղաքականություն իրականացվի: Մենք աժեքներ ունենք. առաջին` որոշումը պետք է բաց ու թափանցիկ ընդունվի, երկրորդ`չպետք է ընդունվի ըստ սուբյեկտիվ ճաշակի»,- ընդգծել է Մեդինսկին:

Մինդաձեի ֆիլմի սցենարը հիմնված է իրական իրադարձությունների վրա: Դա պատմություն է գերմանացի ինժեներ Հանսի մասին, որը հայտնվում է Մոսկվայում 1940 թ. աշնանը: ԽՍՀՄ-ում նա ընկեր է գտնում` Պյոտրին, և սիրահարվում է մի աղջկա: Բայց հանգամանքները ստիպում են նրան կարճ ժամանակով վերադառնալ Գերմանիա: Ռուսաստանում նա կրկին հայտնվում է արդեն ռազմական առաքելության կազմում: Ֆիլմի գաղափարը հավանության է արժանացել պետության կողմից ավելի քան մի տարի առաջ, Ռուսաստանի կինոյի հիմնադրամի և գերմանական հիմնադրամների համագործակցության շրջանակներում: Սակայն երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ ռեժիսորը, ի պատասխան նախարարության դիտողությունների, որոշել է գործողությունների ժամանակը հետ տանել 1930-ական թվականներ:

Ըստ «ՌԻԱ նովոստիի»