Հայաստանը Լոկառնոյի միջազգային կինփառատոնում
Լոկառնոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում օգոստոսի 9-13-ը տեղի է ունեցել «Բաց դռներ» հատուկ ծրագիրը: «Բաց դռների» շրջանակներում, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ, Լոկառնոյի կինոփառատոնը ներկայացրեց նաև վերջին 20 տարվա ընթացքում նկարահանված հայկական ֆիլմերի ընտրանի, այդ թվում` Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը», Թամարա Ստեփանյանի «Անթեղ», Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ», Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության օրերից» ֆիլմերը:
«Բաց դռներ» ծրագիրն ամեն տարի կենտրոնանում է որևէ տարածաշրջանի վրա, և այս տարի ծրագիրը նվիրված էր Կովկասի տարածաշրջանի երեք երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին:
«Բաց դռներ» ծրագրին Հայաստանից ներկայացվել էր լիամետրաժ ֆիլմի 38 նախագիծ, որոնցից ընտրվել էին 5-ը` Օքսանա Միրզոյանի «Անդունդ», Նորա Մարտիրոսյանի «Տարածք», Լևոն Մինասյանի «Երկրորդ ճանապարհորդությունը», Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Դաշտ», Նիկա Շեկի և Սարիկ Հովսեփյանի «Երկար այգիներ» նախագծերը: Ընդհանուր առմամբ 3 երկներից ստացվել էր մոտ 116 հայտ, նախընտրական փուլը հաղթահարել էին 12-ը:
Օքսանա Միրզոյանի «Անդունդ» նախագիծը հինգ մրցանակակիրների թվում էր: