355295260Ես առայժմ հնարավորություն չունեմ հարցնելու Վենետիկի փառատոնի տնօրեն Ալբերտո Բա րբերային, թե հատկապես ինչ է նկատի ունեցել, երբ այսպես է դասավորել մրցութային ծրագիրը: Բայց միանգամայն ակներև է` պատահական չէ, որ առաջին չորս ֆիլմերը պատմություն են կանանց մասին` արտակարգ իրավիճակներում:

Ընդ որում, դրանցից երեքն ավարտվում են ջրի մեջ ընկղմվելով. կաʹմ սա պտղաջրերի, մինչծննդյան վիճակի մոտիվ է, ուր նահանջում եմ հերոսուհիները, կաʹմ ջուրը նոր կյանքի խորհրդանիշ է: Այսպես թե այնպես ծովում են հայտնվում ևʹ «Գրավիտացիայի» հերոսուհու դերակատար Սանդրա Բուլլոկը, ևʹ «Արահետների» Ռոբին Դևիդսոնը` Միա Վասիկովսկայի կատարմամբ: Իսկ այսօրվա լավագույն ֆիլմի (իմ կարծիքով) «Ոստիկանի կինը» գործող անձինք հայտնվում են հսկայական, հանկարծակի անբացատրելիորեն իր չափերը փոխած լոգարանում:

355293339Ալֆոնսո Կուարոնի «Գրավիտացիան» չափազանց ակնհայտ մետաֆոր է: Սա բնավ էլ տիեզերական թիլլեր չէ, ոչ էլ ֆանտաստիկա, ինչպես ընկալվում էր անոնսներից, սա առակ է: Առակ կանացիության, հավետ վերածնվող սկզբի, տառապանքների ու միայնության, փխրունության ու կյանքի ծարավի մասին… Ինքը` Կուարոնը ծովից իր հերոսուհու դուրս գալու տեսարանը համեմատում է էվլյուցիայի ընթացքի հետ, երբ երկկենցաղ զեռունը հասնում է ոտքի վրա կանգնելուն: Տիեզերանավի խլյակները թռչում են դեպի Երկիր ինչպես սպերմատազոիդներ: Բուլլոկը սաղմի դիրք է ընդունում, տիեզերանավի կապսուլան ձվի, արգանդի խորհրդանիշն է: Այս պատկերում` գեղեցիկ ու տեխնիկապես հոյակապ նկարված, ամեն ինչ պարզ է և անգամ չափազանց պարզ: Կնոջ դիմացկունությունն ու կենսունակությունը հաղթահարում է ամենաանմարդկային իրավիճակները նաև այն բանի շնորհիվ, որ նա հուզականությամբ ունակ է վերադառնալու ակունքներին, բնութենական էությանը, բնազդին:

Ըստ էության, հենց այդ մասին է պատմում Ջոն Կյոռանի «Արահետները», որ նկարահանվել է նշանավոր ճանապարհորդ Ռոբին Դևիդսոնի օրագրերի հիման վրա, որը ոտքով, չորս ուղտերի և շան ընկերակցությամբ անցել է 2700 կմ Ավստրալիայի վայրի անապատներով:  Եվ դա իրական պատմոեւթյուն է: Միա Վաիկովսկան, որ խաղացել է Թիմ Բերտոնի Ալիսային «Հրաշքների աշխարհից», իր արտաքինում անդրաշխարհային ինչ-որ բան ունի: Դրա շնորհիվ այդ միանգամայն ռեալիստական ճանապարհորդությունը` կատարված  ոչ այնքան ռոմանտիկ 1977-ին, վերածվում է ֆանտասմագորիկ թրիփի, երբ հերոսուհուն շարունակ վտանգներ, գայթակղություններ ու պատահականություններ են սպասում, իսկ տեսիլքը իրականությունից գործնականում հնարավոր չէ տարբերել:

Փխրուն աղջիկը, որում ռեժիսորը համառորեն առաջարկում է տեսնել փոքրիկ աղջնակի (ֆիլմում ներկան անընդմեջ խառնվում է անցյալի պատկերներին, որոնցում հերոսուհին, կորցնելով մորը, գնում է ճանապարհով` ճամպրուկով ու շան հետ), որը մտասևեռման հասնող համառությամբ ու ոչ այնքան   հասկանալի, ձգտում է դեպի անապատ: Ուղտերով, որոնց վարժեցնել է սովորում:

Ըստ իս, ֆիլմն այնքան էլ հաջողված չէ, շատ են միօրինակ պահերը, հասկանալի չէ հերոսուհու  մոտիվացիան, ուղտերը: Ուրեմն ինչո՞ւ են դրանց կանչել: Բայց իմաստն ընդհանուր առմամբ հասկանալի է. ճանապարհը դեպի քեզ անցնում է  զրկանքների ու մեկուսացման միջով: Մնալով մենակ գեղեցիկ, բայց անտարբեր բնության մեջ` հերոսուհին այնուամենայնիվ գոյատևում է, հաղթահարում բոլոր դժվարությունները և հայտնվում լիակատար մաքրության ու գեղեցկության մեջ` օվկիանոսի ափին, որը լվանում է բոլոր հետքերը, պարգևում ազատություն  և ուրախություն…

Ամեն ինչ այդքան էլ  բացահայտ չէ նշանավոր թատերական ռեժիսոր և դերասանուհի Էմմա Դանթեի դեբյուտային ֆիլմում: Նա էկրանավորել է իր 2009 թ. շատ հաջողված վեպը` «Via Castellana Bandiera»-ն, և ինքն էլ խաղում է երկու գլխավոր հերոսներից մեկին: Նրա ֆիլմում երկու կին են. մեկը արդեն երիտասարդությունն անցած ազատ մտավորական ֆեմինիստուհի է` հասած նյարդային ցնցման եզրին, երկրորդը կամակոր ալբանացի պառավ, որը կորցրել է դստերը: Նրանք չեն կարողանում  միաժամանակ մեքենայով անցնել նեղ փողոցով և ալբանացիներով շրջապատված` չցանկանալով ճանապարհը զիջել միմյանց, մի ամբողջ օր կանգնած են դեմ դիմաց, ասես մենամարտի արդյունքից է կախված իրենց կյանքը: Ըստ էության, այդ է որ կա, և միայն մահը կարող է հանդարտեցնել այդ շիկացած կրքերը:

Թեʹ առողջ բանականությունը, թեʹ մտերիմների համոզումները ազդեցություն չեն թողնում: Երկու կին, երկու ֆուրիա չեն նահանջում անողոք առճակատման մեջ: Երկուսն էլ հոգնած ու միայնակ են, նրանց համար համառության ուժը նվիրական իմաստ ունի, նրանք սովորել են դիմակայել, նրանց  կորովը միշտ էլ օգնել է գոյատևել: Բայց ոչ հիմա: Հիմա այն սպանում է: Ինչպես պարզվում է, ամենադաժան մարտը կնոջը բաժին է հասնում սովորական ընտանիքում, որտեղ ոʹչ տիեզերական ամայություն կա, ոʹչ ավազախառն փոթորիկներ, ոʹչ անգամ քո անիմաստ համառության խանդավառված վկաներ:

355295582Ֆիլիպ Գրյոնինգի  «Ոստիկանի կինն» այն մասին է, թե ինչպես է կինը ջանում գոյատևել ու դաստիարակել դստերը քնքշությամբ ու սիրով և ինչպես է պարտվում, քանի որ նրա ամուսինը` թույլ ու դաժան մարդ, իր զայրույթը և կյանքից գլուխ հանելու անկարողությունը բարդում է հենց իր վրա: Զբաղվելով իր անիմաստ աշխատանքով` այս մարդը վերադառնում է տուն, ուր իրեն տեր է զգում, ուր իրեն սպասում են սիրող կինն ու դուստրը: Ինչքան համբերատար ու հնազանդ է կինը, այնքան վատ իր համար, այնքան ավելի է չարանում նա: Ինչքան ավելի կոպիտ ու դաժան է նա իր բռնկումներում, այնքան  ավելի թույլ ու անպաշտպան է կինը: Կինը կռվում է միայն սիրով, ինչը արտահայտում է ինչպես կարողանում է, սովորեցնում է դստերը մեղմ ու զգայուն լինել, նրա համար հրաշքներ ու անակնկալներ է պատրաստում, բայց դուստրը միայն իրենը չէ, նա նաև հոր մասնիկն է: Նրա մեջ էլ բռնության ծարավ և հսկողության չենթարկվող ագրեսիա կա:

Ֆիլիպ Գրյոնինգի ֆիլմն անհավանական հմտությամբ է նկարված, այնքան տեսողական պատկերավորություն կա և միաժամանակ այնքան ճշգրտություն ու ճշմարտություն, որ թվում է` մնացած ամեն ինչ  պարզ թվաբանություն է  իր կինոլեզվի բարձրագույն մաթեմատիկայի դիմաց: Ֆիլմը բաղկացած է 59 կարճ միջադեպերից, որոնցում այդ փոքր ընտանիքի կյանքը ներկայանում է որպես դրախտի ու դժոխքի, մարդկային քնքշության ու գեղեցկության և դաժանության ու ճզմված բնության տարօրինակ խառնուրդ: Բնականության, կանացիության, ազատության և ագրեսիվության, առնականության, կանոնակարգվածության բախումը բավական պարզ կլիներ, եթե չլիներ ձևի նրբությունը, որում ռեժիսորը կարողացել է ոչ թե ամփոփել, այլ հենց տեղավորել իր պատմությունը: Նրան, համենայն դեպս, հաջողվել է գլուխ հանել կամքի ու զգացմունքի բախումից:

Ֆիլիպ Գրյոնինգն անկհայտորեն Վենետիկ-70-ի հայտնությունն է: Չի կարելի է ասել, թե նա ճանաչված չէ, նրա նախորդ կինոնկարը` «Մեծ լռությունը» (2005) կարտեզիանական մենաստանի մասին, որտեղ վանականներն ամբողջ կյանքում լռության երդում են տալիս, հաջողություն է ունեցել Սանդենսում, ստացել բազմաթիվ մրցանակներ: Մոսկվայում նույնպես ցույց են տվել: Նա քիչ է նկարահանում և դրան շատ լուրջ է վերաբերվում: Եվ ահա արդյունքը: Թեպետ  երեկ ֆիլմի ցուցադրության ժամանակ  դահլիճը լիքը չէր, իսկ եղած հանդիսատեսն էլ աշխուժորեն հեռանում էր` չհաղթահարելով մեդիատիվ անսյուժե պատումը: Բայց կինեմատոգրաֆիական տեխնիկայի նման վիրտուոզ տիրապետում  թեʹ Կուարոնը, թեʹ մյուս մրցակիցները  չեն էլ կարող երազել:

Տեսնենք, թե սրանից հետո ինչ կառաջարկի Բարբերան:

Ալյոնա Սոլնցևա, Վենետիկ

mn.ru


 «Զուլալի»․Նարինե Աբգարյանի  առաջին էկրանավորումը

«Օրդեր ֆիլմ» ֆիլմարտադրող ընկերությունը նախաձեռնել է ռուսաստանաբնակ ճանաչված գրող Նարինե Աբգարյանի «Զուլալի» վիպակի էկրանավորումը։ Այն  ֆիլմարտադրող ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ...