Արցախյան ազատամարտի վավերագրումը ֆիլմերում
Երկու հայկական հանրապետությունների` Հայաստաի և Արցախի անկախության տոներին էր նվիրված «Մոսկվա» կինոթատրոնում կայացած կինոռեժիսոր Աննա Թովմասյանի «Հողի ուժը» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Արցախյան գոյամարտի ու հայերի միասնական պայքարի մասին պատմող ֆիլմում ներգրավված են ականատեսների կարծիքները և մեկնաբանությունները։ Կինոնկարի հեղինակը մեկ տարի շարունակ հավաքել և ամբողջացրել է արցախյան պատերազմի մասին պատմող փաստերը։ Այս ֆիլմով, ինչպես ներկայացրել է Ա. Թովմասյանը, ինքը հերքում է ազերիների այն թյուր վարկածը, թե հայերը հաղթել են ռուս ազգի և այլազգիների օժանդակությամբ։ Նա պատրաստ է նաև ֆիլմը ուղարկել Ադրբեջան, քանի որ «դրանում տեղ գտած բոլոր փաստերը հիմնավորված են, և ազերիները չեն կարող որևէ բանում առարկել»։
Սցենարի հեղինակ և ռեժիսոր Աննա Թովմասյանը պատմեց, որ այս ֆիլմը 2010 թ. իր նկարած «Կամավորը» ֆիլմի տրամաբանական շարունակությունն է: «Կամավորը» պատմում է ռուս երիտասարդների մասին, որոնք ինքնակամ միացել են Արցախյան պայքարին և կռվել ազերիների դեմ։ Ռուսաստանում «Կամավորի» ցուցադրումից հետո ֆիլմում պատմվող երկու ռուս երիտասարդների հարազատների կողմից արձագանքներ եղան, և «Հողի ուժը» ֆիլմի երկրորդ հատվածը նվիրված է հենց նրանց՝ Դմիտրի Մոտրիչին և Իլյա Կուլիկին, որոնք զոհվեցին արցախյան պատերազմում։
Ֆիլմը հայերեն և ռուսերեն է և նկարահանվել է ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ռուսաստանում՝ Մոսկվա և Վլադիվոստոկ քաղաքներում: Ռեժիսոր Աննա Թովմասյանը փաստեց, որ երկրորդ մաս նկարելու նպատակն էր մեկ անգամ ևս անդրադառնալ Արցախյան գոյամարտին: Ֆիլմը բաժանված է երկու մասի. այն սկսվում է Արցախյան գոյապայքարի պատճառներից և ավարտվում ռուս սպաների կյանքի պատմություններով: Մեկ ժամ 40 րոպե տևողությամբ վավերագրական ֆիլմի երաժշտության հեղինակն է Արթուր Միտինյանը։ Ֆիլմի աշխատանքներին մեծապես աջակցել են ՀՀ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, Ռուսաստանում ապրող հայ համայնքը, անհատներ ու այլ կառույցներ:
Զ.ԱՍԿԱՐՅԱՆ