Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության աուդիովիզուալ կցորդ Ֆաննի Օբերտ Մալորին, խոսելով հետխորհրդային երկրների ներկայիս կինոարդյունաբերության և զարգացումների մասին, նշեց, որ իրավիճակը գրեթե ամենուր նույնն է` քիչ տարբերություններով:

«Կան երկրներ, որոնք վաճառել են կինոֆաբրիկան, կան, որ պահպանել են, և կան նաև  այնպիսիք, որ պահպանելով խորհրդային կինոտնտեսությունը` ներկայումս մեծ ներդրումներ են անում: Օրինակ` Ղազախստանը, պահպանելով «Ղազախֆիլմը», հսկայական գումարներ է ներդնում այն  նորովի վերազինելու և կինոյի զարգացման համար կարևոր մի շարք բարեփոխումներ  իրականացնելու համար: Բայց եթե ներդրումների շնորհիվ կարելի է ներմուծել բարձր տեխնոլոգիաներ և վերազինվել, ապա տևական ժամանակ է անհրաժեշտ որակյալ ֆիլմեր արտադրելու համար: Առհասարակ  ֆիլմարտադրությունը բարդ բնագավառ է, քանի որ նրա վերջնական արդյունքի համար պատասխանատու են բազմաթիվ մասնագիտական օղակներ` սցենարիստներ, օպերատորներ, ռեժիսորներ, նկարիչներ, մոնտաժողներ, հնչյունավորողներ, լուսավորողներ և ամենակարևորը` ճիշտ ընտրված դերասաններ: Բացի տեխնիկական վերազինումից, անհրաժեշտ է բնագավառը սպասարկող մասնագետների վերապատրաստում` միջազգային  կրթական ծրագրերի միջոցով»,- ասաց տիկին Մալորին:

Մասնավորապես կովկասյան տարածաշրջանի վերաբերյալ տիկին Մալորին նշեց, որ Ադրբեջանում կինոարտադրությունը լավ դիրքերում չէ այսօր, իսկ Հայաստանն ու Վրաստանը համարյա նույն հարթության վրա են` որոշ տարբերություններով: ՙԵթե հաշվի առնենք, որ Հայաստանում 90-ականներին կինոինդուստրիան լրիվ կաթվածահար էր, ապա այսօր  առաջընթաց է նկատվում: Հայկական կինոարտադրությունը հիմա ինչ-որ առումով վերածնունդ է ապրում: Կար շրջան, որ տարեկան մեկ կամ լավագույն դեպքում երկու  ֆիլմ  էր նկարվում, իսկ  այսօր դրանց թիվը էապես մեծացել է. տարեկան միայն 7-10 խաղարկային ֆիլմեր են արտադրվում»:

Տիկին Մալորին ներկայիս իրավիճակից դուրս գալու թիվ  մեկ  քայլը  համարում է անցումը համատեղ արտադրության: Այս առումով նա մեծապես կարևորեց տարածաշրջանային համատեղ կինոնախագծերի կազմակերպումն ու իրականացումը: Նա հատկապես  մատնանշեց հայ-թուրքական կինոպլատֆորմի աշխատանքները, որոնք մշակութային լավագույն քաղաքականության դրսևորում են տարածաշրջանում:

Ինչ վերաբերում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնից ստացած տպավորություններին, ապա տիկին Մալորին դրանք գերազանց որակեց. «Փառատոնը շատ լավ անցավ, կային հետաքրքիր ծրագրեր: Շատ լավ աշխատեց հայ-թուրքական կինոպլատֆորմը: Ինձ առանձնապես հետաքրքրեց երիտասարդության առատությունը: Ես վստահ եմ, որ Հայաստանը կհաղթահարի կինոոլորտում առկա դժվարություններն ու կսկսի առաջ շարժվել: Ես այս երկրում մեծ ներուժ եմ տեսնում»:

Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ


Փարիզում հոսպիտալացվել է Կատրին Դընյովը

76-ամյա ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դընյովը նոյեմբերի 6-ին  հոսպիտալացվել Է Փարիզի հիվանդանոցներից մեկում: Այդ մասին հայտնել Է Parisien  –ը: Հաղորդագրության մեջ...

, |6 Նոյեմբեր 2019,14:07