Համաշխարհային կինոն շարունակ նոր զարգացումներ ու փոխակերպումներ է ունենում: Նոր տեխնոլոգիաների շնորհիվ մեծանում են ոչ միայն կինոարտադրության, այլև ֆիլմերի ցուցադրման ու տարածման հնարավորությունները: Այս սրընթաց արագության մեջ առաջնահերթ է դարձել առկա գործընթացների կանոնակարգումն ու վերահսկումը: Արևմտյան երկրներն այս առումով  բավական շահեկան վիճակում են, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված քաղաքականության շնորհիվ սկսվեց  կինեմատոգրաֆի նոր վերելքը, այնտեղ  փոփոխությունները համակարգված են ընթանում: Այլ է պատկերը հետխորհրդային երկրներում, այդ թվում և Հայաստանում:  Միության փլուզումից հետո յուրաքանչյուր պետություն իր ուղին ընտրեց` փորձելով հարմարվել նոր հարաբերություններին և հենվելով ազգային ժառանգության ու ավանդույթների վրա:

Այս ամենի շուրջ «Կինոաշխարհը» զրուցել է Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոյի և Ստամբուլում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսության աուդիովիզուալ կցորդ Ֆաննի Օբերտ Մալորիի հետ, որոնք Երևան էին ժամանել 10-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով:

Համագործակցություն նշանակում է ոչ միայն տալայլև վերցնել

Հնարավո±ր է Ֆրանսիայի և Հայաստանի կինոկենտրոնների համագործակցությունը, երբ դրանք չափազանց տարբեր են և՜ կառուցվածքով, և՜ ֆինանսավորման ձևերով: Պրն. Գարանդոյի կարծիքով` ոչ միայն հնարավոր է, այլև փոխշահավետ: Այդպես մտածելու հիմքեր է տալիս Ֆրանսիայի և Հայաստանի ազգային կինոկենտրոնների միջև 2012 թ. կնքված պայմանագիրը համագործակցության մասին: Նրա խոսքով` այդ համագործակցությունը որքան կարևոր է Հայաստանի համար, նույնքան էլ` Ֆրանսիայի, քանի որ համագործակցություն չի նշանակում սոսկ տալ կամ օգտակար լինել, պարտադիր պայման է նաև վերցնելը մշակութային երկխոսություն ու բազմազանություն ձևավորելու առումով: «Սկզբունքորեն, այո, երկու կինոկենտրոնները տարբեր են, ֆրանսիականը լրիվ անկախ է, իսկ Հայաստանի ազգային կինոկենտրոնը գործում է ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ,- ասաց նա:-  Սակայն դա չի խանգարի միասին աշխատելուն և գործակցության շրջանակները ընդլայնելուն: Ես կարծում եմ, որ մենք կունենանք տևական ու արգասաբեր համագործակցություն: Կարծում եմ նաև, որ այն պատրաստակամությունը, որ ցուցաբերում են երկու կենտրոնների պատասխանատուները, օրինակելի  է: Ավելին` մինչև տարեվերջ կաշխատենք համագործակցության պայմանագիրը վերաստորագրել որպես համատեղ արտադրության պայմանագիր»:

Համագործակցության  արդյունքում մեր երկիրը կօգտվի ֆրանսիական կինոյի փորձից, բայց ի՞նչ կարող է տալ Հայաստանն իր ներկայիս վիճակում: Պրն. Գարանդոն, անտեղի համարելով մեր տարակուսանքը, շտապեց վստահեցնել. «Անպայման ունենք վերցնելու բան: Ես վստահ եմ, որ Հայաստանն ավանդույթներով հարուստ երկիր է, և մենք ևս ունենք վերցնելու բան: Դա ձեր ազգային գունապնակն ու առանձնահատուկ տեսակը, երիտասարդությունն ու դրական էներգետիկան է»:

Համագործակցության նպատակները

Էրիկ Գարանդոյի խոսքով,  կինոյի ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցության հիմնական նպատակն է Հայաստանում ներդնել այն փորձն ու մեթոդները, որոնք ձեռք է բերել ֆրանսիական կինոն իր զարգացման ճանապարհին:  Նա վստահեցրեց, որ առաջիկայում Հայաստանի և Ֆրանսիայի կինոարտադրության ոլորտում համագործակցությունն ավելի գործնական բնույթ կստանա, համատեղ ֆիլմարտադրության իրական հնարավորություններ կստեղծվեն:

«Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնը (CNC) հիմնադրվել է անմիջապես պատերազմից հետո` 1946 թ., Կաննի միջազգային կինոփառատոնի հիմնադրման հետ միաժամանակ,- նշեց նա:- Հենց այդ ժամանակ էլ սկսվեցին ֆրանսիական կինեմատոգրաֆի վերականգնման գործընթացները: CNC-ի ամբողջ գործունեությունը ուղղված էր հեղինակային կինոյի ստեղծմանը, պահպանմանն ու տարածմանը: Այսօր կառույցն ունի մոտ 600 աշխատակից, որոնց մեջ քիչ չեն, ի դեպ, հայկական ծագում ունեցողները: Կենտրոնի տարեկան բյուջեն կազմում է 700 մլն եվրո, որը գոյանում է օրենքով սահմանված տարատեսակ հարկերից և ուղղվում ազգային կինոյի զարգացմանն ու պահպանմանը: Ամեն տարի այդ կառույցը 30 երկրների ռեժիսորների, պրոդյուսերների հետ համագործակցության արդյունքում 140 համատեղ արտադրանք է տալիս: Մենք պատրաստ ենք մեր ունեցած փորձը ներկայացնել Հայաստանում»:

Պետության աջակցությունը

Ի պատասխան պետության աջակցության անհրաժեշտությանն ու սահմաններին, պետպատվերի համակարգին վերաբերող հարցին պրն. Գարանդոն նախ նշեց, որ CNC-ն պետության կողմից չի ֆինանսավորվում, ինչպես մեր երկրում, սակայն կան մասնագիտական խորհուրդներ, որոնք մեծապես օգնում են կենտրոնին տարբեր մասնագիտական հարցերում: Խորհուրդներում ընդգրկված են  բարձր որակավորում ունեցող մասնագետներ կինոյի ոլորտից: Այդ խորհուրդները կինոկենտրոնի հետ աշխատում են համակարգված, չեն միջամտում  նրա հիմնական աշխատանքներին, բայց աջակցում են ազգային կինոյի հետ կապված տարբեր խնդիրների քննարկմանն ու լուծումներին: «Մենք ազատ ենք, պետության կողմից ճնշումներ և միջամտություններ չկան,- հատուկ շեշտեց նա:- Այն ամենը, ինչ անում է CNC-ն, ուղղված է ֆրանսիական ազգային կինոյի զարգացմանն ու տարածմանը: Կենտրոնի հետ աշխատող ռեժիսորներն ու պրոդյուսերները նույնպես ազատ են ստեղծագործական բոլոր առումներով»:

Նա տեղեկացրեց նաև, որ արտադրված ֆիլմերը պարտադիր ցուցադրվում են կինոթատրոններում և հեռուստատեսություններով: Այդ  մասին պայմանավորվում են տվյալ ֆիլմերի պատասխանատուները: Պետության կողմից սահմանված կարգով երկրի հեռուստատեսությունները և կինոթատրոնները 60 տոկոսով ներկայացնում են ազգային արտադրանք: Օտարերկրյա ֆիլմերի ցուցադրությունը կինոթատրոններում չի կարող գերազանցել 30 տոկոսը: «Դա է պատճառը, որ մեր ֆիլմերն այսօր էլ մեր երկրի կինովարձույթում 1/1-ի հարաբերակցությամբ են աշխատում, այսինքն` մեկ հոլիվուդյան ֆիլմին կինովարձույթում բաժին է ընկնում մեկ ֆրանսիական ֆիլմ: Այդ մեխանիզմների շնորհիվ էլ ֆրանսիական ազգային կինոն այսօր էլ մրցունակ է: Բացի այդ, ստեղծվել է կինոֆոնդ 5 մլն եվրոյով, որն ուղղվում է վավերագրական կինոյի զարգացմանը»:

Էրիկ Գարանդոն նշեց, որ Իտալիայի նման զարգացած երկրում կինոն և հեռուստատեսությունը հայտնվել են ճգնաժամում, և հիմա նրանք էլ են որդեգրում Ֆրանսիայի փորձը: Նրա կարծիքով, Հայաստանի պարագայում  էլ փորձի փոխանակումը շոշափելի արդյունքներ կտա:

Ելքերը

Ի՞նչ ելքեր է տեսնում Ֆրանսիայի կինոկենտրոնի տնօրենը հայկական կինոն  ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար: Նա չժխտեց, որ Հայաստանն այսօր նախանձելի վիճակում չէ կինոարտադրության առումով: Եվ ոչ միայն: Նրա համոզմամբ` կինոթատրոնների համատարած վաճառքը, կինոստուդիայի մասնավորեցումը պարզապես կաթվածահար են արել ոլորտը: «Ելքերը մի քանիսն են,- ասաց նա,- ստեղծել կինոյի մասին օրենք և ոլորտը կարգավորող անհրաժեշտ բոլոր ենթաօրենսդրական ակտերը, ձևավորել համատեղ   կինոարտադրության բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, ստեղծել փոքրածավալ կինոթատրոնների ցանց երկրով մեկ: Այս ամենի համար անհրաժեշտ են գումարներ, և  քանի որ երկիրն ի վիճակի չէ մեծածավալ ներդրումներ անելու, հարկավոր է համագործակցել միջազգային տարբեր կինոֆոնդերի հետ` թեթևացնելու համար պետության բեռը: Բացի այդ, ես գիտեմ, որ Հայաստանը հզոր Սփյուռք ունի, որը կարող է օգտակար լինել այս գործում»: Նա հիշատակեց ֆրանսահայ անվանի կինոպրոդյուսեր Ալեն Թերզյանի  ավանդը ֆրանսիական կինոյում, Շառլ Ազնավուրին` իր հզոր կապերով ու հնարավորություններով, Սիմոն Աբգարյանին, Ռոբեր Կետիկյանին, Սերժ Ավետիքյանին և այլոց, որոնք Ֆրանսիայում մեծ հեղինակություն ունեն:

«Ոսկե ծիրանը» մեծ կինեմատոգրաֆ և բարձրակարգ կինոփառատոն ունեցող երկրի գործչի աչքերով

«Ինձ շատ դուր եկավ երևանյան կինոփառատոնը:  Ես զարմացած եմ, թե ինչ աշխուժություն էր տիրում փողոցներում: Ամենուր կինոծրագրերը ձեռքներին կինո շտապող մարդիկ տեսա: Շատ տպավորված եմ հայկական կինոավանդույթներով: Հայաստանը մեծ պոտենցիալ ունի: Դա երևաց հենց փառատոնի օրերին: Ամբողջ քաղաքը տոնական տրամադրության մեջ էր, ես պարզապես հիացած եմ այն եռանդով ու ջերմությամբ կինոյի հանդեպ, որ տեսա ձեր քաղաքում այս մի քանի օրերի ընթացքում: Ներկայացված ֆիլմերից երևում է, որ Հայաստանը շատ լավ երիտասարդություն ունի, որը պատրաստակամ է իր ներուժը ներդնել հանուն հայրենական կինոյի վերելքի: Փառատոնի օրերին ես տեսա հզոր էներգետիկա, որը հուշում էր, որ երկիրը պատրաստ է աշխատելու և արարելու: Ինձ համար կրկնակի ուրախալի էր, որ այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան փառատոնում հատուկ ընդգծված էր ֆրանսիական ներկայությունը: Այս տարի ֆրանսիական 20 համատեղ արտադրության ֆիլմ է ցուցադրվել  երևանյան Ոսկե ծիրանում»: Փառատոնն իր ներկայությամբ պատվեց Շառլ Ազնավուրը, այստեղ էին Ալեն Թերզյանն ու Սերժ Ավետիքյանը»:

Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ