957168667Լոկառնոյի (Շվեյցարիա) միջագային կինոփառատոնում գլխավոր մրցանակը` «Ոսկե ընձառյուծը», բաժին հասավ իսպանացի ռեժիսոր Ալբերտ Սեռայի «Իմ մահվան պատմությունը» կինոնկարին: Այս մասին հաղորդվում է փառատոնի պաշտոնական կայքում:

Ֆիլմը նվիրված է լեգենդար Ջակոմո Կազանովային: Ռեժիսորի խոստովանությամբ` իր կինոնկարը «սարսափի գեղեցկության և գեղեցկության սարսափների մասին է»:

Ժյուրիի հատուկ մրցանակը ստացավ պորտուգալացի Խոակիմ Պինտոյի «Իսկ հիմա՞. հիշիր ինձ» ժապավենը: Լավագույն ռեժիսոր ճանաչվեց փառատոնում կորեացի Խոան Սան Սուն «Մեր Սունխին» նկարի համար, դերասանական պարգևները ստացան ամերիկուհի Բրի Լարսոնը «Short Term 12» ֆիլմում խաղացած դերի համար և Ֆերնանդո Բազիլիոն «El Mudo» ֆիլմում դերակատարության համար:

Լոկառնոյի փառատոնը անցկացվեց օգոստոսի 7-17-ը: Գլխավոր մրցանակին հավակնում էր 20 ֆիլմ, որոնցից 18-ը համաշխարհային պերմիերա էին: Մրցույթի ժյուրին գլխավորում էր ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիազը:

954668938Լոկառնոյի կինոփառատոնն (Festival del film Locarno) ամենահներից է Եվրոպայում: 1946-ից ի վեր այն անցկացվում է օգոստոսին Շվեյցարիայի Լոկառնո քաղաքում (Տիչինո կանտոն): Այդ վայրը պատահականորեն չի ընտրվել. Այն գտնվում է Շվելցարիայի այն երեք տարածաշրջանների խաչմերուկում, որոնք խոսում են տարբեր լեզուներով` իտալերեն, ֆրանսերեն և գերմաներեն:

Փառատոնն առանձնահատուկ է նրանով, որ ցուցադրությունը կազմակերպվում է բաց երկնքի տակ` Պյացցա Գրանդեում` քաղաքի գլխավոր հրապարակում, որ տեղավորում է մինչև 8 հազար հանդիսատես:

Մրցանակները մինչև 1958 թ. անուն չունեին: 1958 թ. փառատոնի էմբլեմը տարձավ առագաստը, իսկ դափնեկիրների մրցանակը` փոքրիկ առագաստանավը: 1968 թ. փառատոնի կազմակերպիչները որոշեցին մրցանակ դարձնել ընձառյուծը: Արձանիկը պատրաստել է քանդակագործ Ռեմո Ռոսսին:

Փառատոնի ծրագիրն ընդգրկում է գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի մրցույթները: Լավագույն ֆիլմի համար շնորհվում է «Ոսկե ընձառյուծ», իսկ դրամական պարգևը 90 հազար շվեյցարական ֆրանկ է: Ժյուրիի հատուկ մրցանակը և 30 հազար շվեյցարական ֆրանկը շնորհվում է միջազգային մրցույթի երկրորդ լավագույն ֆիլմին: «Ընձառյուծներ» են շնորհվում նաև լավագույն ռեժիսորական աշխատանքին, էկրան բարձրացած լավագույն առաջին ֆիլմին (այս անվանակարգերում մրցանակը կիսվում է ռեժիսորի և պրոդյուսերի միջև), լավագույն դերասանին և դերասանուհուն:

Վավերագրական ֆիլմերի «Ներկայիս կինեմատոգրաֆիստները» ծրագրում լավագույն ֆիլմին շնորհվում է «Ոսկե ընձառյուծ» և 40 հազար շվեյցարական ֆրանկ, որ կիսվում է ռեժիսորի և պրոդյուսերի միջև:

Փառատոնի շրջանակներում անցկացվում է նաև կարճամետրաժ ֆիլմերի «Վաղվա օրվա ընձառյուծները» մրցույթը` երկու անվանակարգով` միջազգային և շվեյցարական կինոյի: Այս մրցույթում շնորհվում է «Ոսկե ընձառյուծիկ» և 10 հազար շվեյցարական ֆրանկ և «Արծաթե ընձառյուծիկ»` 5 հազար շվեյցարական ֆրանկով: