11Ջիվան Ավետիսյանի ֆիլմացանկի գերակշռող մասը նվիրված է Արցախին: Ռեժիսորը դա օրինաչափ է համարում, քանի որ ծնվել-մեծացել  է Ստեփանակերտում ու կինոյի լեզվով այսօր փորձում է պատմել իր տեսածն ու վերապրածը: Նկարահանման հրապարակում Ջիվանն ու իր ստեղծագործական խումբն այս օրերին աշխատում էին «Թևանիկի» վրա: Խաղարկային  լիամետրաժ ֆիլմի առանցքում 1991 թ. Արցախում տեղի ունեցող իրադարձություններն են…

21

– Ֆիլմի հիմքում Առնոլդ Աղաբաբովի 1996-97 թթ. գրած սցենարն է: Ցավոք, 99-ին նա մահացավ ու չկարողացավ ավարտին հասցնել իր աշխատանքը: Ծանոթանալու նպատակով սցենարն ինձ է փոխանցել կինոօպերատոր Լևոն Աթոյանը` իմ վարպետն ու Աղաբաբովի ընկերը: Կարդալուց հետո ես սիրահարվեցի այս պատմությանը. Նախ` թեման կրկին Արցախն էր, բացի այդ,  հեղինակը չափազանց հետաքրքիր էր կառուցել իր պատմությունը:

Թևանիկ2Տարիներ անց Հայաստանի ազգային կինոկենտրոնը վստահեց ինձ այս աշխատանքը՝ ապահովելով ֆիլմի բյուջեի մի մասը: Դրամատուրգ Կարինե Խոդիկյանի հետ միասին Աղաբաբովի կարճամետրաժ ֆիլմի համար գրված սցենարը վերածեցինք լիամետրաժ ֆիլմի սցենարի` փորձելով, իհարկե, չխախտել դրամատուրգիական կառուցվածքը: Երեք մասից բաղկացած ֆիլմն ամբողջանում է 14-ամյա Թևանիկով, որի կերպարն աղերսվում է հայտնի Թևանի հետ: Հենց նրա անունով էլ «անհնազանդներին»  թևանիստներ էին անվանել: Ցարական բանակի սպա իմ հայրական պապը` Ջիվան Ավետիսյան ավագը,  նույնպես թևանիստ է եղել: Ֆիլմը կարելի է ներկայացնել այսպես. երեք երեխաների անձնական դրամա: Իրադարձությունները տեղի են ունենում նույն գյուղում, միևնույն ժամանակահատվածում` լուսաբացից մինչև կեսօր: Երեք պատմություններն էլ տխուր հանգուցալուծում են ստանում.   Արամի ընտանիքը բաժանվում է, որովհետև մայրը  ազերի է, Աստղիկի ծնողները մնում են խրամատում: Ֆիլմն ավարտվում է Թևանիկի մահով: Այս պատմությունն ուղղակիորեն պատերազմի մասին չէ, բայց պատերազմի մեջ ապրող ճակատագրերի մասին է: Այն ինչ ներկայացվում է այստեղ, Արցախում ինչ-որ ժամանակ տեղի է ունեցել:

23Ֆիլմի նման դրամատիկ ավարտով, ի վերջո, ի՞նչ կարևոր ուղերձ եք փոխանցում:

– Հերոսներից որևէ մեկը գյուղը չի թողնում: Եթե երբևէ տեսել եք իր գյուղն  ընդմիշտ  լքած մեկին, ուրեմն նրա աչքերում անպայման նշմարել եք ամենասարսափելի ցավը: Տարիներ շարունակ դա ծանր բեռ է դառնում մարդկանց սրտերում: Կարոտը քեզ կարող է խեղդել, սպառել, բայց գյուղն այլևս քոնը չէ: Ֆիլմի  հերոսների ճակատագրերը ողբերգական հանգուցալուծում են ստանում, բայց միևնույն է` նրանք մնում են գյուղում: Ի վերջո սա այն իրականությունն է, որը պատերազմի հետևանքն է, իսկ պատերազմն ամենասարսափելի բանն է, որ կարող է տեղի ունենալ:

22Ինչպիսի՞ն էր այս օրերին «Թևանիկի» նկարահանման հրապարակը: Սովորաբար  հրապարակ եք մտնում պատրաստի նյութը ձեռքո՞ւմ, թե՞ շատ բաներ, այնուամենայնիվ,  ծնվում են հենց հրապարակում:

– Անկասկած, բազմաթիվ մտքեր ծնվում են  նկարահանման հրապարակում: Շատ մտերիմ մի մարդ` Հովհաննես Գալստյանը, ինձ փոխանցել է Բերգմանի խոսքերը, որոնք ես միշտ հիշում եմ. «Նկարահանման հրապարակում դուռը պետք է միշտ բաց պահել, որովհետև  ճշմարտությունը հանկարծ կարող է  ներս մտնել»: «Թևանիկի» նկարահանումների ժամանակ ևս բազմաթիվ մտքեր են ծնվել: Ֆիլմում կա  մի տեսարան, որը երեք տարեկան երեխան ամբողջությամբ փոխեց: Նա չցանկացավ անել այն, ինչ նախատեսված էր: Ես ասացի` նստեցրեք սեղանին ու ինչ-որ բան տվեք ուտելու: Նա այնպիսի գեղեցիկ ներդաշնակությամբ, երջանիկ հայացքով, ինչպես ասում են, համուհոտով  սկսեց ուտել երեք հավկիթները, իսկ սեղանի շուրջ նստած են արտասվող մայրը և վերջին անգամ  որդուն հետևող հայրը: Երեխան, իհարկե, չի գիտակցում, որ սա վերջին ընտանեկան նախաճաշն է…17

«Թևանիկ» լիամետրաժ ֆիլմի նկարահանման աշխատանքներն արդեն ավարտին են մոտենում:  Առջևում մոնտաժային աշխատանքներն են: Արցախյան թեմային նվիրված եռապատումը հանդիսատեսի դատին կհանձնվի 2014-ին: Պատանի երեք գլխավոր դերակատարներից բացի ֆիլմում խաղում են դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Բաբկեն Չոբանյանը, Գրետա  Մեջլումյանը, Սաթենիկ Հախնազարյանը, Կարեն Ջանգիրովը, Արթուր Մանուկյանը…

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ