big_d05811933Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում ծնված  Յոս Ստելլինգի մուտքը կինոաշխարհ տեղի ունեցավ  «Մարիկեն վան Նյումեգենը» ֆիլմով, որը 1975-ին անսպասելիորեն ընդգրկվեց Կաննի կինոփառատոնում ու զարմացրեց բոլորին: Դրանից հետո հոլանդացի  ռեժիսորի ֆիլմագրությունը համալրեցին «Էլքերլիկ» (1975), «Ռեմբրանդտ. դիմանկար 1669» (1977), «Ձևացողները» (1981), «Աճպարարը» (1983), «Սլաքավարը» (1986), «Թռչող հոլանդացին» (1995), «Սպասասրահ» (1995), «Ոչ ինքնաթիռ, ոչ գնացք» (1999), «Բենզակայան» (2000), «Առևտրի սրահը» (2003), «Դուշկա» (2007) ֆիլմերը: Այս ֆիլմերի շնորհիվ ռեժիսորը բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոներից վերադարձել է գլխավոր մրցանակներով, իսկ հայրենիքում  մշակութային նվաճումների համար  արժանացել է  արքայական շքանշանի: 1981 թ. Յոս Ստելլինգը հիմնեց «Հոլանդական կինոյի օրեր» փառատոնը, որի տնօրենն էր մինչև 1991 թ.:

«Յուրաքանչյուր  խոչընդոտ ես ընկալում եմ որպես մեկ աստիճան վերելքի ճանապարհին: Կինոն բազմաթիվ խոչընդոտների ամբողջություն է, որոնք աստիճանաբար հաղթահարվում են ու դառնում ֆիլմ»,- ասում է Յոս Ստելլինգը:

Նա «Ոսկե ծիրան» փառատոնի լավագույն բարեկամներից է և փառատոնի շրջանակներում բազմիցս հյուրընկալվել է Երևանում: «Երևանյան պրեմիերաների» շարքում 10-րդ «Ոսկե ծիրանի» օրերին ներկայացվեց Ստելլինգի վերջինª «Աղջիկը և մահը» ֆիլմը:

«Կինոն արվեստի այն միակ տեսակն է, որը կարող է խաղալ ժամանակի հետ, այն ժամանակի արվեստն է: Իմ կարծիքով` ֆիլմ նկարելը տղամարդու գործ է, այն դիտելն ու գնահատելըª կնոջ: Կնոջ էներգետիկան  հենց այն է, ինչ անհրաժեշտ է ֆիլմ նայելու համար: Տղամարդը սովորաբար սկսում է «ա» կետից ու գնում է մինչև վերջ, իսկ կինը կանգնում է մեջտեղում և զննում իր շուրջը: Կանայք նաև ավելի շատ են գրականություն կարդում, քան տղամարդիկ: Այսպիսի մի օրինակ. երբ մեքենա է անցնում, տղամարդը նայում է, թե ինչպես է այն անցնում, իսկ կինըª թե ով է մեքենայի մեջ»,- ասում է ռեժիսորը:

«Աղջիկը և մահը»  ֆիլմը ռուս երիտասարդ Նիկոլայի և  կուրտիզանուհի Էլիզի ողբերգական սիրո պատմությունն է: Ֆիլմում գերիշխում է ռուսական շունչը, խաղում են մի շարք ռուս դերասաններ, առանցքային դեր ունի նաև Ալեքսանդր Պուշկինի «Սիրո բանաստեղծություններ» գիրքը, որը, ըստ ռեժիսորի, որպես այդպիսին,  գոյություն չունի:

«Պուշկինի կերպարը խորհրդանշական է: Իրականում ֆիլմում հնչում է նրա միայն մեկ բանաստեղծությունըª  «Я помню чудное мгновенье»: Սիրո պատմություններն ամենուր նույնն են: Դա քիմիա է,  էներգիա, այն տարածքն է, որը ստեղծվում է կնոջ և տղամարդու միջև: Ինձ համար ամենակարևորը հենց այդ տարածքն է, որ գոյություն ունի նրանց միջև, դա նաև արվեստի տարածքն է: Արևմուտքում բոլորի հայացքներն ուղղված են դեպի Հոլիվուդ, իսկ ինձ ներշնչում է Արևելքը, չեխովյան հերոսների աշխարհը, Դոստոևսկու հումորը: Ռուսների հետ իմ միակ խնդիրն այն է, որ նրանց մասին հումոր անել չեմ կարող: Ռուսների մասին ոչ ոք իրավունք չունի կատակել, բացի ռուսներից»:

Բայց և այնպես Ստելլինգի հերոսներն օժտված են ինքնատիպ հումորով: Ռեժիսորը խոստովանում է, որ կինոյում հումորն իր հիմնական զենքն է: «Մռայլ և տխուր ֆիլմեր դիտելիս հանդիսատեսն անմիջապես  փորձում է պաշտպանվել, իսկ հումորի շնորհիվ պարզապես սողոսկում ես նրա սիրտը»,- ասում է նա: Ռեժիսորի համոզմամբ` ինչպես երաժշտությունը, այնպես էլ  լավ ֆիլմերն ինտելեկտի հետ կապ չունեն: «Հենց սկսում ես մտածել, ուրեմն մի բան այն չէ: Ուղեղդ պետք է գործածես սիրտդ լցնելու համար: Կինոն չափազանց լայն հասկացություն է: Այն հնարավորություն է տալիս շփվելու այլ մշակույթների հետ: Ֆիլմի ստեղծման գրավիչ կողմերից մեկն էլ այն է, որ հնարավորություն է տալիս ստեղծելու խնդիրներ, այնուհետև դրանց համար լուծումներ գտնել: Այդ խնդիրների թիկունքում արևի շողեր կան: Յուրաքանչյուր խնդիր ես դիտում եմ  որպես մեկ աստիճան վերելքի ճանապարհին»:

Ստելլինգը խոստովանում է, որ հայկական մշակույթին, հայ մարդու տեսակին առանձնապես ծանոթ չէ, բայց նկատել է` չնայած հայերը տարիներ շարունակ ապրել են ԽՍՀՄ-ի կազմում, բավականին տարբերվում են ռուսներից: «Ռուսները  ծիծաղում, լաց են լինում իրենց ներսում, հույզերը չեն արտահայտում: Հայերը շատ ավելի բաց են, միաժամանակ` հավակնոտ ու պայքարող: Նրանք նաև պոետիկ են և ոգի ունեն: Ժամանակակից հայկական կինոյի միջոցով աշխարհին պետք է ներկայացնել հենց այդ ոգին, ինչպես ժամանակին դա արեց Փարաջանովը: Հայաստանը դրսից  միատարր է թվում, բայց ներսում բոլորդ տարբեր եք: Առհասարակ, դժվար է ընդհանրական ձևով խոսել հայերի, ռուսների կամ  մեկ այլ ազգի ներկայացուցիչների մասին, որովհետև բոլոր մարդիկ տարբեր են, և նրանց պետք է դիտարկել անհատապես»:

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ