MR1TOUP1TpoU5i88UEM5M75WKSՀուլիսյան մի քանի օր Երևանի փողոցներում, հրապարակներում ու հատկապես մեր երկու կինոթատրոնների շրջակայքում քայլելիս այնպիսի տպավորություն էիր ստանում, ասես առաջնակարգ զբոսաշրջային քաղաքում ես: Շուրջբոլորն օտար լեզուներով էին խոսում, աշխույժ ելումուտ անում հատկապես ազգային մթնոլորտ ապահովող հուշանվերների խանութներ ու սրճարաններ: Օտարազգի հյուրերին անհնար էր շփոթել սովորական զբոսաշրջիկների հետ. արտաքինն անմիջապես հուշում էր, որ արվեստի մարդիկ են ու հատուկ նպատակով են եկել: Պարանոցներին կախված բեյջերն էլ էին վկայում, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հյուրերն ու մասնակիցներն են: 

Փառատոնի արտասահմանցի հյուրերին սփյուռքահայերի հետ շփոթելն անհնար է: Մեր հայրենակիցները, թեկուզև ծնվել  ու ամբողջ կյանքն ապրել են  յոթ սարերից ու յոթ ծովերից այն կողմ, միևնույն է, հար և նման են մեզ` հայաստանաբնակներիս. հայ են: Հակառակ մերոնց` օտարազգիներին դժվար է տարբերել ըստ ազգային պատկանելության. հոլանդացի թե գերմանացի, ֆրանսիացի թե իտալացի` նման են իրար: Նրանց մեջ անսովոր բարձր հասակով, 50-ին մոտ մի տղամարդու բեյջի վրա գրված էր© «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն, Օսման Քավալա, Թուրքիա: Իսկ դիմացդ կանգնած էր կապուտաչյա, սպիտակամաշկ, գանգրահեր, ավելի շուտ շոտլանդացու հիշեցնող, արդեն ճերմակող մի տղամարդ: Խոսում էր անգլերեն, բայց` ակցենտով, ինչպես միջին տարիքի հայերը:

Օսման Քավալան «Անադոլու կուլտուր» ընկերության ազգային փոքրամասնությունների հարցերով պատասխանատուն է: Փնտրում էինք մի խաղաղ անկյուն զրույցի համար: Հարցազրույցի կազմակերպիչներն առաջարկեցին ոչ մարդաշատ սրահներից մեկը, իսկ նա թե` Դալան: Մի պահ բոլորս տարակուսում ենք: Քավալան կրկնում է` Դալան, ու անխոս առաջնորդում մեզ: Դուրս ենք գալիս հյուրանոցից, Աբովյան փողոցով մի քիչ իջնում ու թեքվում ձախ` հուշանվերների խանութի միջով անցնում և հայտնվում գողտրիկ   բակում: Հայկական կահավորանքով, կավե կճուճներով, փայտե սեղան-աթոռներով, պարզ ու բնական կահ-կարասիով, տնական միջավայրով սրճարան է, երկրոդ հարկում` պատկերասրահ: Վայրը կոչվում է Դալան: Թուրք հյուրը ծառի մոտ մի նստարան է ցույց տալիս, սառը թեյ պատվիրում ու հրավիրում նստել: Այնպիսի տպավորություն է, կարծես ինքն է ուզում ինձ զարմացնել իր դալանային բացահայտումով:

Քանի որ հարցազրույցի առիթը «Ոսկե ծիրանն» էր, խոսակցությունը սկսվեց նրանից, թե որքանով է հասցրել պատկերացում կազմել հայկական ֆիլմերի մասին: Ինձ հետաքրքրում էր  նրա կարծիքը մեր կինոյի մասին:

– Շատ կուզեի հայկական ֆիլմեր դիտել, ցավոք, չեմ հասցնում: Ես  միջազգային վավերագրական ֆիլմերի ժյուրիի կազմում եմ, որտեղ հայկական աշխատանքներ ներկայացված չեն: Այնպես որ կարծիք հայտնել չեմ կարող: Որպես ազգությամբ հայ կինոռեժիսորի գործ` դիտել եմ Լուսին Դինքի ֆիլմը: Ինձ հետաքրքրում է այսօրվա հայկական կինոմտածողությունը, ձեռագիրը, բայց բախտ չվիճակվեց ճանաչել: Փառատոնի մասին եմ ուզում խոսել. մեծ աշխատանք է կատարվում: Հիանալի հնարավորություններ են ստեղծվում համատեղ ֆիլմարտադրության ու համագործակցության համար: «Հայ-թուրքական պլատֆորմը», օրինակ, շոշափելի արդյունք է տալիս այդ առումով: Ընդհանրապես, պետք է նշել, որ բավականին աշխուժացել են Հայաստանի և Թուրքիայի մշակութային համագործակցության քայլերը,- ասաց նա:

Առկա խոչընդոտների ու խանգարող հանգամանքների առնչությամբ էլ շեշտեց, որ նախկինում երկու երկրների հարաբերությունները շատ ավելի փակ էին, գրեթե ոչինչ տեղի չէր ունենում: Մինչդեռ վերջին 5-10 տարիների ընթացքում տեղաշարժ կա, դրական  տեղաշարժ:

– Բայց անհնար է հերքել` համագործակցությունը լիարժեք չի ստացվում, քաղաքական հանգամանքները թույլ չեն տալիս: «Անադոլու կուլտուր» կազմակերպությունը շարունակում է մշակութային կապերը հայկական ընկերությունների հետ, բայց ազգային պատկանելության, երկու ժողովուրդների չլուծված հարցերը եղել և մնում են որպես խոչընդոտ: Մշակութային շփումները, համեմատած այլ  ոլորտների հետ, ավելի հեշտ են իրականացվում: Մեծ արձագանք ստացավ «Վան» նախագիծը, որ կյանքի ենք կոչել ձեր հայրենակից, երաժիշտ Նորայր Քարտաշյանի հետ: «Անադոլու կուլտուրը» նման ծրագրեր է իրականացնում ազգային փոքրամասնությունների, այդ թվում` քրդերի հետ: Վերջերս Ստամբուլում բացվեց մերձավանցի երկու եղբայրների ցուցահանդեսը` հայոց ցեղասպանության թեմայով: Աշխատանքներ արվում են, բայց ոչ այն թափով, ինչ կուզեի. էթնիկ խնդիրները խանգարում են:

Ես մատնանշեցի «հայոց ցեղասպանություն» արտահայտությունը և խնդրեցի պարզաբանել`  մեր երկրում է, այդ պատճառո՞վ է այն համարձակ օգտագործում, թե՞ իր երկրում էլ  է պատմական ճշմարտությունն իր անունով կոչում:

– Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջամալն էլ է օգտագործում ցեղասպանություն բառը,- ասաց նա:- Իմ երկրում այդ տերմինը ոչ բոլորն են արտասանում, այսինքն` հասկանալի պատճառներով պաշտոնապես չեն կիրառում: Եվ գիտե՞ք, թե որն է հիմնական պատճառը. որովհետև համատարած անտեղյակություն է տիրում Թուրքիայում: Թուրք ժողովրդի մեծամասնությունը չգիտի պատմական իսկությունը, և ոչ միայն 1915-ի, այլ նաև դրանից առաջ և հետո եղածը: Պատմությունը ճիշտ չի մատուցվում, չի ուսումնասիրվում: Կարծում եմ` ժամանակն է, որ մեր տարածաշրջանի մասնագետները համախմբվեն, քննարկեն մեր պատմության ընդհանուր դեպքերն ու համատեղ դասագիրք ստեղծեն: Այդպիսի նախաձեռնությամբ հանդես եկան բալկանյան երկրների պատմաբանները: Մեր պատմության մեջ մութ էջեր կան, որ բոլորս պետք է իմանանք ու, ըստ այդմ, ճիշտ դատենք, ճիշտ կողմնորոշվենք: Լավ կլիներ, եթե հայ, թուրք, ադրբեջանցի և վրացի մասնագետները նախաձեռնեին համատեղ քննարկումներ ու վերջապես պարզաբանեին, համեմատեին ազգային ու համընդհանուր պատմության հակասական էջերը, լույս սփռեին չբացահայտված կամ քողարկված իրադարձությունների վրա:

Հնարավո±ր է փոխադարձ համաձայնության գալ, ազգային գիտակցություն փոխել կինոյի միջոցով, համատեղ կինոնախագծերով:

– Իհարկե, միանշանակ հնարավոր է: Կինոյի լեզուն, արտահայտչամիջոցներն ավելի ազդեցիկ են, կինոն արվեստի բոլոր  ճյուղերից ամենատարածվածն է, հետևաբար ավելի դյուրին է հենց կինոյի միջոցով հայտնել ասելիքը. արձագանքը կայծակնային ու ծավալուն կլինի: Կինոյով հնարավոր է և պետք է մատուցել պատմական փաստեր: Վստահ եմ, որ Հայաստանն ու Թուրքիան երկխոսելու, նոր գաղափարներ իրականացնելու անհրաժեշտություն են զգում, որոնք նաև ազգամիջյան, էթնիկ մի շարք հարցերի պատասխաններ կտան:

Բնականաբար, ազգային փոքրամասնությունների ինքնորոշման, իրավունքների պաշտպանության կողմնակցի հետ զրույցը չէր կարող չհանգել Թուրքիայի տարածքում գտնվող քրիստոնեական կոթողների էթնիկ պատկանելությանը: Թուրք հյուրը երկար նախապատմություն ունեցող հարցիս կարճ պատասխան տվեց.

– Օրինակ բերեմ Անիի հուշարձանային համալիրը: Այն հայկական է, բայց ունի նաև թուրքական, վրացական արձանագրություններ: Իմ խորին համոզմամբ` պատմամշակութային նման հուշարձանների պահպանությունը պետք է լինի թուրքական պետության հոգածության ներքո:

Այնուամենայնիվ, Օսման Քավալան ինձ հանդիպած ազատամիտ ու համարձակ թուրքերից էր: Նա Ստամբուլում պատկերասրահ ունի, որտեղ ցուցադրում է 1910-20 թթ. դրոշմանիշներ: Դրանք հայկական են, հայկական թեմաներով ու պատկերում են մեզ համար Արևմտյան Հայաստանի, իսկ թուրքերի համար` Թուրքիայի տարածքում ապրած հայերի կյանքը, գործունեությունն ու թողած պատմական հետքերը:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ