e18XHmYjq8PVhQ6e90YkiqV5wDԼիբանանահայ ռեժիսոր Մառլեն Էդոյանը շուրջ 16 տարի է, ինչ ապրում  և ստեղծագործում է Կանադայում: Ռեժիսորը «Կինոաշխարհի» հետ զրույցում ընդգծում է, որ այնտեղ որպես ռեժիսոր  դժվարություններ չի ունեցել, և առհասարակ Կանադան տարբեր ազգերի մարդկանց մեծ սիրով է ընդունում:       

Ռեժիսորը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին այս տարի ներկայացրեց «Հողի կանչը» ֆիլմը:

ridm-armenia-man-donkeyՆախնիների հողի հետ  կրկին կապվելու գաղափարով տարված ռեժիսոր Մառլեն Էդոյանը շրջագայել է Հայաստանի գյուղերում և հարևան երկու հայ համայնքներում` Վրաստանում և Արցախում: Երգերի, պատմությունների, բանաստեղծությունների և պատահական հանդիպումների միջոցով հեղինակը պարզում է, թե ինչպես են Անդրկովկասում ապրող հայերն ընդունում անկախությունը ԽՍՀՄ-ի փլուզումից քսան տարի անց:  Տարբեր տարածքներ անցնելուն զուգընթաց` սահմանային լարվածության խնդիրները, լեզուն, էթնիկ ինքնությունը և մշակութային ժառանգությունը դառնում են գերակա: Իսկ ընթացիկ թեման ամբողջ ֆիլմում մնում է նույնը` իր հողում բնակվելու և գոյատևելու մարտահրավերը: Ֆիլմը որսացել է առանձնահատուկ ժամանակահատված, երբ զանգվածային արտագաղթի հետևանքով դատարկվում են հայկական գյուղերը: Հուզիչ կինոճանապարհորդության ընթացքում ականատես ենք լինում նաև, թե ինչն է կապում հայ մարդկանց այս հողին և ժառանգությանը:

Ինչպես «Կինոաշխարհի» հետ զրույցում նշեց Մառլեն Էդոյանը, գյուղացիների հոգսը մնում է գյուղի տարածքում. «Ուզում էի ֆիլմը նկարահանել իբրև ճանապարհային պատմություն, ինչի համար էլ այցելեցի ոչ միայն Հայաստանի մի շարք գյուղեր, այլև Արցախ և Ջավախք: Յուրաքանչյուր գյուղացի իր պատմությունն ունի, ոմանք հույսով լցված են, մյուսները` հուսահատ են, բայց բոլորն էլ սիրում են հողի հետ աշխատելը»:

imagesՌեժիսորն ընդգծում է, որ Արցախի ժողովրդի խնդիրներն ու ասելիքը այլ է, իսկ ջավախեցունը` այլ. «Ունենք մեծ խնդիր` արտագաղթը: Եթե այսպես շարունակվի, ու մեր գյուղերն այս տեմպերով դատարկվեն, ապա  մեծ խնդրի առջև կկանգնենք»:

Մառլեն Էդոյանը, ապրելով Կանադայում, նշում է, որ այս ֆիլմն իր համար վերադարձի առաջին քայլն էր. «Երբ տեսա, թե հայ ժողովուրդն ինչպես է կապված մայր հողին, ես էլ կապվեցի: «Հողի կանչը» ֆիլմով կարոտս արտահայտեցի հայրենիքի հանդեպ: Ֆիլմով հասկացա իսկական հայի հոգին` մաքուր, իր մշակույթով  և կենցաղով հպարտ»:

Ուրախալի է, որ Մառլեն Էդոյանը նաև պատրաստակամություն հայտնեց գալ և բնակվել Հայաստանում, հատկապես` Ջավախքում, քանի որ Ջավախքը շատ է սիրել:

Ի դեպ, ֆիլմը ցուցադրվել է նաև Կանադայում և դրական արձագանքների արժանացել:

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ