beljawuskeneԱլթայում հուլիսի 17-21-ն  անցկացված Շուկշինյան համառուսաստանյան 15-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակը (առաջին անգամ փառատոնի պատմության մեջ) միաժամանակ տրվել է  երկու ֆիլմի: Ավանդական հասպիսե (յաշմա) գավաթները  շնորհվեցին  Ալեքսանդր Կաստկինի և Նատալյա Նազարովայի «Աղջիկը» և Նատալյա Բելյաուսկենեի ու Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմերին:

Այս առիթով ներկայացնում ենք Նատալյա Բելյաուսկենեի զրույցը «Կինոաշխարհի» հետ, որ տեղի է ունեցել այս տարի ապրիլին` «Հայակի» օրերին, երբ Շուկշինյան փառատոնին ներկայանալու մտադրություն դեռ չկար:

Հայաստանում իմ հայտնվելը նման է հրաշքի: Դա Աստված է կամեցել: Իմ հանդիպումը այս երկրի հետ այն պատահականություններից է, որ  լիովին փոխում է մարդու կյանքը: Ես սիրում եմ  Հայաստանը: Առավոտյան քայլում էի քաղաքով, մտա եկեղեցի, դա իմ  եկեղեցին է. հայկական եկեղեցին ես ընդունում եմ իբրև իմը: Մոտեցա  շենքերին, շոյեցի տուֆը: Ես այնքան  երջանիկ եմ, և այս պահին անգամ խոսելիս  հուզվում եմ: Հայաստանը դարձել է իմ երկրորդ հայրենիքը, գուցեև առաջին հայրենիքը:  Ամեն անգամ վերադառնում եմ այստեղ ինչպես հարազատ տուն:

Ֆիլմ նկարելու համար ես պիտի զգայի այդ երկիրը, ինչպես իմ տունը, և ես  ի սրտե սիրում եմ այս երկիրը, ու եթե նայեք ֆիլմը, կտեսնեք, որ դա սիրով արված ֆիլմ է: Այնտեղ շատ սեր կա, սիրահարված մարդը կարող էր  նկարել միայն այդ երկրի և այդ երկրի մարդկանց մասին:

Ինձ շատ օգնեց  ֆիլմի պրոդյուսեր Թերեզա Վարժապետյանը, քանի որ լեզվի խնդիր կար, չափազանց մեծ  աշխատանք կատարվեց ֆիլմի նախապատրաստական շրջանում: Մենք  խոսել ենք շատ մարդկանց հետ` պատերազմ անցած և կռված մարդկանց հետ, լսել շատ պատմություններ այդ  ժամանակաշրջանից: Դրանց մեծ մասը մտել է սցենարի մեջ: Որպես այդպիսին` սցենար չի եղել ի սկզբանե, մենք անընդհատ փոփոխել ենք այն: Շատ ուրախ եմ, որ ֆիլմը մի քանի ազգային կինոմրցանակ ստացավ իր երկրում: Դա չափազանց կարևոր է ֆիլմի համար:

Ես հիմա ուզում եմ նոր  նախագիծ անել Հայաստանում` խաղարկային ֆիլմ: Գաղափարներ կան, համատեղ ծրագիր ունեմ  Հայոց ցեղասպանության թեմայով:

Ունեմ մեկ այլ ծրագիր`  պատմել աշխարհին  գեղեցիկ հայկական եկեղեցիների մասին: Անցել եմ ամբողջ Հայաստանով:  Հայաստանում կարող ես անցնել գյուղերով, ու ամենուր հանդիպել եկեղեցիների, մատուռների: Անցնում ես դիմացի ձորակը ու քո առջև բացվում է հեքիաթային տեսարան` VI դարի եկեղեցի: Ամբողջ աշխարհում այսպիսի բան չկա. ամենուր նման հուշարձանների մոտ տուրիստական խմբերի ես հանդիպում, իսկ  Հայաստանում դա չկա: Անսովոր ու հրաշալի երկիր է Հայաստանը: Մոլորակի վրա  նման բան չես կարող գտնել:

«Եթե բոլորը»  ֆիլմն այս ընթացքում  մրցանակների է արժանացել տարբեր միջազգային կինոփառատոներում` ստեղծելով բավականին ստացված փառատոնային կենսագրություն, սակայն այն այլևս  չի կարող շարունակել, քանի որ միջազգային փառատոներում ֆիլմի հաջողությունները գրանցվում են մեկ տարվա ընթացքում, հետո այն հնանում է: Մեր պարագայում ֆիլմն արդեն իր հնարավորությունը  բաց է թողել աշխարհի առաջնակարգ փառատոներում ներկայանալու համար:  Ժամանակը բաց ենք թողել: Դա առանձին  աշխատանք է: Այն փառատոներում, որտեղ ֆիլմը եղել է, պատահական է ստացվել, մեծ  մասամբ իմ ռեժիսորական բարձրագույն դպրոցի շնորհիվ: Այս տարի եմ պաշտպանել, դա իմ դիպլոմային աշխատանքն է:  Նրանք էլ հենց ուղարկում են ֆիլմը` իմ դիպլոմային աշխատանքը:

Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ