Emil MkrtchianՉարենցավանում ծնված Էմիլ Մկրտչյանը, 8 տարեկանից ընտանիքով տեղափոխվելով Շվեդիա, շուրջ 20 տարի է, ինչ ապրում  է Շվեդիայում և երկու տարի առաջ է առաջին անգամ Հայաստան վերադարձել: Ստոկհոլմի և Ֆրիդեմսի կինոդպրոցներում ստացել է մասնագիտական կրթություն, զուգահեռ ծավալել մասնագիտական գործունեություն:

Էմիլը նկարահանել է «Ողջույն», «Թորսթեն», «Հուսեյինի արվարձանը», «Ջոն Հոլմսի նման», «Մարդը, առնանդամն ու դեմքը», «Տիեզերանավը» և այլ ֆիլմեր, իսկ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին այս տարի ներկայացրել էր «Իդան այստեղ է» հետաքրքրական ֆիլմը, որի  պրեմիերան, ի դեպ, տեղի ունեցավ Հայաստանում:

«Իդան այստեղ է» ֆիլմը պատմում է կնոջ երկու աշխարհների բախման, կյանքում իրեն վերագտնել փորձող կնոջ ապրումների մասին:  Ֆիլմի գլխավոր հերոսուհին շվեդուհի է, հերոսը` հայ:

Ռեժիսորը հայկական երաժշտություն է օգտագործել` հատվածներ Կոմիտասի ու Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:

Ինչպես ինքն է նշում, սիրում է ֆիլմերում խառնել երազները,  ֆանտազիան ու ռեալիզմը. «Ես ռեալիստ եմ, սակայն յուրաքանչյուրս ունենք մեր երկրորդ աշխարհը, որտեղ երազում ենք: Ֆիլմում ցանկանում եմ այդ երկու աշխարհները պատկերել, իմ երազները, պատկերացումներն ու հոգեվիճակը ներկայացնել ու մեսիջ ուղարկել»:

Ֆիլմում սիմվոլներ են օգտագործված, որոնցից է գավաթով գինին, որը գլխավոր հերոսուհու ձեռքին է ևʹ երազում, ևʹ իրական կյանքում: «Կինոաշխարհի՚»հետ զրույցում  ռեժիսորը գինու սիմվոլը մեկնաբանեց որպես աստվածային խմիչք. «Գինին ինձ համար նշանակում է աստվածային խմիչք, այն հեշտացնում է երազելու գործընթացը: Երբ արբեցած ես գինով, ավելի հեշտ ես քո մեջ գտնում քեզ ու կապ հաստատում Աստծո հետ»:

Կարճամետրաժ ֆիլմի մի մասը նկարահանվել է  Գոթլանդ շվեդական կղզում, որը Էմիլ Մկրտչյանի սիրելի վայրերից է. «Շվեդիայի այդ կղզում մի քանի անգամ եղել եմ ու զգացել եմ, որ այնտեղ ուրիշ էներգետիկ դաշտ կա:  Ուզեցի այնտեղ ինչ-որ բան ստեղծել»: Ռեժիսորի խոսքով` ֆիլմով ցանկացել է աղջիկներին և կանանց  հասկանալ: Եվ կարծես փորձը հաջողությամբ է պսակվել:

Էմիլ Մկրտչյանը, որ նկարահանել է շուրջ 30-40 կարճամետրաժ ֆիլմեր, նշում է, որ հավանաբար «Իդան այստեղ է» ֆիլմը  կլինի իր  վերջին կարճամետրաժը:

«Կինոաշխարհի» հետ  խոսելով ապագա ծրագրերից` ասաց, որ այժմ նոր ծրագիր ունի. ցանկանում է ֆիլմ նկարահանել Հայաստանում:

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ