«Ընդհատված մանկություն». գնահատականը` +4-
Կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանն Արցախյան պատերազմի իրողությունից 129 օր առանձնացրել, խտացրել ու վերածել է «Ընդհատված մանկություն» վերնագրով կյանքից քաղված դասի: Նրա մեկ դասաժամ տևողությամբ կարճամետրաժ խաղարկային ֆիլմն արդեն սերտված ու պատմված դաս է, որ դեռ սպասում է իր գնահատականին, թեպետ առաջին գնահատականը երկար չսպասեցրեց. «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում ֆիլմն արժանացավ «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի մրցանակին: «Թեր և դեմ» կամ «պլյուս և մինուս» սկզբունքով գնահատման մի տարբերակ էլ առաջարկում ենք ստորև:
«ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ» 4 «+»-ՆԵՐԸ
+ ԴԺՈԽՔՈՒՄ ԲԱՑՎԱԾ 2 ԴՐԱԽՏԻ ԾԱՂԻԿ
Մարաղայից գերեվարված հայ աղջնակին իր տանը պահում է ադրբեջանուհի Ֆաթիման, որ հույս ունի փոխանակել երեխային իր անհետ կորած որդու հետ: Հետխորհրդային հայկական գեղարվեստական կինոյում առաջին անգամ գլխավոր հերոսն ադրբեջանուհի է, և հերիք չէ` կերպարը կենտրոնական է, դրան գումարած` դրական է: Չնայած ֆիլմի հեղինակներն ամենևին էլ «պացիֆիստ հիպիներ» չեն, այլ փաստելով հանրաճանաչ ճշմարտություններ` «պատերազմն արհավիրք է», «մարդս մարդ լինի», «մոր սիրտն ուրիշ է» և այլն, իրականում վերադարձնում են հային իր «ավանդական»` անմեղ զոհի կերպարը, բայց այսքանով հանդերձ, ֆիլմի ամենամեծ պլյուսը, իհարկե, մարդկայնությունն է և հիմքում ընկած իրական պատմությունը, որ անհնար է կեղծել: Փաստը մնում է փաստ. Մարաղայից գերեվարված բոլոր 11 հայ երեխաներին ադրբեջանցիները փոխանակել կամ վերադարձրել են, բայց հենց նույն Մարաղայում 1992-ի ապրիլի 10-ին խաղաղ բնակչության դաժան սպանդ է տեղի ունեցել, որ Քերոլայն Քոքսը հետագայում անվանեց Նոր Գողգոթա: Մերօրյա Գողգոթայում խաչվել է ոչ թե Նազովրեցին, այլ անմարդկայինը, գազանն ու վայրենին մարդկայինի, խղճի ու վեհի հետ, ու էս յուրօրինակ «խաչելություն-խաչասերումից» էլ ծնվել է «Ընդհատված մանկություն» ֆիլմը` պատերազմի դժոխքում բացված երկու դրախտային ծաղկի մասին, որ մոր ու մանկան` ադրբեջանուհի Ֆաթիմայի և հայուհի Լենայի անարատ սրտերն են:
Ֆիլմի երկրորդ ակնառու պլյուսը 6-ամյա Լենային մարմնավորած 8-ամյա Մարիա Ղարագուլյանն է: Շուրջ 150 թեկնածուներից, ի վերջո, երջանիկ պատահականությամբ դերը բաժին է հասել համարձակ մի աղջնակի, որ չի վարանել քաչալանալ, նկարահանվել դաժան տեսարաններում, մեծահասակ գործընկերներից ավելի հավաստի կերպարանավորել պատերազմի զոհի ու Լենայի ընդհատված մանկությունը դարձրել է բոլորինս: Նրա խաղն իսկապես տպավորիչ է թեʹ ներքին անվստահության տեսարաններում, երբ ընթանում է «լուռ պատերազմ» Ֆաթիմայի և Լենայի միջև, թեʹ բանտի տեսարաններում, որտեղ բոլորն աղաղակում են, իսկ նա իր խեղդված, զուսպ հեծկլտոցներով կարծես նախապատրաստում է մեզ, որ հաջորդ տեսարանում, երբ իրեն առանձնացնում են համագյուղացիներից ու տանում անհայտ ուղղությամբ, պայթի, ու մենք էլ արդեն անկարող լինենք զսպել մեր արցունքները: Իսկ երբ լուսնկա, աստղալից գիշերով, բաց երկնքի տակ պատշգամբում պառկած, զրուցում են Ֆաթիման ու Լենան, մենք վերջնականապես սպանում ենք մեր մեջ «կռիվ-կռիվ» խաղացող անչափահասին և հասունանում 6-ամյա աղջնակի հետ` ներքուստ «ՈՉ» ասելով ցանկացած պատերազմի:
+ 45 ՐՈՊԵ, 45 ՎԱՅՐԿՅԱՆ
Երրորդ պլյուսը ֆիլմի ձևաչափն է: Կարճամետրաժ խաղարկային ֆիլմը վաղվա ազգային լիամետրաժ կինոյի հիմքը պիտի լինի. ավելի լավ է «լիամետրաժի բյուջեով» լավ կարճամետրաժ նկարել, քան նույն փողով` երկար-բարակ ոչինչ չասող ֆիլմեր: «Ընդհատված մանկությունը» շահել է` ազատվելով ավելորդ տեսարաններից և ասելիքը տեղավորելով 45 րոպե 45 վայրկյան խորհրդանշական ժամանակային սահմաններում:
+ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅ ԿԻՆՈՆ
Չորրորդ պլյուսը Արցախյան հակամարտության ցավոտ էջերի գեղարվեստական հաղթահարման հերթական փորձն է, որ ինքնին դրական է: Ջիվան Ավետիսյանն Արցախն էկրանավորող ամենահետևողական կինոգործիչներից է, իսկ հետխորհրդային կամ նոր սերնդի ռեժիսորներից` միակը: Ոչ մի պատերազմ չի ավարտվում, քանի դեռ գեղարվեստականորեն չի հաղթահարվել, ոչ մի հաղթանակ վերջնական չէ, քանի դեռ չի փառավորվել ու երգվել, ոչ մի հերոս իրական չէ, քանի դեռ մոռացված է, չի կերպարանավորվել ու հանրայնացվել, և այս առումով մենք դեռ շատ ու շատ անելիքներ ունենք: Ջիվան Ավետիսյանը նաև միակն է, որ անձնական կենսափորձի ծանրությամբ է մոտենում թեմային, ինչպես ծանրամարտիկ, որ ավելացնում է քաշն ու սահմանում անձնական ռեկորդ, որից հետո ծանրաձողին մոտենալը հետզհետե դժվարանում է:
«ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ` 4 «-»-ՆԵՐԸ
– ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ
«Ընդհատված մանկության» ամենամեծ մինուսը կարելի է պատկերավոր անվանել «ցեղասպանության դաշնակցական բարդույթ», որը, իհարկե, արվեստում շատ ճանաչելի է իր կլիշեների շնորհիվ: Նախ` «Երկիր Մեդիայի» գլխավոր ռեժիսորը 15 թվականն ու 92 թվականը, գուցե անգիտակցաբար, նույնացնում է` պատկերելով կոտորածը, պարզապես ձիու փոխարեն` տանկով, յաթաղանի փոխարեն` հրազենով: Ամենավառ ապացույցը բարուրով նորահարսների կերպարներն են. դա Եղեռնի հավաքական զոհի ամեաուժեղ և տարածված պատկերն է մեզանում: Գազան թուրքը պիտի սպանի մորն ու մանկանը, մայրը պիտի լինի ջահել հարս, երեխան` անպայման ծծկեր ու բարուրված, բայց հաշվի չի առնվել, որ Մարաղայում ամենափոքր գերեվարված երեխան եղել է երկու տարեկան, ոչ թե բարուրի: Ոչ մի իմաստ չուներ փայտի կտորը փաթաթել լաթերի մեջ ու տալ աղջիկների ձեռքը, մանավանդ որ մեծ էկրանին հստակ երևում է` բարուրի մեջ երեխա չկա, և կեղծիքը զուլալ ջրի բաժակում հայտնված մի կաթիլ ժավելի պես փչացնում, խմելու համար անպիտան է դարձնում ողջ գավաթը, անհավաստի` ամբողջ տեսարանը: Ղարաբաղի ինքնորոշման հարցն ազգամիջյան, ասել է թե` հայի ու թուրքի (ադրբեջանցին ու թուրքը նույնական են) կռվի վերածելը տիպիկ դաշնակցական մոտեցում է, որում պատերազմը հանուն ժողովրդավարության և ինքնորոշման տարվող պայքարից վերածվում է թուրքից 15 թվի «մուռը» հանելու վենդետտայի` ամրապնդված հայտնի «գենետիկ անհամատեղելիության» տեսությամբ:
– ՌՍԻ ԿՏՐԱԾ ՈՏՆ ՈՒ ԼԵԶՈՒՆ
Բազմաթիվ վկայություններ կան, որ ռուսները Մարաղայի ջարդերում դերակատարում ունեցել են, բայց արի ու տես, որ ֆիլմում ռուսները չեն երևում, իսկ երկու հակամարտող կողմերը, ա~յ քեզ հրաշք, խոսում են տեղական բարբառներով` մոռանալով, որ դրանից առաջ, հեչի պես մի 70 տարի ռուսերենով էին շփվում: Երրորդ լեզվի` ռուսերենի բացառումը հակամարտությունը վերածում է ազգամիջյան բախման, տեղաբնիկների անհաշտության` տեղայնացումը հասցնելով Մարաղայի և Բարդայի բարբառների մակարդակի մի խոսակցության, որ ինչքան էլ համամարդկային արժեքների սոուսով մատուցվի, մեկ է` չի ուտվելու միջազգային հանրության կողմից, քանի որ ողջ աշխարհը շատ լավ գիտի, թե որ պատերազմի մասին է խոսքը, և ինչու են քանդվող խորհրդային կայսրության փլատակներում Կարմիր աստղի ներքո կռվել ու իրար կոտորել երբեմնի քիրվաները:
Ու չնայած ռսի ոտն ու լեզուն բարեհաջող կտրել են, խորհրդային կինոյի «սապոգի» հետքը մնացել է, և ադրբեջանցի զինվորները պատկերված են կարծրատիպային «ֆաշիստ-նեմեցների» նմանությամբ` գրոտեսկային:
Ֆիլմի գլխավոր մինուսներից մեկն արդի հայ կինոյին շատ բնորոշ թատերային խաղն է մի պարզ պատճառով. դերասանների մեծ մասը բեմից է հայտնվել կինոխցիկի առջև: Հայ կինոն ոչ մի կերպ չի կարողանում ազատագրվել թատերայնությունից: Մայր թատրոնի վաստակավոր դերասանուհի Գրետա Մեջլումյանը` ադրբեջանուհի Ֆաթիմայի դերում, Սունդուկյանական թատրոնի ավանդույթներից դժվար է դուրս գալիս, ասենք` ունքը թռցնում է էնքան վեր, որ ամֆիթատրոնում երևա: Գրեթե բոլոր դերասանները թատրոններից են, երևի Հայաստանում կինոդերասաններ չկան, կան թատրոնի դերասաններ, որոնք ներգրավված են կինոյում, երբեմն` հաջող, երբեմն` ոչ այնքան. կադրը գիտի, մեկ էլ` դուբլը:
– ԷՇԸ ԿԵՐԵԼ, ՊՈՉՈՒՄ ԽՌՈՎԵԼ ԵՆ
Ընդհատված կամ կիսատ-պռատ է ոչ միայն Լենայի մանկությունը, այլև ֆիլմը` երկու իմաստով: Նախ` մոնտաժի կամ գուցե սցենարի առումով: Կաʹմ տեսարաններն են ավելացվել-պակասեցվել, հետ ու առաջ տարել-բերել, կաʹմ սցենարի հեղինակ Կարինե Խոդիկյանը դեռևս լավ չի պատկերացնում կինոյի լեզուն: Հիմնական սյուժետային գիծը երբեմն անկապ տեղից է ընդհատվում` «ֆլեշ-բեքերով» պատկերելով ջարդի ու գերեվարման տեսարաններ, որ չեն ամբողջականանում և դառնում են անտեղի օգտագործված արցունքաբեր գազ, ենթադրյալ միջազգային հանդիսատեսին «ահաբեկելու» միջոց (մեզ պետք չի «թուրքերով» վախեցնել, մենք ինչ ասես արդեն տեսել ենք): Արդյունքում գերեվարման 129 օրվա սեղմված խրոնիկան կինոռիթմի առումով անհամաչափ, լարից ընկած է ընթանում, այսինքն` մենք ինքներս չենք հասցնում Լենայի հետ անցնել Ֆաթիմայի նկատմամբ անվստահությունից դեպի վստահություն տանող հոգեբանական ադապտացիայի ճանապարհը, քանի որ այդ ուղու դրամատուրգիական թռիչքները սխալ են հաշվարկված: Երկրորդ հերթին` լավ մտածված կադրի ամբողջականությունը հանկարծ քանդվում է աչք ծակող մանրամասնից, օրինակ` նույն վերոնշյալ մուլյաժ-բարուրները կամ Ֆաթիմայի տան կահ-կարասու որոշ տարրեր: Ի դեպ, տունը նկարվել է Շուշիում, որ քաղաքի ամենահայտնի ադրբեջանական տներից մեկն է, ժամանակի ոգուն և կենցաղին շատ մոտ կահավորվել է, ու մեկ էլ հանկարծ բազմոցին գցել են շուկայում շատ ավելի ուշ հայտնված, գույնով ինտերիերին և միջավայրին անհամապատասխան շոր, որ կադրի կեսը «կլանում է» ու նկարչի աշխատանքը ջուրը գցում: Այսպիսի «փոքրիկ» բացթողումները ֆիլմում այնքան շատ են, որ թվում է` «էշը կերել են, պոչում խռովել»:
Արմեն ՕՀԱՆՅԱՆ