tamara stepanyan«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում Բրիտանական խորհրդի հատուկ մրցանակին է արժանացել ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Անթեղ» ֆիլմը: Այն արդեն հասցրել է արժանանալ ուրիշ մրցանակների Պուսանի փառատոնում, Կրետեում, Ֆրանսիաում և այլուր: «Անթեղ» ֆիլմը երկու սերունդների երկխոսություն է, իսկ  ֆիլմի նյութը զարգանում է ժամանակի կորստի զգացումով:

tamaraԻնչպես  ֆիլմի ռեժիսորն է նշում,  այն նկարահանել է Հայաստանում և շատ դժվարությունների առջև է կանգնել, քանի որ չուներ ոʹչ թիմ, ոʹչ գումար, այլ միայն տեխնիկա. «Ֆիլմի ևʹ օպերատորը, ևʹ ռեժիսորը, ևʹ հնչյունային ռեժիսորը ես եմ: Ցանկանում էի ես էլ մոնտաժել, սակայն հասկացա, որ այդ ամենն ինձ շատ հարազատ է, չեմ կարող կտրտել կադրերն ու հանել: Աշխատել եմ երկու մոնտաժողների հետ, սակայն վերջում ինձ օգնության եկավ սառը բնավորության տեր մի կին»:

«Կինոաշխարհը» ռեժիսորի այս և մյուս աշխատանքների մասին զրուցելու առիթ արդեն ունեցել է (տե°ս թիվ 5/18), այս առիթով էլ նշեց. «Ներկայացրել եմ երկու սերունդների երկխոսություն` իմ ու տատիկիս: Ֆիլմը նկարահանել եմ տատիկիս մահից երկու տարի անց. կարոտը ստիպեց նկարահանել ֆիլմը: Ափսոսում եմ, որ տատիկս չկարողացավ դիտել այն, սակայն վստահ եմ, որ նա ինձ հետ է: Շատ հուզված եմ նկարահանել ֆիլմը, քանի որ վերապրում էի տատիկիս կյանքը, կռիվը, երիտասարդությունը»:

Թամարա Ստեփանյանն «Անթեղ» ֆիլմն սկսել է նկարահանել 2010 թ. և ավարտել է 2012 թ.:  Հիշեցնենք, որ ռեժիսորի «Փետրվարի 19» ֆիլմն արդեն հաջողություններ է ունեցել տարբեր մրցույթներում և արժանացել «Հայակ» ազգային  մրցանակաբաշխության մրցանակի:  Իսկ մինչ այս նկարահանել է «Մանվելիկ», «Ասեղը», «Վերջին կայարանը», «Փոքրիկ քարեր», «Մայիսի 9» ֆիլմերը:

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ