«Հողի կանչը»
Ռեժիսոր Մառլեն Էդոյանը ծնվել է Լիբանանում, ապրում և ստեղծագործում է Մոնրեալում: Նրա «Հողի կանչը» (Figure of Armen) վավերագրական ֆիլմը մասնակցում է 10-րդ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» և վավերագրական ֆիլմերի մրցույթներին: Սա Էդոյանի առաջին լիամետրաժ ֆիլմն է:
Հեղինակը անցնում է Հայաստանի գյուղական համայնքներով ու ներկայացնում բնակիչների կյանքը և նվիրվածություն հայրենի հողին: Ֆիլմում կարմիր թելի պես անցնում է արտագաղթի թեման. ամենուրեք ծերունիներ են, իսկ նրանց զավակները արտերկրում են ապրում կամ մեկնել են սեզոնային աշխատանքի. Էդոյանն ասում է, որ փորձել է ցույց տալ, թե ինչու են մարդիկ ստիպված լքում հայրենի հողը. աշխատատեղերի պակաս, մարդիկ իրենց պիտանի չեն զգում, իրենք իրենց խնդիրների հետ մենակ են մնացել, իրենց իրավունքներից տեղյակ չեն: