page 8-5Ավարտել եմ Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի բաժինը: Արման Մանարյանի կուրսն ավարտելուց հետո երազում էի թատրոն գնալ: Աշխատանքի անցա Երևանի փորձարարական թատրոնում: Միաժամանակ աշխատում էի «Հայֆիլմում»`որպես ռեժիսորի օգնական: Սկսվեց 88-ի շարժումը: Արցախում իրավիճակն արդեն լարված էր, բայց դեռ չէր վերածվել պատերազմի: Այդ ժամանակ էր, որ Արման Մանարյանի հետ մեկնեցինք Արցախ` նկարահանելու «Պայթյուն» ֆիլմը: Այնտեղ էլ, ինչպես ասում են, աչքերս բացվեցին ու վարակն ընկավ մեջս: Պատերազմն ինձ վերջնականապես կինո բերեց:

Ես մասնագիտությամբ օպերատոր չէի և տեսախցիկի հետ վարվելու տարրական կանոններն ինձ սովորեցրեց օպերատոր Շավարշ Վարդանյանը, մեր լեգենդար Շավոն, որ ինքնաթիռի ռմբակոծության ժամանակ ծանր վիրավորվեց ու մինչ օրս կաղում է: Շուշիում նկարած  նրա ամբողջ տեսանյութն այդ ժամանակ  այրվեց, ու դա Շավոյի ողբերգությունն էր:

Ես պատասխանատվության խորը զգացումով սկսեցի իմ աշխատանքը, որովհետև աչքիս առաջ անկրկնելի հերոսական պատմություններ էին: Այսօր այդ պատմությունները,  որոնք կարելի է համարել  «Խրամատային գեղարվեստ»,  նաև թղթին եմ հանձնում: Այո, դա արվեստ է, որը ծնվում է կատարսիսի  ժամանակ: Հիշում եմ, ինչպես էին Արցախում փամփուշտներով քարերի վրա քանդակներ  անում: Քառյակներ, մտքեր էին հայտնվում ծխախոտի տուփերի վրա: Ես այս պատերազմում հանդիպել եմ տաղանդավոր մարդկանց`  բանաստեղծ Աղվան Մինասյանին, քանդակագործ Արթուր Ղարիբյանին, մեր հանճարեղ կոմպոզիտոր Օլեգին` արցախցի: Բոլորն էլ զոհվեցին:

Պատերազմը հարցեր լուծելու ամենաանգրագետ եղանակն է, բայց քանի որ ունենք հարևաններ, որոնք  հարյուրավոր տարիներ մեզ դիտում են որպես կերակուր,  ստիպված ենք պաշտպանվել: Արցախյան պատերազմն ուղղեց ցեղասպանությունից  կոտրված մեր ողնաշարը, դա նաև ոգու ապստամբություն էր: Հարյուր տարին շատ չէ ժողովրդի ցավն ու հիշողությունը  ջնջելու, թշնամու արածը մոռանալու համար, թշնամի, որը նորից գլուխ է բարձրացրել:

1990 թվականից պարբերաբար մեկնել եմ Արցախ, նկարահանումներ կատարել: Եղել եմ կռվի  բոլոր ճակատներում: Բացառություն է կազմում միայն Շահումյանը, որտեղ բախտ չվիճակվեց լինել: Մի անգամ ինքնաթիռով արդեն պետք է թռչեի, բայց ստացվեց այնպես, որ տեղս զիջեցի ՄԱԿ-ի հանձնախմբի մի հայ ներկայացուցչի: Մտածեցի, որ այդ պահին նրա ներկայությունն ավելի կարևոր է Շահումյանում, և չեմ զղջում դրա համար: Մասնակցել եմ մարտական մի քանի գործողությունների, վիրավորվել եմ Ֆիզուլիի շրջանի Սեյիդախմեդլի գյուղում: 1993 թվականի մայիսի 18-ին դաշնակցական ջոկատի հետ մտա Լաչին: Այնքան երջանիկ էի, որ դրա հաջորդ օրն իսկ  կարող էի հանգիստ մեռնել: Աչքիս առաջ ալաշկերտցի պապս էր, որն ինձ ասում էր. «Լաʹո, դու կտեսնիս Էրգիր»: Հետագայում, երբ գնացի Ալաշկերտ, չհուզվեցի, լաց չեղա, հողը գրպանս չլցրեցի, չնայած զգացի` ինչ ծանր բան է հայրենիք կորցնելը: Պատճառն այն էր, որ Լաչինում ինձ բավարարված էի զգացել, հաղթանակած ու բարդույթներից ազատագրված…

– Հայ մարդն այսօր ունի՞ այդ զգացումը, հաղթանակը որքանո՞վ սրբագրեց մեր բարդույթները, զոհի հոգեբանությունը:

– Ցավոտ հարցեր եք տալիս: Տասը տարի առաջ ես ավարտեցի Շուշիի ազատագրմանը նվիրված իմ  ֆիլմը: Շատ երջանիկ կլինեի, եթե այդ ժամանակ ներկայացնեի նաև Լաչինի ազատագրմանը նվիրված ֆիլմը, որովհետև այդ երկու իրադարձությունները հաջորդում էին միմյանց ընդամենը ութ օրվա տարբերությամբ: Բայց տասը տարի հետո միայն հաջողվեց շարունակել աշխատանքը,  Տիգրան Մանասյանի շնորհիվ, տաղանդավոր մի հայ երիտասարդի, որը 27 տարեկանում դասավանդում է Մոսկվայի պետական համալսարանում: Լաչինի ազատագրմանը նվիրված «Միացում» ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 2013-ի մարտի 23-ին: Այն բազմիցս ցուցադրվել է արտերկրում, Երևանում` ընդամենը մեկ անգամ:  Սա էլ գուցե Ձեր հարցի պատասխանն է: Բայց ես անուղղելի լավատես եմ և հավատում եմ, որ ունենք լավ երիտասարդներ, որոնց այս ֆիլմերն ասելիք ունեն, այլապես  կդադարեցնեի այս աշխատանքն ու ուրիշ գործով կզբաղվեի:

– Ձեր հայտնի «Խոնարհ հերոսներ» ծրագրի շրջանակներում ուղիղ 30 ֆիլմ եք ստեղծել: Ինչպե՞ս ծնվեց ֆիլմաշարի գաղափարը, և  ո՞րն էր առաջին ֆիլմը:

– 1998 թվականից ցեցն ընկել էր մեջս: Մտածում էի` պահարանում հավաքած հսկայական նյութը պիտի ծառայի իր նպատակին, այլապես ամեն ինչ կկորչի: Ծրագիրն իրականացնելու համար համախոհներ էի փնտրում: Բազմաթիվ «ինտելեկտուալ» մերժումներից հետո ծրագիրը ներկայացրեցի այն ժամանակ ազգային հեռուստաընկերության տնօրեն Տիգրան Նաղդալյանին…

Page8_2Եվ սկսեցինք  «Խոնարհ հերոսներ» շարքը: Նշեմ, որ  որպես վերնագիր ընտրել եմ Ավետիս Ահարոնյանի հոդվածի բնաբանը: Առաջին ֆիլմը նվիրված էր իմ ընկերոջն ու համակուրսեցուն` Մովսես Գորգիսյանին: Հանդիպեցի  Խորեն Աբրահամյանին, զրուցեցինք, ասացի, որ Մովսեսի մասին ֆիլմ եմ ուզում նկարել` կարճ, փաստագրական: «Ուզում եմ, որ Դուք կարդաք».- ասացի: «Միայն ես եմ կարդալու»,- եղավ Խորեն Բաբկենիչի պատասխանը: Քսան օր հետո եկավ ձայնագրության, մեկ դուբլով  կարդաց  ամբողջը: Եվ այսպես «Մովսես Գորգիսյան»-ով սկսվեց «Խոնարհ հերոսներ» շարքը:

page 8-72000-2004 թվականների ընթացքում այս ֆիլմաշարի շրջանակներում  14 աշխատանք  եմ ներկայացրել: Մի շարք խոչընդոտների ու դժվարությունների պատճառով դադարեցրի աշխատանքը և վերսկսեցի միայն 2006-ին, բայց արդեն որպես ազատ ստեղծագործող: Ինչպես նշեցիք, մինչ օրս 30 ֆիլմ է ստեղծվել: Դրանց ցուցադրման արտոնությունն այսօր պատկանում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը: Միակ հեռուստաընկերությունն է, որտեղ չեն ասում. «Ապեʹր, փող տուր, որ ֆիլմերդ ցույց տանք»: «Խոնարհ հերոսներ» շարքի իմ վերջին ֆիլմը նվիրված էր Սմբատ Թադևոսյանին`  հորեղբորս որդուն, որը զոհվեց Լաչինում:

– Հետաքրքիր էր Ձեր «Չկրակված փամփուշտներ» ֆիլմի գաղափարը, որում հերոսներն իրենք իրենց են մարմնավորում: Ինչպիսի՞ն է ֆիլմի նախապատմությունը:

page 8-6– Զանգելանի գործողությանը մասնակցում էի Սիսիանի և Կապանի ջոկատների տղաների հետ և առանձնահատուկ վերաբերմունք ունեի Սիսիանի գումարտակի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ: Իզուր չէ, որ նրան «Երկաթ» մականունն են տվել, բացառիկ քաջ ու ազնիվ մի անձնավորություն, որ անմռունչ տարավ երիտասարդ ու տաղանդավոր եղբոր կորստի վիշտը: Երբ «Խոնարհ հերոսներ» շարքն արդեն ընթացքի մեջ էր, Աշոտին ասացի, որ արդեն Աղվանինª իր եղբորը, անդրադառնալու ժամանակն է: Որոշվեց, որ այդ ֆիլմը պետք է լինի խաղարկային: Մեկ տարի անց ծնվեց սցենարը: Այդ ընթացքում ուսումնասիրեցի  Աղվան Մինասյանի ստեղծագործությունները, անտիպ բանաստեղծությունները, որոնք հիշեցնում են Դուրյանի աշխարհը, նույն խորությունն ու հարստությունը: Աղվան Մինասյան` բացառիկ տաղանդավոր մի մարդ, որի կյանքի թելն ընդհատվեց ընդամենը 22 տարեկանում:

Այս ֆիլմն ինձ համար չափազանց կարևոր էր, այն նկարելիս, ինչպես ասում են, գնացի այն աշխարհ ու հետ եկա: Սցենարը ներկայացրի «Հայֆիլմ» կինոստուդիա` սպասելով հերթական «ինտելեկտուալ» մերժմանը, բայց ամեն ինչ այլ կերպ ստացվեց, սցենարը հավանության արժանացավ: «Չկրակված փամփուշտներ» ֆիլմը   նկարահանվեց պետպատվերի շրջանակում և  դարձավ «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված վերջին աշխատանքը: Պրեմիերան տեղի ունեցավ 2006-ին:

– Ձեր «Տղեʹրք, մենք եկանք» ֆիլմը նվիրված է ազատամարտիկ, Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանին, որը սպանվեց ամիսներ առաջ:

– Այդ դեպքն ինձ խոցեց չափազանց խորը, քանի որ Հրաչի  հետ պատերազմի դաշտում լինելու առիթ  եմ ունեցել: Նա հայ մարդու իրական տեսակն  էր: Այս կյանքում ես շատ բան չեմ հասկանում, ինչպես չեմ հասկանում, որ Հրաչի նման մարդն էլ կարող էր թշնամիներ ունենալ: Ինչի՞ մասին էր այս ֆիլմը. մտահոգությունների, որոնք տանջում էին նաև Հրաչ Մուրադյանին,  ի վերջո, որտե՞ղ սխալվեցինք…

– Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը:

– Կարծում եմ, որ ունեմ: Երբ խեղդվող երեխային գետից հանում ես, նրան դեռ պետք է գրկես, տաք հագուստ հագցնես, խնամես: Մենք հաղթեցինք պատերազմում, բայց հաղթանակն ավարտին չհասցրինք, չփայփայեցինք այն, մի տեսակ պասիվացանք: Գուցե չունեինք նաև պետություն կառուցելու հմտությունը: Անվերահսկելի վիճակ ստեղծվեց, որտեղ  տականքը միշտ էլ գլուխ է բարձրացնում: Բայց չեմ կարծում, որ իրավիճակն անդառնալի է, ես հավատում եմ մեր ազգի բացառիկ ներուժին:

– Վերադառնալով Ձեր ֆիլմերին, ո՞րը կլինի հաջորդը:

– Եկող տարի նշելու ենք հրադադարի 20-րդ տարին: Իմ հուշերում մի քանի դրվագներ կան, որոնց ուզում եմ անդրադառնալ: Նախ` խոսքը մի ընտանիքի մասին է, ավելի ճիշտ` կնոջ, որը պատերազմում կորցրեց նախ ամուսնուն, որը հետախուզության պետ էր, հետո` 17 և 12 տարեկան որդիներին: Նրա երրորդ երեխան հոգեկան խանգարում ստացավ, որովհետև 12 տարեկան եղբայրը սեփական ձեռքերի մեջ էր մահացել: Սա զոհաբերության ընդամենը մեկ  օրինակ է: Իսկ նման օրինակները բազմաթիվ են, և դրանց մասին շատերը գրեթե ոչինչ չգիտեն: Մեկ ընտանիքի օրինակով` խաղարկային ֆիլմի միջոցով կցանկանայի բացահայտել այն գինը, որ վճարել ենք  մեր հաղթանակի ու մոտ 20 տարի պահպանվող խաղաղության դիմաց:

Այս պահին պատերազմից մի քանի դրվագ հիշեցի: Ստեփանակերտի ռմբապաստարանում էինք: Շուշիից ու Կրկժանից ադրբեջանցիներն անընդհատ կրակում էին: Երկու կամավորներ դուրս եկան ապաստարանից ու գնացին ջրի: Մի երեխա այդ ընթացքում անընդհատ լաց էր լինում ու ջուր ուզում: Այնքան լաց եղավ, որ երեխային կրծքով կերակրող մի կին առաջարկեց նրան էլ կերակրել, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնի: Բայց երեխան հրաժարվեց: Ես մոտեցա, փորձեցի կատակներով հանգստացնել: Այդ ընթացքում տղաները վերադարձան: Մոմի աղոտ լույսի տակ հանկարծ նկատեցի, որ նրանցից մեկի ոտքը վիրավոր է: Տեսա նաև, որ նրա ձեռքի դույլի ջուրն արյունոտ է, բայց լռեցի ու ոչինչ չասացի: Ջուրը խմեցին ու սարսափելի ոչինչ տեղի չունեցավ, բայց եթե արյան մասին իմանային ու չխմեին, ստիպված ինչ-որ մեկն էլի պիտի ջրի գնար: Բայց մեկ դույլ ջուրը մարդկային կյանք արժեր: Պատերազմում մարդկային զգայարանները բոլորովին այլ կերպ են գործում, վտանգի անընդհատ ներկայությունը ստիպում է գործել ծայրահեղ զգոնությամբ, դա բոլորովին այլ հոգեվիճակ է:

Մի դեպք էլ հիշեցի. 2000 թվականին Սիսիանում էի: Նկատեցի, որ մի տղա  դեպի ինձ է վազում ու բղավում` Սամվեʹլ հոպար, Սամվեʹլ հոպար: Նայում եմ, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե որտեղ ենք հանդիպել: Երբ մոտեցավ, տեսա նրա երկու փշրված ատամներն ու…

Երբ «Գրադը» հարվածում էր, բոլորը ականջները փակում և ուժեղ ձգվում էին, իսկ երեխաներն այնպես էին սեղմում ատամները, որ դրանք փշրվում էին: Տղան Արցախից էր, ռմբապաստարանում նրան թուղթ էի տվել, որ նկարեր, ինձ տեսել ու ճանաչել էր:

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 


Նրանք նկարում էին պատերազմը

Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

«Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


Ներբեռնել գիրքը