UNKNOWN_PARAMETER_VALUE (57)Ռեժիսոր Մարատ Սարգսյանը դեռևս վաղ հասակից գործունեություն է ծավալել հեռուստաստուդիայում: Ապա տեղափոխվելով Լիտվա` շարունակել է աշխատանքը տարբեր հեռուստանախագծերի վրա, նկարահանել ավելի քան 10 մրցանակակիր երաժշտական տեսահոլովակներ: Իսկ ահա օրերս Հայաստանում էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով, որին  ներկայացրել էր իր «Հայրը» ֆիլմը: Այն պատմում է Վիդաս Զենոնաս Անտոնովասի մասին, որը հայտնի է որպես Խորհրդային Միության ամենանշանավոր հանցագործներից մեկը` «Մաֆիայի հայր» մականվամբ: Նա մոտ մեկ միլիոն ռուբլի է գողացել պետական հաստատություններից, առևանգել ուղևորներով լի ինքնաթիռ: Կյանքի 20 տարին նա անցկացրել է 15 բանտերում: Ֆիլմում նա 71 տարեկան է և  մեծ ընտանիք ունի` 10 երեխա, 2 թոռ և մեկ նորածին տղա:

UNKNOWN_PARAMETER_VALUE (56)Ֆիլմը պատմում է նախկին հանցագործի արժեքների, ժամանակին և ճակատագրին մարտահրավեր նետած մարդու, կյանքի անհագուրդ ծարավի ազդակների մասին: Այն նաև մի ընտանիքի սիրո պատմություն է, որում ներկայացվում է թե ինչպիսին է երջանիկ  ընտանիքը կամ ինչպիսին կարող է լինել:   «Հայրը» ֆիլմն արդեն հասցրել է մրցանակների արժանանալ այլ փառատոներում:

Մարատ Սարգսյանը, անդրադառնալով նկարահանման գործընթացին և Անտոնովասի ընտանիքին, ասաց, որ նրանք ապրում էին  ուրիշ մտածողությամբ և  «վայրենի» էին: Ռեժիսորը նշում է, որ լինում էին դեպքեր, երբ նկարահանող խումբը այլևս չէր դիմանում և ստիպված էր հավաքել իրերն ու ինչ-որ ժամանակ դադարեցնել նկարահանումները: Ըստ ռեժիսորի` ֆիլմի առավելությունն այն է, որ հեղինակները չեն փորձել գնահատական տալ, այլ միայն արձանագրել է այն, ինչ կատարվել է:  Ի դեպ, ֆիլմի նկարահանման գործընթացը տևել է 2-3 ամիս, իսկ տեսագրությունը` 80 ժամ, որից մնացել է միայն 1 ժամը:

Ռեժիսորն ընդգծեց, որ «Հայրը» իր առաջին վավերագրական ֆիլմն է, և նկարահանման ընթացքում մշակվել են կանոններ` լավ ֆիլմ ստանալու համար. «Մենք ուղղակի գտնվում էինք այդ ընտանիքում»:

Ի դեպ,  Լիտվիայում «Հայրը» բացասական արձագանքների է արժանացել,   կինոքննադատները նշում էին, որ ամբողջ ուշադրությունը հոր վրա է սևեռվել և նսեմացվել է մոր կերպարը:  Ի տարբերություն Լիտվիայի,  ռեժիսորի հավաստմամբ, Եվրոպայում ֆիլմը դրական արձագանքների է արժանացել  և  մասնակցել է մի շարք կինոփառատոների:

«Կինոաշխարհը», անդրադառնալով լիտվացի կինոքննադատների տեսակետին, զրուցեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ, կինոքննադատ Արծվի Բախչինյանի հետ: «Ռեժիսորի բացարձակ իրավունքն էր իբրև ֆիլմի հերոս ընտրել տղամարդուն, որն իր անցյալով և ներկայով շատ գունեղ կերպար էր։ Նրանից 40 տարով երիտասարդ կինը ֆիլմի հերոսուհի դառնալու շանսեր չուներ, և այս կարծիքը ոչ թե սեքսիզմի կամ մաչոյիզմի արտահայտություն է, այլ փաստի արձանագրում, այնպես որ թող նեոֆեմինիստները պայքարեն պոռնոգրաֆիայի դեմ, ոչ թե հաջողված վավերագրությունների»,- ասաց նա։

Ի դեպ, մի շարք փառատոներ ֆիլմի հայտը չեն ընդունել` մեկնաբանելով, որ  այն հավանել են, սակայն չգիտեն, թե որ խմբի մեջ դնել` փիլիսոփայակա՞ն, սոցիալակա՞ն, թե՞ վավերագրական:

Ռեժիսորը զրույցի ընթացքում նշեց նաև, որ ֆիլմի պրեմիերայի ժամանակ հերոսը ներկա է եղել և բեմ բարձրանալուն պես սկսել է արտասվել ասելով. «Երբեք չէի պատկերացնի, որ ընտանիքս կարող էին այդպես ներկայացնել»:

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ