UNKNOWN_PARAMETER_VALUE (48)Անդրանիկ Հարությունյան. սովորում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրա բաժնում: 3-րդ կուրսի ուսանող է: «Հեքիաթը» նրա երկրորդ կարճամետրաժ ֆիլմն է: Առաջին փորձը  «Զակատն» էր, որը «Վեբ ծիրան» փառատոնի երրորդ մրցանակակիրն էր 2012 թվականին:

Անդրանիկ Հարությունյանի 13 րոպե տևողությամբ «Հեքիաթը» միակ հայկական ֆիլմն է, որն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային 10-րդ կինոփառատոնի «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում:  «Կինոաշխարհը» շտապեց հանդիպել խոստումնալից ռեժիսորին:

– «Հեքիաթը», ինչպես և առաջին ֆիլմը, կուրսային աշխատանք է: Ակնկալիքներս մեծ չէին, քանի որ  ֆիլմում պետք է աշխատեի խաղալիքներով, իսկ դա հեշտ չէր: Ֆիլմը տարեց կնոջ մասին է, որը կյանքի վերջին րոպեներին անգամ տիկնիկից հեքիաթ է ակնկալում: Անկախ տարիքից` յուրաքանչյուր մարդ կյանքում հեքիաթի կարիք ունի, որին սպասում է մինչև իր կյանքի ավարտը:

Միջոցների սղության պատճառով նկարահանումները կատարել ենք մեր բնակարանում: Մորս համոզեցի, ու յոթ օր մեր հյուրասենյակը վերածվեց նկարահանման հրապարակի: Հաճախ  կատակով ասում ենք` Աստված յոթ օրում արարեց աշխարհը, իսկ մենք արարեցինք «Հեքիաթը»: Ֆիլմում նկարահանվեց դերասանուհի Անահիտ Ղուկասյանը, որ սիրով համաձայնեց աշխատել սկսնակներիս հետ: Նրա փորձի ու ջանքերի շնորհիվ  այսպիսի  արդյունք ստացանք: Կուզեի ընդգծել հատկապես ֆիլմի օպերատոր Գաբրիել Միրաքյանի անունը: Նա, կարելի է ասել, ոսկերչական աշխատանք է կատարել: Ընդհանրապես աշխատանքը կատարել ենք  չորս համակուրսեցիներով, այդ թվում նաև`  Նիկոլայ Հովհաննիսյանը, Հայկ Բաբայանը:

UNKNOWN_PARAMETER_VALUE (49)«Ոսկե ծիրանի» կարճամետրաժ ֆիլմերի  մրցութային ծրագրում հայտնվելն ինձ համար արդեն մեծ հաղթանակ էր: Պատկերացրեք, որ այս մրցույթի շարունակության մասին արդեն չեմ էլ մտածում: Ինձ համար կարևորն այն էր, որ ֆիլմը, փաստորեն, համապատասխանել է  մրցույթի խստապահանջ ժյուրիի պահանջներին:

Ի՞նչ խմորումներ կան այսօր սկսնակ ռեժիսորների շրջանում: Կա՞ն արդյոք հետաքրքիր գաղափարներ:

– Ընդհանուր առմամբ միօրինակություն կա դաշտում: Դրա համար էլ շատ էի ցանկանում, որ մեր ֆիլմը տարբերվի: Մենք սովորում ենք ռեժիսոր Սուրեն Բաբայանի կուրսում, որը փոխեց մեր պատկերացումները «կինո» ասվածի վերաբերյալ ու մեզ ուղղորդեց դեպի եվրոպական կինոմտածողությունըª հիմքում պահպանելով, իհարկե, ազգայինը: Կոնկրետ «Հեքիաթում» կան մոտեցումներ, որոնք բնորոշ են ֆրանսիական կինոյին:

Որքանո՞վ է ձեր ուսուցչի` Սուրեն Բաբայանի ձեռագիրը ներկա այս ֆիլմում:

– Այդ ներկայությունը բավականին մեծ է, որովհետև ֆիլմում այն հոգեվիճակն է, այն մթնոլորտը,  որը փոխանցել է մեզ Սուրեն Բաբայանը: Երբ առաջին անգամ նա ֆիլմը դիտեց, ասաց` պետք է մոնտաժել: Մոնտաժից հետո ասաց` նորմալ է:

Կինոաշխարհում այսօր չափազանց մեծ արագությամբ են տեղի ունենում փոփոխությունները, ինչպես տեխնիկական միջոցների նորացման առումով, այնպես էլ մտածողության և ընկալումների: Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը կարողանո՞ւմ է արդյոք ձեռքը զարկերակին պահել և փոխանցել ուսանողներին այն, ինչ տեղի է ունենում այսօր կինոաշխարհում:

– Մի բան կարող եմ ասել. երբ ինձ անհրաժեշտ էր տեսախցիկ ֆիմը նկարելու համար, ինստիտուտում  ոչնչով օգնել չկարողացան: Ինչ վերաբերում է մտածողությանը, ապա, ինչպես արդեն նշեցի, մեր ուսուցչից` Սուրեն Բաբայանից շատ բան ենք վերցրել:

Ո՞րն է քեզ համար լավ ֆիլմը:

– Ըստ մեր դրամատուրգիայի դասախոս Վալերի Գասպարյանի` լավ ֆիլմի համար պետք է ունենալ  կուռ գրական սցենար: «Սցենար, սցենար, սցենար»,- հայտնի Հիչկոկի պնդմամբ էլ հենց սրանք են լավ ֆիլմ ստեղծելու երեք անհրաժեշտ նախապայմանները:

Որպես սկսնակ ռեժիսոր ի՞նչ հեռանկար ես տեսնում հայ կինոյում, ինչպիսի՞ն ես պատկերացնում քո ֆիլմերի հետագա ճակատագիրը:

– Մինչ փառատոնի մրցութային ծրագրում հայտնվելը մտածում էի, որ իմ աշխատանքը կինոյում  կսահմանփակվի  երկու ֆիլմով, ու ինստիտուտն ավարտելուց հետո մի հետադարձ հայացք կգցեմ իմ բուհին  ու կգնամ այլ ոլորտում աշխատանք փնտրելու: Ես կարծում էի, որ Հայաստանում այսօր կինոյի ոլորտում աշխատել հնարավոր չէ: Բայց հիմա մտածում եմ, որ փառատոներն, այնուամենայնիվ, կարող են օգնել սկսնակ ռեժիսորներին ճանահարհ հարթելու և, ինչու չէ,  միջազգային ասպարեզ դուրս գալու:

Զրուցեց Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆԸ