1Հաճախ կինոերաժտության մասին խոսելիս հիշում ենք կոմպոզիտորին կամ երգչին: Դասական երաժշտության պարագայում կատարողները կարծես մի տեսակ ստվերում լինեն: Ֆիլմի ենթագրերում, իհարկե, նշվում է նրանց անունը, սակայն կատարողների անուններն այնքան էլ հաճախ չեն հիշատակվում: ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը ոչ միայն աչքի է ընկնում բարձրաճաշակ համերգներով, այլև կինոերաժշտության հետաքրքիր կատարումներով: Ինչո±վ է նա տարբերվում մյուս կատարողներից: «Կինոաշխարհը» զրուցեց դաշնակահարի հետ, որը խոսեց ռեժիսոր Սերժ Ավետիքյանի և կոմպոզիտոր Միշել Կարսկու հետ համագործակցության մասին: Նրա օգնությամբ մի փոքր էլ բացահայտվեց ձայնագրությունների «ներքին խոհանոցը»:

Ավետիքյան-Կարսկի-Մելիքյան եռյակը

Սերժ Ավետիքյանի հետ ծանոթացել եմ 2007 թ. Փարիզում, երբ նա ներկա էր իմ մենահամերգին: Նրան կոմպոզիտոր Միշել Կարսկին էր հրավիրել, որպեսզի լսի ինձ: Նրա այդ ունկնդրումն էլ հետագայում համագործակցության ուղիներ հարթեց: Համերգին կատարում էի Կարսկու դաշնամուրային պիեսը: Նրա ստեղծագործությունները կատարում եմ 2006-ից: Կարսկին և Ավետիքյանը երկար տարիներ է, ինչ համագործակցում են, և քանի որ հաճախ եմ նվագում և ձայնագրում Կարսկու գործերը, Ավետիքյանն առաջարկեց համագործակցել: Ես, իհարկե, ուրախությամբ ընդունեցի իմ ձայնագրություններն իր ֆիլմերում ներառելու առաջարկը: Սկզբում ռեժիսորն ավելի փոքր հատվածներ էր վերցնում և օգտագործում իր կարճամետրաժ ֆիլմերում: Ամեն անգամ Փարիզ այցելելիս Կարսկին ինձ ցուցադրում էր Ավետիքյանի արդեն պատրաստ ֆիլմը: Ինձ համար դա հուզումնալից պահ էր, գիտեի, որ արդյունքը գոհացուցիչ է լինելու:

Կարսկու հետ անձամբ և նրա դաշնամուրային պիեսին ծանոթացել եմ 2006-ին, երբ նա Երևան էր ժամանել: Նա շատ խստապահանջ կոմպոզիտոր է, բայց ես սովորել եմ նրա հետ աշխատել,  մանավանդ որ համագործակցությունն արդյունավետ է: «Փարաջանով» ֆիլմի աշխատանքներում ներգրավվեցի, երբ Կարսկին ինձ տվեց սցենարը: Ծանոթանալուց հետո ես տվեցի իմ համաձայնությունը: Ֆիլմի թրեյլերը վերջերս եմ դիտել և շատ եմ հավանել: Ավետիքյանը տաղանդավոր արվեստագետ է: Այս պահին համագործակցության ծրագրեր չկան, բայց սիրով կրկին կաշխատեմ նրանց հետ նոր առիթների դեպքում:

Մի փոքր «ներքին խոհանոցից»

Ավետիքյանի ֆիլմերի համար ձայնագրությունների ընթացքում Կարսկին խնդրում էր նվագել խառը հատվածներ ստեղծագործությունից, որոնք հետո կոմպոզիտորը հաճախ համադրում էր էլեկտրոնային ձայների հետ: Իսկ վերջնական ընտրությունը կատարում էր Ավետիքյանը` իր ֆիլմերի կադրերին համապատասխանեցնելու նպատակով:

Ժան Ժակ Պռյունի «Մենդելսոնը տանիքի վրա»  ֆիլմում կրկին Կարսկու էլեկտրաակուստիկ երաժշտությունն է հնչում: Այստեղ օգտագործվել են նաև Կարսկու ստեղծագործությունների` իմ դաշնամուրային ձայնագրությունները: Փարիզում ձայնագրության ընթացքում Կարսկին ասաց, որ կրկին ուզում է ձայնագրել խառը կտորներ, որոնք կընտրի և կհամադրի էլեկտրոնային երաժշտության հետ: Կինոերաժշտության դեպքում ես անում եմ այն, ինչ կոմպոզիտորն է ուզում: Տվյալ պահին ես կատարողն եմ: Շատ հաճախ Կարսկին էլ, ոգևորված իմ իմպրովիզացիաներով, առաջարկում էր ձայնագրության համար իմպրովիզացնել իր թեմաների տարբեր կտորներ: Նա նշում էր, որ օրինակ` այն հատվածում, որտեղ Փարաջանովը հանդիպում է իր կնոջը, ես ավելի հանգիստ և խորհրդավոր պատկեր նվագեմ: Այնտեղ, որտեղ թբիլիսյան տեսարան է, նվագում էի դաշնամուրի լարերի վրա` կովկասյան կոլորիտ ստանալու նպատակով: Այսպես էլ ընդհանուր հայտարարի էինք գալիս:

Կարսկին և կինոերաժշտությունը

Նրա երաժշտական մտածողությունն իսկապես ֆիլմերին համահունչ է, քանի որ խիստ տրամադրության երաժշտություն է գրում, որը կարող է արտահայտել, «արտասանել» այն ամենը, ինչ կադրն է ցույց տալիս, օրինակ` նավագնացություն, շան հաչոց, բանտի տեսարան, մանկական միամտություն և այլն:  Այն շատ երևակայական է:

Հայկ Մելիքյանը` կինոերաժշտության հեղինակ

Առաջին անգամ ֆիլմերի համար երաժշտություն գրելու փորձը 2006-ին էր, երբ «Նարեկացի» մրցույթում մրցանակ ստացա:  Այդ առաջարկված կտորի համար դաշնամուրի միջոցով արտահայտել եմ իմ երևակայությունը և համադրել կադրերի հետ:

Այսօր էլ կցանկանայի ֆիլմի երաժշտություն գրել, բայց չեմ կարող: Նման մի առաջարկ վերջերս եմ ստացել (ֆիլմի անունը չցանկացավ նշել- Ս.Խ.): Ֆիլմը նայեցի, բայց հրաժարվեցի, որովհետև ֆիլմի երաժշտություն գրելը մի ուրիշ արվեստ է: Ես կատարող-դաշնակահար եմ: Կինոերաժշտություն գրելը շատ լուրջ գործ է, որը երկար տարիներ պետք է ուսումնասիրել, դրա մեջ պետք է լինել, նաև փորձ ունենալ: Բացի դրանից, այսօր արդեն դա իրականացնելու համար պետք է տիրապետել էլեկտրոնային տեխնիկային: Իհարկե, կարող եմ պատկերացնել, բայց իրականացնել չեմ կարող: Կարող եմ սիմֆոնիկ պարտիտուր գրել, բայց դա էլ իմը չէ: Կարծում եմ` յուրաքանչյուրս մեր առաքելությունն ունենք արվեստում:

Սոնա ԽԱՉԱՏՐՅԱՆ