Կարճատև սպիտակ երազ
Վերջին տարիներին Հայաստանում սկսել են հետաքրքիր կարճամետրաժ ֆիլմեր նկարահանվել, ինչը հուշում է, որ խորհրդային կինոարտադրության անճոռնի մեքենան դանդաղորեն քայքայվում ու ճաք է տալիս (վերջապես): Ի հայտ են գալիս փոքր ու խտացված ֆորմայի ֆիլմեր, որոնք հավասարապես հեռու են ևʹ պաթետիկ, ևʹ պոետիկ կաղապար-ուղերձներից (երկու դեպքում էլ հարկ է ավելացնել «պսևդո» նախածանցը, քանի որ, որպես կանոն, պաթոսն ու ասմունքային ֆորմատը ռեժիսորների համար սեփական անճարությունը քողարկելու լավ շղարշ են):
Ֆիլմեր, որտեղ կա կյանք ու մի քիչ ավելի, իրականում հազվադեպ են: Էʹլ ավելի հազվադեպ են այն ֆիլմերը, որտեղ կա կյանք ու մի քիչ հումոր: Հումորը թանկարժեք գտածո է մեր անկախ կինոպատմության մեջ, որը կարծես միշտ ռեժիսորների ձեռքից փախչում ու թաքնվում է` հանդիսատեսին թողնելով կամ գոտկատեղից ներքև նշանակետ ունեցող ու հռհռալու դրդող կոմեդիաները, կամ էլ պարզապես չստացված կինոաշխատանքները, որտեղ ավելի շատ հումորի ճիգ, քան հումոր կա:
Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն այն գործն է, որի մեջ շատ պրոֆեսիոնալ ու նրբանկատորեն շաղ է տրված հումորային իրավիճակը: Հումորը կարծես ամենուր է` մերթ դառնում է գրոտեսկ, մերթ ստանում պարոդիկ ֆորմա, իսկ վայրկյաններ անց վերածվում պարոդիայի կամ էլ թախծոտ կատակերգության:
Իր ժանրով այս 13-րոպեանոց ֆիլմը ֆանտասմագորիկ հեքիաթ է, որը պահպանում է դասական դրամատուրգիայի բոլոր կանոնները (ունի սկիզբ, ճյուղավորում, կիզակետ, ֆինալ) և սահուն ու հոդաբաշխ պատմություն է պատմում հանդիսատեսին:
Լինում է, չի լինում մի գառ, որին բախտ է վիճակվում խուսափել իր ցեղակիցների ճակատագրից (մորթված լինելուց) ու ոչ միայն կենդանի մնալ, այլև երանելի աստեղային ժամին հասնել` հռչակվելով նոր Փրկված: Արնաքամ «սպիտակամորթ» գառնուկ Բեբեն ակամա է հերոսանում, քանի որ լավ տեղավորվում է գլամուրային-սկանդալային հոսանքում ու դառնում մեդիա դաշտում մեծ սպառում ունեցող «դեղին» լրահոսի գլխավոր նյուսմեյքերը: Նրան լուսանկարում են, ֆիլմեր ու ռեպորտաժներ պատրաստում, ապաքինման համար աղոթում (զանգվածային), արձաններ տեղադրում (բրոնզաձույլ): Գրեթե ռեալիթի շոուի եղանակով հանրությունը հետևում է նրա ամեն մի հոգոցին ու մայունին` կուռք սարքելով մի էակի, որի միակ գլխավոր արժանիքն իր փոքր չափը, սպիտակ գույնն ու անասուն, այսինքն` անխոս, անլեզու, հետևաբար` ինքնապաշտպանությունից զուրկ լինելն է:
Այդ էակն ի սկզբանե, ի ծնե պատմական առաքելություն ունի. նա պետք է զոհաբերվի: Սպիտակ, անմեղ ու մաքուր գառնուկի ֆունկցիան դարեր շարունակ եղել ու մնում է «քավության նոխազի» դերակատարումը (զոհաբերվելը): Հրանտ Վարդանյանի ֆիլմում նույնպես զոհաբերվում է, ընդ որում` կոնկրետ իր տիրոջ` հովվի կամքով և կոնկրետ գնով` 30 հազար դրամով (30 հազար թե 30 արծաթ, արդեն երկրորդական է):
«Սպիտակ գառան երազը» պատմական, բիբլիական, սոցիալական տարբեր զուգահեռներով հանդերձ` զարմանալի թարմ և ուրախ կոմեդիա է, որի բոլոր տարրերը (անգամ` ողբերագական երանգներ ունեցող) շատ ամուր իրար են սոսնձվում` առանց ֆիլմի պատումը «քնեցնելու» կամ լղոզելու: Ռեժիսորն առաջարկում է դինամիկ ու արագ ռիթմ, որն էլ կարողանում է պահպանել մինչ ավարտը` խուսափելով ձգձգված ու ձանձրալի մեկ կադրից անգամ:
Կլիպային ռիթմ ունեցող այս ֆիլմին բավականին մեծ դերասանախումբ է մասնակցում, և հաճելիորեն աչք է շոյում այն հանգամանքը, որ ցանկացած պերսոնաժ լավ մշակված է (իր բնավորությանը համապատասխան գրիմով, հագուկապով, շարժուձևով) ու կադրում առանց անելիքի չի հայտնվում: Մեր ժամանակակից կինոյի կարևոր խնդիրներից մեկն էլ թերևս ռեժիսորի աշխատանքն է դերասանի հետ, որը երբեմն ձևական բնույթ է ունենում, իսկ այս ֆիլմում երևում է, որ դերասանները կրում են հենց այն դիմակը, որը պետք է ֆիլմի հեղինակին: Երբեմն մեկ դետալը միտումնավոր ու գրագետ ուռճացվում է` փոխելով կոմպոզիցիայի թվացյալ և շատ փխրուն հավասարակշռությունը: Գրոտեսկը հենց այդպես էլ ծնվում է` դետալների ու ամբողջության համադրումից ու հակասությունից: Ասենք` սպիտակ ու սև գառների հոտերն իրար են խառնվում ու ծնվում է սկզբից չալպտուրիկ, իսկ հետո արդեն` գորշ գույնը: Լիակատար իդիլիկ պայմաններում հաց, պանիր, լոլիկ ուտող հովիվը (Արամո-Արամ Գևորգյանը) այնքան մանրակրկիտ ու հաճույքով է ուտում իր մի պատառ ճաշը, որ այդ հաճույքը տարածվում է ողջ դաշտով ու հանգում հաճույքով մի կտոր միս վաճառելու ամենօրյա պրոցեսին:
«Սպիտակ գառան երազն» առատ է մարդաշատ (նաև գառաշատ) դրվագներով, որոնք կինոյի մասշտաբների հետ խաղ են հիշեցնում (օպերատորը Վահագն Տեր-Հակոբյանն է): Ընդհանրապես ֆիլմի դիտումն ինքնին խաղ է: Ուրախ, մանկությունից ձգվող մի խաղ, որի էությունն ընդգծում է նաև լեզուն: Ավելի ճիշտ` լեզվի բացակայությունը. հերոսներն իրար հետ շփվում են պայմանական, մանկական թոթովանք հիշեցնող հնչյունների հավաքածուով: Միգուցե դրա շնորհիվ էլ ֆիլմը հետաքրքրությամբ դիտում են հատկապես երեխաները, որոնք իմաստային կույտերից կարողանում են արագորեն դուրս հանել սեփական խոհերի նմանակներին:
Լեզուն, իմաստները, համադրությունները ֆիլմում խաղալիքներ են, որոնք ցանկացած դիտող կարող է վերադասավորել յուրովի (ի վերջո, ֆիլմի վերնագրում «երազ» բառը կա): Կարող է բնապահպանական ենթատեքստ տեսնել կամ էլ նորովի ընթերցել կորուսյալ զավակի հնագույն առասպելը (ազատ գառնուկը փրկվելուց հետո կրկին իր տիրոջ մոտ է վերադառնում և ավելի խաղաղ պայմաններում զոհվում): Սակայն ամեն պարագայում դիտողին առաջարկվելու է ամուր կառուցված սյուժեին հետևել, որը ձգված է ֆիլմի ողջ մակերեսով:
Այս ֆիլմի գրավչությունը միտումնավոր մակերեսային կառուցվածքն է: Ու թող ներեն այն բոլոր արտհաուսային կարկառուն հայ ռեժիսորները, որոնք ֆիլմեր են անում խորքային, անգամ անդնդային չափանիշներով (որքան խճճված ու մութ, այնքան հեղինակային, ու հետևաբար` լավ), բայց կինոյի ձգողական ուժը կինոպատումի մակերեսի պարզ ու ճշգրիտ (գրեթե մաթեմատիկական) կառուցումն է: Այդ դեպքում էկրանին հայտնվող ևʹ ցավն է ցավ, ևʹ ծիծաղն է ծիծաղ, ևʹ կարոտն է կարոտ:
Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ
Հ.Գ. «Սպիտակ գառան երազը» նորաստեղծ «Արև» ստուդիայի առաջին նախագիծն է, որի ֆինանսավորումը պրոդյուսերներ Հրանտ Վարդանյանն ու Արամոն հայթայթել են սեփական ջանքերով: Ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր. կարճամետրաժ ֆիլմեր» ծրագրում: