download (1)Վերջերս հոլիվուդյան ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը և Ջորջ Լուկասը խոսեցին ներկայիս կինոարդյունաբերությանը սպառնացող ճգնաժամի մասին: Նրանց համոզմամբ,  ուզենք թե չուզենք, մոտ ապագայում այդ ոլորտում արմատական փոփոխություններ են  կատարվելու: Ենթադրում են, որ այսուհետ կինովարձույթում կառաջնորդվեն այսպես կոչված տոմսերի տարբերակման սկզբունքով: Եթե հիմա բոլոր ֆիլմերի տոմսերը վաճառվում են հիմնականում միևնույն գնով, ապա շուտով, ըստ Սփիլբերգի, ասենք, «Երկաթե մարդը» բլոկբաստերի հերթական մասի դիտման համար հանդիսատեսը ստիպված կլինի ծախսել 25 դոլար, մինչդեռ իր «Լինքոլնի» կարգի կենսագրական ֆիլմերը հնարավոր կլինի նայել 7 դոլարով: Այդ տարբերակումն, ի դեպ, արդեն Բրիտանիայի Odeon ցանցը կիրառում է: Լուկասն էլ, համաձայնվելով գործընկերոջ հետ, չի բացառել, որ հետագայում  կինոարդյունաբերությունն առհասարակ անցնի տարածման բրոդվեյյան մոդելին, այսինքն` ֆիլմերն ավելի հազվադեպ վարձույթ մտնեն, սակայն մեծ էկրաններին յուրաքանչյուր ժապավեն ցուցադրվի  մոտ մի տարի:

Ֆիլմերի մեծ մասն էլ, երկու ռեժիսորների կարծիքով, առհասարակ անմիջապես կհեռարձակվի հեռուստատեսությամբ, ընդ որում, Լուկասը կարծում է, որ նման տարբերակը նույնիսկ գրավիչ է: Նրա խոսքով` իրերի ներկայիս դրությունը շուկայում, որ բնորոշվում է ֆիլմերի բարձր բյուջեներով և պրոդյուսերների` զանգվածային արտադրանք տալու ձգտումով, աստիճանաբար առաջին գիծ է մղում կաբելային հեռուստատեսությունը:

Արևմտյան կինոթատրոնները, ջրի երեսին մնալու համար, բացի ֆիլմերի տոմսերի գները տեսակավորելուց, կինոդիտողներին սկսել են գրավել այլընտրանքային կոնտենտով կամ այսպես կոչված «իրադարձային վարձույթով»:  Բրիտանական վարձույթի ցանցերը, օրինակ (Cineworld, Vue, Odeon և UCI),  դեռ մի քանի տարի առաջ սկսել են էկրաններին ցուցադրել ոչ կինեմատոգրաֆիական արտադրանք` սկսած օպերայից ու բալետից մինչև ռոք համերգներն ու սպորտային մրցումները: Այսօր, երբ գրեթե բոլոր կինոթատրոններն իրենց ժապավենային պրոյեկտորները փոխարինել են թվանշային տեխնիկայով, նրանց «տեսականու» ընդլայնման հնարավորությունները գրեթե անսահման են դարձել:

Բոլորովին վերջերս` հունիսի 18-ին, հազարավոր բրիտանացիներ գնացին կինոթատրոններ, որպեսզի «այցելեն» Բրիտանական թանգարան` տեսնելու հրաբխի մոխիրների տակ թաղված հին հռոմեական Պոմպեյ քաղաքից պեղված ցուցանմուշները` մասնագետների մեկնաբանություններով: Այդ հեռարձակումն ամբողջ Բրիտանիայի 280 կինոթատրոններում դիտեց ավելի քան 25 հազար մարդ: Նույն ամսին բրիտանական կինոէկրաններին  ցուցադրվեց ուղիղ հեռարձակում Պետերբուրգի Մարիինյան թատրոնից. հանդիսատեսը  հնարավորություն ուներ տեսնելու Չայկովսկու «Կարապի լիճը» 3D-ով: Եթե անգամ այդ հանդիսատեսն ապրում էր բրիտանական ծայրագավառում:

Ըստ որոշ հաշվարկների` կինոթատրոններում այլընտրանքային կոնտենտի բերած շահույթն ամբողջ աշխարհում այս տարի կհասնի 500 մլն դոլարի: Իսկ առաջիկա տասը տարվա ընթացքում որոշ երկրներում այլընտրանքային կոնտենտին կարող է բաժին հասնել կինոթատրոնների շահույթի 5%-ը: Դա նշանակում է, որ համընդհանուր շուկայում  նման հեռարձակումները 1 մլրդ դոլարի շահույթ կբերեն:

Մայիսի 24-ին ՌԴ նախագահ Պուտինը երկրի նշանավոր կինեմատոգրաֆիստների, ինչպես նաև հեռուստատեսության և կառավարության ներկայացուցիչների խորհրդակցություն հրավիրեց Սոչիում և կոչ արեց վերադառնալ ռուսական կինոարդյունաբերության մասնակիցների էթիկայի խարտիայի ստեղծման հարցին, որը նա բարձրացրել էր դեռևս 2011 թ.: Նա ընդգծեց, որ նման խարտիայի առկայությունը կարող է ուղեցույց դառնալ պետության համար կինեմատոգրաֆի հետագա աջակցության ռազմավարության համար: Նույն խորհրդակցությունում Պուտինը պահանջեց նաև վեր հանել պետական աջակցության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի արմատները, երբ պետությունը ֆինանսավորում է կինոարտադրողների և կինովարձակալների նախագծերը, լուրջ գումարներ է ներդնում, իսկ  դրանք վատ են օգտագործվում կամ առհասարակ չեն օգտագործվում: Ի լրումն` շեշտեց, որ պետությունը շատ բան է անում ռուսական կինոյին աջակցելու համար, և մարդիկ ակնկալում են, որ կստեղծվեն այնպիսի կինոնկարներ, որոնք համարժեք կլինեն հասարակության պահանջմունքին: «Քանիցս եմ ասել, որ պետությունը կարող է օգնել կինո նկարելու հարցում, բայց ի վիճակի չէ ստիպել մարդկանց նայել այդ կինոն»,- ասել է նա:

Այդ խորհրդակցության արդյունքում ՌԴ նախագահը հստակ ժամանակացույցով հստակ հանձնարարականներ տվեց կառավարությանը: Այսպես, մինչև հոկտեմբերի 1-ը մշակել և իրականացնել կինոդահլիճներում ֆիլմերի ցուցադրությունների մասին տեղեկությունների միասնական դաշնային ավտոմատացված տեղեկատվական համակարգի կատարելագործման հարցը, այդ թվում` դրամարկղային ապարատների և էլեկտրոնային տերմինալների միջոցով կինոսեանսների տոմսերի վաճառքի տեխնոլոգիայի ներդրման հարցը, մինչև հունիսի 25-ը մշակել կինեմատոգրաֆի ոլորտում կրթության զարգացման ռազմավարության հարցը, մինչև օգոստոսի 1-ը առաջարկություններ ներկայացնել փոքր քաղաքներում ժամանակակից կինոթատրոններ կառուցելու ծրագիրն իրականացնելու համար, մինչև օգոստոսի 15-ը պարտավորեցնել կինոարտադրողներին դերասանական բաժինների ուսանողներին ներգրավել կինոնկարահանումներում որպես ստաժորների: Եվ այսպես շարունակ:

Ահա ինչպիսի տագնապ ու անհանգստություն է աշխարհում, այդ անհանգստությունից ծնվող նոր գաղափարների և ուղիների որոնում: Մեր և նրանց իրավիճակն անգամ հեռավոր աղերսներ չունեն: Անշուշտ, հօգուտ նրանց: Բայց տեսեք, թե մեզանում  ի~նչ խաղաղություն է: Մենք խնդիր չունենք, որովհետև ժամանակին սրի մի հարվածով ենք քանդել հանգույցը: Ուղղակի ծախել ու վերացրել ենք կինոթատրոններն էլ, ֆիլմարտադրության ֆաբրիկան էլ: Ու թե որոշ գումարներ ենք ներդնում կինոյի մեջ, ընդամենը փառատոներին երևալու և ցույց տալու համար, որ Հայաստանում կինոն չի մեռել: Ընդամենը:  Վերջապես նայեք այդ անհանգիստ Պուտինին և մեր կառավարության  ծրագրին, որտեղ կինոն մի տեղ է հիշատակվում և այսպես. «Պետական պատվերի տեղադրումը նպաստելու է երաժշտության, ֆիլմերի, թատերական ներկայացումների, հեռուստահաղորդումների, գրքերի միջոցով ազգային և համամարդկային արժեքների տարածմանը: Առանձնահատուկ ուշադրության են արժանանալու դեբյուտային ծրագրերը»: Հարց է ծագում` ինչպե՞ս են այդ «համամարդկային արժեքները» տարածվելու, եթե հանդիսատեսը խաղից դուրս է. օրական մի քանի անգամ պտտվող ու իրար հաջորդող գաղափարազուրկ սերիալներո՞վ, տարին մի անգամ մարզեր տարվող ժապավեններո՞վ: Թե՞ կարծում ենք` անցած դարից մնացած մեր ձեռքբերումները դեռ մի տասնամյակ էլ կբավականացնեն, որ մեր հեռուստաընկերությունները գիշերները պտտացնեն  ու մտածեն, թե համամարդկային արժեքները քնած ժամանակ են լավ յուրացվում:

Մի՞թե մեկ-երկու օրվա պրեմիերաները  մայրաքաղաքի միակ կինոթատրոնում եղանակ են փոխում: Ուրեմն եթե տագնապ չենք հնչեցնում, մնում է, որ փիլիսոփայորեն նայենք այս ամենին, քանի որ գլխից էլ ենք պրծել, գլխացավից էլ:

Անահիտ Հարությունյան