Երբ լուր է տարածվում, թե Հայաստան  է այցելելու հայազգի որևէ արվեստագետ,  սկսում ենք արտասովոր բաներ ակնկալել: Բայց այս անգամ Սերժ Ավետիքյանի այցը գերազանցեց բոլոր սպասումները: Նա Երևան էր եկել ֆրանսիացի ընկերների ու գործընկերների հետ` տարված «Անուշի»  նոր բեմադրությամբ: 

Ապրիլի 26-ի պրեմիերան ու դրան հաջորդած մյուս ներկայացումները բուռն արձագանք առաջացրին մշակութային դաշտում,  հիասթափության մատնեցին «Անուշի» նոր բեմադրությունից մեծ ակնկալիքներ ունեցող շատ արվեստագետների ու մտավորականների: Սերժ Ավետիքյանը հենց պրեմիերայի օրը կանխատեսել էր այդօրինակ արձագանք, հավելել` իր «Անուշն» ապագայի համար է, վստահ է`  ֆրանսիացի հանդիսատեսն այն լավ է ընդունելու:

Մինչ այդ նա դեռ վայելում էր երևանյան հարաբերական անդորրը: Իր սիրած անկյունում: Վերնիսաժին  հարակից մի սրճարանում, իմ ընկերակցությամբ անխռով նստած էր: Մեկնելուց առաջ ժամանակ առ ժամանակ հեռախոսով վերջին ցուցումներն էր անում ֆրանսիացի ընկերներին. զբաղված էր  ու մի քիչ լարված:

-Երբ ապրիլի սկզբին Երևան ժամանեցիք ու հանդիպեցիք լրագրողներիս, մի պահ բոլորս շփոթության մեջ ընկանք. շատ նման էիք Փարաջանովին, իրականո՞ւմ էլ դեռ կերպարի մեջ էիք:

– Միայն մորուքս էր Փարաջանովին հիշեցնում: Կերպարներն իրական կյանքում չեն ազդում ինձ վրա. ես միշտ այն եմ, ինչ կամ:

– Փարաջանովին ճանաչել եք, կապ եք ունեցել նրա հետ: Մաեստրոյին ֆիլմում մարմնավորելիս այդ հանգամանքն ինչ-որ նշանակություն ունեցե՞լ է:

– 1983 թվականին Ֆրանսիայից եկա Երևան` վավերագրական ֆիլմ նկարահանելու:  Սովետական կարգեր էին, ԿԳԲ-ն էլ արտասահմանից եկածների ամեն քայլին հետևում էր:  Բայց ուշադրություն չէի դարձնում, ազատ մարդ էի, հանդիպում էի ում հետ ուզեի, այդ թվում` բանտում նստած ընկերներիս: Փարաջանովը 2 տարի առաջ էր ազատվել կալանավայրից: Ու ես հատուկ պատվերով պետք է հանդիպեի նրան: Իվ Սեն-Լորանն իմանալով, որ Հայաստան եմ գալու, նվերներ էր ուղարկել Փարաջանովին: Խոստացել էի անպայման հանձնել վարպետին: Տարեվերջ էր, պատրաստվում էինք Նոր տարուն: Երևանում հանդիպեցի Հենրիկ Մալյանին, տեղեկացրի մտադրությանս մասին. միասին մեկնեցինք Թբիլիսի:  Բայց ես պետք է մենակ գնայի Փարաջանովի տուն: Նրան գրեթե ոչ ոք չէր այցելում.  խուսափում էին,  վախենում հայտնվել ԿԳԲ-ի ուշադրության կենտրոնում: Զանգեցի Սոֆիկո Ճիաուրելիին, ասաց` արի, Ամանորի գիշերը Փարաջանովը մեր տուն է գալու, կհանդիպես, կծանոթանաս, Իվ Սենի նվերն էլ կհանձնես: Գնացի, Նոր տարին դիմավորեցինք, շատ հյուրեր եկան Ճիաուրելիի տուն, բայց Փարաջանովն այդպես էլ չեկավ:  Առավոտյան ես այցելեցի նրան: Ի դեպ, իմ երևանյան ու թբիլիսյան այցի ամբողջ ընթացքն ընկերս` Ժակը, նկարահանում էր, որովհետև ես նպատակ ունեի տեսանյութը վավերագրական ֆիլմ դարձնել: Փարաջանովը տանն էր, նոր էր արթնացել: Ինձ տեսնելով` շատ զարմացավ. «Վահ, что ты делаешь здесь?»: Ես նրան տվի Լորանի նվերը: Ամբողջ օրը միասին անցկացրինք: Կարծես հին ծանոթներ լինեինք: Նա քչերին էր վստահում, զգուշավոր էր. բարդ ժամանակներ էին:  Բայց ես պետք է Երևան գայի: Թեև վարպետն ընդդիմացավ, նույնիսկ անձնագիրս վերցրեց, որ չկարողանամ մեկնել, բայց  ստիպված էի վերադառնալ: Հիշում եմ` երեկոյան ձնաբուք սկսվեց, չվերթը հետաձգվեց: Ես քնեցի օդանավակայանի նստարանին` փաթաթված Փարաջանովի ստեղծագործած խալաթով, որ տանում էի նրա անունից նվիրելու Իվ Սեն-Լորանին:

Այսպես  առաջին անգամ հանդիպեցի Փարաջանովին: Այդ հանդիպումը ֆիլմ դարձրի, որը ցուցադրվեց ֆրանսիական հեռուստատեսությամբ: Հաջորդ տեսակցությունը մի քանի ամիս հետո եղավ: Եկել էի Երևան, հյուրանոցում պատահաբար տեսա նրան:

Առավոտյան հյուրանոցում միասին նախաճաշում էինք: Նկատեցի, որ ԿԳԲ-ն էլի հետևում է մեզ. հեռվից ձեռքով ողջունեցի: Անակնկալի եկան, իրար անցան: Փարաջանովը պատմում էր, որ «Սուրամիի ամրոցն» է նկարում: Առաջարկեց նկարահանման ամբողջ ընթացքի մասին վավերագրական ֆիլմ պատրաստել: Սիրով համաձայնեցի, ասացի` անպայման կգամ: Բայց ԿԳԲ-ն ինձ թույլ չտվեց մեկնել Թբիլիսի: Ու ընդհանրապես իմ մուտքը Սովետական Միություն 8 տարի արգելվեց:

– Եվ ի՞նչ հիմնավորմամբ:

– Ես կարողանում էի շրջանցել ԿԳԲ-ի աշխատակիցներին, սպրդել նրանց ուշադրությունից, մի խոսքով, նրանց չէր հաջողվում հետևել ինձ ինչպես հարկն է, այդ պատճառով էլ վճռել էին ուղղակի արգելել իմ մուտքը Սովետական Միություն, ու վերջ: Ես նկարահանում էի իմ կալանավորված ընկերներին, ֆիլմեր պատրաստում, իսկ դա, բնականաբար, դուր չէր գալիս սովետական իշխանություններին:

– Կարծեմ Ձեր վերջին հանդիպումը Ֆրանսիայում է եղել:

– Այո, ցավոք վերջինը, Փարաջանովը Փարիզի  հիվանդանոցում էր, կոմայի մեջ: Այցելեցի նրան, ձեռքը բռնեցի, շոյեցի, աչքերը բացեց ու զարմացած ասաց. «Վահ, я в Париже?»:

Պազոլինիի սև-սպիտակ մեծ դիմանկարն  ուզեց, տարա, կողքին դրեցի. վերջին խնդրանքն էր: Այդ տեսարանը «Փարաջանով. գեղեցիկի սիրահարը» ֆիլմում կա:  Փարիզի հիվանդանոցում Փարաջանովը փակում է աչքերն ու կյանքին հրաժեշտ տալիս: Շատ սիմվոլներ կան ֆիլմում:

– Դուք խաղո՞ւմ էիք Փարաջանով:

– Փարաջանով խաղալ անհնար է: Փարաջանովին պետք է զգալ, իսկ այն, ինչ կոչվում է խաղ, նշանակում է դարձնել հաճույք, դարձնել քոնը:  Ուկրաինացիները պնդեցին, որ լինեմ ևʹ ֆիլմի ռեժիսորը, ևʹ գլխավոր դերակատարը: Ես երկար եմ մտածել` ինչպես մոտենալ ֆիլմին ու կերպարին: Չեմ խաղացել Փարաջանով, դարձել եմ Փարաջանով: Ես ֆիլմի ռեժիսորն էի ու ռեժիսորի էի մարմնավորում: Եթե Փարաջանովն իմ մեջ չլիներ, տեղ չէի հասցնի ֆիլմը: Ես թողեցի, որ կերպարը զարգանա, բացվի, ընդլայնվի: Շատ եմ աշխատել, որ ռուսերենս հստակ, առանց ակցենտի հնչի:

– Ֆիլմն ավարտին եք հասցրել, իսկ ի՞նչ ճանապարհ է անցնելու:

– Դժբախտաբար, Կաննի փառատոնն այս տարի ֆիլմը չընդգրկեց ցանկում: Քաղաքական ընդգծված միտումներ կային: Ամերիկյան ֆիլմերն են այս անգամ գերակշռում Կաննում, շատ են նաև ֆրանսիականները: Դեպի Վենետիկ ու Լոկառնո. Փարաջանովի մասին ֆիլմն առնվազն այդ փառատոներում պետք է ներկայացվի: Կարծում եմ` հետաքրքիր աշխատանք է ստացվել, իշխում է փարաջանովյան մթնոլորտը, նրա ոգին ու շունչը կա ֆիլմում: Կենսագրական գործ չէ, այլ փարաջանովյան արվեստի, կերպարի մասին պատմություն:

– Եթե Ձեզ բախտ վիճակվեր ապրել ոչ թե Ֆրանսիայում, այլ Հայաստանում, կլինեի՞ք այն Սերժ Ավետիքյանը, ինչպիսին եք հիմա:

– Ես ճաշակել ու մարսել եմ եվրոպական մշակույթը, ինքնադրսևորման լայն հնարավորություն ունեցել, շատ եմ ճամփորդել, շփվել տարբեր մարդկանց ու մշակույթների հետ: Այս բոլորն իմ կայացման, զարգացման գործընթացի վրա խոր հետք են թողել: Եթե չապրեի Ֆրանսիայում, իհարկե, չէի լինի այն, ինչ եմ հիմա: Ես չկտրվեցի հայկական մշակույթից, լեզվից ու հայ իրականությունից: Հայկականն ու եվրոպականը համադրվել են, խտացել իմ մեջ` դարձնելով ինձ բարդույթներից ձերբազատված մարդ: Ես որոշ չափով ճանաչված դերասան եմ դարձել, շատ ֆիլմերում եմ խաղացել, անընդհատ աշխատում եմ, ստեղծագործում: Ժամանակի մեջ ժամանակ եմ գտնում տարբեր նախագծերով զբաղվելու:

– 50-ից ավելի դերեր եք խաղացել, մեր շատ սիրելի «Մայրիկ» ֆիլմում էլ կաք: Ձեզ համա՞ր էլ է «Մայրիկը» թանկ:

– Ուրախ եմ, որ իմ միջամտությամբ Ժակի Ներսիսյանը խաղաց «Մայրիկում» Աբգարի դերը: Շառլ Ազնավուրը պետք է խաղար, բայց ինչ-ինչ պատճառներով չստացվեց: Իմ կարծիքով` «Մայրիկը» ստացված ֆիլմ չէ:

– Առաջին մարդն եք, որից «Մայրիկի» մասին նման կարծիք եմ լսում:

– Անրի Վերնոյը շատ ուշացրեց. այս ֆիլմը պետք է ավելի վաղ նկարեր, երբ  երիտասարդ էր: Պաթոսով լցված ֆիլմ է,  ավելի շատ թատերականացված սյուժե, քան ֆիլմ: Պաթոսը չափից շատ է նստած մեր մեջ: Վերնոյը «Մայրիկն» իրենը դարձրեց, անձնական ցավը ցույց տվեց, այն չնվիրեց ցեղասպանությանը: Ոʹչ Վերնոյը, ոʹչ Էգոյանը չկարողացան գտնել ցեղասպանության խնդիրը բարձրացնելու ճիշտ մոտեցումը: Արվեստը պետք է անձնականից շատ ավելի հեռու գնա, օգնի մարդկանց: Շատ դժվար է արվեստի միջոցով բարձրացնել նման կարևոր խնդիր, տուրք չտալ սիմվոլներին, այլաբանություններին, ասելիքի սահմանները լայնացնել ու ներս թողնել բոլորին: Այս առումով, իմ կարծիքով, հետաքրքիր է «Արամ» ֆիլմը: Այն ոճ ունի, համարձակ քայլ է, մինչև վերջ ստացված չէ, նկատի ունեմ մոնտաժային թերությունները, բայց հաջողված աշխատանք է: Թալեաթի դերը ռեժիսոր Ռոբերտ Քեշիշյանն ինձ չէր տալիս, ես դատավոր պիտի խաղայի. ասաց` գի՞ժ ես, ինչ է, դու հայ ես, ինչպե՞ս Թալեաթ խաղաս: Գնացի քասթինգի, փորձեցի այդ դերը, մասնագիտական խումբը հենց ինձ ընտրեց:

Բոլոր չար կերպարների մեջ կան շատ հետաքրքիր նրբություններ, խորքեր: Պետք է անմարդկայինի մեջ մարդկայինը գտնել. սա է նման դերերի գաղտնիքը:

– Առհասարակ հայկական ֆիլմերով հետաքրքրվո՞ւմ եք:

– Ես հայկական ֆիլմերով եմ մեծացել` Հրաչյա Ներսիսյանով, Ավետ Ավետիսյանով, ռուսական ֆիլմերով, իտալական նեոռեալիզմով, Փարաջանովի չկրճատված «Նռան գույնով»: Ես կինոաշխարհին ծանոթացել եմ «Արագած» կինոթատրոնում, որի մոտ էր մեր տունը: Աղքատ էր իմ ընտանիքը, բայց ծնողներս անպայման գումար էին հատկացնում ֆիլմեր նայելու համար: Մանկուց ձգտել եմ ներքին ազատության, վստահ, որ զարգանալու, ինքնադրսևորվելու համար պետք է անընդհատ սովորել, տարբեր միջավայրերի ու մշակույթների խաչմերուկում լինել: Ես օրենքները խախտող արվեստագետ եմ. օրենքներն արվեստում պետք է շրջանցել, բայց ոչ անախորժ ձևով, դուրս գալ շրջանակներից` ստեղծելով քո շրջանակը, քո օրենքները: Ասելիքդ տեղ հասցնելու համար պետք է գտնես ազդեցիկ արտահայտչամիջոցներ` անսովոր ու թարմ:

Սերժ Ավետիքյանը նոր աշխատանք է ձեռնարկել` անիմացիա: «Վերջին ռաունդը Ստամբուլում»: Այն կլինի նրա վերջին ռաունդը Ստամբուլում ևʹ բուն, ևʹ փոխաբերական իմաստով:

Նաիրա ՓԱՅՏՅԱՆ