Քաղաքապետի կորցրած այցեքարտը
Կարճատև դադարից հետո Արմեն Օհանյանի և իմ վարած «Raffi VS Armen. Թեր և դեմ» խորագիրը կրկին վերսկսում ենք: Ի սկզբանե խորագիրը նպատակ ուներ պահել դրականի և բացասականի սկզբունքը, բայց մեր նախորդ թողարկման ժամանակ ստիպված եղանք այն խախտել: Այս անգամ ևս չենք դիմադրել գայթակղությանը: Հուսով ենք, որ հաջորդիվ կվերադառնանք ավանդական տարբերակին, թեև այսօրինակ հայկական ֆիլմերի դեպքում միշտ պատրաստ ենք խախտել նույնիսկ ամենակարծրացած ավանդույթը:
Մայիսի 29-ին երիտասարդ կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը ներկայացնում էր իր նոր կարճամետրաժ ֆիլմը` «Դիալոգները»: «Մոսկվա» կինոթատրոնի մթնոլորտն անհամեմատ ուրիշ էր: Ակնհայտ էր, որ հյուրերը նախապես հայտարարված 19:30-ից շատ ավելի շուտ էին եկել. շփման, միմյանց տեսնելու, խոսելու կարիք կա: Ցավոք, այսօր ֆիլմ նկարահանելու հնարավորություն կարելի է ունենալ երկարուձիգ գլխացավերի գնով: Ուստի պայքարը` հնարավորություն ունենալու համար, երբեմն դուրս է գալիս քաղաքակրթության սահմաններից, և դիմանում են նրանք, ովքեր ավելի հաճախ պայքարելու հմտություն ունեն, ոչ թե արժանիքներ: Ցավոք, այդ անհավասար պայքարում զոհ են գնում ոչ ամենատկարներն ու անտաղանդները: Դրան էլ գումարվում է հայկական ժամանակակից կինոյի հանդեպ հեռուստատեսության և կինոթատրոնի, մեղմ ասած, անհարգալից վերաբերմունքը: Նրանք ավելի են թեժացնում պայքարի ընթացքը, որում գրեթե միշտ հաղթող է դուրս գալիս անճաշակն ու պարզունակը: Ի՞նչ իմաստ ունի Դիանայի և մյուսների` կինոթատրոնում պրեմիերա կազմակերպելը, կինոքննադատի, մամուլի անդրադարձն ու տված գնահատականը, եթե այս պահին ընթերցողիս չեմ կարող ասել, թե որտեղ կարող է տեսնել ֆիլմը: Կինոթատրոնում կազմակերպած մեկանգամյա ցուցադրությունը ոչ թե պրեմիերա է, այլ ստեղծագործական խմբի, միջոցներ ներդրողի, մասնագիտական նեղ շրջանի համար արվող հաշվետվություն: Պրեմիերան ընթացքի, շարունակելիության խորհուրդ ունի: Մի խոսքով` մայիսի 29-ի հաճելի կինոմթնոլորտը և որևէ ազատ աթոռի բացակայությունը կինոքաղաքականության հիմնախնդիրների համատեքստում մի տարօրինակ աբսուրդի է վերածվում:
Դիանա Կարդումյանը ձևավորված գեղագիտական, գեղարվեստական, ուրույն ձեռագիր և ճաշակ ունեցող երիտասարդ կինոռեժիսոր է: Ինչպես և մյուս իրենց ճանապարհն ինքնուրույն հարթող կինոռեժիսորների համար, Դիանային էլ ֆիլմ նկարահանելու հնարավորություն մեծ դժվարությամբ է բաժին հասնում: «Դիալոգները» նրա 7-րդ կարճամետրաժ աշխատանքն է և երկրորդ համագործակցությունը օպերատոր Վահագն Տեր-Հակոբյանի հետ (առաջինը` «Աշնան արև», 2006 թ.):
Մոտ կես ժամ տևողությամբ ֆիլմի սցենարը Դիանան գրել է վավերագրական կինոյի ռեժիսոր Վարդան Դանիելյանի համահեղինակությամբ: Պատումի հիմքում կնոջ և ամուսնացած տղամարդու սիրավեպի անհնարինությունն է: Զույգն ընդհատումներով հանդիպում է մոտ տասը տարի: Հանդիպման այդ գիշերը, որն էլ պատկերված է ֆիլմում, կնոջ նախաձեռնությունն է: Նրանք շրջում են և ամփոփում Երևանի այն բոլոր վայրերը, որոնց հետ կապված անձնական պատմություններ ունեն: Նրանց պինգպոնգային դիալոգները, որ շատ հեռու են երկխոսությունից և դասական սիրո պերճախոս դրսևորումից, հանդիսատեսի համար դառնում են հիմնական ճանապարհն այդ հարաբերության անհնարինությունն ու դրա նախապատմությունը հասկանալու համար: Տասը տարիների ընթացքում կարիերային մեծ աճի և հասարակական կայուն դիրքի հասած տղամարդը, որին մարմնավորում է Արմեն Մարգարյանը, հարաբերության մեջ չկայացած և անլուրջ է թվում կնոջը (Նարինե Գրիգորյանի դերակատարմամբ): Անանուն կնոջ ծնողները վաղուց մեկնել են Հայաստանից, և թվում է` նրան այստեղ պահողը միայն այդ հարաբերությունն է:
Ֆիլմը մեծ էկրանին նայելուց առաջ հնարավորություն ունեցել էի այն դիտելու: Վստահ կարող եմ ասել, որ մեծ էկրանը հօգուտ ֆիլմի էր: Հատկապես կինոթատրոնի էկրանին էր ակնհայտ դառնում դերակատարների զուգախաղի նրբությունը, որ հակադարձ համեմատական էր նրանց դիալոգներին: Տղամարդու և կնոջ իրական զգացմունքները Դիանան փոխանցել էր նրանց հպումների, հայացքների միջոցով, իսկ համակարգչային մոնիտորին կամ հեռուստացույցին դա երկրորդ պլան է մղվում, և առաջնային է դառնում ձայնը, խոսքը: «Դիալոգների» գրավչությունը հավասարազոր պայմաններում խոսքի և ասածը մարմնով հերքելու մոտիվը տեսնելու մեջ է:
Ուշագրավ է պատմության կառուցման ձևը: Հիմնական խաղարկային տեսարանները մերթընդմերթ ընդհատվում են հերոսների` նկարահանման ձևով վավերագրական թվացող մենախոսություններով, երբ նրանք վերլուծում են իրենց հերոսին: Մենախոսություններում դերակատար-հերոսներն առանձին-առանձին են, նրանք տարբերվում են նաև իրենց խոսքով, շարժուձևով: Հենց այդ մենախոսություններից մեկի ժամանակ է հնչում այն կարևոր միտքը, որը ֆիլմի սյուժեի կտրուկ և դրամատուրգիայի իմաստով անսպասելի, գուցե նաև չարդարացված լինելը ընկալելու բանալին է: Դժվարանում եմ բառացիորեն վերարտադրել, բայց միտքը հետևյալն էր, թե որքան անկեղծ և մեծ է սերը երկու մարդու միջև, այնքան անհնար է դառնում այդ հարաբերությունը: Այսինքն` «Դիալոգները» ֆիլմի համար կուլմինացիայի լուծում հանդիսացող ինքնաթիռի տոմսը, որ բաժանում է խորհրդանշում, դեռևս չի նշանակում, թե այդ բաժանումը միմյանց չհասկանալու պատճառ է: Ֆիլմում ներկայացված տղամարդու և կնոջ հարաբերության անհնարինությունը զգացմունքների և դրանց դրսևորման անկարողության հետևանք է. սիրո մեծ կուտակումի իրագործման անհնարինություն, որ հանգուցալուծվում է բաժանումով:
Մի ձեռքի մատների վրա կարելի է հաշվել հայկական կինոյի պատմության մեջ կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին պատմող ֆիլմերը: Դժվարանում եմ հիշել` արդյոք Ներսիկ Հովհաննիսյանի «Երջանկության մեխանիկայից» հետո որևէ գրագետ մելոդրամա ունեցե՞լ ենք: Համենայն դեպս Դիանայի ֆիլմն այդ ավանդույթների շարունակման օրինակ է: Առանձնակի ուշադրության է արժանի Վահագն Տեր-Հակոբյանի և ռեժիսորի համագործակցությունը, որի արդյունքում օրեցօր աղավաղվող և գորշությամբ պատվող Երևանը պատկերված է այնքան գրավիչ, որ ֆիլմը կարող է Երևանի քաղաքապետարանի համար այցեքարտ դառնալ:
Նկատի ունենալով «Դիալոգների» բոլոր դրական կողմերը` իհարկե չեմ կարող չնշել, որ Դիանա Կարդումյանից սպասելիքները շատ ավելին են, և այս ֆիլմն էլ սպասվածին հասնելու հերթական քայլերից է: Մնում է միայն հուսալ և հետևողական լինել, որպեսզի Դիանա Կարդումյանը վաղուց արդեն պատրաստ լիամետրաժ ֆիլմի իր սցենարը նկարահանելու հնարավորություն ստանա:
Րաֆֆի ՄՈՎՍԻՍՅԱՆ