996Վավերագրող ռեժիսոր Գեորգի Փարաջանովն իր երկրորդ խաղարկային կինոնկարը  նվիրելու է ականավոր ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին: Այդ մասին նա այսօր` հունիսի 27-ին հայտնել է Եկատերինբուրգում` նշելով, որ պետական ֆինանսական աջակցություն է ստացել այդ ֆիլմի նկարահանումների համար:

«Երեկ ես ստացա Ռուսաստանի Պետկինոյի աջակցությունն իմ նոր ֆիլմի համար, որը կոչվում է «Աշունը սրտում» (“С осенью в сердце”): Այն մեծ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարովի մասին է»,- ասել է Փարաջանովը: Ռեժիսորը նշել է, որ նկարահանումների համաձայնեցված ժամկետը երկու տարի է, բայց ինքը ծրագրում է կինոնկարն ավելի շու ավարտել: Նկարահանումները տեղի կունենան Մոսկվայում:

Փարաջանովի առաջին խաղարկային ֆիլմը` «Բոլորը հեռացան», բացել է այսօր Եկատերինբուրգում մեկնարկած III «Վրացական կինոյի նոր անուններ և կենդանի լեգենդներ» փառատոնը: Ցուցադրությունից հետո նախատեսված է ռեժիսորի ստեղծագործական հանդիպումը հանդիսատեսի հետ: Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակներում, որը կշարունակվի մինչև հունիսի 29-ը, եկատերինբուրգցիները հնարավորություն կունենան տեսնելու  ոչ միայն վրացական կինեմատոգրավի նորույթները, «Բոլորը հեռացան» ժապավենը և Ռուսուդան Չկոնիի «Ժպտա» կինոնկարը, այլև Օթար Իոսելիանիի «Ապրում էր երգող կեռնեխը» պաշտամունքային ֆիլմը և ժամանակակից վրացի հեղինակների կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին:

Գեորգի Փարաջանովը ռուսաստանյան ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր, նկարիչ: Սերգեյ Փարաջանովի զարմիկն է: Հայտնի է վավերագրական կինոյի ոլորտում: 2012 թ. նկարել է առաջին խաղարկային «Բոլորը հեռացան» ֆիլմը, որը մի շարք մրցանակներ է շահել միջազգային կինոփառատոներում:

ИТАР-ТАСС