IMG_0023Անցած հանդիպման ժամանակ, երբ խոսում էիք երրորդ իրականության մասին, ասացիք, որ  կինոյի հիմքը քանդվել է, Ձեր արտահայտությունն է, քանի որ կինոն սկսել է սուտը ներկայացնել որպես ճշմարտություն, այսօրվա կինոյում բացակայում է մարդը, սովորական մարդուն փոխարինելու է եկել մոնստրը… Ուրեմն, ի՞նչ, կինոն ապագա չունի՞:

– Գիտեք, մեկ-մեկ, կատակով, հերթական ֆիլմի պրեմիերայից հետո դահլիճից դուրս գալով, սկսում եմ հայհոյել իմ սիրած ռեժիսորներին` Ֆելինիին, Փարաջանովին, Փելեշյանին և մյուսներին: Ասում եմ` ախ, դուք չհասկացաք, թե ինչ արեցիք: Հատկապես Ֆելինիին. «Ութ ու կեսն» իմ սիրած ֆիլմն է: Վերջերս ուսանողներին էի ցույց տալիս և  նորից հիացա, թե ինչ զգուշությամբ էր մատուցում  իրականությունից անցումը երևակայությանը: Անցումն անում էր այնպես նուրբ, որ չզգաս` անցում կատարվեց: Նա թույլ էր տալիս մտնել ենթագիտակցության ոլորտը զգուշությամբ, չխախտելով իրականությունը: Ճիշտ են ասում, որ կինոն բաժանվում է երկու փուլի` մինչև Ֆելինի և Ֆելինիից հետո: Բայց ի՞նչ հետևանքներ թողեց նրա այդ հայտնագործությունը: Ինչպե՞ս սկսեցին շահագործել այդ հնարքը:

Եկավ մի պահ, որ սկսեցին այլևս չտեսնել իրականությունը: Երևակայությունը լավ բան է, ենթագիտակցությունը շատ լավ է արվեստում, նույն բանը գրողներն են արել, բայց դա չի փոխարինում իրականությանը: Իսկ կինոյի համար գլխավորն իրականությունն է: Վավերագրական կինոյում միշտ արգելված են եղել խաղարկային տեսարանները: Վավերագրական կինոյում չպետք է լիներ հնարած տարր: Հիմա հակառակն է: Սա այլասերում է արդեն:  Հիմա տեսնում ես վավերագրական ֆիլմ Վիսոցկու մասին, որում ինչ-որ մեկը դերասանություն է անում: Ինձ պետք չէ կեղծ Վիսոցկի, երբ կա իրական Վիսոցկի: Եթե խաղարկային կինո ես անում, ուրիշ բան: Հիմա ես տեսնում եմ վավերագրական ֆիլմեր` մեկը մյուսից թույլ, խնդիրը դա չէ. նաև` սուտ: Իսկ կինոյի արժեքը իրականությունն է:

Ինձ պետք չէ 3D, ո՞ւմ ես խաբում: Թվային տեխնոլոգիան կարևոր բան է տեխնիկական առումով, օպերատորին մեծ հնարավորություններ է տալիս, բայց  մենք ծնում ենք դիլետանտներ, որոնք պրոֆեսիոնալիզմի հավակնություններ ունեն: Եվ մթնոլորտ չկա: Չկա այսօր կինոքննադատություն: Ես դեռ խոսում եմ ոչ թե արվեստի, այլ ուղղակի կինոյի մասին:  Ու դա խափանված է` կինոն որպես դոկումենտ: Մենք պարտական ենք մեր պապերին, որոնց շնորհիվ պահպանվել են անգնահատելի կադրեր Եղեռնի վերաբերյալ: Ֆրանսիացիներ են նկարել թե ուրիշներ, կարևոր չէ: Այդ կադրերով մենք կարող ենք մտնել ՄԱԿ և ապացուցել, որ ցեղասպանություն է եղել: Եվ ավելի ճիշտ են նկարված, քան այսօրվա մեր ֆիլմերում: Որովհետև այն ժամանակ չեն մտածել ինչ-որ օյինբազ հնարքների մասին, այլ նկարել են այն, ինչ որ կա: Այդ երևույթը կարող է կորչել մոնտաժի միջոցով: Մոնտաժը Էյզենշտեյնը հնարել է մի նպատակով, իսկ այսօր օգտագործվում է այլ նպատակով: Մոնտաժը շուռ է գալիս նույն կինոյի դեմ` լինելով նրա հիմնական զենքը:

Այդ պատճառով ես առայժմ ուզում եմ հավատալ միայն կադրին: Եվ այդ կադրը փրկելու համար մտածում եմ` երևի պետք է վերադառնալ իտալական նեոռեալիզմի սկզբունքին: Փորձենք վերադառնալ մարդկային կենցաղ: Կատակով եմ ասում` ավելի լավ է նկարել հանրային զուգարան, որտեղ համակարգիչ չկա, որտեղ մարդը մարդուն կարող է հանդիպել և խոսել, դեմ առ դեմ հանդիպել ու հարցնել` ինչպե՞ս եք,  չնայած նույն մարդուն մինչ այդ մի տասն անգամ հանդիպել է և ուշադրություն չի դարձրել:

Հիշեք` Հանեկեի «Սերը» ֆիլմում նույնիսկ հեռուստացույց չեն միացնում, ինքն էր, կինն էր և հիվանդությունը: Մնում է հույսը դնել նեոռեալիզմի վրա: Բայց… Հիմա տարօրինակ բան կասեմ: Երևի կզարմանաք, ուզում եմ խոսք ասել ի պաշտպանություն սերիալների` շատ լավ հասկանալով, որ  դրանց մեծ մասը խալտուրա է: Բանն այն է, որ սերիալը համապատասխանում է կինոյի էությանը: Կինոյի էությունն է հավերժացնել իրականությունը: Իսկ իրականը մարդու կյանքն է: Վերցրու մի ընտանիք և նկարիր նրա ամբողջ կյանքը, անվերջ նկարիր: Բայց դա անհնարին է, իդեալն անհասանելի է: Այդ տեսանկյունից սերիալն իր ձգտումով համապատասխանում է իդեալին:  Իմ գործընկերներից մեկը, նույնպես պաշտպանելով սերիալները, դրանք համարում է թատրոնի մի նոր տեսակ. բուրժուական մելոդրամների հետ է համեմատում, նույն ֆունկցիան են կատարում: Համաձայն եմ, բայց մասամբ. ոչ թե թատրոնի նոր տեսակ, այլ կինոյի: Սա այնուամենայնիվ կինո է: Այստեղ կա խոշոր պլան, այստեղ կա պատկեր: Տարբերությունը հսկայական է: Բայց, իհարկե, պահանջարկը նույնն է:  Եվ սա եկել է քո տուն: Չափազանց կարևոր հանգամանք:

Ես պաշտպանում եմ ոչ միայն սերիալի գաղափարը, այլև պրակտիկան: Եվ ոչ միայն այն պատճառով, որ դերասանները խաղալու տեղ ունեն: «Տնային տնտեսուհուն» նա օգնում է փայփայել հույս, կարոտ մարդու նկատմամբ: Հոլիվուդյան կինոյում արդեն մոնստրներ են: Իսկ այստեղ գործող անձինք հարևանի նման են, որին տարիներով չես տեսնում: Այստեղ ներխուժում ես հարևանի տուն: Իհարկե, ճիշտ հարց է` ինչո՞ւ միայն կրիմինալներ, մի՞թե մեզ շրջապատում են միայն կրիմինալներ: Ասում են` պահանջարկն է այդպիսին: Իսկ առաջա՞րկդ ուր է: Ո՞վ է ասում, որ այսօր բոլորի պահանջարկը միայն գողերի կյանքն է: Եթե նույնիսկ այսօր կյանքում կրիմինալն է հերոս դարձել, մենք կարող ենք, պարտավոր ենք հակադրվել դրան: Եվ խնդրեմ, փորձեր են արվում: Ես կարող եմ ողջունել մեկ-երկու փորձ, առանց իմանալու հեղինակներին:  Օրինակ` «Գեներալի աղջիկը», «Տիգրանի մոլորակը»: Երկուսի հերոսներն էլ կրիմինալներ չեն: Սա արդեն ընդունելի է: Առաջինում հերոսը զինվորական է, երկրորդում ` միամիտ տղա, բայց սկզբունքային:  Բայց դրամատուրգիան է կաղում, ճիշտ չի արվում, չի կարելի այդքան երկարացնել, անպայման չէ, որ սերիալը տարիներով ձգվի, թող լինի 40-50 սերիա:

Ասեմ` ինչն է խնդիրը:  Կա դերասանի մի տեսակ, որ ընդունակ է այսպես ասած ՙկարճ միացման՚: Խոշոր պլանը դա տեսնելու հնարավորություն է տալիս: Նույն դերասանին գուցե տեսնես բեմի վրա և չզգաս դա: Մի քանի դերասաններ կան, որոնք սերիալում լավ ՙբռնում՚ են կերպարը: Կադրում դերասանը հնարավորություն ունի հաղորդելու, որ կերպարի ներսում ինչ-որ գաղտնիք կա,  և արդեն հետևում ես նրան: Գուցե դերասանություն չի կարող անել` պլաստիկա և այլն, բայց այդտեղ է կինոգենիան: Սերիալը կարոտ է կինոգենիայի: Այդ տեսանկյունից հենց դա կինո է, թատրոն չէ: Այսինքն` դերասանի համար սերիալը ոչ միայն աշխատելու, փող վաստակելու լավ միջոց է, այլև  գուցե նրա շնորհի բացահայտման լավագույն ձևն է նույնիսկ: Այս տեսանկյունից ողջունում եմ, որ դերասանների մի ամբողջ սերունդ կարող է սերիալներում դրսևորվել:

Ես ուզում եմ, որ իմ ուսանողները կուրսային աշխատանք գրելիս այս սերիալները վերլուծեն: Ես դեռ մի 20 տարի առաջ ինձ դուրս եմ դրել կինոքննադատությունից, որովհետև կարծում եմ, որ քննադատը ժամանակակից սերնդից պիտի լինի: Երբ գրում ես, երկխոսության մեջ ես մտնում ստեղծողի հետ և նույն լեզվով պիտի խոսես:  Բայց ես ինձ դուրս չեմ մղել տեսությունից և չեմ զրկել կարծիք հայտնելու իրավունքից:  Ուսանողներս տրտնջում են, որ երբ գրում են, թերթերը չեն տպում: Ուստի կոչ եմ անում, որ մի սյունակ տրամադրեք ձեր թերթում, թող գրեն` և° դրական, և° բացասական, այդ դեպքում հեռուստատեսությունն ուշադրություն կդարձնի, այդ դեպքում կազդեն հեռուստատեսության որակի վրա:

Լավ, սերիալից բացի, իսկ այսօրվա ֆիլմե՞րը: Օրինակ` շատ հակասական արձագանք առաջացրեց «Գարեգին Նժդեհը»:

– Ուզում եմ հավատարիմ մնալ իմ սկզբունքին` ես գրախոսություններ չեմ գրում, բայց կարող եմ ասել, որ այդ ֆիլմում կան դրվագներ, որոնք հաջողված են: Օրինակ` դեմ չեմ կռվի տեսարաններին, որոնք տեխնիկապես վատ չեն արված,  դեմ չեմ նույնիսկ դերակատարներին, բայց անթույլատրելի ստրատեգիական սխալ է, երբ նույն դերը` գրեթե նույն տարիքում, երկու տարբեր դերասաններ են խաղում: Մեկը չի գտնվել Քեշիշյանի կողքին, որ հուշի` այդպիսի բան չի կարելի անել: Մալյանը «Կոմիտաս» չնկարեց միայն մի պատճառով, որ չկարողացավ լուծել երկրորդ դերասանի հարցը: Նրան պետք էր պատանի Կոմիտաս և այն Կոմիտասը, որին բոլորս գիտենք:  Վերջինիս կարելի էր գտնել, բայց ինչպե՞ս համադրել երկուսին: Այ սա է կինոյի էությունը: Կինոն չի սիրում սուտը: Նույն դերասանը կարող է երկու դեր խաղալ, երկու  կերպար, կամ երկուսը  կարող են մեկի դեր խաղալ, երբ հակադրվում են իրար, բախվում են մեկ մարդու մեջ մարդկային երկու տեսակ,  բայց մի՞թե «Նժդեհում» դա էր խնդիրը: Երկու դերասանն էլ վատը չեն, և երկուսն էլ լիարժեք կարող էին խաղալ ֆիլմում: Եվ այդ դեպքում մարդու կերպարը ստեղծելու խնդիրը կլուծվեր: Չես հասցնում ընդունել, սիրահարվել մեկին, հայտնվում է երկրորդ դեմքը: Բայց դարձյալ ստացվել է, որ մարդ չկա:

Կինոն նախ և առաջ ֆիզիկական իրականության արտացոլումն է, և դա չպետք է արհամարհել: Եվ կինոն չի հանդուրժում պրոֆեսիոնալիզմի բացակայությունը: Իսկ մեր այսօրվա կինոն չի արտացոլում ժողովրդի վիճակը, չի արձագանքում իրականությանը: Բայց սա արդեն ուրիշ, գուցե հաջորդ զրույցի նյութ  է:

Զրուցակից` Անահիտ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16