36Երևանում հուլիսի առաջին տասնօրյակը ամբողջովին  կինոյինն է լինելու: Մեր քաղաքը կդառնա մեծ ու փոքր աստղերի ժամանակավոր մոլորակ: Մայրաքաղաքային կինոմաններն այդ օրերին  ամեն գնով հրավիրատոմս կամ տոմս ձեռք բերելու ակնկալիքով կօգտագործեն  իրենց բոլոր կապերն ու հնարավորությունները,  կփորձեն  ունկնդիր լինել  աստղերի խոսք ու զրույցին կամ գոնե մոտիկից տեսնել նրանց: Շառլ Ազնավուր, Յոս Սթելինգ, Մարգարետե ֆոն Տրոտա, Փոլ Քուրդին, Ուլրիխ Զայդլ, Քշիշտոֆ Զանուսսի, Գոդֆրի Ռեջջիո… Համաշխարհային կինոյի այս հսկաները ներկա կգտնվեն հայկական «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնին: 

«Ոսկե ծիրանը» երևանցիների համար սիրելի ու սպասված տոն է դարձել, ու մի քանի օրով աստղերին հյուրընկալող մեր քաղաքը կվայելի  իսկական կինոյի բերկրանքը:

«Ոսկե ծիրան» երևանյան 10-րդ միջազգային կինոփառատոնը կպահպանի  ավանդական դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերը: Այս տարի կներկայացվեն  նաև երեք` «Վրացական կինո», «Քույր փառատոներ», «Հայեր. հայացք ներսից և դրսից» հատուկ ծրագրերը:

«Երևանյան պրեմիերաներ» ծրագրում ընդգրկված են Յոս Սթելինգի «Աղջիկը և մահը», Բորիս Խլեբնիկովի «Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ», Մարգարետե  ֆոն Տրոտայի «Հաննա Արենդտ», Ուլրիխ Զայդլի «Դրախտ…» եռերգությունը, Փոլ Քուրդիի «Սիրելու իրավունք» ֆիլմերը: Յոս Սթելինգը, Մարգարետե ֆոն Տրոտան, Փոլ Քուրդին անձամբ ներկա կլինեն փառատոնին` որպես պատվավոր հյուրեր և կներկայացնեն իրենց ֆիլմերը: Հետահայաց ցուցադրությունների ծրագրում կներկայացվեն Շառլ Ազնավուրի, Սթիվեն Ֆրիրզի, Իշտվան Սաբոյի, Պիետրո Մարչելլոյի, Ռեզո Չխեիձեի ֆիլմերը: «Հարգանքի տուրք» ծրագրում կնշվեն աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի և Ներսես Հովհաննիսյանի հոբելյանները և կլինեն հետահայաց ցուցադրություններ:

Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակի առիթով «Ոսկե ծիրանը» կոմպոզիտորի տուն-թանգարանի հետ համատեղ կկազմակերպի հոբելյանական երեկո, որի ընթացքում նախատեսվում է էքսկուրսիա թանգարանում, համերգային ծրագիր Արամ Խաչատրյանի անվան տրիոյի մասնակցությամբ: Կցուցադրվեն «Սոնատ-երգ» (ռեժ.` Լուսինե Մարտիրոսյան), «Օթելլո» (ռեժ.` Սերգեյ Յուտկևիչ), «Պեպո» (ռեժ.` Համո Բեկնազարյան) ֆիլմերը, որոնց երաժշտության հեղինակը մեծ կոմպոզիտորն է:

Արտավազդ Փելեշյանի 75-ամյակի առիթով էլ կցուցադրվի իտալացի կինոռեժիսոր Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» ժապավենը, ինչպես նաև կլինեն նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: Ներսես Հովհաննիսյանի 75-ամյակի առիթով նույնպես նախատեսվում են նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ: «Ոսկե ծիրան» հոբելյանական կինոփառատոնի պաշտոնական հյուրերի թվում են նաև Քշիշտոֆ Զանուսսին և Գոդֆրի Ռեջջիոն, որոնք հանդես կգան վարպետության դասերով:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը 10-ամյա պատմության ընթացքում կարևորել է հարաբերությունները միջազգային տարբեր փառատոների հետ: Դրա արդյունքն է այն, որ համաշխարհային կինոհարթակում իրենց ուրույն խոսքն ունեցող Պուսանի և Ռոտերդամի միջազգային կինոփառատոները «Ոսկե ծիրանն» ընդունում են որպես քույր փառատոն` հաշվի առնելով «Ոսկե ծիրանի» առաջատար դիրքը տարածաշրջանում: Այս տարի հատուկ ծրագրով ներկայացվելու են Պուսանի և Ռոտերդամի փառատոների պաշտոնական ծրագրերում ընդգրկված և մրցանակի արժանացած ֆիլմերը: Ներկա կլինեն նաև այդ փառատոների ներկայացուցիչները:

«Վրացական կինո» ծրագրում ընդգրկված են հին և նոր ֆիլմեր: Ծրագրի շրջանակում և ստեղծագործական խմբի մասնակցությամբ կտոնվի Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի ստեղծման 40-ամյակը: Իսկ «Հայեր. հայացք ներսից և դրսից» ծրագրի շրջանակում Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն-ստուդիայում կներկայացվեն հայկական արտադրության մի շարք կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմեր, ինչպես նաև այլ երկրներում հայերի և Հայաստանի մասին նկարահանված ֆիլմեր:

Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16