Armen Khachatryan (1)Արմեն Խաչատրյան. ծնվել է 1961 թ. Երևանում: Ավարտել է Մոսկվայի կինոյի համամիութենական ինստիտուտը: Աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հետագայում վավերագրական ֆիլմերի «Հայք» կինոստուդիայում: Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Չորս տասնյակից ավելի ֆիլմերի հեղինակ է, դրանց թվում են` «Հույս, հավատ, սեր», «Հեքիաթ թևավոր ձիու մասին»,  «Ես ապրում եմ», «Երկաթե դարպասներ», «Մենք կանք» և այլն:

Im sahmany-2Պարոʹն Խաչատրյան, սկսենք Ձեր վերջին ֆիլմից:

– Վերջին ֆիլմն «Իմ սահմանն» է, որը նկարահանել եմ 2012-ին: Այն Տավուշի մարզի սահմանամերձ գոտում ապրող մարդկանց մասին է,  որոնք չավարտված պատերազմի ամենօրյա մաքառումների մեջ են, մեր այսօրվա ամենացավոտ  թեմայի`  դատարկվող սահմանամերձ գյուղերի  մասին է: 90 հազար դրամով այդ սահմանը պահող պայմանագրային զինծառայողի ու աղետալի պայմաններում ապրող, բայց տոկունությունը չկորցնող մեր հայրենակիցների մասին է:

Արդյոք այդ տոկունությունն անսպա՞ռ է: Ինքներդ նշեցիք, որ սահմանամերձ գյուղերը, այնուամենայնիվ, դատարկվում են:

Im sahmany-1– Ես լավատես մարդ եմ, բայց երբ  84-ամյա տատիկն ասում է, որ վերջին տասը տարվա ընթացքում 15 թոռներից ոչ մեկին չի տեսել, կորցնում եմ լավատեսությունս: Չինարիում, Այգեպարում ապրող գյուղացին ընդամենը մի կտոր հող ունի, որն էլ ամենօրյա կրակոցների տակ չի կարող մշակել, աշխատանք չկա: Պայմանագրային զինծառայող ֆիլմի հերոսն ասում է` եթե ավելի լավ աշխատանք գտնեմ, կգնամ: Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում սա° է իրականությունը, ինչը փորձել եմ ներկայացնել իմ մեկ ժամանոց ֆիլմում:

Ռեժիսորի համար ամենահիշարժանը, երևի, առաջին ֆիլմն է: Ո՞րն էր Ձեր առաջին ֆիլմը:

– Իմ առաջին լուրջ ֆիլմը Մարգարետ Թետչերի մասին էր: «Ընդամենը չորս ժամ». այդպես էր կոչվում ֆիլմը: 88-ի երկրաշարժի օրերին  հենց այդքան ժամանակով Թետչերն այցելեց Հայաստան: Նա իսկապես «Երկաթե լեդի» էր, հզոր անձնավորություն: Պատմությունը ցույց է տալիս, որ նման մարդիկ մեծ հակասությունների ամբողջություն են: Դրանով էր պայմանավորված այն ոչ միանշանակ վերաբերմունքը, որ դրսևորեցին անգլիացիները Թետչերի մահվան օրերին:

Իմ առաջին ֆիլմը կարող եմ համարել նաև դեռ ուսանողական տարիներին նկարահանած «Ճանապարհորդություն դեպի Վալաամ կղզի» ֆիլմը, որը ռուսական խոշոր հոգևոր կենտրոններից մեկի մասին է: Այս ֆիլմի նկարահանման ժամանակ ես առաջին անգամ զգացի «սովետական ցենզուրա» ասվածի ուժը:

Փաստորեն լավ ժամանակներում սկսեցիք Ձեր բուն գործունեությունը, երբ այդ սահմանափակումներն այլևս չկային:

– Ինչ-որ առումով` այո, ինչ-որ առումով` ոչ: Խորհրդային Միության փլուզումից հետո կինոյի համար ծանր ժամանակներ սկսվեցին: Երկար ժամանակ ֆիլմեր չէին ստեղծվում:

Բայց այդ ժամանակ էր, որ մեկնեցիք Արցախ ու դարձաք արցախյան պատերազմի վավերագրողներից մեկը:

– Դա տարեգրություն էր, որի փոխանցումը մեր պարտքն էր: «Հայք» կինոստուդիայի օպերատորներից շատեը մեկնեցին Արցախ: Շուշիում անգամ մեզ տուն էին տրամադրել, հերթով գնում էինք, նկարահանումներ կատարում: Արցախում  ստեղծված իմ առաջին ֆիլմը կոչվում էր «Արցախի վարպետները»: Դեռ 88-ին ռեժիսոր Արա Մնացականյանի հետ գնացի Արցախ: Անգամ Ֆիզուլի հասանք: Հետո էինք մտածում, թե ինչ մեծ արկածախնդրություն էր դա, բայց եթե նման բաների մասին երկար մտածես, չես կարող գնալ ու պատերազմ նկարել: Պատերազմի օրերին հսկայական նյութ է նկարվել: Մենք անգամ չէինք մտածում, որ դրանք ֆիլմ են դառնալու: Միակ մտահոգությունն այն էր, որ ամեն ինչ ժապավենին հանձնենք: Հասկանում էինք, որ իրավունք չունենք որևէ բան բաց թողնել:  Նկարահանված նյութերի մի մասը ֆիլմերի են վերածվել, մնացածը պահպանվում է: Շատ տեսարաններ այսօր էլ դաջված են հիշողությանս մեջ: Հիշում եմ Շուշին` ազատագրումից մեկ շաբաթ անց: Ամենացավոտ հիշողությունները կապված են Շահումյանի, Գետաշենի հանձնման հետ: Պարտված լինելու ցավն ամենասարսափելին էր: Ոմանք փորձում են գեղեցկացնել պատերազմը, բայց հավատացեք, այն բոլորովին գեղեցիկ չէ: Տավուշում այսօր էլ պատերազմը շարունակվում է, իսկ մեր վերաբերմունքն այսօր  շարունակվող պատերազմին այնքան էլ լուրջ չէ:

Այսօր ցանկություն ունե՞ք վերադառնալու պատերազմի թեմային:

– Դա չափազանց մեծ պատասխանատվություն է, որովհետև պահանջում է ինչ-որ արժեքների վերաիմաստավորում: Պատերազմը կռիվ-կռիվը չէ: Հայրենական պատերազմին նվիրված լավագույն ֆիլմերում այդ կռիվ-կռիվ ասվածը չկա: Պատերազմը պետք է ցույց տալ մարդկանց միջոցով, նաև մեր օրերում ապրող ու մաքառող մարդկանց միջոցով:

Menq kanq-1– Այդ դեպքում համշենահայերի մասին պատմող «Մենք կանք» ֆիլմը  գուցե նո՞ւյնպես պատերազմի մասին է:

– Իհարկե: Չէ՞ որ նրանք ամեն օր կռիվ են տալիս իրենց տեսակը պահպանելու համար: Խոսքը միայն համշենահայերի մասին չէ: 2010-ին  նկարահանումներ են կատարվել նաև Վանում, Մուշում, Դերսիմում: Ֆիլմը Թուրքիայի տիրապետության տակ գտնվող մեր պատմական հողերի վրա ծպտյալ ապրող հայերի մասին է, մարդկանց, ովքեր ցեղասպանությունից հետո բռնի մահմեդականացվել են, կամ էլ արդեն հարյուր տարի իրենց պապենական հողերում ապրում են որպես թուրք կամ քուրդ: Այս ֆիլմում հաջողվեց խախտել նրանց լռությունը, ցույց տալ «ժողովրդավարական» Թուրքիայի իրական դեմքը: Menq kanq-3Համշենահայերի մեծ մասը չի կորցրել իր ինքնությունը: Թեկուզև մահմեդականացված` ուզում են հայ համարվել: Նրանք կառչած են իրենց հողին, ավանդույթներին: Շատերը երազում են իրենց երեխաներին հայաստանցիների հետ ամուսնացնել: Իսկ միջավայրը չափազանց վտանգավոր է ու թշնամական: Բայց ինձ ցնցում է հայաստանցիների  վերաբերմունքը նրանց նկատմամբ: Շատերը բաժանարար գիծ են դնում` նրանք ու մենք: Եթե այդ նույն մարդիկ երկու օր ապրեն այնտեղ, որտեղ հետևիցդ «գյավուր» են գոռում, և եթե իմանան, որ հայ ես կամ քրիստոնյա, տեղում վիզդ կկտրեն, այլևս այդպես չեն խոսի: Այդ մարդիկ մեր հողն են պահել, եկեղեցիները, հիշողությունը, անցյալը, ինչ որ հնարավոր էր պահել այդ  միջավայրում, պահել են:

Menq kanq-2Թուրքիայում ապրող ծպտյալ հայերի թեմային այսօր հաճախ են անդրադառնում:

– Այո, կան աշխատանքներ, բայց դրանք ավելի շուտ միջակ հեռուստահաղորդումներ են,  ոչ թե ֆիլմեր: Հայացքով դեպի անցյալը շրջված հաղորդումներ, որտեղ չկա ժամանակ, չկա ներկա և ապագա, կրկնվող տեքստեր` կրկնվող պատկերների ֆոնին: Պետք է հասկանալ այսօրվա խնդիրները, ինչի մասին մենք գրեթե պատկերացում չունենք: Իմ ֆիլմն այս խնդիրների մասին է, բայց այն այստեղ լուրջ արձագանք չգտավ, փոխարենը հրավերներ ունի տասնյակ երկրներից:

Erkate darpasner-1Ձեր «Երկաթե դարպասներ» ֆիլմը ևս մեծ արձագանք գտավ դրսում…

– Դրսում` այո: Շուրջ 40 երկրներում է ցուցադրվել:  Հայաստանում քչերն են դիտել ֆիլմը, քանի որ նման ֆիլմեր հեռուստաընկերությունները գրեթե չեն ցուցադրում: Դա էլ մի ուրիշ ցավ է: Ֆիլմում մեր իրականության աղտերից մեկն է` անտեսված արվեստագետի թեման: Ֆիլմի հերոսը` Ապրեսիկ Ալոյանը, կարող էր լինել մեր ժամանակների ամենահայտնի նկարիչներից մեկը, բայց իր կտավները ստիպված է փոխել հավի կերի հետ: Հասարակության անտարբեր հայացքից հեռու, քաղաքի ծայրամասերից մեկում գտնվող խղճուկ կացարանում նա սպառում է իրեն բաժին հասած օրերը: Erkate darpasner-2Ընկերների շրջանակը տարիների ընթացքում  նեղացել է, մնացածն էլ հյուր են գալիս միայն տարեդարձին: Կյանքի անբաժան ուղեկիցները  շներն են ու կատուները: «Կյանքս եկավ, անցավ, բան չհասկացա էս կյանքից»,- սա միակ դժգոհությունն է, որ բարձրաձայնում է Ապրեսիկն   այս սակավախոս ֆիլմում: Ճշմարիտ արվեստն այսօր մեր երկրում պահանջարկ չունի: Այդ պահանջարկը վայելում են հիմար սերիալները, որոնք բթացնում են զգացմունքները:

Մասնագետներն ասում են, որ անկախության տարիների հայ կինոյի ամենամեծ նվաճումը, այնուամենայնիվ, վավերագրական կինոն է:

– Համաձայն եմ: Վավերագրական կինոն ես ոչնչի հետ չեմ փոխի, մենք յուրօրինակ պատմաբաններ ենք: Եթե հարյուր տարի հետո մարդիկ մեր ֆիլմերը դիտեն, հստակ պատկերացում կկազմեն այսօրվա իրականության մասին: Իսկ իրական արվեստը ոչ միայն ներկայացնում է իրականությունը, այլև իմաստավորում է այն: Հայ կինոյի առանցքային խնդիրն այն է, որ գոյություն չունի կինոքննադատություն ասվածը: Ոʹչ լավն են գրում, ոʹչ վատը: Առողջ կինոքննադատությունն է ստեղծում լավ կինոն: Ռեժիսորը տասը տարին մեկ  խաղարկային ֆիլմ է նկարում, այսպիսի պայմաններում որակ չի կարող լինել: Լավ արվեստագետներին չեն աջակցում, փոխարենը հիմար նախագծերի համար հսկայական գումարներ են փոշիացնում: Սերիալներ են ծնվում, որպեսզի   բթացնեն  մարդկանց ուղեղները:

Ալիսա ԳԵՎՈՐԳՅԱՆ


    Նրանք նկարում էին պատերազմը

    Կինովավերագրողները Արցախյան պատերազմում. 1991–1994

    «Նրանք նկարում էին պատերազմը» ժողովածուն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության և ՀՀ Զինված ուժերի կազմավորման 25-ամյակին: Գրքում զետեղված են 2012-2017 թթ․ kinoashkharh.am կայքում «Պատերազմի վավերագրողները» խորագրով հրատարակված հարցազրույցներ 34 անձանց հետ (հայերեն և անգլերեն), որոնք 1991-1994 թթ․ եղել են ճակատում և վավերացրել են Արցախյան պատերազմի տարեգրությունը։ Գրքում տեղ են գտել նաև նրանց կենսագրական տվյալները, ֆիլմագրությունը և նրանց նկարահանումների ընտրանին՝ երկու խտասկավառակով։ Ժողովածուն կազմել են Ռուզան Բագրատունյանը և Անահիտ Հարությունյանը։


    Ներբեռնել գիրքը

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16