Մեկնարկում է Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնը
Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնը կբացվի այսօր` հունիսի 28-ին: Այստեղ կցուցադրվի 230 ֆիլմ` գեղարվեստական, վավերագրական և անիմացիոն:
Գլխավոր հյուրը Ջոն Տրավոլտան է: Դերասանին շնորհելու են «Բյուրեղապակե գլոբուս» կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար: Տրավոլտան, որ շատ զբաղված աստղ է, Չեխիայում կլինի միայն երկու օր, իսկ փառատոնը կտևի 9 օր`մինչև հուլիսի 6-ը:
Չեխ վարպետները փառատոնի համար պատրաստել են 19 «Բյուրեղապակե գլոբուս»` 9 ոսկե և մնացածը` արծաթե: Գլխավոր մրցանակը պատրաստվում է աղջկա բրոնզե ֆիգուրի տեսքով, որը ձեռքերով պահում է բյուրեղապակե գլոբուսը: Այդ տարրի պատրաստումը բավական բարդ գործ է և վստահվում է միայն մեծ վարպետներին:
Փառատոնը Չեխիայում անցկացվում է 48-րդ անգամ:
Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնը Ա կարգի ամենախոշոր միջազգային կինոփառատոնն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Ա կարգի միակ փառատոնը Չեխիայի Հանրապետությունում: Բացի այդ, այս փառատոնն այն քչերից է, որոնք բաց են լայն հասարակայնության համար: Լավագույն ֆիլմը «Բյուրեղապակե գլոբուս» է ստանում փառատոնի փակման արարողության ժամանակ: Բացի դրանից, շնորհվում են նաև մրցանակներ լավագույն ռեժիսուրայի, տղամարդու և կնոջ լավագույն դերակատարման համար և այլ մրցանակներ: