ծիրանԵրեւանյան «Ոսկե ծիրան»  միջազգային կինոփառատոնին ավանդաբար աջակցում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Այս տարի նույնպես ծրագրի որոշ մասեր հնարավոր եղավ իրականացնել ԱՄՆ, Գերմանիայի,Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարՍուսաննա Հարությունյանը համոզված է, որ իրենց հարմար չափազանց կարեւոր է եւ ներկայանալի այս աջակցությունն ու համագործակցությունը` Հայաստանում առկա դիվանգիտական կառույցների հետ:

ԱՄՆ դեսպանությունը կազմակերպելու է ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը, ով նաեւ համաձայնել է վարպետության դաս անցկացնել երիտասարդ ռեժիսորների համար: Դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) այս տարվա գործունեությունը: Ամերիկացի  կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը և Դեյվիդ դ’Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային և Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում:

Գերմանիայի դեսպանության հետ գործակցության  արդյունքում այս տարի, Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համատեղ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, կանցկացվի գերմանական կինոյի օր, որ կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի «Հաննա Արենդտ» (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով: Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ իրենց կինոնախագծերի զարգացման համար: Իսկ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում կներկայացվեն գերմանական համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր:

Ֆրանսիական դեսպանության հետ համագործակցության շնորհիվ ապահովվելու է  Շառլ Ազնավուրի ներկայությունը փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընիս դը լա Պատելյիեի «Թոբրուկ գնացող տաքսին» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ցուցադրումը հետահայաց ֆիլմերի ծրագրում: Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր դարձել ժյուրիի կազմում ներառել ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավեդիքյանը (միջազգային խաղարկային մրցույթ), ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին (Հայկական համայնապատկեր մրցույթ) և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը (կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ): Ֆրանսիական արտադրության «Երկու հոգու միջև» վավերագրականը կներկայացնի ֆիլմի հեղինակը` Լորանս Պերիգոն: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված «Տարվա հինգերորդ եղանակը» խաղարկայինը, «Լևիաթան» վավերագրականը, «Փետուրի խրոնիկա» կարճամետրաժը, որը կներկայացնի ռեժիսորը` Աքսել Լաթնադան, իսկ ֆրանսահայ ռեժիսորներ Առնո Խայաջանյանի «Կորած հորիզոնները» և Արտո Փեհլիվանյանի «Վ…», այսինքն` Վեռնյոյ ֆիլմերը կներկայացվեն Հայկական համայնապատկերում: Արտամրցութային ծրագրի Հետահայաց ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը:

Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի «Սև հինգշաբթի» խաղարկայինը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին և կներկայացնի իր «Լուսանկարը» ֆիլմը, որ ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում: Կորդիան Կոնջելյայի «Թո՚ւհ» (Boo!), Կրիստոֆեր Ռուֆի «The Big Leap» և Լուկաշ Օստալսկու «Մայրը» կարճամետրաժները կմրցեն «Կորիզ» անվանակարգում: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16