IMG_7055Հայաստանի ազգային կինոկենտրոնի շարունակական մասնակցությունը Կաննի կինոշուկային (այս տարի` 5-րդ անգամ, 2013 թ. մայիսի 15-23-ը) սկսել է արդեն շոշափելի արդյունքներ տալ: Հայկական մշտական տաղավարի առկայությունն այդ կարևոր կինոշուկայում Հայաստանում գործող բոլոր կինոարտադրողներին, անկախ պրոդյուսերներին, մասնավոր կինոընկերություններին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու իրենց արտադրանքը, նախագծերը, նյութերը, առաջարկները, ինչպես նա արտադրական և հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերը:
IMG_7713Կինոշուկայում հայկական կինոյի ներկայությունը տարիների հետևողական աշխատանքի արդյունք է: Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը շեշտում է հատկապես, որ կինոշուկային մասնակցելը պահանջում է լուրջ նախապատրաստական աշխատանք: «Հիշում եմ առաջին տարին, երբ լրիվ անփորձ էինք, չգիտեինք, որ մինչ մեկնելը պետք է հանդիպումների պայմանավորվածություններ ձեռք բերել` հստակ օրով ու ժամով»,- ասում է նա: Կինոշուկան ունի իր աշխատանքային գործիքներն ու կանոնները, որոնք ոչ միայն պետք է իմանալ, այլև ճիշտ ու տեղին կիրառել, այլապես մասնակցությունը դառնում է աննպատակ: «Կաննի կինոշուկան ունի ակտիվ և պասիվ աշխատանքի, շնորհանդեսների, ցուցադրումների, հանդիպումների ու բանակցությունների շրջան. ակտիվ շրջանը միջին ժամանակահատվածն է` 3-9-րդ օրերը, որոնց համար էլ նախնական պայմանավորվածություններ են անհրաժեշտ, քանի որ տեղում քեզ հետ ոչ ոք չի պայմանավորվի»,- պարզաբանում է պրն. Գևորգյանը:
IMG_8104Բանակցություններ և հեռանկարներ
Ազգային կինոկենտրոնը բանակցություններ է վարել մի շարք միջազգային կինոկազմակերպությունների հետ համագործակցության և անդամակցելու ուղղությամբ:
Համաշխարհային կինոյի հիմնադրամի գործադիր տնօրեն Դուգլաս Լայբլի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են «Սայաթ-Նովա» ֆիլմի վերականգնման աշխատանքներին առնչվող հարցերը, ինչպես նաև` ֆիլմի վերականգնումից հետո 2014 թ. Կաննի կինոփառատոնում այն որպես համաշխարհային կինոարվեստի լավագույն նմուշ ցուցադրելու առաջարկը (Կաննի փառատոնն ամեն տարի ունենում է մեկ նման ցուցադրություն):
Համաշխարհային կինոյի հիմնադրամը հիմնել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորսեզեն, որի նպատական է բարձրարժեք ֆիլմերի վերականգնումը, պահպանումը և տարածումը:
IMG_6468«Սայաթ-Նովա» ֆիլմի վերականգնման համար Հայաստանի ազգային կինոկենտրոնն արդեն Իտալիա է ուղարկել երկու նեգատիվները` Փարաջանովի հեղինակային տարբերակը (խորհրդային ժամանակներում գրաքննության ենթարկված) և Սերգեյ Յուտկևիչի մոնտաժածը: «Սա շատ նուրբ ու բարդ աշխատանք է, պահանջում է մասնագիտական հմտություններ: Մի ժապավենի վրա աշխատում են տարբեր մասնագետներ: Սա ամենևին նման չէ այն վերականգնմանը, որ կատարվում է մեզ մոտ, երբ ընդամենը մի կրիչը փոխարինվում է մյուսով»,- ասում է պրն. Գևորգյանը:
Այս աշխատանքները հիմնադրամը կատարելու է անվճար հիմունքներով և մի պայմանով. վերականգնումից հետո ֆիլմի օրինակներից մեկն ընդգրկել սեփական արխիվում: Սակայն «Սայաթ-Նովայի» յուրաքանչյուր միջազգային ցուցադրության համար հիմնադրամը թույլտվություն պետք է ստանա Հայաստանից: Միջազգային այս կառույցը որևէ հեղինակային իրավունք չի պահանջում իր աշխատանքի ու ծախսերի դիմաց: Ֆիլմի վերականգնված տարբերակը մինչ տարեվերջ պատրաստ կլինի: Գ.Գևորգյանը տեղեկացրեց, որ արդեն նոր պայմանավորվածություն էլ է ձեռք բերել հիմնադրամի տնօրենի հետ. հաջորդը Արտավազդ Փելեշյանի ֆիլմերն են:
Գ.Գևորգյանը պայմանավորվածություն է ձեռք բերել նաև «Ռուսսիկո» ընկերության հետ` գունավորելու «Զինվորն ու փիղը» ֆիլմը: Այս առումով արդեն հաջող նախադեպ կա. ընկերությունը գունավորել է վրացական ՙԶինվորի հայրը՚ ֆիլմը: Ի դեպ, այս ընկերությունը նույնպես անվճար է կատարում այդ աշխատանքները, սակայն թույլտվություն է ձեռք բերում զբաղվելու գունավորված ֆիլմերի հետագա դիստրիբուցիայով, որից ստացված հասույթից Հայաստանը կստանա իր մասնաբաժինը:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը հանդիպումներ է ունեցել «Յուրիմաժի» (Եվրոպայի խորհրդին առընթեր համատեղ կինոարտադրության հիմնադրամ` Eurimages, ֆրանսերեն կարդացվում է «Յուրիմաժ»), Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիայի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC) ներկայացուցիչների հետ: Աուդիովիզուալ օբսերվատորիային ներկայումս անդամակցում է 40 երկիր:
Հայաստանը` հանձին Գ.Գևորգյանի, ընդգրկվել է վարչության կազմում: «Յուրիմաժի» գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի անդամակցության հարցերը, ինչպես նաև դրանով պայմանավորված համագործակցության հնարավորությունները: Նախնական պայմանավորվածության համաձայն` Հայաստանը «Յուրիմաժի» անդամ կդառնա 2014 թ.:
Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոյի հետ հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել է հայ-ֆրանսիական համագործակցության պայմանագիրը համատեղ կինոարտադրության համար վերակնքելու հարցը, ինչպես նաև` «Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման հետ կապված հարցերը: «Մենք արդեն ֆրանսիական կողմին ուղարկել ենք Հայաստանի ստորագրած «Համաշխարհային ազատ առևտրային հարաբերությունների մասին» պայմանագիրը, որում մշակույթը ներառված չէ: Ահա առաջիկայում մենք կկարողանանք պայմանագիրը վերակնքել համատեղ կինոարտադրության համար»,- ասաց Գ.Գևորգյանը:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենը հանդիպել է նաև թուրքական «Հերսեյֆիլմ» ընկերության զարգացման գծով տնօրեն Ս.Աթասագունի հետ և քննարկել հնարավոր համագործակցության տարբերակներ: Հանդիպման նախաձեռնությունը, ի դեպ, թուրքական կողմինն է եղել:
Կայացել են նաև մի շարք հանդիպումներ Վենետիկի փառատոնի կինոշուկայի տնօրեն Պասկալ Դիոտի, Ռիգայի կինոթատրոնների վերազինման աշխատանքներով զբաղվող «Dremsim» կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Պարվատկինի հետ, ինչպես նաև ամերիկյան «Քենդի Մարշալ» կինոընկերության հետ, որը հետաքրքրված է Հայաստանում կինո նկարահանելու հնարավորություններով:
«Ես կարծում եմ, որ այս տարի աննախադեպ մեծ էր հետաքրքրությունը հայկական տաղավարի նկատմամբ, որը պայմանավորված էր մեր կողմից նախապես կատարած աշխատանքներով: Աշխատել ենք շատ խիտ գրաֆիկով: Ես կարծում եմ, որ կինոշուկայում այս տարիներին ստեղծած մեր կապերն ու ծանոթությունները կնպաստեն հայկական կինոյի զարգացմանը. դանդաղ, բայց հաստատուն հիմքով»,- ասաց Գևորգ Գևորգյանը:
IMG_7721Հայկական տաղավարում
Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացել են հայ ռեժիսորների ֆիլմերի կինոնախագծերի շնորհանդեսները: Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է «Թևանիկը», Մարիա Սահակյանը և Ջեֆ Գալուստյանը` «Ֆլորիստը» հեքիաթ-նախագիծը, Ռուբեն Քոչարը` «Իմ անունը Վիոլա է» կինոնկարը:
«Պարալլելս ֆիլմի» հիմնադիր, ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Կաննի կինոշուկայի հնաբնակներից է: Նա արդեն ինքնուրույն է կազմակերպում իր աշխատանքները կինոշուկայում, քանի որ մի քանի տարի անընդմեջ հայկական տաղավարում ներկայացնելով իր նախագծերը` գտել է գործընկերներ և կապեր հաստատել:
Այս տարի «Պարալլելս ֆիլմը» մասնակցեց Կաննի կինոշուկային` ներկայացնելով արտադրության տարբեր փուլերում գտնվող 4 կինոնախագիծ: Ընդգրկվելով Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի կողմից հրավիրված ֆիլմարտադրողների ցուցակում` «Պարալլելս ֆիլմի» հիմնադիր Հովհաննես Գալստյանն անհատական հանդիպումների հնարավորություն ուներ եվրոպական կինոարտադրության դաշտում առանցքային դերակատարում ունեցող հյուրերի հետ:
Բանակցությունների արդյունքում համագործակցության հուշագիր է կնքվել իսպանական մի ընկերության հետ «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի (ռեժ.` Մարինե Զաքարյան, օպ.` Միհրան Ստեփանյան, ըստ Վիլյամ Սարոյանի նովելների) ձայնային աշխատանքները Իսպանիայում իրականացնելու վերաբերյալ: Ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով (նախագիծը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է մոտ 17 մլն դրամ) ֆիլմի փաթեթը ներկայացվել է թվանշային ֆիլմերի հետարտադրությանն աջակցող հիմնադրամների կառույցների: Երկարատև բանակցություններից հետո հաջողվել է Լոնդոնում տեղակայված «Pollinger ltd»-ից ստանալ Վիլյամ Սարոյանի նովելների էկրանավորման տարածման իրավունքները:
«Լուսավոր շրջան» (ռեժ.` Հովհ. Գալստյան) կինոնախագծի մասով կնքվել է համատեղ արտադրության պայմանագիր ֆրանսիական «Cosmopolis Film» ընկերության հետ: Առաջիկա ամիսներին ընկերությունը ֆիլմի ֆրանսերեն փաթեթը կներկայացնի կինոյին աջակցող եվրոպական կառույցների` ֆիլմի ֆրանսիական հատվածի նկարահանումների հետարտադրության համար ֆինանսական ներդրումներն ապահովելու նպատակով: Ֆիլմի երրորդ գործընկերն է Իսպանիան ներկայացնող մի ընկերություն, որի անվանումը կհրապարակվի համատեղ արտադրության պայմանագրի կնքումից հետո:
«Կորած թռչուններ» (ռեժ.` Արեն Պերդեցի, Թուրքիա) միջազգային կինոնախագիծը դեռևս գտնվում է զարգացման վաղ փուլում, սակայն ստացել է թուրքական կառավարության աջակցությունը ֆիլմի բյուջեի մոտ 15%-ի չափով: Արտադրական փաթեթը ստացել է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախնական աջակցության համաձայնությունը բյուջեի 10%-ի չափով: Բյուջեի 30%-ը մասնավոր ներդրումներ են, որոնք արդեն հաստատված են: Ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2014-ին:
CNC կազմակերպության «Producer’s Network» ծրագրի շնորհիվ հնարավոր եղավ հանդիպել Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի միջազգային բաժնի ղեկավար Ջուլիեն Էզաննոյի, Համաշխարհային կինոյի հիմնադրամի նախագծերի ղեկավար Վինչենցո Բուգնոյի, Վենետիկի Բիենալեի ղեկավար Ալբերտո Բարբերայի, Վենետիկի կինոշուկայի ղեկավար Պասկալ Դիոթի, Եվրոպական աուդիովիզուալ օբսերվատորիան ներկայացնող Ռիինա Սիլոսի, Էստոնական թվային կենտրոնի ղեկավար Մարթին Աադամսուի, Լիտվայի կինոկենտրոնի բիզնես ծրագրերի ղեկավար Կեստուտիս Դրազդաուսկասի հետ: «Պարալլելս ֆիլմի» նախագծերի առաջմղումից բացի, քննարկման թեմաներից էին նաև Հայաստանում անկախ ֆիլմարտադրության իրավիճակը, զարգացման խոչընդոտները և համագործակցության հեռանկարները:
Նշենք, որ Կաննում ներկայացված չորրորդ ֆիլմը` «Փասիանի որսորդը» (ռեժ.` Մարինե Զաքարյան) կարճամետրաժը, որ վերջերս արժանացել էր «Հայակ» մրցանակի «Լավագույն դեբյուտ» անվանակարգում, ընդգրկվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ծրագրում:
Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ