Անցած տարվա նոյեմբերի սկզբին «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Կինոգետների ու կինոլրագրողների միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության հրավերով Երևանում էր մոսկվացի կինոքննադատ Անտոն Դոլինը: Նա հանդես եկավ վարպետության դասով, որը գլխավորապես նախատեսված էր կինոփառատոների լուսաբանման հարցերով հետաքրքրված լրագրողների համար:
Ստորև ներկայացնում ենք նրա հոդվածն այժմ ընթացող Մոսկվայի միջազգային կինոփառատոնի մասին, որ ուշագրավ է իր ուրույն դիտարկումներով: 

944192796

Ամեն տարի ՄՄԿՓ-ում տեղի է ունենում մոտ 20 պրեմիերա, որոնք հաճախ անցնում են դատարկ դահլիճներում: Փառատոնի վերջին 10 տարիների որևէ մրցանակակիր, բացի ռուսական ֆիլմերից, չի հայտնվում վարձույթում: Բայց հենց հիմնական մրցույթի գոյությունն է հնարավորություն տալիս ընդգրկելու ծրագրում Մոսկվայի համար արժեքավոր մի քանի հարյուր ցուցադրություն:

Մայրաքաղաքում ընթանում է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը` նույն ինքը ՄՄԿՓ-ն: Լավ է ընթանում, բուռն, չթողնելով, որ կանգ առնես ու մտածես, թե ինչու է ընթանում և ուր է ընթանում: 364 ֆիլմ 10 օրվա մեջ, հանաք բան չէ: Իսկ ահա Կաննում` 50-ից քիչ ավելի:

Մինչդեռ մտորելու առիթ կարող էր տալ անգամ բացման ֆիլմը` «Z աշխարհների պատերազմը», որով էլ մեկնարկեց ՄՄԿՓ-ն: Ոչ, խոսքը գեղարվեստական որակների մասին չէ. ի՞նչ ասես, սովորական լավորակ բլոկբաստեր է, գլխավոր դերում` կինոաստղ:  Անշուշտ, դրա պրեմիերան Մոսկվայում տեղի կունենար առանց փառատոնի էլ, բայց քանի որ համընկել է, ուրեմն ինչո՞ւ Բրեդ Փիթին չգցես Նիկիտա Սերգեևիչ Միխալկովի ջերմ գիրկը, ո՞ւմ ես վնաս տալիս:  Այնտեղ, որտեղ եղել են «Հենքոքն» ու «Տրանսֆորմերներ-3»-ը,  ցավալի չէ, որ հայտնվի նաև զոմբիի մասին մարտախառն աղետը: Հետաքրքիր է ուրիշ բան:

Կամա թե ակամա ՄՄԿՓ-ն ընտրել  և աշխարհին ներկայացրել է իդեալական մետաֆոր` նկարագրելու այն ամենը, ինչ կատարվում է երկրի գլխավոր փառատոնում արդեն մի քանի տարի: Չէ՞ որ ՄՄԿՓ-ն փառատոների համերաշխ ընտանիքում տիպիկ զոմբի է:

Դատեք ինքներդ: Մի ժամանակ` շատ վաղուց, այն ապրում ու շնչում էր, բացում նոր անուններ մասնագետների համար, առաջադրում կողմնորոշիչների համակարգ հանդիսատեսի համար: Այսօր հանրությունը վարձույթ ունի, ամենծույլերն ու անօրինապահները` դեռևս վերջնականապես չոչնչացած  տորրենտներ: Քչերն են, որ ցանկություն ունեն կտրվել տնից և հերթ կանգնել «Հոկտեմբեր» կինոթատրոնում բացառիկ ցուցադրության համար: Իսկ մասնագետները տեղեկատվությունը քաղում են անմիջականորեն Կաննից, Վենետիկից, Բեռլինից կամ Լոկառնոյից, Տորոնտոյից, Ռոտերդամից. փառք Աստծո, սահմանները բաց են: ՄՄԿՓ-ն մոլորեցնում է մեզ և վարակում իր վերամբարձ, տենդագին, անառողջ ու ժամանակ առ ժամանակ ագրեսիվ էներգիայով, որի հետևում երբեմն հայտնաբերվում է վախեցնող դատարկություն:

Ես խոսում եմ մրցույթի մասին: Ամեն տարի  բարձր որակավորման կինոգետների թիմն ընտրում է մոտ երկու  տասնյակ կինոնկար, որոնք պետք է ներկայացվեն համաշխարհային պրեմիերայի հատկապես Մոսկվայում` հավակնելով այդպիսով «Ոսկե Սբ. Գեորգիի»: Ամեն տարի դահլիճներն այդ ցուցադրությունների ժամանակ, բացառությամբ ռուս մասնակիցների, որոնք կարող են հրավիրել իրենց ընկեր-բարեկամներին, ընտանիքին ու նկարահանող խմբին, դատարկ են լինում: Չնայած այն հանգամանքին, որ ամեն տարի ժյուրին ընտրում ու պարգևատրում է լավագույններին: Դրանից հետո այդ մրցանակ շահած ֆիլմերը երբեք չեն հայտնվում վարձույթում: Անգամ սահմանափակ: Մրցանակակիրները, ինչպես և նրանց պակաս հաջողակ մրցակիցները, անհետանում են: Դարձյալ բացառությամբ ռուսաստանցիների, որոնք այսպես թե այնպես կգտնեին էկրան տանող ճանապարհը նաև առանց Սբ. Գեորգիի:

Չե՞ք հավատում: Ուրեմն փորձեք հիշել կամ գտնել այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են Միգել Էրմոսոյի «Աստվածային կրակը», Օթման Քարիմի «Սառայի մասին»-ը, Ռեզա Միր Քարիմի «Հեշտից էլ հեշտ»-ը, Մարսել Ռասկինի «Եղբայրը», Ալբերտո Մորայիսի «Ալիքները» և վերջապես Թինջի Քրիշնանի «Թափթփուկները»: Դրանք, եթե գլխի չընկաք, ՄՄԿՓ-ի ոսկե մրցանակակիրներն են վերջին տասը տարում: Այն տարիների, երբ ռուսական վարձույթը զարթնեց թմբիրից և նույնիսկ ավանգարդային կինոնկարներ յուրացնելու ունակություն ձեռք բերեց:

Արժե՞ արդյոք կշտամբել ընտրողներին: Եթե դուք կինոման եք, որ տարվա ընթացքում հետևում է բոլոր պրեմիերաներին, ուշադրության արժանի քանի՞ ֆիլմ կարող եք թվարկել: Ասենք, լավ, մի 30-40, հազիվ թե ավելին: Բայց չէ՞ որ գլխավոր համաշխարհային փառատոների եռյակը տարվա մեջ  առնվազն մի 60 մրցութային պրեմիերա է ունենում: Դեռ չենք խոսում զուգահեռ արտամրցութային ծրագրերի մասին (դրանց մասնակցությամբ  միայն Կաննում, Վենետիկում, Բեռլինում տարվա մեջ ներկայացնում են մոտ 200 նոր ֆիլմեր):  Էլ որտեղի՞ց Մոսկվան էլի մի երկու տասնյակ հետաքրքիր, բայց  որևէ տեղ դեռ ցույց չտված բան գտնի:

Ոչ բոլորին է հայտնի ՄՄԿՓ-ի հիմնարար պարադոքսը: Ինչպես հավաստում են կազմակերպիչները (նրանց չհավատալու պատճառ չկա), եթե մրցույթ չլինի, չի լինի նաև փառատոն` իր պատկառելի բյուջեով և վարչական ռեսուրսներով:  Բոլորը, ովքեր կազմակերպում  են այս մրցումը և մասնակցում դրան, գիտեն կամ առնվազն ենթադրում են, որ կառուցում են հերթական պոտյոմկինյան գյուղը… Բայց հասկանում են, որ  գումարը չի կարող և չպետք է հավասար լինի գումարելիին: Չէ՞ որ հատկացված բյուջեի և ոչ մեկի համար հետաքրքրություն չներկայացնող ռեժիսորների անիմաստ մրցման շնորհիվ նույն կինոթատրոնի հարևան դահլիճներում ցույց կտան ևս երեք հարյուր հիսում ֆիլմ: Բերտոլուչչիի գրեթե լիկատար հետահայացը, ի՞նչ եք կարծում, եթե հաշվի առնենք Կրեմլի ու Պետդումայի քաղաքականությունը,  էլ ե՞րբ «Վերջին տանգոն Փարիզում» կինոնկարը մեծ էկրանին տեսնելու շանս կլինի: Ապշեցուցիչ պորտուգալական ծրագիրը, որ կազմել է Անդրեյ Պլախովը Լիսաբոնում: Ութուկես արտ-գլուխգործոցներ, այդ թվում և Պյոտր Շեպոտիննիկից, Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձը» և իրանական ավանգարդիստական «Հաստափորը», որը վարձույթ չի մտնի արդեն ուրիշ պատճառներով.  չափից ավելի արմատական կինո է: Ֆրանսիական սինեմատիկայի ծրագիրը, XXth Century Fox ստուդիայի «ոսկե հիթերը», չեխական 1960-ական թթ, «նոր ալիքի» ֆիլմերը, վավերագրական մրցույթը…

Ինչպե՞ս հրաժարվել այդ հրաշքից, մանավանդ արտհաուսի կիսախեղդ վարձույթի և Մոսկվայում թեկուզ բարձիթողի, բայց սեփական սինեմատիկայի լիակատար բացակայության պայմաններում:

Մի ուրիշ նման թեմայով և շատ ավելի տաղանդավոր ֆիլմում, քան «Z աշխարների պատերազմն» է,  բրիտանական «Շոն անունով զոմբին» կատակերգությունում մարդիկ այդպես էլ չկարողացան մի բան հնարել, որ ոչնչացնեին կամ բուժեին կենդանի մեռյալների ամբոխը: Ուստի սովորեցին ապրել նրանց հետ: Վերջին կադրերում հերոսն իր մտերիմ ընկերոջ հետ, որ այժմ մեռյալ է, համակարգչային խաղ է խաղում, և երկուսն էլ կարծես երջանիկ են: Այդպես էլ մենք ամեն տարի դժգոհում ենք, հանդուրժում ու շարունակում խաղալ զոմբի-ՄՄԿՓ-ի հետ նրա առաջարկած խաղը: Չէ՞ որ այլապես որևէ մեկի հետ խաղալու հնարավորություն չենք ունենա: Դեղուդարմանը չունենք, բայց դե ձեռքդ էլ չի բարձրանա, որ գնդակահարես:

Անտոն ԴՈԼԻՆ

Gazeta.ru

 

 


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16