«Խավարում» կարճամետրաժ ֆիլմի երեւանյան պրեմիերան
«Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրված ռեժիսոր Արա Երնջակյանի «Խավարում» կարճամետրաժ կինոնկարը հուզել էր հանդիսատեսին: Ֆիլմի պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում` չդադարող ծափահարությունների ուղեկցությամբ: Հեղինակի 14 րոպեանոց ֆիլմը պատմում է 1915 թ. ապրիլյան օրերին` Արևմտյան Հայաստանում ծավալվող սահմռկեցուցիչ իրադարձությունների մասին: Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը միտված է այլեւս ոչ ասելու ցանկացած բռնության եւ դաժանության` հատկապես երեխաների նկատմամբ: Ա.Երնջակյանը ավելի քան համոզված է, որ ամեն անպատիժ ոճրագործություն ծնում է նորը. « երբ մարդու մեջ խավարում է մարդկայինը, նրա մեջ արթնանում է գազանն ու մարդկության ողջ պատմությունը դրա վառ ապացույցն է: Եվ ամենածանր բեռը, ամենադաժան հարվածը այս ամենի մեջ հասնում է երեխաներին, որոնց խեղված ճակատագրերը մեկ ակնթարթում հայտնվում են անդունդում»:
Ֆիլմը նկարահանվել է 2013 թվականին, ռեժիսորը, համապրոդյուսերը եւ սցենարի հեղինակն է Արա Երնջակյանը, բեմադրիչ նկարիչը` Արմեն Ղազարյանը, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: Դերերում հանդես են եկել Մելիսսա Բրաունը, Վիգեն Ստեփանյանը, Ժաննա Թամիզյանը, Սոֆիկ Սարգսյանը, Արամ Կարախանյանը եւ Սենիկ Հարությունյանը: «Խավարում»-ի մտահղացումն իրականացրել է «ԵՐԿԱԹ» կինոընկերությունը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ։
Ֆիլմը մասնակցելու է հուլիսին Երեւանում կայանլիք «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» խաղարկային մրցույթում: