76101Ռեժիսոր Միքայել Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը, որն ունեցել է 7 միջազգային պրեմիերա և Հայաստանում ցուցադրվել միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում, հունիսի 7,8,9-ին կունենա եռօրյա կինոթատրոնային ցուցադրություն «Նաիրի» կինոթատրոնում:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի էր ունեցել 2011 թ. հոկտեմբերին` Հարավային Կորեայում` Պուսանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական միջազգային մրցույթում: 2012-ին ֆիլմը ցուցադրվեց  Շվեդիայում` Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնում:  Այնուհետև ընտրվել է Սիեթլի կինոփառատոնի կողմից: Ֆիլմն ունեցել է նաև այլ միջազգային պրեմիերաներ, իսկ Հայաստանում ցուցադրվել միայն «Ոսկե ծիրան» կինոփառատոնում:

Ֆիլմն արտադրված է «Հոշկի ֆիլմ» կինոընկերության կողմից, որին աջակցել են մշակույթի Նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու «Ոսկե ծիրան» հիմնադրամը: «Ժաննան և ձայները» ռեժիսորի և ֆիլմի հիմնակազմի 90 տոկոսի` սցենարիստների, պրոդյուսերի և բեմադրող օպերատորի առաջին լիամետրաժ ֆիլմն է: Ժաննայի դերում հանդես է գալիս Արմինե Անդան: