img_3717288742_Dialogner_1Վերջապես մենք էլ ունեցանք մեր «Դիալոգները»` մոտ կեսժամանոց կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի տեսքով: Պլատոնի ամենահայտնի դիալոգի` «Խնջույքի» համանմանությամբ քննվող թեման կրկին սերն է, ու կրկին էրոտի երկակի բնույթը բացահայտողն ուրիշի միջոցով խոսող կինն է: Առաջին տարբերակում իմաստուն Սոկրատը մերկացնում է էրոտին` վերապատմելով մանթինեացի գուշակուհի Դիոթիմայի ասածները, իսկ երկրորդում ռեժիսոր Դիանա Կարդումյանն է անում նույն բանը, բայց արդեն կինոյի լեզվով: Ուրեմն ընտրված վերնագիրն անգամ խորքային ասելիքի հավակնություն ունի, որտեղ «դիալոգները» լոկ սցենարային ռեպլիկներ չեն, այլ Բախտինի պատկերացրած իմացության ու գոյության համակողմանի ձևաչափը, որի շնորհիվ միայն կարող ենք ճանաչել մարդուն, որովհետև «երկու ձայնը կյանքի ու գոյի նվազագույնն է»: Դիանա Կարդումյանն առավելագույն հետևողականությամբ փորձել է ապահովել հենց այդ մինիմումը:

Առաջին հայացքից «Դիալոգներն» ուղղակի գրագետ նկարված կարճամետրաժ մելոդրամ է սիրո, կարոտի ու բաժանման մասին, ֆիլմ, որին առանձնակի հմայք է հաղորդում Վահագն Տեր-Հակոբյանի իրապես բարձրակարգ օպերատորական աշխատանքը:  Երևանյան մի գիշեր` խորհրդանշական ինն ամիս դադարից հետո (երբ հանդիպում են չծնված երեխայի հնարավոր ծնողները), կրկին միասին են նախկին սիրեկանները` կինն ու տղամարդը: Նրանք դեռ զգացմունքներ ունեն միմյանց նկատմամբ, բայց, ինչպես պարզվում է ֆիլմի վերջում, կինն ուղղակի տղամարդուն հրաժեշտ տալու համար է նախաձեռնել հանդիպումը, քանի որ հենց նույն գիշերը, ենթադրաբար ընդմիշտ, պետք է մեկնի արտերկիր (կնոջը մարմնավորել է Նարինե Գրիգորյանը, իսկ տղամարդուն` Արմեն Մարգարյանը): Սյուժեի թելը մի քանի անգամ կտրվում ու քարկապվում է գլխավոր դերակատարների հարցազրույցներով, որոնք հիմնական պատումի հյուսվածքին այնքան ներդաշնակ են սերտաճում, որ տեղ-տեղ դժվարանում ես կռահել` խոսում են դերասաննե՞րը, թե՞  նրանց կերտած հերոսները:

Սակայն  «Դիալոգներն» այսբերգ-ֆիլմ է, որում կին-տղամարդ կարոտից հալվող ու խորտակվող հարաբերությունը գագաթն է, իսկ սառցե հսկայի հիմնական մասը ջրի տակ է ու առաջին հայացքից չի երևում:  Ժանրը ձև է, իսկ բովանդակային առումով գործ ունենք նոր որակի հայկական կինոյի հետ, որ կարող էր  լինել մեր միջին խավի ճաշակով, եթե վերջինս գոյություն ունենար: Մի երկրում, որտեղ ամեն երրորդն աղքատ է, ու դժվար է դիմանալ  աղբարկղերից հաց հավաքող մարդկանց նկարելու գայթակղությանը, Դիանային կարծես հաջողվում է երկնքի ու ասֆալտի, շինծու գլամուրի ու գռեհիկ նատուրալիզմի արանքում բացել սեփական կինոտարածքն ու կայացնել ուրույն կինոտեսակ: Բայց արի ու տես, որ անգամ կարդումյանական էսթետիկ կինոաշխարհում հայի բախտը չի բացվում, և էլի հերոսները բաժանվում են, կարոտում ու արտագաղթում, քանի որ մենք ապրում ենք անհնարին սիրեկանների երկրում, որտեղ ոչինչ չի փոխվում, եթե անգամ  առաջին ամուսնական գիշերվա փոխարեն կարևորում ես վերջին արտաամուսնականը: Էլ չասած, որ  բնակչության 56 տոկոսը կանայք են, իսկ տղամարդկանց մի մասն էլ բանակից ու արտագնա աշխատանքներից տուն հետ չեն գալիս: Ուրեմն միայնակ կանանց վիճակը, մեղմ ասած, վիճակագրական է: «Դիալոգներում» սոցիալական սուր խնդիրները ջրի տակից մերթընդմերթ մեղմորեն դուրս են գալիս ու պլշած նայում մեզ հերոսներից մեկի` մատուցող դարձած չստացված լրագրողի հայացքով, որին մարմնավորել է սցենարի համահեղինակ Վարդան Դանիելյանը:

Այսքանով հանդերձ, ֆիլմն ամենևին էլ սոցիալական դրամա չէ, և դիալոգներից ամենատպավորիչը, ի վերջո, մնում է ռեժիսորի պլատոնական երկխոսությունը գիշերային Երևանի հետ:  Ընդհանրապես Կարդումյանը զուսպ զգացմունքայնություն է բերում հայ արդի կինո, որը, եթե դուր էլ չգա, գոնե չի նյարդայնացնում, հակառակը` նրբորեն շոյում է աչք ու ականջ: Նրա կադրի կոկիկությունը շոյում է  ամեն տեսակ էկրանային փնթիությունից հայ հանդիսականի հոգնած աչքերը: Հնչյունային ձևավորման պարագայում էլ նույնն է. շոյվում է ամեն տեսակ էկրանային ճվճվոց ու գոռգոռոցներից հոգնած մեր ականջը: Այստեղ ռաբիս կրքեր չկան, անգամ անձրևը չի կարող լինել բոլիվուդյան ու հորդառատ, որովհետև կոտրված սրտերի մերթընդմերթ կաթկթացող հավաքական արցունքն է: Ուրեմն կարիք չկա, որ լաց լինեն ու աղիողորմ ողբան հերոսները, քանի դեռ թաց են մայթերը, իսկ անձրևը գալիս ու մաքրում է ռաբիսի բոլոր հետքերը և հնարավորություն ստեղծում պատկերելու մաքուր Երևանը, ոչ թե խոստացված «ավելի լավ Երևանը», այլ էն մեկը, ուր քեզ հիշում են, դեռ չեն մոռացել, բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է, սերն էլ քնքուշ է կեսգիշերին:

Դիանան մեր քաղաքի նոր երգիչն է, որ «լավագույն տղերքը հեռանում են»-ին չի հակադրվում, բայց մեղմորեն հիշեցնում է մեզ լավագույն աղջիկների մասին: «Դիալոգները» ռեժիսորի միակողմանի սիրո խոստովանություն է Երևանին, որում նրան մեղմիկ ձայնակցում են ևս երկու հրաշալի կանայք`  Տաթևիկ Հովհաննիսյանը` իր երգով, և Հասմիկ Սիմոնյանը` իր պոեզիայով` վերաիմաստավորելով գիշերային մայրաքաղաքի գեղեցկությունը և վերստին հաստատելով, որ «գեղեցիկ է Երևանը` նամանավանդ գիշերով» և առանց Ձախ Հարութի տաշի-տուշիների:

«Դիալոգներում» Երևանը Դիոթիմայի սեր-Էրոտի նման երկակի է` աստվածային մահկանացու, որ գեղեցիկի կարիք ունի: Այն պատկերվում է իբրև բացվող-փակվող դռների հազարալույս քաղաք: Երբ «Բաց է» գրությամբ առաջին դուռը փակվում է սիրեկանների առաջ «Կներեք, մեզ մոտ փակ միջոցառում է» հանրահայտ պատճառաբանությամբ, հասկանում ես, որ հերոսների հետ զբոսնում ես խաբուսիկ ցուցափեղկ-քաղաքում: Հաջորդող տեսարաններում  դռները դառնում են ֆիլմի լիարժեք ընթերցման համար հավելյալ ցուցիչներ`  հեռվից մեզ աչքով տվող գրավոր արձանագրություններով, որ կարող են մեկնվել (օրինակ` «Փակ է» գրված է շքեղ սպասքի խանութի դռանը, ուրեմն փակ է դեպի համատեղ բարեկեցիկ կենցաղ տանող ճանապարհը, «Բաց է» գրված է կոշիկի խանութի դռանը, ուրեմն բաց է միայն հեռանալու ճանապարհը): Ահա կոնսերվատորիայի գիշերային պահակ Յուրան մի պահ բացում է նրանց բախտի դռները, որտեղ ժամանակին հերոսուհին երջանկություն խորհրդանշող 7 թվով հեռախոսի ստեղնը փչացրել է, և հետո իր կյանքի մեծ սիրավեպը դարձել է անվերջանալի փչացած հեռախոս: Ահա տղամարդը բացում է կնոջ առաջ սրճարանի դուռը («Դու իմ տեսած միակ գրավիչ պահակն էիր»):  Ու մի պահ լավատեսորեն մտածում ես` մի դուռ կբացվի, մինչև չես տեսնում փակ դռան հետևում միայնակ կանգնած հուսահատ կնոջն ու վերջնականապես համոզվում, որ նա անկարող է կառուցել իր գծագրած անձնական երջանկության տարածքը էս միջավայրում (հերոսուհին մասնագիտության բերումով գծագրեր է անում): Ուրեմն խաբում են ցուցանակները, ուրեմն խաբուսիկ են լույսերը, ուրեմն այսքան գեղեցիկ պատկերվածը փակ դռների քաղաք է, որտեղ խնջույքին մասնակցում են միայն հրավիրվածները, իսկ «եթե 30-ն անց ես ու չունես ընտանիք, երեխա, ուրեմն չես կայացել»:

img_3717288743_M_2«Դիալոգները» խորապես ռեժիսորական ֆիլմ է, որտեղ ավելորդ կամ անկապ ոչինչ չկա: Երկրորդական բոլոր կերպարներն անելիք կամ ասելիք ունեն` թե° փողոցի մեջտեղում հերոսներին լուսանկարող բլոգեր աղջիկը` գիշերային թռչնակի արտաքինով, թե° անգամ մի պահ մեջքից երևացող երաժիշտ երեխան, որ պահակ Յուրային ցտեսություն է ասում` կադրում ապահովելով միանգամից երեք սերունդների դիալոգ: Ի դեպ, Յուրան ֆիլմում հնչող միակ անունն է, մնացած մարդիկ կամ անանուն են, կամ խոսուն ազգանուններ ունեն, ինչպես գլխավոր հերոս Առաքելյանը (որ ամենևին էլ առաքյալ չէ, ընդամենը հայտնի ամսագրի խմբագիր է, բայց հայ ընտանիքի հայր լինելու «առաքելություն» ունի) կամ ճանապարհային ոստիկանության կապիտան Մանուկյանը (որի ինֆանտիլիզմն ակնառու է):

Խաղարկված են անգամ աքսեսուարներն ու առարկաները: Սեղանին երկու սուրճ` սերով ու անսեր, սերովը` կնոջը, անսերը` տղամարդուն: Սրտից կաթող արյունը հերոսի ձեռքից է կաթում, երբ կոտրվում է նրա`վիսկիով լցված համբերության բաժակը: Թաշկինակը, թաց աչք սրբելու տեղ, վիրավոր ձեռքի վիրակապ է դառնում: Կիսատ խմած մարտինիի բաժակը պարզ վկայություն է` կինը մինչև վերջ չի դատարկել սիրո իր գավաթը, նա դեռ սիրում է ու չի հագեցել:  Տասը տարի ձգված սիրավեպից զուգընկերոջդ ի հիշատակ մնացող մի շարֆ` գեղեցիկ աքսեսուար, որից հեշտությամբ օձիքդ ազատում ես, իսկ կնոջիցդ ազատվել էդպես էլ չի հաջողվում. նա շնչիդ է նստած ու երբեք էլ սիրուհուդ նման չի ասի` «թող շնչեմ քեզ»: Ու անգամ էական էլ չէ` կադր առ կադր մտածվա՞ծ են բոլոր  մանրուքները, թե՞ ինտուիտիվ գտնված, մեկ է, դրանք խտացված ասելիքով կարճամետրաժին բնորոշ նուրբ շեշտադրումներ են, որ կարող են մեկնաբանվել ու բացվել:

Ինչպես պարոն Առաքելյանն է լուսանկարել սիրած կնոջ ձեռքերը, այդպես էլ Դիանա Կարդումյանն է նկարել  Երևանը` որպես քաղաքի նկատմամբ իր տածած պլատոնական սիրո լուսեղեն հուշ-կինովկայություն ու խոստովանություն`առանց սեքսի, գոտկատեղից բարձր անպտուղ մարմնականության, որտեղ ձուլվում են միայն ձեռքերն ու շուրթերը, և գոտկատեղից ցած հասցված հարվածը միայն հետո ես զգում, երբ փակված դռան հետևում մնում ես մեն-մենակ ու սատկում կարոտից` գլխավոր հերոսի շան նման:

Ֆիլմն ավարտվում է անցումային կոչված անվերջանալի շրջանի իրականությունը խտացնող ստոպ կադրերով` դատարկ անցում ու դատարկ գետնանցում, որտեղ այլևս մարդ չկա:  Բայց մենք գիտենք` կինոխցիկի հետևում գիշերային պահակ դարձած արվեստագետն է, որ չի լքում փակ դռների հազարալույս քաղաքը: Նա մնացել է հերոսաբար, իբրև վերջին մոհիկան, իբրև վերջին հուսահատվողը, որ չմարեն բյուր լույսերը Երևանի, ու չմեռնի մի գեղեցիկ օր բոլոր-բոլոր փակված դռները սիրո առաջ բաց տեսնելու հույսը:

Արմեն ՕՀԱՆՅԱՆ


100-ից ավելի ֆիլմեր կմրցեն «ՌեԱնիմանիա» փառատոնի հինգ անվանակարգերում

«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ միջազգային փառատոնն կմեկնարկի հոկտեմբերի 24-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում,  Սալվադոր Սիմոյի «Բունյուելը կրիաների...

|22 Հոկտեմբեր 2019,23:27