kinozal---------450-267_jpg_625x625_q70Ջրի երեսին մնալու համար կինոթատրոնները ստիպված են տեսակավորել ֆիլմերի տոմսերի գները և նոր կինոդիտողների գրավել այլընտրանքային կոնտենտով, երբեմն` միանգամայն անակնկալ:

Վերջերս հոլիվուդյան ռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգը և Ջորջ Լուկասը,  ելույթ ունենալով Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆի բաժնի ուսանողների առջև,   հայտարարեցին, որ ներկայիս կինոարդյունաբերությանը ճգնաժամ է սպասում: Նրանք համարում են, որ մոտ ապագայում այդ ոլորտում արմատական փոփոխություններ են սպասվում:

Սփիլբերգը բացատրել է, որ դրա համար բավական է ընդամենը, որ 250 մլն դոլար բյուջեով մի քանի ֆիլմեր տապալվեն վարձույթում: Ընդ որում, ռեժիսորն ասել է, որ դեպքերի զարգացման նման ընթացքի հավանականությունը շատ մեծ է: Նրա խոսքով` շատ երիտասարդ կինեմատոգրաֆիստներ չափի զգացում չունեն, ինչը նրանց որոշ սահմանափակության հետ անխուսափելիորեն կհանգեցնի բարձրբյուջետային ֆիլմերի ձախողման:

Ռեժիսորը համարում է, որ դա էլ վարձակալողների աշխատանքի սկզբունքների էական փոփոխությունների պատճառ կդառնա, մասնավորապես` կինոթատրոնների տոմսերի գների տարբերակման: Եթե հիմա բոլոր ֆիլմերի տոմսերը վաճառվում են հիմնականում միևնույն գնով, ապա շուտով, ըստ Սփիլբերգի, «Երկաթե մարդը» բլոկբաստերի հերթական մասի դիտման համար հանդիսատեսը ստիպված կլինի ծախսել 25 դոլար, մինչդեռ իր «Լինքոնլի» կարգի կենսագրական ֆիլմերը հնարավոր կլինի նայել 7 դոլարով:

Ըստ էության, այդ տարբերակումն արդեն գոյություն ունի: Այսպես, բրիտանական Odeon ցանցը լոնդոնյան Վեստ-Էնդում հինգ կինոթատրոն ունի: Նրանցից երեքը (ներառյալ` խոշորագույնները երկրում` Լեստեր սքվեր հրապարակում գտնվողները, որտեղ տեղի են ունենում լոնդոնյան հիմնական պրեմիերաները) պտտացնում են հոլիվուդյան բլոկբաստերներ, հաճախ` բազմաթիվ հատուկ էֆեկտներով և 3D ֆորմատով: Odeon-ի այդ երեք կինոթատրոնների տոմսերը 30-60%-ով ավելի թանկ են մյուս երկուսից, որտեղ ցույց են տալիս առավելապես ինտելեկտուալ ֆիլմեր, հիմնականում` եվրոպական արտհաուս:

Լուկասն էլ, համաձայնվելով գործընկերոջ հետ, չի բացառել, որ հետագայում  կինոարդյունաբերությունն առհասարակ կանցնի տարածման բրոդվեյյան մոդելին, այսինքն` ֆիլմերն ավելի հազվադեպ վարձույթ կմտնեն, սակայն մեծ էկրաններին յուրաքանչյուր ժապավեն կցուցադրվի  մոտ մի տարի, իսկ կինոյի տոմսերի գները համեմատելի կլինեն թատրոնի տոմսերի գների հետ: Սփիլբերգն ի պատասխան հիշել է իր 1982 թ. «Այլմոլորակայինը» ֆիլմը, որ մնացել է վարձույթում մի տարի չորս ամիս:

Ֆիլմերի մեծ մասն էլ, երկու ռեժիսորների կարծիքով, առհասարակ անմիջապես կհեռարձակվի հեռուստատեսությամբ, ընդ որում, Լուկասը կարծում է, որ նման տարբերակը նույնիսկ գրավիչ է: Նրա խոսքով` իրերի ներկայիս դրությունը շուկայում, որ բնորոշվում է ֆիլմերի բարձր բյուջեներով և պրոդյուսերների` զանգվածային արտադրանք տալու ձգտումով, աստիճանաբար առաջին գիծ է մղում կաբելային հեռուստատեսությունը` որպես լայն ճանաչում չունեցող և նպատակային լսարանի փոխազդեցության առավել արդյունավետ միջոց:

Սփիլբերգն էլ կարծում է, որ իր «Լինքոլն» ֆիլմը, օրինակ, կարող էր անմիջապես ցուցադրվել HBO կաբելային հեռուստաալիքով` շրջանցելով կինովարձույթը:  Նրա ստուդիան դժվարությամբ է կարողացել պայմանավորվել ֆիլմը կինոէկրաններով թողարկելու համար: Մինչդեռ վարձույթում ժապավենը հավաքել է 182 մլն դոլար միայն ԱՄՆ-ում (և 93 մլն` արտասահմանում):  Եվ սա 65 մլն բյուջեի պարագայում:

Սփիլբերգը և Լուկասը զգուշացրել են ուսանողներին, որ նրանք կինոարդյունաբերություն են գալիս այն ժամանակ, երբ անգամ փորձառու և ճանաչված ռեժիսորների համար դժվար է հասնել իրենց ֆիլմերի լայն վարձույթի:

Անցած երեքշաբթի` հունիսի 18-ին, հազարավոր բրիտանացիներ գնացին կինոթատրոններ, բայց ոչ հերթական հոլիվուդյան բլոկբաստերը նայելու, այլ որպեսզի տեսնեն «Պոմպեյ.  Բրիտանական թանգարանում»  շրջայցը մ.թ. ա. 79 թ. հրաբխի մոխիրների տակ թաղված հին հռոմեական քաղաքից պեղված ցուցանմուշների մասին մասնագետների մեկնաբանություններով:

Համաշխարհային առաջատար թանգարանից ուղիղ հեռարձակումն ամբողջ Բրիտանիայի 280 կինոթատրոններում նայեց ավելի քան 25 հազար մարդ: Նման ցուցադրությունն այլընտրանքային կոնտենտի հարաճուն ազդեցության կամ «իրադարձային վարձույթի» հերթական օրինակը դարձավ:

Բրիտանական վարձույթի ցանցերը (Cineworld, Vue, Odeon և UCI)  դեռ մի քանի տարի առաջ են սկսել էկրաններին ցուցադրել ոչ կինեմատոգրաֆիական արտադրանք` սկսած օպերայից ու բալետից մինչև ռոկ համերգներն ու սպորտային մրցումները: Այսօր, երբ գրեթե բոլոր կինոթատրոններն իրենց ժապավենային պրոեկտորները փոխարինել են թվանշային տեխնիկայով, «տեսականու» ընդլայնման հնարավորությունները գրեթե անսահման են դարձել:

Թեպետ այլընտրանքային կոնտենտին ամբողջ աշխարհում բաժին է ընկնում ընդամենը մոտ 400 մլն դոլար (կինովարձույթի 34 մլրդ դոլարի շրջանառության պարագայում), վարձակալներն աճման մեծ ներուժ են տեսնում, հատկապես`  կայունացած արևմտյան շուկաներում, օրինակ` Բրիտանիայում կամ ԱՄՆ-ում: «Այսօր դա միակ հատվածն է, որտեղ մենք աճ ենք նկատում: Սովորական կինովարձույթը Բրիտանիայում և ԱՄՆ-ում հասել է իր վերջնակետին»,- հայտարարել է Իրադարձային կինովարձույթի ասոցիացիայի ղեկավար Մելիսա Քիփլինգը:

Ամեն ինչ սկսվել է 2006 թ., երբ Մետրոպոլիտեն օպերան կազմակերպել է Մոցարտի «Կախարդական սրինգի» հեռարձակումը կինոթատրոններում: Այսօր Մետրոպոլիտենն իր ներկայացումների ուղիղ հեռարձակումներ է վարում աշխարհի 40 երկրների ավելի քան հազար կինոթատրոններում, ինչի շնորհիվ դրամարկղահավաքը տարեկան հասցնում է 60 մլն դոլարի:

Բրիտանիայում այդ ուղիով գնացին «Քովընթ գարդընը» և Ազգային թատրոնը: Վերջինս, օրինակ, կազմակերպել է հանրահայտ «Ունկնդրություն» բեմադրության կենդանի հեռարձակումը, որում բիտանական թագուհու դերը խաղում էր  Հելեն Միրրենը: Հունիսին բրիտանական կինոէկրաններին  կցուցադրվի ուղիղ հեռարձակում Պետերբուրգի Մարիինյան թատրոնից. հանդիսատեսը  հնարավորություն կունեն տեսնելու Չայկովսկու «Կարապի լիճը» 3D-ով: Եթե անգամ այդ հանդիսատեսն ապրում է բրիտանական ծայրագավառում: «Այլընտրանքային կոնտենտը կինոթատրոն է բերում այն մարդկանց, որոնք արդեն մի քանի տարի չեն եղել այնտեղ»,- հավաստում է Դեվիդ Հենկոկը` կինոշուկայի հետազոտությունների տնօրենը IHS Screen Digest հետազոտական կենտրոնում:

041_expert_25_jpg_625x625_q70Հատկապես զանգվածային են դարձել օպերայի, բալետի և դրամատիկական ներկայացումների հեռարձակումները: Պատճառներից մեկն այն է, որ հեռարձակումների տոմսերը 2-5 անգամ ավելի էժան են, քան թատրոններում: Սպորտային մրցումների ցուցադրումը կինոէկրաններին պակաս պահանջված է, բրիտանացիներն առաջվա պես նախընտրում են ֆուտբոլի խաղերը դիտել տանը կամ ակումբ-սրճարաններում, գարեջի գավաթներով: Սակայն որոշ իրադարձություններ, պարզվում է, սիրված են: Այսպես, 2012 թ. ամռանը Լոնդոնում Օլիմպիադայի բացման արարողության հեռարձակումը Odeon ցանցում լեփ-լեցուն դահլիճներ ապահովեց:

Ըստ Դեվիդ Հենկոկի գնահատականի` կինոթատրոններում այլընտրանքային կոնտենտի բերած շահույթն ամբողջ աշխարհում այս տարի կհասնի 500 մլն դոլարի: Առաջիկա տասը տարվա ընթացքում որոշ երկրներում այլընտրանքային կոնտենտին կարող է բաժին հասնել կինոթատրոնների շահույթի 5%-ը: Դա նշանակում է, որ համընդհանուր շուկայում  նման հեռարձակումները 1 մլրդ դոլարի շահույթ կբերեն:

Ալեքսանդր Կոկշարով, Լոնդոն

http://expert.ru