944192796Հինգշաբթի երեկոյան` հունիսի 20-ին, բացվեց հոբելյանական` 35-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնը: Բացման արարողությունը տեղի ունեցավ Պուշկինի հրապարակում` «Ռոսիա» կինոթատրոնում: Կարմիր ուղեգորգով անցան ռուսական կինոյի նշանավոր գործիչները, որոնց թվում` ռեժիսորներ Վլադիմիր Խոտինենկոն, Պավել Լունգինը, Ջանիկ Ֆայզիևը, դերասաններ Օլգա Կաբոն, Մարատ Բաշարովը, Իրինա Միրոշնիչենկոն, Դարյա Եկամասովան, Օկսանա Ակինշինան, Արտյոմ Միխալկովը, Սվետլանա Խոդչենկովան, ինչպես նաև հեռուստատեսային մեկնաբան Վլադիմիր Պոզները, Կինոյի հիմնադրամի ղեկավար Անտոն Մալիշևը, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և այլք: Հյուրերին և ժյուրիի անդամներին մուտքի մոտ դիմավորում էր կինոփառատոնի նախագահ Նիկիտա Միխալկովը:

_aa25695Բրեդ Փիթի մուտքն աննախադեպ իրարանցում առաջացրեց հանդիսատեսի շրջանում: Նա առաջին անգամ է ժամանել Մոսկվա և ժամանել է ներկայացնելու փառատոնի բացման ֆիլմը` Մարկ Ֆորստերի «Z աշխարհների պատերազմը» (World War Z): Կարմիր ուղեգորգի մոտ Փիթը երկար մնաց` բաժանելով ինքնագրեր, ապա լուսանկարվելով: Միխալկովը երկար սպասեց Փիթին, այնուհետև գնաց փրկելու նրան լրագրողներից: Բայց այժմ էլ լուսանկարողները շրջապատեցին երկուսին: Փաստորեն փառատոնի բացումը սկսվեց մեկ ժամ ուշացումով:

35-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար» մրցանակը ստացավ հունական ծագումով ֆրանսիացի ռեժիսոր Կոստա-Գավրասը: Բացման արարողության ժամանակ մրցանակը ռեժիսորին հանձնեց Վլադիմիր Նաումովը, որը նրա ֆիլմերը բնորոշեց որպես «էպիդերմիկական ռեալիզմ»:

Ուրբաթ` հունիսի 21-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ փառատոնի հիմնական մրցույթի ժյուրիի անդամները պարզաբանեցին, որ մրցանակներ են տալու այն ֆիլմերին, որոնք «պարզապես դուր կգան» իրենց:

944869349«Մեր կյանքի խնդիրներից մեկն այն է, որ ամեն ինչ կառուցված է մրցության վրա. Մենք շարունակ վազում ենք: Հաղթողը ստանում է ամեն ինչ, պարտվողը` ոչինչ: Կինոփառատոնն այն տեղը չէ, որտեղ պետք է մասնակցել  առաջին մրցանակների մրցավազքին: Այն հարթակ է, որտեղ կարելի է տեսնել նոր կինո և շփվել ու հաղորդակցվել հետաքրքիր մարդկանց հետ: Պարտադիր չէ միշտ առաջինը լինել: Մենք պարզապես կընտրենք այն ֆիլմերը, որոնք  մեզ ամենից շատ դուր կգան»,- ասել է ժյուրիի նախագահ, իրանցի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը և խոստովանել, որ որպես տարբեր փառատոների ժյուրիի անդամ միշտ վշտանում է, երբ մրցանակները չեն բավականացնում բոլոր հավանած ֆիլմերի համար: Նա ընդգծել է նաև, որ ներկայիս մրցույթի ժյուրիի բոլոր անդամները շատ տարբեր են:

Այսպես, Պուսանի միջազգայյին կինոփառատոնի նախագահ Դոն-Խո Կիմի համար կարևոր են «պատմելու ստեղծագործական, գյուտարարական մեթոդը» և բուն պատմության հետաքրքիր լինելը: Իսկ ռեժիսոր Ուրսուլա Մայերը կարծում է, որ լավ ֆիլմը վերլուծության չի ենթարկվում, այլ ազդում է զգայական մակարդակում: «Դա ֆիլմ է, որի թողած տպավորությունը ես չեմ կարող վերլուծել: Իսկ եթե կարող եմ ասել` նրա մեջ այս կամ այն բանը լավ է, հավանաբար դա արդեն այնքան էլ լավ ֆիլմ չէ»,- ասել է Մայերը:

Իրենց գործընկերներին համամիտ են ժուրիի անդամներ դերասան Սերգեյ Գարմաշը և Զուրաբ Կիպշիձեն:

Ուրբաթ տեղի ունեցավ նաև 35-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնի «Ազատ միտք» վավերագրական ֆիլմերի մրցույթի ժյուրիի անդամների մամլո ասուլիսը: Նրանք խոսեցին այս մրցույթում ներկայացված ֆիլմերի որակի մասին, որն արդեն անցկացվում է երրորդ անգամ:

Ժյուրին գլխավորում է ռուս վավերագրող Սերգեյ Դվորցեվոյը: Անդամներն են «DOK Leipzig» կինոփառատոնի տնօրեն Կլաաս Դանիելսենը և հոլանդացի վավերագրող Կոկո Շրայբերը: Վավերագրական ծրագրի համադասող Գրիգորի Լիբերգալը նշել է, որ ժյուրի անդամները «շատ բան գիտեն վավերագրական կինոյի մասին և կարող են նկատել լավ կինոնկարը»:

Դվորցեվոյը նշել է, որ ուրախ է ժյուրիի անդամ լինելու համար: Բայց մյուս կողմից էլ կարծում է, որ այնքան էլ հաճելի չէ զբաղեցնել այդ տեղը: «Դու դատում ես քո գործընկերներին և, չգիտես ինչու, հանդես ես գալիս դատավորի դերում, բայց ես ստիպված են հաղթահարել այդ զգացումը: Այն մարդիկ, որոնք զբաղվում են վավերագրական կինոյով, պետք է պահպանեն ու զարգացնեն միջավայրը»,- ասել է նա:

Կլաաս Դանիելսենն էլ ընդգծել է, որ այս ծրագրի նպատակն է բացահայտել վավերագրական կինոն Ռուսաստանի մայրաքաղաքի և հանդիսատեսի համար: «Այն նաև առաջադրում է այն հարցը, թե ինչպիսին պետք է լինի վավերագրական կինոն: Ծրագիրը հիշեցնում է այն մասին, որ վավերագրական կինոն կարող է ոչ միայն ճանաչողական լինել, այլև հետաքրքրաշարժ սյուժե: Դա կարող է լինել մի ֆիլմ, որը կօգնի մեզ հասկանալու աշխարհը և կմոտեցնի մեզ մարդկանց սրտերին ու հոգիներին: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս տեսնելու նման ֆիլմեր: Ես հավատում եմ, որ այդպիսի ֆիլմերը կարող են փոխել աշխարհը«- ասել է նա:

Այս տարի վավերագրական ֆիլմերի մրցույթում մասնակցում է յոթ ֆիլմ` «Մերիանի հանճարը», «Աղետալի հավաքածու», «Ով է սովորեցրել քեզ վարել», «Հայր և որդի», «Դատապարտվածները», «Սիրո մութ մատերիան» և «Հոլոքոստ` սոսինձ պաստառների համար»: Փառատոնի նորագույն պատմության մեջ վավերագրական կինոյի լիարժեք մրցույթն այս տարի անցկացվում է երրորդ անգամ:

35-րդ Մոսկվայի միջազգային կինոփառատոնն անցկացվում է հունիսի 20-29-ը: Հիմնական մրցույթում մասնակցում է 16 ֆիլմ, որոնց թվում են ռեժիսոր Անդրեյ Բոգատիրյովի «Հուդա» ֆիլմը Լեոնիդ Անդրեևի վիպակի հիման վրա, Անտոն Ռոզենբերգի «Սայթաքում» քրեական դրաման, Կոնստանտին Լոպուշանսկու սև-սպիտակ պատմությունը 1920-ական թվականների մասին, հոլանդացի Դիդերիկ Էբինգեի «Մատերհորնը», լեհ Վոյցեխ Սմարժովսկու «Ճանապարհային պարետը», Էմիր Կուստուրիցայի նախկին ասիստենտ Մոմչիլո Մրդակովիչի ռեժիսորական դեբյուտը` «Մամարոշը» և այլն:

 


    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնը կանցկացվի առցանց ձևաչափով

    Բրիտանական ֆիլմերի 17-րդ փառատոնն այս տարի կանցկացվի առցանց ձևաչափով։ Այս մասին հայտնում է Հայաստանում  Բրիտանական խորհուրդի գրասենյակը։ Հատուկ փառատոնի համար...

    , |13 Փետրվար 2021,15:16