img_4087231888_1«Կավե մարդը» Արեն Վաթյանի դեբյուտային աշխատանքն է, որի պրեմիերան  վերջերս կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում: Հեղինակն այս պահին զբաղված է կինոնկարը միջազգային փառատոներում ներկայացնելու աշխատանքներով: Երիտասարդ ռեժիսորն ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը:  Սովորել է Յուրի Երզնկյանի, ապա Սերգեյ Իսրայելյանի կուրսում: Մինչև ռեժիսորական աշխատանքն սկսելը` 2008 թ., երբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը սկսեց իրականացնել «Գժուկ» մանկական կինոծրագիրը (նա այդ ծրագրի ռեժիսորն է), զբաղվել է  դերասանական աշխատանքով:

«Կինոյում իմ գործունեությունը սկսել եմ դերասանությունից,- ասում է Արենը:- Դեռ ինստիտուտը չավարտած` ընդունվեցի Դրամատիկական թատրոն որպես դերասան, սկսեցի զբաղվել դերասանությամբ: Այն ժամանակ կինոյի վիճակն ավելի տխուր էր, քան այսօր: Սակայն նշեմ, որ սցենարներ սկսել եմ գրել ավելի վաղ: Ես կարծում եմ, որ կինոյում այս երեք ուղղությունները իրար լրացնում են, ոչ թե խանգարում: Երեքն էլ հոգեհարազատ են ինձ» :

Սցենարի հեղինակը ռեժիսորի հայրն է` Արմեն Վաթյանը: Այն Արենին հետաքրքրել է իր նրբությամբ և խորությամբ: Ֆիլմի համար հատկացված գումարը շատ մեծ չէր, և  սահմանափակվելով այդքանով` պետք էր ստեղծել  մի բան, որը լիներ ավարտուն և  արժեք ներկայացներ: Եվ այդ առումով էլ  սցենարն իր բոլոր պարամետրերով բավական նպատակահարմար էր: «Կավե մարդը» 20-րոպեանոց ֆիլմ է, և եթե ֆինանսական  միջոցները քչություն չանեին,  այն կավելանար ևս մի քանի րոպեով, տեսարաններ կային, որոնք չկարողացա նկարել,  ստիպված գտա ալտերնատիվ արտահայտչամիջոց: Բայց եթե միջոցներ լինեին, ֆիլմը մի փոքր կերկարեր ու կշահեր»,- ասում է ռեժիսորը:

img_4087231889_2Ֆիլմի դերասանների ընտրությունը կատարելիս հեղինակը շատ արագ է կողմնորոշվել: «Կարեն Ջահանգիրյանի հետ արդեն աշխատել էի «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմում, ես շատ տպավորված եմ նրա խաղով: «Կավե մարդը» ֆիլմի սցենարը կարդալիս  միանգամից նրան տեսա: Առհասարակ դերասանի ճիշտ ընտրությունը դժվար գործ է  և շատ կարևոր պայման կինոյում: Ֆիլմում երեք դերասան կա` մահը, երեխան և պապը, որոնք, կարծում եմ, ճիշտ են ընտրված: Կարծես կարողացել եմ տեղ հասցնել ասելիքս, հասկանալի դարձնել հանդիսատեսին, այլ հարց է, որ մի քիչ  թերի է արտահայտչականությունը, բայց  70 տոկոսով այն, ըստ իս, ստացվել է, կարողացել եմ տեղ հասցնել ասելիքս»:

Ինչ վերաբերում է հայր և որդի համագործակցությանը« ռեժիսորը հավաստիացնում է, որ իր և հոր միջև ընդգծված տարիքային  հակասություններ կամ անհամաձայնություններ չկան. «Բաներ կան,  որ համաձայն չեմ լինում, ընդհանուր  համաձայնության ենք գալիս ու շարժվում առաջ»:

Պարզվում է, որ  Արեն Վաթյանը ցանկանում է կոմերցիոն ֆիլմ նկարել և առհասարակ  ուզում է իրեն փորձել տարբեր ժանրերում, չի սիրում միշտ նույն բանն անել: Իսկ թե ինչու է ուզում կոմերցիոն ֆիլմ նկարել, այսպես է պարզաբանում. «Կոմերցիոն չի նշանակում  էժանագին: Ուզում եմ ապացուցել նախ ինքս ինձ, ապա նաև այլոց, որ ֆիլմով Հայաստանում էլ կարելի է գումար աշխատել: Ես լավ եմ վերաբերվում այդ ֆիլմերին, դրանցում չարություն չկա: Դա շատ կարևոր է: Ես այդ ֆիլմերը նայելով ծիծաղում եմ, փորձում եմ լավը տեսնել: Պիտի լավն էլ ասենք, որ իրար ոգևորելով` շարժվենք առաջ: Կարելի է, իհարկե, ավելի լավ  ֆիլմեր անել, բայց այդքան են կարողացել: Կինոարտադրության ոլորտը մի շղթա է. երբ մի օղակը թուլանում է, մյուսներն էլ սկսում են կաղալ: Հետևաբար սպասել, որ միանգամից շատ լավ ֆիլմեր կարտադրվեն, միամտություն է: Եվ ամենևին էլ խնդիրն այն չէ, որ կոմերցիոն ֆիլմերը վատն են, իսկ ոչ կոմերցիոնները` լավը: Եթե  այդպես լիներ, ուրեմն մրցանակներ պիտի ունենայինք Կաննից ու Բեռլինից,  գոնե մասնակցեինք այդ փառատոներին: Համենայն դեպս, կարծեմ Ա կարգի փառատոներից մրցանակներ չենք բերում: Այսպիսին է այսօր իրավիճակը, և այն պետք է օբյեկտիվ գնահատել: Այնուամենայնիվ, ես այսօր տեսնում եմ կինոարտադրության զարգացման նոր միտումներ,  այդ է պատճառը, որ սկսեցի զբաղվել ռեժիսորությամբ»:

Ըստ Արեն Վաթյանի` Հայաստանում այսօր կինոյի  զարգացմանն ամենից շատ  խանգարում է պետության մոտեցումը:  Նա համոզված է, որ ոգևորությունը, ոգեշնչումը պետության կողմից պիտի լինի: «Պետությունն այսօր սպորտին մեծ  ուշադրություն է դարձնում, և արդյունքում այն զարգանում է: «Շարմն» էլ հետ է բերում գումարները կոմերցիոն ֆիլմերով: Այո, պիտի արտադրվեն կոմերցիոն ֆիլմեր, իսկ դրանցից գոյացած գումարներով նկարել ոչ կոմերցիոն ֆիլմեր: Կինոարտադրության զարգացումը պիտի համաչափ լինի: Պետք է սկսել կինոյի մասին օրենքից, որը կստեղծի երկրում կինոարտադրության համար անհրաժեշտ պայմաններ, կկանոնակարգի ներդրողների և պետության  հարաբերությունները»,- ասում է նա:

Երիտասարդ ռեժիսորն արդեն նոր մտահղացում ու սցենար ունի, բայց  առայժմ չի  ցանկանում խոսել այդ մասին:

Ռուզան ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՆ